Պարույր Սևակ | Կորցրեցի և գտա



Եվ սկսվում եմ կարծես
Ու գալիս եմ այնտեղից,
Ուր շողերը տակավին բազմագույն են,
և որտեղ
Քամիներն են գոյանում...
Կորցրեցի և գտա...

Ու ձեռքերըս համրացած
Սկսում են նորից-նոր հնչեղություն ստանալ...
Եվ հավատում եմ նորից,
Որ այս անգամ ես ու դու
Կկառուցենք վերջնական բաբելոնյան աշտարակ`
Միշտ խոսելով նո՛ւյն լեզվով...
Ու չեմ անցնում այլևս քնի կողքով։
Ես հիմա,
Արդեն հոգնած, բայց հանգիստ՝
Մե՛կ վայրկյանում կքնեմ արշալույսի ձեռքերին,
Մանկան նման անխռով...
Ու դեռ եթե չեմ քնում,
Ապա լոկ այն պատճառով,
Որ զգում եմ, թե հիմա ես կարող եմ և կանեմ
Ա՛յն, ինչ անվերջ կամեցել և ուզել եմ ո՜ղջ կյանքում.
Խոսել առանց որևէ բաղաձայնի՝ ղողանջել
Համատարածհամասփյուռ ձայնավորո՛վ միմիայն...
Ու ժպտում եմ ես կրկին,
Ու բարի եմ ես այնքան,
Որ կարող եմ նմանվել այն արագիլ թռչունին,
Որին հարց են երբ տվել,
Թե ինչո՞ւ է նա կանգնում իր մի ոտին շարունակ,
Պատասխանել է այնպես.
Կարծես թե ես եմ հուշել,
- «Որպեսզի բեռն աշխարհի թեթևանա գեթ մի քիչ»...
Եվ այս բոլորը՝
միայն
Երկու բառի շնորհիվ.
«Կորցրեցի» և «գտա»...

Պարույր Սևակ | Կորցրեցի և գտա Պարույր Սևակ | Կորցրեցի և գտա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:54:00 Rating: 5
Технологии Blogger.