Վահան Թոթովենց | Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա | համառոտ


«Մայրս գնում է գոմ՝ կովը կթելու: Գնում է և երկար ժամանակ չի վերադառնում։ Քա՜, աղջի՜, հարսն ի՞նչ եղավ,- հանկարծ բացականչում է հորաքույրս,- գոմ գնաց ու չեկավ։ Վազում են գոմ, տեսնում են մորս՝ կովի մոտ նստած, գրկում՝ մի կապուտաչյա երեխա։ Այդ երեխան ես էի»։

Այս տողերով է սկսում հեղինակը իր ինքնակենսագրական վեպը: Պատմում է զանազան դրվագներ սեփական կյանքի, մանկության տարիների, ընտանիքի, հարևանների ու բարեկամների մասին: Մոր գրկում տեսնում է լուսինը, որ մանուշակագույն մթնաշաղում, մուգ-կապույտ լեռան վրա էր նստել։ Այնքա՜ն մեծ էր այդ լուսինը։ Դրանից հետո երբեք չտեսավ այդքան մեծ լուսին։ Նայելով և հրճվելով նրա բոցագույն փայլից՝ մի ձեռքով բռնեց մայրիկի մազերը, կախվեց առաջ - ուզում էր ավելի մոտ լինել լուսնին։ Մայրիկը հանկարծ սեղմեց նրան կրծքին՝ այնպե՜ս պինդ, այնպե՜ս գորովալից։ Թեև կորցրեց լուսինը, բայց դուրեկան էր մոր սեղմումը, դուր էր գալիս մոր բուրումը։ Առաջին անգամն էր, որ այդքան բարձրից դիտում էր շրջապատը - ընդարձակ և զմրուխտյա մի դաշտ՝ կապույտ լեռների շղթայով երիզված։ Դաշտում հեղինակի աչքին խփում էին մինարեները և կաղամախիները, երկուսն էլ դեպի երկինքն էին թռչում, երկուսն էլ օրորվում էին մթնշաղում։ Կտուրից սկսեց տեսնել և տները, հենց առաջին անգամ տեսավ իրենց տունը։ Մինչև այդ նրան միայն փողոցի դուռն էին հանում կամ լուսամուտի առաջ:
Հայրը կալվածատեր էր և իրենց գավառում պետական բարձր պաշտոնատար։ Բայց հեղինակը սկսում է նրա մահից։ «Նա մահվան պատրաստվեց այնպես, ինչպես նորափեսան է պատրաստվում իր հարսանիքին։ Մեռնելուց մի ամիս առաջ (դեռևս ոտի վրա էր և բավական առույգ, բայց գիտեր, որ հաղթում է մահվան որդը) կանչեց հյուսնին, միասին ջոկեցին երկար ընկուզե տախտակներ։ Պառկեց հատակին, պարսկական քիրմանշահ գորգի վրա, հյուսնը վերցրեց նրա հասակի չափը։ Ուստա Մարգարը շինեց դագաղը, վերջացավ։ Կարծես մի սեղան շինեց կամ պահարան։ Այնքա՜ն անտարբեր»: Եվ իսկապես կարճ ժամանակ անց, հայրը մահանում է: Մի ձի էին պահում, որպեսզի երբ ազգականներից և բարեկամներից մեկնումեկը գար և ասեր թե՝ «Հայրս բարև ըրավ, ըսավ քի՝ էշը թող տան, տեղ գնամ գամ», էշի փոխարեն՝ ձին տային: Բայց նա չէր սիրում, որ իր էշի վրա ուրիշն էր նստում։ Եվ դժվար թե ինքը՝ էշը թույլ տար, որ, բացի հորից, որևէ մեկը նստեր վրան: Հոր արիստոկրատիզմից շատ բան էր անցել էշին, նրա հոգեբանությունը նույնպես զարգացել էր այդ ուղղությամբ: Հոր տուն վերադառնալուց առաջ ամբողջ տունը շարժման մեջ էր ընտանիքի ամեն մի անդամը մի բան էր անում, դարսում, սրբում, դասավորում, տեղափոխում։ Տունը պետք է լիներ խստագույն կարգապահության մեջ, կոշիկները