Մենդելեևի պարբերական աղյուսակ



19-րդ դարի վերջին ռուս քիմիկոս Դ. Ի. Մենդելեևը հայտնաբերել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը և կազմել պարբերական աղյուսակը: Պարբերական աղյուսակում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի: Ատոմի միջուկի լիցքի մեծացմանը զուգընթաց օրինաչափորեն փոխվում է ատոմի էլեկտրոնային թաղանթների և արժեքային էլեկտրոնների թիվը, հետևաբար՝ նաև արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը: Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից: Խմբերը պարբերական համակարգում դասավորված են ուղղահայաց: Տարրերի օքսիդացման բարձրագույն դրական աստիճանը հավասար է խմբի համարին: Բացառություն են ֆտորը, արծաթը, ոսկին, պղինձը: Յուրաքանչյուր խումբ բաժանված է 2 ենթախմբի՝ գլխավոր (A) և երկրորդական (B): Միևնույն ենթախմբում իրար տակ գտնվում են նման հատկություններ ունեցող և իրարից օրինաչափորեն տարբերվող տարրերը: Գլխավոր ենթախումբ են կազմում տիպական տարրերը և մեծ պարբերությունների առաջին 2 և վերջին 6 տարրերը: Երկրորդական ենթախումբը կազմում են միայն մեծ պարբերությունների մյուս տարրերը, որոնք միայն մետաղներ են: Գլխավոր և երկրորդական ենթախմբերի տարրերն իրարից տարբերվում են քիմիական հատկություններով: Պարբերությունը կարգահամարի աճման կարգով իրար հաջորդող տարրերի շարք է: Պարբերական համակարգը կազմված է 7 պարբերությունից.  I, II և III պարբերությունները կոչվում են փոքր, իսկ IV, V, VI և VII-ը՝ մեծ: Յուրաքանչյուր պարբերություն, բացառությամբ առաջինի, սկսվում է ալկալիական մետաղով և ավարտվում իներտ տարրով: II և III պարբերությունների տարրերը կոչվում են տիպական տարրեր: Դրանց հատկությունները տիպական մետաղականից մինչև իներտ տարրերը փոխվում են օրինաչափորեն: Համակարգը բաղկացած է 10 շարքից: Յուրաքանչյուր փոքր պարբերություն կազմված է 1 շարքից, իսկ մեծ պարբերությունները` 2-ական շարքերից՝ զույգ և կենտ: Հիմնական հատկանիշը, ըստ որի մեծ պարբերությունները բաժանվում են 2 շարքի, տարրերի օքսիդացման աստիճանն է: Այն 2 անգամ կրկնվում է տարրերի ատոմական զանգվածների աճմամբ՝ անցնելով տարրերի եռյակներից:
VI պարբերությունում լանթանից անմիջապես հետո տեղաբաշխված են 14 տարրեր՝ 58–71 կարգաթվերով, որոնք կոչվում են լանթանոիդներ: Դրանց քիմիական հատկությունները շատ նման են: VII պարբերությունում ակտինիումից հետո նույնպես տեղաբաշխված են 14 տարրեր՝ 90–103 կարգաթվերով, որոնց անվանում են ակտինոիդներ (ակտինանմաններ): Ի տարբերություն լանթանոիդների՝ ակտինոիդների հորիզոնական համանմանությունը թույլ է արտահայտված: Լանթանոիդներն ու ակտինոիդները տեղաբաշխված են պարբերական համակարգի ներքևում, իսկ լանթանի և ակտինիումի վանդակներում դրանք ցույց են տրվում համապատասխանաբար մեկ և երկու աստղանիշերով (* և **):
