Շանդոր Պետեֆի


Պետեֆիի ստեղծագործական կյանքը տևեց ընդամենը 8 տարի: Ժողովրդական երգերի ոգով գրված իր բանաստեղծություններով նա շարունակում է հունգար մեծ քնարերգուներից մեկի՝ Վ. Մ. Չակոնայի ավանդույթները: Պետեֆիի բանաստեղծություններում նշանակալի տեղ են գրավում հայրենիքի, բնության, սիրո թեման: Ջերմությամբ է հիշում Պետեֆին «Դանուբի ափի համեստ տնակը»: Իր երկերում նա հաճախ է դիմում Տիսա գետին:
Իդիլիական և քնարական բնույթի բանաստեղծություններից բացի, Պետեֆին ունի բանաստեղծական մտորումներ, պոետական խրատներ: Այսպես, «Ի՞նչ ես կերել դու, երկիր» բանաստեղծության մեջ Պետեֆին մտորում է գոյության ունեցող վշտի ու անտարբերության շուրջ: Այդ աշխարհի հանդեպ իր զայրույթը նա արտահայտել է «Այնպիսի մի մրրիկ հանկարծ սկսվեր…» բանաստեղծության մեջ:
Պետեֆին իր «Յանոշ դյուցազնը» պոեմի հերոս դարձրեց գյուղացի երիտասարդ Յանոշին: Պոեմը գրված է նաիվ հերոսական էպոսի ոգով: Ժողովրդական կյանքի մոտիվները միաձուլվում են ժողովրդական հեքիաթների ֆանտաստիկ տարրերին: Հունգար ժողովրդի անկրկնելի բանահյուսությունը՝ ֆանտաստիկականը, արտասովորը, օրգանապես մուտք է գործում կերպարի կառուցվածքի մեջ: Պետեֆին գրականություն ներմուծեց ժողովրդից ելած հերոսին՝ ընկեցիկին, որ հաղթահարում է բազմաթիվ դժվարություններ (փրկվում է նավաբեկությունից, հաղթում է ավազակներին, թուրք հսկաներին, հրեշին), բայց կյանքում երջանկություն չի գտնում: Նրան հաջողվում է երջանկություն տեսնել միայն դիցանուշների աշխարհում: Յանոշը շատ սխրանքներ է գործում, բայց Պետեֆիի համար ամենակարևորը հասարակ մարդու բարոյական հատկանիշն է: Յանոշը հիշում է.
Երբ ես մեկնում էի, չաղերսեցի իմ սիրելիին,
Որ չընծայի սիրտը ուրիշին:
Նույնպիսի դյուրահավատությամբ հավատում էր նա ինձ:
Մենք գիտեինք՝ չենք խախտի հավատարմությունը միմյանց:
Յանոշը հրաժարվում է ամուսնանալ Ֆրանսիայի թագավորի աղջկա հետ և հավատարիմ է մնում գեղջկուհի Իլուշկային: Թեև պոեմում հեղափոխության մասին չի ակնարկվում, բայց Պետեֆին իր հերոսի հույսերը և ձգտումները կապում է ազատության, երջանկության, արդարության երազանքների հետ: Պետեֆին ստեղծեց ապագայի իր սիմվոլիկ պատկերը: Պետեֆիի պոեմը հունգարական գրականության դասական ստեղծագործություն է: Նա ազգային էպիկական երկի սկիզբը դրեց: Ռոմանտիկական պոեմի իդեալական հերոսները, նրա քնարականությունը, միանալով ֆանտաստիկականին և արտասովորին, գրավում են ընթերցողի ուշադրությանը:
1848-ին, երբ Ելաշիչի զորքը արշավում է Պեշտ, բանաստեղծը գրում է իր լավագույն պոեմներից մեկը՝ «Առաքյալը»: Ժողովրդի ծոցից դուրս ելած, տոկուն հեղափոխական Սիլվեստրն իր կյանքի իմաստը տեսնում է ժողովրդին ճորտությունից ազատագրելու մեջ: Նա անցել է կյանքի դժվարին ուղի, պայքարել է հարուստների ու նրանց գործակիցների, մարդկանց տգիտության ու նախապաշարմունքների դեմ: Միայն երկուսն են հասկանում նրան՝ ծանր պահին նրան օգնող ուսուցիչը և հետագայում իր կինը դարձած ունևոր մարդու աղջիկը: Սիլվեստրը կատարում է ուսուցչի բոլոր հրահանգները: Ամբարած գիտելիքները հաճույքով է ի սպաս դնում գյուղացիներին, որոնք նրան հրավիրում են իրենց գյուղ՝ որպես նոտար աշխատելու: Գյուղացիները գնահատում էին նրան: Իր գրքի հեղափոխական բնույթի պատճառով նա կալանավորվում է: Սակայն ոչ մի դժվարություն չի կարող կոտրել Սիլվեստրի կամքը, երերել նրա համոզումները: Թագավորի դեմ մահափորձ կատարելու պատճառով նա դատապարտվում է մահվան, բայց ժողովուրդը նրան չի մոռանում: Ազգային գրականության մեջ Սիլվեստրի կերպարը գիտակից մարտիկ-հեղափոխականի առաջին կերպարն է:

Տես նաև Ֆրանչեսկո Պետրարկա Երգերի գիրք և Ուիլյամ Բլեյք Անմեղության և փորձի երգեր

Շանդոր Պետեֆի Շանդոր Պետեֆի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:23:00 Rating: 5
Технологии Blogger.