Խորխե Լուիս Բորխես | Մեռյալը


Ի սկզբանե անհնար է թվում, թե Բուենոս Այրեսի արվարձանների մի տխուր կոմպադրիտո, որ քաջության կույր պաշտամունքից բացի այլ արժանիք չունի, Բրազիլի սահմանամերձ՝ ձիերի արոտատեղիներում խորանար և դառնար մաքսանենգների կապիտան:
Այդպես մտածողներին ուզում եմ պատմել Նալվաներա թաղամասում գուցե ոչ մի հիշատակ չթողած, Ռիո Գրանդե դու Սուլում՝ սրա իսկ օրենքով մի կրակոցից մահացած Բենխամին Օտալորայի ճակատագրի մասին: Տեղյակ չեմ նրա պատմության արկածախնդրական մանրամասներին, երբ դրանք հայտնի դառնան, կսրբագրեմ և կլրացնեմ այս էջերը: Առայժմ այս ամփոփ շարադրանքը կարող է օգտակար լինել:
1891 թվականին Բենխամին Օտալորան տասնինը տարեկան էր: Նեղ ճակատով, մաքուր, անկեղծ աչքերով, ջլապինդ մի երիտասարդ է, դաշույնի մի դիպուկ հարված հայտնի է դարձնում նրա քաջությունը: Հակառակորդի մահը ամենևին չի անհանգստացնում նրան: Այդ օրերին ծխական առաջնորդը նրան հանձնում է Ուրուգվայից ոմն Ասեվեդո Բանդեիրային ուղղված մի նամակ: Օտալորան մակույկ է նստում, թիավարում գիշերային փոթորկի միջով, հաջորդ օրը, չխոստովանված և գուցե չգիտակցված տխրությամբ թափառում է Մոնտեվիդեոյի փողոցներում: Չի գտնում Ասեվեդո Բանդերիային. կեսգիշերին մասնակցում է Պասո Մոլինոյի խանութներից մեկում կովարածների միջև ծագած մի վեճի: Փայլատակում է մի դանակ. Օտալորան չգիտի, թե ով է իրավացի, ինչպես ուրիշներին թղթախաղը կամ երաժշտությունը, այնպես էլ նրան վտանգն է հմայում: Խառնաշփոթության մեջ կասեցնում է մուգ ցիլինդրով և պոնչոյով մի մարդու դեմ ուղղված կովարածներից մեկի հարվածը: Հետո իմանում է, որ այդ ցիլինդրով մարդը Ասեվեդո Բանդեիրան է: (Իմանալուց հետո, միմիայն ինքն իրեն պարտական լինելու համար, Օտալորան պատռում է նամակը): Ասեվեդո Բանդեիրան ուժեղ է երևում, բայց այնուամենայնիվ կուզիկի անբացատրելի տպավորություն է թողնում, նրա դեմքում արտացոլվում են հրեան, սևամորթն ու հնդկացին, նրա լրջության մեջ երևում են կապիկն ու վագրը, դեմքի սպին նույնպես մի զարդ է, ինչպես նրա սև ու թավամազ բեղը: Խմիչքի հետևանքով սկսած սխալ վեճը կտրուկ ավարտ է ունենում: Օտալորան, միանալով կովարածների քեֆին, խմում է նրանց հետ, և երբ արևն արդեն շատ բարձր էր, նրանց ընկերակցում է մինչև Սիուդադ Վիեխայում գտնվող մի տուն: Տան հողե վերջնաբակում տղամարդիկ դասավորում են ասպազենն ու քնում: Խավարի մեջ Օտալորան այդ գիշերը համեմատում է նախորդի հետ. այժմ արդեն ամուր հողի վրա է, ընկերական շրջապատում: Բայց կարծես խղճի խայթ է զգում, որ Բուենոս Այրեսին չի կարոտում: Քնում է մինչև աղոթքի ժամը, նրան արթնացնում է հարբած ժամանակ Բանդեիրայի վրա հարձակված կովարածը: (Օտալորան հիշում է, որ այդ մարդը մյուսների հետ մասնակցել էր գիշերային խրախճանքին ու ժխորին, և որ Բանդեիրան նստեցրել էր իր աջ կողքին և խմեցրել): Մարդն հաղորդում է, որ խմբապետը կանչում է իրեն: Միջանցքի վրա դուռ ունեցող գրասենյակի նմանվող մի սենյակում (կողանց դռներով միջանցք Օտալորան երբեք չի տեսել) նրան սպասում է Ասեվեդո Բանդեիրան, կողքին վարդագույն մաշկով և շեկ վարսերով, արհամարհանքը դեմքին պարզ մի կին: Բանդեիրան պատվում է նրան, կրկնում, որ քաջ մարդու տպավորություն է թողել, հյուրասիրում մի գավաթ կոնյակով և առաջարկում, որ մյուսների հետ Հյուսիսից նախիրը այս կողմ քշի: Օտալորան համաձայնում է, արշալույսին արդեն Տակուարեմբոյի ճանապարհին են:   
Օտարոլայի համար սկսվում է տարբեր՝ լայնարձակ արշալույսներով, ձիահոտով պարուրված օրերով լեցուն մի կյանք: Այդ կյանքը նոր է, հաճախ դաժան, բայց իր արյանը հարազատ, որովհետև ինչպես այլ ազգեր պաշտում ու նախազգում են ծովը, այնպես էլ մենք (նաև այս խորհրդանիշները հյուսողը) տենչում ենք ասպանդակների տակ խլացող անհատնում հարթավայր: Օտարոլան մեծացել էր սայլապանների և սպանդանոցներում աշխատող բանվորների թաղամասում, այդ պատճառով տարին չբոլորած՝ գաուչո է դառնում: Դառնում է վարժ ձիավար, կատարում բոլոր աշխատանքները՝ մորթում է, ճարպկորեն բանեցնում պարանն ու բալեադորան, վարժվում է անքնությանը, ցրտին, փոթորիկներին, արևին, հոտը հավաքում է ճիչով ու սուլոցով: Վարժեցման ընթացքում միայն մի անգամ է տեսնում Ասեվեդո Բանդեիրային, բայց զգում է նրա ներկայությունը, քանի որ լինել «Բանդեիրայի մարդը» նշանակում էր լինել ազդեցիկ և ահարկու, իսկ Բանդեիրայի քաջության համբավն անհասանելի էր: Ինչ-որ մեկը նշում է, որ Բանդեիրան ծնվել է Կուարեյմից այն կողմ՝ Ռիո Գրանդե դու Սուլում. այդ հանգամանքը, որը պետք է նվաստեցներ նրան գաուչոների աչքում, ընդհակառակը, պանծացնում է, քանզի նրան կապում էր խիտ անտառների, ճահճուտների, անանցանելի և գրեթե անհատնում հեռավորությունների հետ: Օտալորան աստիճանաբար հասկանում է, որ Բանդեիրայի գործերը բազմազան են, և որ գլխավորը մաքսանենգությունն է: Կովարած լինել՝ նշանակում է ծառա լինել: Օտարոլան մտքին դնում է բարձրանալ մաքսանենգի աստիճանի: Մի գիշեր երկու հոգի պետք է անցնեին սահմանն ու այնտեղից կանյա բերեին. Օտարոլան վեճի է բռնվում նրանցից մեկի հետ, վիրավորում և փոխարինում նրան: Նրան առաջնորդում է փառասիրությունը, բայց նաև մթին մի հավատարմություն: Թող տերը ի վերջո հասկանա (մտածում է), որ ես ավելին արժեմ, քան իր արևելցիների ողջ խումբը:
Մի տարի անց Օտարոլան Մոնտեվիդեո է վերադառնում: Շրջում են արվարձանները, քաղաքը (որ Օտալորային շատ մեծ է թվում), հասնում են խմբապետի տուն, վերջնաբակում տղամարդիկ դասավորում են ասպազենը: Անցնում են օրերը, իսկ Օտարոլան չի տեսնում Բանդեիրային: Ահաբեկված ասում են, որ նա հիվանդ է, հաճախ մի սևամորթ թեյնիկն ու մատեն ձեռքին բարձրանում է նրա սենյակը: Մի երեկո Օտարոլային են հանձնարարում այդ պարտականությունը: Նա փոքր-ինչ նվաստացած է զգում իրեն, բայց և միևնույն ժամանակ՝ մի տեսակ գոհունակ է:
