Լեոնիդ Ենգիբարյան | Նովելներ


Մանկության կայարան
Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում այն, որ փափուկ վագոնով չեն գնում:
Ի վերջո տոմս-ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է: Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն. Հասունություն. Ստեղծագործություն, Անհաջողություն, և գուցե Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…

Դու, ես ու իմ տխրությունը
Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։
Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․
Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։
Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։

Աղջնակին, որ թռչել գիտի
Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։
Եթե օդում մի վայրկյան մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։
Դրանցից մեկը մայրդ է տվել քեզ։
Նա կարողացավ դա անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել․․․ Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։
Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։
Ու ոչնչից մի վախեցիր։
Նրանք կողք կողքի են, թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։
Միայն ինձ համար, մի անհանգստացիր, ինձ թեթև է քայլել գետնի վրայով, դա հասկանալի է յուրաքանչյուրին։
Իմ սիրտը՝ քո կրծքում։

Այո և ոչ
Ես անդունդի եզրին եմ՝ «Ոչ»-֊ի ու «Այո»-֊ի արանքում։ Քո Ոչ-֊ից ես իմ Այո-ին եմ հասնում ցանկությունից, ամաչկոտությունից ու սիրուց հյուսված պարանով։ Այն ցնցվում է, ճոճվում, ու ինձ վրա կախված է Միայնությունը և Այո-֊ն, որ այնքան գրավիչ ու մոտ էր թվում, հիմա անհասանելի է։
Բայց ես քայլում եմ, Հպարտությունը պահում է հավասարակշռությունս։
Նաև հին ու բարի Հույսի վալսը, որ հնչում է բարդ համարների կատարման ժամանակ, ինձ ուժ է տալիս։
Ես գալիս եմ փորձելով չնայել ներքև, ու չմտածել, որ հանկարծ, մինչ ես գալիս եմ դեպի քո  ինչ֊որ մեկը արդեն հասել է քեզ, օգտագործելով Բարեկեցության աստիճանը։
Ինձ գնալով ավելի ու ավելի բարդ է ճոճում է հուսահատության քամին, ու երբ այդ ճոճքը անտանելի է դառնում, դու անսպասելի գալիս ես ինձ ընդառաջ։
Ես գցում եմ ծանր ձողը, դու գրկում ես ինձ, ու մենք ընկնում, կամ էլ թռչում ենք՝ ինչ տարբերություն, պայծառ աստղերից մեկի վրա, որ օսոստոսյան գիշներների անսահմանությունում սպասում են մեզ վառված։
Սիրելիս, ― ասում ես շոյելով մազերս, ― ինչպե՞ս կարելի էր այդպես ռիսկի դիմել։ Դու կարող էիր սայթաքե սարսափելի Միայնության մեջ։ Հիմարիկ, ինչի՞ համար էր այդ ամենը։
Բայց դու ինքդ սկզբում ասացիր Ոչ, ու ես ստիպված եղա ռիսկի դիմել։
Մի՞թե ասել եմ, ― զարմացար դու, ― կարծես չեմ հիշում։

Մի քանի խոսք Երևանի մասին
Մի անգամ, երբ աշունը իջնելով լեռներից քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։
Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա հեքիաթ է․․․
Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրևները լի հեռացավ։

Կատուն
Գծավոր պոչով կատուն ասաց Մեծն Աստվածուհուն
- Խնդրում եմ, շատ եմ խնդրում, Մեծն Աստվածուհի, դու ամեն ինչ կարող ես, ինձ կի՛ն դարձրու։ Ես այնպե՜ս եմ դա ուզում։
Եվ Մեծն Աստվածուհին ասաց
-Դա անելը բարդ չէ, բարդը սիրելն է, իսկ կինը, եթե չի կարողանում սիրել, դադարում է կին լինել։
- Ես կսիրեմ, ես կսիրե՜մ,- երդվեց գծավոր պոչով կատուն։
- Լավ,- ասաց Մեծն Աստվածուհին,- մե՜կ, երկու՜, երե՜ք։
Եվ կատուն վերածվեց կնոջ:
Եվ նա սիրեց։ Տղան գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետև այնքան բարձրահասակ էր, որ գլխով արևին էր դիպչում։
Եվ տղան էլ կատվին սիրեց։
Բայց երբ նա ցանկացավ աղջկան համբուրել, դժբախտություն պատահեց: Անկյունից մի մուկ հայտնվեց։
Եվ կատուն, մոռանալով, որ ինքն այլևս կատու չէ, նետվեց մկան վրա ու․․․ նորից գծավոր պոչով հասարակ կատվի վերածվեց։
Իսկ տղան, ի՞նչ կարող էր անել տղան։ Նա գնաց։
Նա գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետև այնքան բարձրահասակ էր, որ գլխով արևին էր դիպչում։
Կատուն շատ երկար լացեց, բայց Մեծն Աստվածուհին անվրդով մնաց։ Չէ՞ որ նա նույնպես կին էր:

Տասնինը տարեկան աղջկան
Տասնինը տարեկան ես։
Դու խաղում ես պինգ-պոնգ, գնում ես բար ընկերներիդ հետ և ճոճում ես ոտքերդ՝ նստած բարձր աթոռակին։
Դու տասնինը տարեկան ես։
Տասնինը տարի առաջ ես տարա առաջին մեծ հաղթանակս ռինգում և ծիծաղեցի բոլոր նրանց երեսին, ովքեր տխուր ինձ ասում էին «Առաջին հաղթանակը նաև առաջին քայլն է դեպի պարտություն»։
Տասնինը տարեկան ես, և գրեթե նույն այդ տարիքին է տղան, ում հետ ես վաղը ռինգ եմ դուրս գալու։ Նա հիմա քո կողքին է, իսկ դու ինձնից հեռու՜-հեռու՜ ես․․ Տասնինը տարի երկարությամբ հսկայական մի սանդուղք է բաժանում մեզ, հարյուրավոր աստիճանավանդակներ՝ ռինգեր, որոնց վրա ես ամեն անգամ նորից ու նորից նվաճում էի վեր բարձրանալու իրավունքս և ահա՝ բարձրացել եմ։
Քեզ դուր է գալիս թեք ուսերով ինքնավստահ այդ տղան՝ հռչակավոր Ն-ի գլխավոր մրցակիցը։ Ես եմ այդ Ն-ն։
Իսկ ես կցանկանայի ցատկել բոլոր անդունդների և աստիճանների վրայով, խաղալ քեզ հետ պինգ-պոնգ և հիանալ քո ոտքերով, երբ դու ճոճում ես դրանք բարում՝ նստած բարձր աթոռակին։
Միթե չես հասկանում, որ ես չեմ զգում այդ անիծյալ տարբերությունը, չես հասկանում, որ ես տասնինը տարի՝ առաջին հաղթանակի օրվանից սկսած, սպասել եմ քեզ․․․ Ոչ, դու չես հասկանում և չես տեսնում ինձ դու տասնինը տարեկան ես։
Վերջ։ Արդեն ուշ է, պետք է գնամ վաղը մարտի եմ։ Եվ ես կհաղթեմ, անպայման կհաղթեմ, չէ որ այդպես անհույս արդեն պարտվել եմ։

Լապտերները
Գիշեր է:
Անձրև է մաղում: Կաթիլները երևում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, և թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերները արտասվում են:
Ինչի՞ մասին:
Անձրևոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետև իրենք ընդամենը լապտերներ են և չունեն սեփական թախիծ:
Եվ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրևում է, և որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել․․․
Եվ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները:

Գրպանահատը
Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ և երջանիկ: Գրեթե երջանիկ:
Միայն թե ափսո՜ս, որ ոչ ոք գրպանում իր սիրտը չի պահում։
Առաջ երեկոյան Երկրի վրա համբուրվում էին, իսկ առավոտյան կռվում էին հանգիստ սրտով, քանի որ գիտեին, որ երեկ համբուրվել են, և իրենցից հետո նույնպես կգտնվի կռվող։
Աշխարհն այն ժամանակ ահավոր ողջամիտ էր։

Արտիստին
Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ:
Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, և կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր...
Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, և քեզ հետ է նորից Անհանգստությունը:
Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:
Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում:

Ճանապարհը
Մեկնում եմ:
Ես վաղը կմեկնեմ:
Ճանապարհը՝ երկա՜ր-երկա՜ր։ Եւ նույնքան երկար է գնացքը:
Այն կազմված է տասնյակ, գուցե նաև հարյուր հազարավոր վագոններից:
Ամեն վագոնում՝ հարյուրավոր լուսամուտներ, որովհետև ամեն մի վագոնը մի հարյուրամյակ է:
Ես կմտնեմ վերջին վագոն, որ գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ:

Գունդը ափի մեջ
Կրկեսում մարդիկ բարդ համարներ են անում:
Նրանք ճախրում են գմբեթի տակ, տասնյակ իրերով աճպարարություն են անում, հետո ձեռքերի վրա են կանգնում, ու դա, հաստատում եմ, հատկապես բարդ է ու դժվար է սովորելը:
Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից հետո գիշերը կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թևերը, և աչքերն արյունով կլցվեն․․․
Այս ամենն, իհարկե, ծանր է և, այնուամենայնիվ, այն վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբևէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ և հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:

Մի՛ նեղացրեք մարդուն
Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետև դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի և նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:

Սովորականն անսովոր է
Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։
Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜֊ամենա՜նՆրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետև այն հոսելի է։
Ու որպեսզի գետակը չմեռնի ու կարողանա հասնել գեղեցի՜կ կապույտ ծովին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժ լինի ու թափվի ներքև, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը
Ոչ,― մտածեց Գետակը,― ես ամենաանսովորն եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես աննկատ խառնվեց նրան ու նրա հետ միասին հանգիստ լողաց դեպի Ծո՜վը
Իսկ նա, մեծահոգի, նույնիսկ չնկատեց էլ դա․․․
Գետը քաշում էր նավեր, լույս էր տալիս, ձկներին էր փաշտպանում ձկնորսներից ու կատուներիցՔիչ հոգս չուներ։
Այդպես անցավ գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
Ես ամենաանսովորն եմ, ես հասա Ծովի՜ն:
Բայց հանկարծ տեսավ, որ շատ կան այդպիսի «անսովորներ», որ թաքնվել էին Գետի մեջ․․․
Իսկ բոլոր կամուրջները, առափնյա հատվածները ու այլ պարգև֊պատիվները մարդիկ տվեցին Գետին, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համարՍովորական
Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է

Տես նաև Գրիգոր Զոհրապ Նովելներ

Լեոնիդ Ենգիբարյան | Նովելներ Լեոնիդ Ենգիբարյան | Նովելներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:49:00 Rating: 5
Технологии Blogger.