դարսված, պահարանների դռները փակ, այգու ծաղիկները ջրված, երեխաները սանրված, ընտանիքի բոլոր անդամների շորերը փոխված, ջրի բաժակը ջրամանի մոտ՝ կոթը ոչ դեպի պատը դարձված, ավելն իր անկյունը, շորերի կախարանի նրա վերարկուի մեխը բոլորովին ազատ: Դռան առաջ նա իջնում էր էշից։ Մի պահ սպասում էր, մի սիգարեթ էր վառում, որպեսզի ամբողջ տունն իմանա, որ եկել է: Դրա կարիքն էլ չկար, որովհետև փողոցի անկյունից էշը սկսում էր զռալ և հայտարարել ժամանումը: Հեղինակը նշում է, որ աշխարհում եղել են երկու քրիստոնյա։ Մեկը ինքը՝ Քրիստոսը, հրեա, իսկ մյուսը՝ իր մայրը, հայ: Նա միայն մի գիրք էր կարդում՝ Ավետարանը։ Ամբողջ օրը ջանում էր միայն մի բան անել՝ իրագործել Ավետարանի պատվիրանները։ Աղքատների հետ ճաշի էր նստում, բարեգործություններ էր անում, պայմանով, որ ոչ ոք չիմանա, և․․․ աղոթում էր: Խոնարհվում էր այդ կինը մինչև ոսկորների ծուծը։ Նրա խոնարհությունն օրգանական էր, որովհետև այդ խոնարհության համար խոր տարաձայնություններ էին ստեղծվել մոր և հոր միջև: Մի կին, որ պատրաստ էր ամուսնու ամեն ուզածն անել, թեկուզ ոճիր, բայց չէր կարող ազատվել խոնարհությունից։ Թող բոլորն անգոսեին իրեն, թքեին և մրեին, նա տանում էր միայն խոնարհությամբ: Այդպես էր պատվիրում Ավետարանը: Իսկ հայրը պահանջում էր, որ մայրը դառնա խանում, նստի դահլիճի վերին կողմը, ոչ մի բանի չխառնվի և, գլխավորը, ոչ մի քահանա չհյուրասիրի տանը։ Օրգանական ատելություն էր զգում դեպի քահանաները: Մայրը գիտեր, որ հայրը Ստամբուլում «դոստ» ունի։ Բայց այդ մասին մոր հոգին խաղաղ էր: Դա բխում էր ո՛չ թե նրա անտարբերությունից դեպի ամուսինը, այլ խորախոր սիրուց։ Սիրելով նրան՝ սիրում էր և նրա հանցանքը: Հիշում է, որ երբ հայրը մեռավ, և մեծ եղբայրը սկսեց ճանապարհորդություններ կատարել դեպի Ստամբուլ կամ սևծովյան նավահանգիստներ, մայրը հանձնեց նրան ճոխ նվերների մի կապոց, որպեսզի Ստամբուլում հանձնի իր ամուսնու սիրուհուն: Կապոցը հանձնեց արցունքների մեջ խեղդված ոչ թե Ստամբուլի կնոջ պատճառով, այլ նրա համար, որ ամուսինը այլևս չկար: Մայրը ցանկանում էր, որ հոր նվիրական հիշատակներից մեկը՝ Ստամբուլի կինը, հարգված լինի: Ստամբուլի կինն էլ մոր կապոցը ընդունել էր արցունքներով։ Հոր մահվան մասին նա առաջին անգամ լսել էր մեծ եղբորից: Երկու կանայք լաց էին լինում մի տղամարդու համար, այն տղամարդու, որ այդ երկու կնոջ հոգին էլ լցրել էր սարսուռով, ծծել էր երկուսի շուրթերից էլ սիրո արյունը: Մայրն առողջ էր, ժիր և սիրուն: Նրան հիշելիս՝ հեղինակը միշտ հիշում է նաև իրենց պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման: «Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած»: Հեղինակը հիշում է պապին, տատին, քույրերին ու եղբայրներին, չամուսնացած, պառավ հորաքրոջը և հարևաններին: Բաղնիս գնում էր տան կանանց հետ: Մինչև հիմա էլ չի սիրում արևելյան բաղնիքը, որովհետև մինչև հիմա էլ հիշում է կավերի հոտը, գոլորշին, սիրտ մարեցնող տաք և խըշխըշ ջուրը և կանանց բլրացած ճարպն ու միսը: Հորաքույրը բաղնիքում միշտ լողանալով չէր զբաղվում: Նա ամենայն ուշադրությամբ և չարությամբ դիտում էր հասունացած աղջիկներին, որպեսզի դուրս գար բաղնիքից և սկսեր խոսել և բամբասել։ Բաղնիքից անմիջապես հետո չէր կարող դռնե-դուռ մտնել և սկսել բամբասանքը, որովհետև հոգնած էր լինում, այնքան չեչքար էր քսում մարմնին և վառող-թափող դեղեր էր գործածում: Բայց հաջորդ օրը նրա օրն էր։ Յուղոտում էր ծնոտները, անտիկ շալը գցում գլխին, ընկնում հարևանների տները: Մտնում էր Եղիս խանումի և այլոց մոտ ու բամբասում երիտասարդ աղջիկներին, որ նրանց կնության չտան: Տան գլխավոր ծառայի անունը Գրիգոր էր, բայց կարճ՝ Գոգո էին կանչում: Գոգոն տնից դուրս, հարևանների համար, նրանց տան ծառան էր, բայց իրականում նա տան դիրեկտորն էր, ինչպես հայրն էր ասում: Տան բոլոր տնտեսությունը հանձնված էր նրա խղճին և խելքին։ Ամեն քարի կտորի, տաշեղի, կարտոֆիլի և սոխի գլխի համար նա ցուցաբերում էր խորը հոգատարություն: Մի օր Գոգոն փրկեց հեղինակի կյանքը կամ առնվազն՝ հաշմանդամ լինելուց: Տան դահլիճի առաստաղի վրա կար մի արձանագրություն, որը գրված էր տունը կառուցելու ժամանակ։ Այդ արձանագրությունը հետևյալն էր. «Որդիքս Հակոբ, Գևորգ, Լևոն / Ժարանգորդք են տանս այսորիկ»:

Տան կառուցված ժամանակը նա ծնված չէր, ուստի անունը արձանագրության մեջ չկար։ Մի օր այնպես մտածեց, որ եթե իր անունը չկա, ուրեմն ինքը չի կարող ժառանգորդ լինել «տանս այսորիկ»: Ներքևի հարկից, գաղտնի, վեր հանեց եռոտանին և բարձրացավ վրան, որ իր անունը ավելացնի ժառանգորդների ցանկում։ Դեռևս գրելու գործողությունը չէր սկսել, երբ եռոտանին սկսեց երերալ և ծռվել։ Բարեբախտաբար, արձանագրությունից քիչ հեռու կար մի մեծ կեռ երկաթ, որից ձմեռը մեծ լամպն էին կախում, բռնեց այդ կեռ երկաթը, եռոտանին  մնաց ոտքերի տակը, բայց անկարելի էր ցած իջնել, որովհետև եթե երկաթը թողներ, եռոտանին պետք է կործանվեր։ Սկսեց ճչալ ահ ու սարսափով։ Գոգոն, լսելով աղիողորմ ճչոցը, անմիջապես վազեց վեր և շուտափույթ ըմբռնելով կացությունը, բռնեց եռոտանին ու հեղինակը, առանց վախի, սկսեց ցած իջնել: Երեկոյան հայրը նստեցրեց իր ծնկանը և շոյելով ոսկեգույն մազերը՝ հարցրեց, թե ինչու էր վեր ելեր: Հոր փայփայանքից ոգևորված՝ անկեղծորեն ասաց նպատակը։ Հայրը կուշտ ծիծաղեց և բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ իր հարստությունն իր պստիկ «յավրուինն» է, իսկ տունը, իր մահից հետո, տան նրան: Հոր մահից տարիներ հետո, երբ հարկ եղավ հոր հարստությունը բաժանել, իր