Էդգար Դեգայի նամակը Կամիլ Պիսարոյին


1880
Իմ թանկագին Պիսարո,
Ողջունում եմ ձեր եռանդը. ձեր փաթեթով վազեցի օրիորդ Կեսսետի մոտ: Նա այդ առիթով նույնպես շնորհավորում է:


Ահա նմուշները. ընդհանուր երանգը սևավուն է, ավելի շուտ մոխրավուն՝ ցինկի շնորհիվ, որն ինքնին յուղոտ է և պահպանում է տպագրական սև ներկը. թիթեղն այնքան էլ ողորկ չէ: Կռահում եմ, որ Պոնտուազում ձեզ համար դա այնքան հեշտ չէ, որքան Յուշետ փողոցում: Բայց և այնպես, հարկ կլիներ ունենալ ավելի հարթ ինչ-որ բան:
Դուք կարող եք տեսնել, այնուամենայնիվ, որքան հնարավորություններ է տալիս այդ միջոցը: Հարկ կլիներ նաև, որ դուք վարժվեիք հատիկներ դնել՝ ստանալու համար, ասենք, միերանգ, հավասար և նուրբ մոխրագույնով երկինք: Դա շատ դժվար է, եթե հավատանք Մեթր Բրաքմոնին: Լոկ օրիգինալ արվեստից փորագրանկարներ անելիս է դա երևի բավական դյուրին:
Ահա միջոցը: Վերցրեք լավ ողորկ թիթեղ (դա էական է, հասկանում եք): Ամբողջովին յուղազերծեք կավճով: Նախօրոք շատ գերհագեցած սպիրտի մեջ լուծեք խեժը: Լուսանկարիչների նման, երբ կոլոդիումը ածում են իրենց ապակու վրա, լցրեք հեղուկը (չմոռանաք նրանց պես հոսեցնել լուծույթը թիթեղից՝ այն թեքելով). այսպիսով, հեղուկը գոլորշիանում է և թիթեղի վրա թողնում մանրահատիկ խեժի քիչ թե շատ հաստ շերտ: Խածագծելով, դուք ունենում եք այնքանով մուգ ցան, որքանով ավել կամ պակաս կթողնեք խածատվելու: Հավասար երանգներ ստանալու համար դա անհրաժեշտ է. ավելի անկանոն էֆեկտներ կարող եք ստանալ ստվերագծմամբ կամ մատով, կամ ցանկացած այլ սեղմումով փափուկ լաքը ծածկող թղթի վրա:
Ձեր փափուկ լաքը ինձ թվում է չափազանց յուղոտ: Չափից շատ յուղ կամ ճարպ եք դրել:
Ինչո՞վ եք սևացրել ձեր լաքը, որպեսզի ստանաք գծանկարի ետին այդ մուգ տոնը: Այն շատ գեղեցիկ է:
Փորձեք ավելի մեծ ինչ-որ բան անել ավելի լավ տախտակով:
Ինչ վերաբերում է գույնին, ձեր հաջորդ ուղարկածը տպել կտամ գունավոր թանաքով: Նաև այլ գաղափարներ ունեմ գունավոր տախտակների վերաբերյալ:
Ուստի փորձեք անել ավելի ավարտուն մի բան: Հիանալի կլիներ տեսնել կաղամբների շարունակվող ուրվագծերը: Մտածեք, որ ձեզ պետք է ասպարեզ մտնել մեկ կամ երկու շատ-շատ գեղեցիկ տախտակով:
Իմ հերթին, օրերս կզբաղվեմ դրանով:
Լսել եմ, թե Կայբոտն իր պատուհաններից «Օսման բուլվարի պատսպարաններն» է անում:
Կարո՞ղ եք Պոնտուազում գտնել մեկին, ով կարողանա շատ թեթև պղնձի վրա հատել այն, ինչ արտապատկերել եք:
Կարելի կլիներ գծային արտատիպերի վրա որոշակի էֆեկտով այդ տեսակ կաղապարներ կիրառել օֆորտի կամ փափուկ լաքի համար և այդպիսով ջրանկարված ծակոտկեն փայտի միջոցով տպել բաց մնացած հատվածները: Այդպես կարելի կլիներ ինքնատիպ ու հետաքրքիր գույներով գեղեցիկ դրոշմանկարներ անել: Աշխատեք այդ ուղղությամբ, եթե կարող եք: - Ես ձեզ շուտով կուղարկեմ այս ժանրի իմ նմուշները: - Դա կլիներ խնայողական ու նոր բան: Ես կարծում եմ, այն մեզ բավական է սկսելու համար:
Կարիք չկա գովելու ձեր բանջարանոցների գեղարվեստական որակը:
Միայն թե հենց զգաք, որ մի քիչ վարժվել եք, փորձեք ավելի մեծ ու ավելի ավարտուն բաներ անել:
Համարձակ եղեք:

Դեգա

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Արա Խաչիկօղլյան
Աղբյուրը՝ Էդգար Դեգա, Նամակներ, Սարգիս Խաչենց. ՓՐԻՆԹԻՆՖՈ, Երևան, 2009

Էդգար Դեգայի նամակը Կամիլ Պիսարոյին Էդգար Դեգայի նամակը Կամիլ Պիսարոյին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:36:00 Rating: 5
Технологии Blogger.