Վիլյամ Սարոյան | Իմ անունը Արամ է | համառոտ


Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը
Հերոսը՝ Արամը, և նրա զարմիկ Մուրադը Ղարօղլանյանների գերդաստանից են: Այս գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում են աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ: Բայց նրանք հռչակված են իրենց ազնվությամբ: Արամն ու Մուրադը ապրում են քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Մի օր լուսադեմին Մուրադը գալիս է Արամի պատուհանի մոտ, արթնացնում նրան: Նա նստել է մի գեղեցիկ սպիտակ ձի, որը, իրականում, գողացել է: Նրանք ձիավարում են և չեն հասցնում ձին վերադարձնել տեղը, ուստի պահում են մի լքված այգու գոմում: Տանը Արամենց հյուր է գալիս Խոսրով քեռին, որը տեղի-անտեղի սիրում է ասել՝ «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» և Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել է սովորել: Խոսակցությունից Արամը հասկանում է, որ ձին նրանն է, և որ այն գողացել են մեկ ամիս առաջ: Այդ մասին խոսելով զարմիկի հետ՝ որոշում են, որ ձին կվերադարձնեն կես տարվա ընթացքում, մինչև ինքն էլ սովորի ձիավարել Մուրադի նման: Սակայն մի օր պատահական բախվում են ագարակատիրոջը, որը ճանաչում է իր ձիուն, ստուգում է նրա ատամները և ասում, որ անգամ ատամները իր ձիու ատամների նման են, բայց քանի որ գիտի, որ Ղարօղլանյանները չեն կարող գողեր լինել, կարծում է, թե դա իր ձիու երկվորյակն է: Տղաները հաջորդ օրը առավոտ շուտ ձին տանում են Ջոն Բայրոյի այգի և թողնում գոմում: Կեսօրից հետո նա սայլով այցելում է Արամենց տուն և նրա մորն ասում, որ իր ձիուն վերադարձրել են: Ձին նույնիսկ ավելի ուժեղ է և բնավորությամբ մեղմացել է: Իսկ Խոսրով քեռին ասում է. «Հանգի՜ստ, մա´րդ, հանգի՜ստ: Քո ձին վերադարձվել է, վե´րջ, ուշադրություն մի դարձրու»:

Ուղևորություն դեպի Հանֆորդ
Հերոսը՝ Արամը, ունի մի անուղղելի քեռի՝ Ջորգի անունով: Նրա միակ զբաղմունքը կիթառ նվագելն է, երգն ու պարը: Արամի պապը որոշում է նրան ուղարկել Հանֆորդ աշխատելու: Բայց քանի որ Ջորգին համարվում է նրանց տոհմի ամենադմբո մարդը, պետք է նրա հետ մեկին էլ ուղարկել: Նա փնտրում է, թե անբաններից որին ուղարկի և կանգնում է Վասկի վրա: Գնալ-չգնալու հարցը որոշվում է Վասկի՝ բրնձով փլաֆ եփել կարողանալ-չկարողանալու հանգամանքով, բայց քանի որ երկու հիմարի չարժե միասին տեղ ուղարկել, առաջարկում են ուղարկել Արամին իբրև պատիժ, քանի որ նա ծաղրել է քեռի Զոհրաբին: Երբ բոլորը գնում են, պապը պատվիրում է Արամին իր համար անել Զոհրաբի ձևերը. մի լավ ծիծաղում են: Ջորգին և Արամը հեծանիվով գնում են Հանֆորդ, վարձում են տուն, սակայն Ջորգին աշխատանք չի գտնում, ինչի համար չափազանց երջանիկ է: Պարզվում է, ձմերուկը արդեն հասել է և այն հավաքել են: Նրանք մեկ ամիս ապրում են այդ բնակարանում, քեռին նվագում է, ուտում են փլաֆ, որը հիմնականում աղի է ստացվում և ապա առանց փողի վերադառնում են իրենց քաղաքը: Տատը փող է տալիս Արամին, որ տա պապուն՝ իբրև թե քեռին է աշխատել: Իսկ պապը բարկանում է, ասում, որ սրանից հետո որդուն թույլ չի տա նվագել, թող աշխատի, բայց երբ որդին սկսում է նվագել՝ ծառի տակ նստած, պապը հանում է չստերը, նստում թախտին ու նոթերը կիտում: Քիչ հետո Արամը գտնում է նրան քնած՝ երազի ժպիտը դեմքին, իսկ նրա որդի Ջորգին իր գեղեցիկ ու տխուր ձայնով արար աշխարհի գովքն է անում:  