բացակայությամբ, մայրն առաջարկել էր, որ այդ տունը, առանց որևէ վիճակ ձգելու և վեճի, նրան տրվի՝ հարգելու համար հոր ասած ամեն մի խոսքը, թեկուզ այն ժամանակ կատակով ասած: Այդ տունը հեղինակը ժառանգեց, որի ոչ մի արձանագրության մեջ իր անունը չկար: Մեծ եղբայրը՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր իրենց տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորության մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ զգում էին անհուն անապատների կարոտը: Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկթաձև սպիտակը ճակատի վրա: Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք: Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը: Հակոբի հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, ոմանք նշանված էին, բայց Հակոբի միակ ուրախությունը Մարանն էր: Հակոբը սիրում էր Մարանին և նրանով լցնում իր հոգու ամբողջ պարապը: Բայց մի օր Մարանի առաջի ոտի վերևի մասում երևաց մի ուռուցք, փոքր և գրեթե աննշան, բայց բշտեց, դարձավ վերք, այդ վերքը մեծացավ, թարախակալեց։ Եվ Մարանը մի առավոտ մեռավ: Բոլորը հավաքվել էին Հակոբի շուրջը, որ արցունքի կաթիլներով շաղախված խոսքերով պատմում էր Մարանի կյանքը, պատմում էր մինչև անգամ, թե մի օր ինչ խոսակցություն են ունեցել իրար հետ, և Մարանն ինչ է ասել: Եթե պատահած եղելությանն անծանոթ մի մարդ ներս մտներ և լսեր Հակոբին, երբեք չէր կարող գուշակել, որ խոսքը և ողբը վերաբերում էին մի անասունի: Անցավ մի ամիս, բայց Հակոբի վիշտն ավելի էր խորանում: Եվ հայրը որոշեց նրան առաջարկել երկու բան՝ ճամփորդություն կամ ամուսնություն։ Հայրը խորապես համոզված էր, որ սրանցից մեկն ու մեկը կփրկի նրան, կմեղմացնի նրա վիշտը, և մի օր էլ կմոռանա: Ճամփորդությունից հետո Հակոբը դարձյալ տխրում էր: Բայց նրան ամուսնացնում են, և սերը բուժում է տղայի հոգին: Հիշում է նաև մյուս եղբայրներին՝ չամիչ պաշտող Գևորգին ու Լևոնին և քույրերին՝ Խասիկին, Սիրանուշին և Ձայնիկին: Առաջին երկուսը դժբախտ կյանք ունեցան, իսկ Ձայնիկը շատ նման էր իրեն՝ հեղինակին: Հիշում և դիմում է նրան հետևյալ խոսքերով. «Ինչքա՜ն եմ հիշում քեզ, կապուտաչյա՜ իմ քույր։ Քեզ հիշելիս՝ իմ հոգին լցվում է պատկերներով հիշում եմ մեր պարտեզը, կտուրը, ծաղկող աքացիան, հիշում եմ աշնան դեղին տերևները, որ քամին քշում բերում էր մեր դռան առաջ, հիշում եմ ձյունի սպիտակ փաթիլները, այդ ձյունի մեջ քո ոստոստումները, և հիշում եմ մորս վերջին մայրությունը։ Քեզանով վերջացավ, կապուտաչյա իմ քույր, նրա կողերի խայտանքր, ընդմիշտ լռեց նրա քնարը։ Դո՛ւ եղար վերջինը, որ ծծեցիր նրա կաթը, դու, մորս վերջի՛ն մանուշակ, վերջի՛ն երգ, վերջի՛ն բերկրանք»: Բացի իր քույրերից, կային և ուրիշ աղջիկներ, որոնք աճում