Գրիմ եղբայրներ | Քաջ դերձակը


Աշխատանքից հետո աղքատ դերձակը պատրաստվում է ընթրել: Սեղանին է դնում մի քանի սալորները, որոնց վրա իսկույն հարձակվում են ճանճերը: Դերձակը մի հարվածով սատկացնում է յոթին: Համարելով սա իսկական սխրանք, գոտի է կարում, որի վրա գրում է. «Մեկ հարվածով սպանում եմ յոթին»: Գնում է մեծ աշխարհ, որպեսզի բոլորն իմանան իր փառքի մասին: Ճանապարհին հանդիպում է հսկայի, որին իր բարեկամությունն է առաջարկում: Սակայն հսկան նախ փորձում է դերձակին: Հսկան վերցնում է քարը և սեղմում է այն: Քարից ջուր է հոսում: Դերձակը սեղմում է գրպանից հանած պանրի կտորը և հասնում է նույն արդյունքին: Հսկան քար է նետում երկինք: Քարը կորչում է տեսադաշտից, սակայն որոշ ժամանակ հետո վերադառնում է: Դերձակը երկինք է նետում գրպանում պահած թռչնակին, որը վեր է խոյանում և այլևս չի վերադառնում:
Հսկան բերում է դերձակին յուրայինների մոտ: Նրանք ապրում են քարանձավում: Գիշերով հսկաները, որոշելով սպանել իրենց հյուրին, երկաթե մահակ են շուռ տալիս դերձակի մահճակալի վրա: Սակայն դերձակը ողջ է մնում, որովհետև մահճակալը անհարմար էր թվացել նրան և նա քնել էր ծղոտի վրա անկյունում: Առավոտյան տեսնելով ողջ ու առողջ դերձակին՝ հսկաները փախչում են:
Դերձակը ծառայության է անցնում թագավորի մոտ: Սակայն թագավորի պահապանները վախենալով, որ նա վեճի մեջ կարող է սպանել իրենցից յոթին, համոզում են թագավորին ազատվել դերձակից: Թագավորը ուղարկում է դերձակին կռվելու երկու հսկաների դեմ՝ խոստանալով հաղթանակի դեպքում նրան տալ թագավորության կեսը և իր դստեր ձեռքը:
Դերձակը գտնում է երկու հսկաներին ծառի տակ քնած: Բարձրանում է ծառը և սկսում է քնած հսկաների վրա քարեր նետել: Հսկաներն արթնանում են, վիճում, կռվում և սպանում են իրար: Դերձակը հարվածում է մեռածներին իր սրով, որպեսզի թագավորը հավատա, որ ինքն է սպանել նրանց:
Սակայն թագավորը ևս երկու հանձնարարություն ունի դերձակի համար: Նախ ուղարկում է անտառ՝ որսալու համար վայրի կինճին, իսկ հետո մենամարտելու ահեղ միեղջյուրի հետ: Ճարպիկ դերձակը կարողանում է երկուսի համար թակարդ լարել և որսալ նրանց:
Հարսանիքը հետաձգելու պատճառներ չգտնելով, թագավորը դերձակին կնության է տալիս իր դստերը: Որոշ ժամանակ անց, կինը գիշերով լսում է դերձակի երազում արտասանած խոսքերը և հասկանում է, որ սա հասարակ դերձակ է: Խնդրում է հորը, որ սա ուղարկի ծառաներին և նրանք կապկպեն իր ամուսնուն: Սակայն ծեր զինակիրը զգուշացնում է դերձակին պատրաստվող դավադրության մասին: Դերձակը քնած է ձևանում և իբրև թե երազում սկսում է բղավել, որ հեշտությամբ կարող է դռան ետևում թաքնված մարդկանց հախից գալ: Լսելով դա՝ դավադիրները սարսափահար փախչում են, իսկ քաջ դերձակը թագավոր է մնում մինչև կյանքի վերջ:   
  
Գրիմ եղբայրներ | Քաջ դերձակը Գրիմ եղբայրներ | Քաջ դերձակը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:48:00 Rating: 5
Технологии Blogger.