Նռնենիներ
Հերոսը պատմում է իր Մելիք քեռու մասին, որը մեծ երազող է ու պոետ և երբեք իր շահի մասին չի մտածում: Նրա ձգտումը գեղեցկությունն է: Այդպես նա գնում է մի անապատային հող, որը որոշում է դարձնել պտղատու այգի: Այդ մասին գիտի միայն հերոսը: Քեռին նրան վստահել է իր գաղտնիքը, և երկուսով մի քանի տարի շարունակ զբաղվում են տարածքի մշակմամբ: Նախ հողից պետք է մաքրել կակտուսները: Դա լքված մի տեղ է՝ Սիերա-Նեվադայի ստորոտում: Այդտեղ կան կոտոշավոր դոդոշներ, մանր կենդանիներ և բոժոժավոր օձեր: Վարձում են մեքսիկացիների, որոնք սկզբում բրիչներով և բահերով, իսկ հետո «Ջոն Դիր» արտադրության մի տրակտորով հերկում են հողը: Տեխասից մի մասնագետ 3 ամսում նոր միայն կարողանում է ջուր հանել հողից, սակայն այն պղտոր է: Հասնում է ծառատնկման ժամանակը: Հերոսը քեռու հետ տնկում են ամենաբարձր որակի նռնենիներ մոտ 700 հատ: Սակայն անցնում են տարիներ և նրանք չեն ծաղկում: Ծաղկում են միայն չորրորդ տարին, սակայն տալիս են միայն 3 հատ նուռ: Հաջորդ տարին ծառերի կեսը չորանում են, հետո հավաքում են մոտ 200 նուռ, ուղարկում Չիկագո: Սակայն բերքը չի վաճառվում, և գրեթե բոլորը երկուսով են ուտում: Հետևյալ տարին քեռին այլևս չի կարողանում վճարել հողի համար և թղթերը վերադարձնում է այն մարդուն, որը ծախել էր նրան հողամասը: Երեք տարի անց նրանք անցնում են այդ տարածքով և տեսնում, որ բոլոր ծառերը չորացել են, հողը նորից ծածկվել է փշփշոտ թփուտով ու կակտուսներով: Նրանք անցնում են և ոչինչ չեն ասում իրար, որովհետև ասելու շատ բան ունեն, բայց դրա համար բառեր չկան:

Նա, կարելի է ասել, մեր ապագա բանաստեղծն է
Արամը երրորդ դասարանի աշակերտ է: Անվճար դպրոցների խնամատար խորհուրդը որոշել է տեսչական այց կատարել Էմերսոնի անվան իրենց դպրոցը: Նրանք առանձնապես չէին մտահոգվում փոքր քաղաքներում սովորող երեխաների մասին և եթե նրանց մեջ բթամիտներ ու տհասներ էին լինում, դա բնական երևույթ էին համարում փոքր քաղաքի համար: Պաշտոնական տեղեկագրերը իրենց թաղամասի ժողովրդի մասին վկայում էին, թե իրենց գլխի ձևը՝ սխալ, կուրծքը՝ ներս ընկած, ողնաշարը՝ կոր ու ձայնը խուլ է, մինչդեռ իրենց ուսուցիչների տպավորությամբ պատկերը այլ է. արվարձանաբնակ աշակերտների գլխի ձևը անբասիր, կուրծքը՝ բարձր, կազմվածքը՝ դասականորեն մարզական ու ձայնը զրնգուն է, իսկ խանգարող միակ արատը վայրենի եռանդն է, որը ծախսելու համար առիթ են փնտրում: Այսպես, այցի օրը Արամը որոշում է ցույց տալ իրեն լավագույնս: 17 աստիճան բարձրանալու փոխարեն նա ցատկում է՝ հայտնվելով բեմի կենտրոնում, ցույց է տալիս լայն կուրծքը: Երբ ասում են, արտաշնչիր որքան կարող ես, 4 րոպե շարունակ արտաշնչում է մինչև ասում են՝ դադարեցնի և նույն կերպ շնչում, մինչև խնդրում են դադարեցնել: Ուսուցչուհի օրիորդ Օգիլվին նրանց հասկացնում է, որ եթե չդադարեցնեն՝ Արամը կարտաշնչի կամ կշնչի այդպես մինչև երեկո: Հանձնաժողովը և միստր Ռիքենբեքերը այնպես բավարարված են արդյունքով, որ այդ օրվանից իրենց դպրոցի խնամատար խորհուրդը վճռում է ձեռ քաշել բոլոր տեսակի բժշկական ստուգումներից:

Հիսուն յարդանոց վազքը
Արամը 12 տարեկան է: Նյու Յորքից նամակ է ստանում, որից հետո որոշում է դառնալ իրեց շրջակայքի ամենաուժեղ մարդը: Նամակը նրա բարեկամ Լայոնըլ Ստրոնգֆորտից է: Դրանից առաջ նա կտրել էր «Խիզախ ծովագնացներ» ամսագրի կտրոնը և փոստով ուղարկել միստր Ստրոնգֆորտին: Նա անմիջապես պատասխանել էր Արամին, գովել նրան՝ ասելով, թե ժամանակին նշանավոր մարդ կդառնա: Ստրոնգֆորտն աշխարհում ամենալավ կրծքավանդակն ունի և նման բարեկամ ունենալն Արամի համար պատիվ է: Նա տարբեր բաներ է սովորեցնում Արամին, որի դիմաց Արամը պետք է վճարի, սակայն նա բավականաչափ գումար չունի, թեև թերթ է վաճառում: Այդ մասին խորհրդակցում է քեռու՝ Գրիքորի հետ, որը զբաղվում է յոգայով և արդեն հասել է պասի, ինքնահայեցողության, ամենօրյա բազմաժամ ոտքով քայլելու և դողդողալու շրջանին, և այդ ամենը անվճար, գրադարանում: Նրա կարծիքով, Ստրոնգֆորտը խաբեբա է, բայց Արամը չի ուզում դրան հավատալ: Նա, գումարը նվազեցնելով հասցրել է 3 դոլարի, և դրա դիմաց խոստացել է Արամին վաճառել իր բոլոր գաղտնիքները: Գրիքորը տալիս է նրան 3 դոլար, որպեսզի տղան ինքը փորձի և համոզվի: Եվ իսկապես Ստրոնգֆորտի պատասխան նամակը հիասթափեցնում է Արամին: Պարզվում է, ոչ մի գաղտնիք էլ չկա, պետք է պարզապես շուտ վեր կենալ, կես ժամ զանազան ակրոբատիկ շարժումներ անել, հարկավոր է կուշտ ջուր խմել, ազատ օդում շատ լինել, թարմ, սննդարար մթերքներ ուտել և այդպես շարունակել, մինչև որ հսկա դառնալը: Այլևս նամակներ չի գրում: Արամը մի քանի օր ապրում է այդ խորհուրդների համաձայն, բայց քանի որ անընդհատ արթնացնում ու խանգարում է թե´ տատիկի, թե´ իր քունը, որոշում է ապրել սեփական ռեժիմով և մասնակցել 50 յարդանոց վազքի մրցույթին: Համոզված լինելով, որ կհաղթի՝ նա իրականում հասնում է վերջինը, պարտվում է սպորտի բոլոր մյուս ձևերում ևս և չարացած տուն վերադառնում: Տենդի մեջ է ընկնում, 3 օր հիվանդ պառկում: Նրան խնամում և բուժում է տատիկը: Քեռի Գրիգորը այցելում է նրան: Նրա այտերն արդեն այնքան էլ ներս ընկած չեն, թողել է պասը և ինքնահայեցողությունը ու նորից դարձել նախկին լավ մարդը՝ կոնծաբան, զվարճասեր ու սիրահետող: Արամին ասում է, որ իրենք մեծ տոհմ են և կարող են ամեն ինչ


Վիլյամ Սարոյան | Իմ անունը Արամ է | համառոտ Վիլյամ Սարոյան | Իմ անունը Արամ է | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 8:12:00 Rating: 5
Технологии Blogger.