Ներկայումս հայտնի են 120 քիմիական տարրեր և ավելի քան 500 պարզ նյութեր: Սովորական ջերմաստիճանում տարրերի մեծ մասն ազատ վիճակում պինդ նյութ է: Միայն 2 տարր՝ բրոմն ու սնդիկը, հեղուկներ են, իսկ 11-ը՝ գազեր: Քիմիական տարրերը նշանակվում են քիմիական նշաններով: Շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ քիմիական նշանները կազմում են տարրերի լատինական անվանումների սկզբնատառերով: Երբեմն, երբ սկզբնատառը կրկնվում է, հարկ է լինում այն զուգորդել երկրորդ կամ որևէ այլ տառի հետ՝ H , O, N, He, Na, Ne, Rb, Mg, Fe: Ահա աղյուսակն ըստ համարների հաջորդականության:
1. Ջրածին (H) 2. Հելիում (He) 3. Լիթիում (Li) 4. Բերլիում (Be) 5. Բոր (B) 6. Ածխածին (C) 7. Ազոտ (N) 8. Թթվածին (O) 9. Ֆտոր (F) 10. Նեոն (Ne) 11. Նատրիում (Na) 12. Մագնեզիում (Mg) 13. Ալյումինում (Al) 14. Սիլիցիում (Si) 15. Ֆոսֆոր (P) 16. Ծծումբ (S) 17. Քլոր (Cl) 18. Արգոն (Ar) 19. Կալիում (K) 20. Կալցիում (Ca) 21. Սկանդիում (Sc) 22. Տիտան (Ti) 23. Վանադիում (V) 24. Քրոմ (Cr) 25. Մանգան (Mn) 26. Երկաթ (Fe) 27. Կոբալտ (Co) 28. Նիկել (Ni) 29. Պղինձ (Cu) 30. Ցինկ (Zn) 31. Գալիում (Ga) 32. Գերմանիում (Ge) 33. Արսեն (As) 34. Սելեն (Se) 35. Բրոմ (Br) 36. Կրիպտոն (Kr) 37. Ռուբիդիում (Rb) 38. Ստրոնցիում (Sr) 39. Իտրիում (Y) 40. Ցիրկոնիում (Zr) 41. Նիոբիում (Nb) 42. Մոլիբդեն (Mo) 43. Տեխնեցիում (Tc) 44. Ռութենիում (Ru) 45. Ռոդիում (Rh) 46. Պալադիում (Pd) 47. Aրծաթ (Ag) 48. Կադմիում (Cd) 49. Ինդիում (In) 50. Անագ (Sn) 51. Ծարիր (Sb) 52. Տելուր (Te) 53. Յոդ (I) 54. Քսենոն (Xe) 55. Ցեզիում (Cs) 56. Բարիում (Ba) 57. Լանթան (La) 58. Ցերիում (Ce) 59. Պրազեոդիմ (Pr) 60. Նեոդիմ (Nd) 61. Պրոմեթիում (Pm) 62. Սամարիում (Sm) 63. Եվրոպիում (Eu) 64. Գադոլինիում (Gd) 65. Տերբիում (Tb) 66. Դիսպոզիում (Dy) 67. Հոլմիում (Ho) 68. Էրբիում (Er) 69. Թուլիում (Tm) 70. Իտերբիում (Yb) 71. Լուտեցիում (Lu) 72. Հաֆնիում (Hf) 73. Տանտալ (Ta) 74. Վոլֆրամ(W) 75. Ռենիում (Re) 76. Օսմիում (Os) 77. Իրիդիում (Ir) 78. Պլատին (Pt) 79. Ոսկի (Au) 80. Սնդիկ (Hg) 81. Թալիում (Tl) 82. Կապար (Pb) 83. Բիսմութ (Bi) 84. Պոլոնիում (Po) 85. Աստատ (At) 86. Ռադոն (Rn) 87. Ֆրանսիում (Fr) 88. Ռադիում (Ra) 89. Ակտինիում (Ac) 90. Թորիում (Th) 91. Պրոտակտինիում (Pa) 92. Ուրան (U) 93. Նեպտունիում (Np) 94. Պլուտոնիում (Pu) 95. Ամերցիում (Am) 96. Կյուրիում (Cm) 97. Բերկլիում (Bk) 98. Կալիֆոռնիում (Cf) 99. Էյնշտեյնիում (Es) 100. Ֆերմիում (Fm) 101. Մենդելեևիում (Md) 102. Նոբելիում (No) 103. Լոուրենսիում (Lr) 104. Ռեզերֆորդիում (Rf) 105. Դուբնիում (Db) 106. Սիբորգիում (Sg) 107. Բորիում (Bh) 108. Հասիում (Hs) 109. Մայտներիում (Mt) 110. Դարմշտադիում (Ds)

Մենդելեևի պարբերական աղյուսակ Մենդելեևի պարբերական աղյուսակ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:05:00 Rating: 5
Технологии Blogger.