էին նրա մանկության հետ, որոնք ծաղկում ու վառվում էին նրա մանկության ափերի վրա՝ Քրիստինեն, Վերոնին, մորաքրոջ աղջիկ Ռեբեկան: Փողոցը հին Արևելքի այն ճանապարհի մասնիկն էր, որ ծայր էր առնում հին Հռովմից, գալիս հասնում էր Բյուզանդիայի հին մայրաքաղաքը, ընդհատվում էր մի ակնթարթ կապույտ ծովով, ապա շարունակվում էր, օղակելով ամբողջ Փոքր Ասիան, գալիս-անցնում էր նրանց տան առջևից և գնում մինչև «աշխարհի ծայրը»՝ Բաղդադ: Նրանց համար ամենահեռավոր վայրը Բաղդադն էր։ Բաղդադից դենը ուրիշ երկրներ չկային: Հեղինակը հիշում է հարևաններին: Եղբայրներ Վահրամն ու Հրաչը վիճում են Վերոնիկայի համար: Հրաչը փոքր եղբայրն է և օրորոցի օրենքով պետք է ամուսնանա Վերոնիկայի հետ, սակայն մեծ եղբայրն է սիրում աղջկան: Կռվում են, հարձակվում աղջկա վրա, սպանում, ապա իրար հետ կռվում: Նրանց բանտ են տանում: Կան չամուսնացած հարևաններ, հիշում է Ալեք աղային, որ 45 տարեկան ամուրի էր։ Ալեք աղան փողոցի միակ Հասակավոր ամուրին չէր։ Նրա տնից մի քանի դուռ վերև ապրում էր Հաջի Սողոմոնը: Փողոցում կային նաև բազմաթիվ խենթեր, որոնց մասին ոչ ոք չէր հոգում: Հեղինակը պատմում է փողոցում ապրող թուրքերի մասին, որոնք հայերին գյավուր էին անվանում, իսկ հայերը նրանց՝ շներ, թեև իրար երեսի ժպտում էին և հյուրասիրում, բայց նրանց միջև հարաբերությունները գնալով վատթարանում էին: Ընդ որում հայերը միշտ ավելի խեղճ էին գտնվում և հիմնականում դատարանում տուժող կողմը հայն էր լինում, չնայած անմեղ լինելուն: Հիշում է աղավնի պահողներին ու քյուլխան բեյի Ալիին, որը ուխտ է անում, գնում Երուսաղեմ, վերադառնում իբրև մարգարեից շնորհ ստացած: Նրան այժմ հարգում են, նա հարուստ է, թեև երբեմն ուզում է դարձյալ մոխիրների մեջ քնել: Հեղինակը սիրում է կարդալ և գրել: Նրա սիրելի հեղինակն է Մեծարենցը: Հեղինակը վերջին անգամ այցելում է հոր գերեզման, թթենին աճել է, այն ասես իր հայրն է: Հրաժեշտ է տալիս նրան ու գնում Պոլիս: Նա գրում է.  «Այդ հին երկրում արևը ճչում է մրգի հատիկներով, հողը շնչում է անսպառ խոտով, առվակները կարկաչում են, բացվում են մեծ առավոտներ, և իջնում են հրաթև վերջալույսեր, բարձրանում և կապույտում լողում է մի արծաթյա թաս՝ մեջը լիքը նոր կթած կաթով, տիեզերանում է գիշերն աստղահնչուն, ծառները սլանում են դեպի երկինք, և բոլոր ծաղիկները սարսռում են ու շշնջում: Այժմ ես կուզեի հանգչեցնել իմ հոգնած գլուխն այդ երկնքի կապույտ մարմարին և լսել այն երգը, որ հեղեղում են ծառները, առվակներն ու աստղերը»:

Տես նաև Թոթովենց Գավառական ողբերգություն

Վահան Թոթովենց | Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա | համառոտ Վահան Թոթովենց | Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:56:00 Rating: 5
Технологии Blogger.