Ննջասենյակը մութ է ու թափթփված: Պատժգամբը նայում է դեպի արևմուտք, երկար սեղանին՝ ճիպոտների, գոտիների, զենքերի զեղջեր, նաև մի փայլատ հայելի: Բանդեիրան պառկած է երեսն ի վեր, քնի մեջ տնքում է. նրա մեջ Օտարոլան տեսավ արևի վերջին զորությունը: Անկողնու սպիտակ ընդարձակությունը կարծես փոքրացնում, նսեմացնում է նրան: Օտարոլան նկատում է ճերմակած մազերը, հոգնությունը, թուլությունը, տարիների թողած ակոսները: Նրան ըմբոստացնում է այն գաղափարը, որ այդ ծերուկն է իրեն հրամայողը: Մտածում է, որ մի հարվածը բավական կլիներ նրան ոչնչացնելու համար: Այդ ժամանակ հայելու մեջ նկատում է ինչ-որ մեկի ներս մտնելը: Շեկ վարսերով կինն է՝ կիսամերկ ու բոբիկ ու իրեն նայում է սառը հետաքրքրասիրությամբ: Բանդեիրան նստում է անկողնում, իրար հետևից մատե է խմում և խոսում դաշտային գործերի մասին: Նրա մատները խաղում են կնոջ հյուսքերի հետ: Վերջապես արձակում է Օտարոլային:
Մի քանի օր հետո Հյուսիս գնալու հրաման են ստանում: Անվերջանալի դաշտավայրի ինչ-որ տեղում գտնվող կորած մի դղյակ են հասնում: Ոչ մի առվակ, ոչ մի ծառ, կենդանության ոչ մի նշույլ չկա շրջակայքում. արևը խաշում է և՛ առավոտյան, և՛ երեկոյան: Անխնամ կենդանիների համար քարից գոմեր են կառուցված: Այդ խղճուկ հաստատության անունն էլ Հառաչանք է:
Կովարածների խմբում Օտարոլան լսում է, որ Բանդեիրան շուտով գալու է Մոնտեվիդեոյից: Հարցնում է՝ թե ինչո՛ւ մեկը բացատրում է, որ իբր գաուչո դարձած ինչ-որ օտարական հրամայելու մեծ ցանկություն ունի: Օտարոլան հասկանում է կատակը, բայց և գոհ է, որ այդ կատակն արդեն հնարավոր է: Ավելի ուշ իմանում է, որ Բանդեիրան թշնամացել է իշխանության ներկայացուցիչներից մեկի հետ, և որ սա մերժում է իր հովանավորությունը: Լուրը ուրախացնում է Օտարոլային:
Զենքերով լի արկղեր են հասնում, զարդասենյակի համար՝ արծաթազօծ մի կուժ ու մի տաշտ, ծիրանագույն վարագույրներ: Մի առավոտ պոնչոն հագին, թավ մորուքով, տրտում մի ձիավոր է իջնում սարերից: Անունը Ուլպիանո Սուարես է և Ասեվեդո Բարդեիրայի կապանգան է, այսինքն՝ թիկնապահը: Շատ քիչ է խոսում, և նրա առոգանությունը բրազիլական է: Օտարոլան չգիտի ինչին վերագրի նրա լռակյացությունը՝ թշնամանքի՞ն, արհամարհանքի՞ն, թե պարզապես բարբարոսությանը: Գիտի, սակայն, որ իր ծրագրերի համար անհրաժեշտ է շահել նրա մտերմությունը:
Հետո Բենխամին Օտարոլայի համար ճակատագրական դեր է խաղում վագրի մորթուց կարված արծաթազօծ թամբով սևաբաշ մի կարմրուկ, որ Հարավից բերել է տալիս Ասեվեդո Բանդեիրան: Այդ ձին խմբապետի իշխանության խորհրդանիշն է, այդ պատճառով այն դառնում է նախանձի առարկա տղայի համար, տղան տենչում է նաև շողշողուն վարսերով կնոջը: Կինը, սանձն ու կարմրուկը այն մարդու անկապտելի հատկանիշներն են, որին ինքն ուզում է ոչնչացնել:
Այստեղ պատմությունը բարդանում ու խորանում է: Ասեվեդո Բանդեիրան, ահարկու սատանեկան վարվելակերպով, կեսլուրջ-կեսկատակ հեգնանքով խոսակցին աստիճանաբար նվաստացնելու կատարյալ վարպետ է: Օտարոլան իր բռնած դժվար գործում որոշում է հենց այդ հնարքն օգտագործել: Որոշում է աստիճանաբար փոխարինել Ասեվեդո Բանդեիրային: Ընդհանուր գործերում, վտանգավոր պահերին ձեռք է բերում Սուարեսի ընկերությունը: Նրան է վստահում իր ծրագիրը: Եվ Սուարեսը խոստանում է իր աջակցությունը: Հետո շատ բաներ են պատահել, բայց ինձ քիչ բան է հաջողվել իմանալ: Օտալորան չի հնազանդվում Բանդեիրային, մոռանում, շրջանցում, փոփոխում է նրա հրամանները: Ճակատագիրը կարծես իր դավի մասնակիցն է դառնում և արագացնում դեպքերի ընթացքը: Ինչ-որ միջօրեի Տակուարեմբոյի դաշտերում ռիոգրանդեցիների հետ կրակոցներ են փոխանակում: Օտարոլան գրավում է Բանդեիրայի տեղն ու հրամայում արևելցիներին: Մի փամփուշտ վիրավորում է նրա ուսը, բայց այդ երեկո Օտարոլան Հառաչանք է վերադառնում խմբապետի կարմրուկով, և այդ երեկո նրա արյան կաթիլներն ընկնում են վագրի մորթու վրա, և այդ գիշեր նա քնում է վարդագույն մաշկով, շեկ վարսերով կնոջ հետ: Որոշ տարբերակներ փոխում են դեպքերի հերթականությունն ու հերքում, թե իբր այդ ամենը նույն օրն է կատարվել:
Սակայն միշտ էլ Բանդեիրան մնում է անվանական խմբապետի տեղը: Նա արձակում է հրամաններ, որոնք չեն կատարվում, սակայն Բենխամին Օտալորան ծուլության, թե կարեկցանքի ինչ-որ վերաբերմունքից ելնելով, ձեռք չի տալիս նրան:
Վերջին տեսարանը վերաբերում է 1894 թվականի վերջին գիշերվա դեպքերին: Այդ գիշեր Հառաչանքի մարդիկ խորոված ոչխարի միս են ուտում և խմում արբեցնող ըմպելիք, ինչ-որ մեկը անվերջանալիորեն փորձում է նվագել դժվարահունչ մի միլոնգա: Սեղանագլխին նստած, ամբողջովին հարբած Օտալորան գոռում-գոչում է անընդմեջ, իրեն զգում է յոթերորդ երկնքում, գլխապտույտների այդ բարձրունքը նրա նախասահմանված ճակատագրի խորհրդանիշն է: Բանդեիրան տրտում գոռացողների խմբում, թույլ է տալիս, որ անցնի խրախճանքի ցնցուն գիշերը: Երբ հնչում են տասներկուսի զանգերը, ինչ-որ պարտականություն հիշողի պես վեր է ցատկում տեղից: Թակում է կնոջ սենյակի դուռը: Սա կարծես սպասելիս լիներ կանչին, անմիջապես բացում է: Կիսամերկ է և բոբիկ: Նվաղող ձայնով խմբապետն հրամայում է.
- Քանի որ դու և պորտենյոն այդքան շատ եք սիրում իրար, հենց հիմա, բոլորի առաջ կհամբուրես նրան:
Հակառակվելու դեպքում սպառնում է հաշվեհարդարով: Կինն ուզում է ընդդիմանալ, սակայն երկու տղամարդ բռնում են նրա թևերից և նետում Օտարոլայի վրա: Արցունքների մեջ խեղդված՝ կինն համբուրում է նրա դեմքն ու կուծքը: Ուլպիանո Սուարեսն հանում է ատրճանակը: Օտարոլան մեռնելուց առաջ հասկանում է, որ սկզբից ևեթ դավաճանել են իրեն, որ ի սկզբանե դատապարտել են մահվան, որ թույլ են տվել սերը իշխանությունն ու հաղթանակը, որովհետև արդեն մեռած են համարել, որովհետև Բանդեիրայի համար ինքն արդեն մեռած է եղել:
Սուարեսը գրեթե արհամարհանքով, կրակում է:  

Թարգմանությունը՝ Հովհաննես Բոդուկյանի

Խորխե Լուիս Բորխես | Մեռյալը Խորխե Լուիս Բորխես | Մեռյալը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 18, 2016 Rating: 5
Технологии Blogger.