Գուրգեն Մահարի | Այրվող այգեստաններ | համառոտ



Խաղաղ և ապահով կյանքով ապրում է Վանը: Օհանես աղայի ընտանիքում ծնվում է երրորդ զավակը և հանգուցյալ վաճառական պապի անունով մկրտվում է Մուրադ, ում կոչում են նաև Ոստանիկ: Օհանես աղան ունի խանութ Վանի շուկայում և ապահով ու բարեկեցիկ կյանք է ստեղծել իր ընտանիքի համար: Սպիտակ էշի զանգուլակները զրնգացնելով՝ նա գնում է աշխատանքի՝ հանդիպում իր նման խանութպանների, զրուցում նրանց հետ, սուրճ խմում և կուտակում իր հարստությունը:


Նրա հետ ապրում է մայրը՝ Սրբուհի հանըմը, որը պահում է գերդաստանի ավանդական նիստ ու կացը: Օհանես աղան շատ ջերմ ու սիրով է կնոջ՝ Սաթենիկի հետ: Քաղաքում նա ստեղծել է իր դիրքը և պատիվ է վայելում: Թեև քաղաքում նրան շատերը ասում են «գազան», բայց նա իրականում ընդամենը հաշվենկատ մարդ է: Քաղաքական հարցերի մեջ դիվանագետ չէ, կուսակցությունների պայքարի մեջ ճկուն չէ, բայց ունի ներքին բնազդներից բխող դիրքորոշումներ: Ապահով կյանք, հաստատունություն,- սրանք են նրա երազանքները, սակայն դրանք դեմ են առնում պատերազմի վտանգին:
Մուրադխանյանները չորս եղբայր են. Համբարձում աղան ապրում է Պոլսում և զբաղվում առևտրով, Մխիթարն ապրում է Վանի Էրմանց գյուղում և զբաղվում է երկրագործությամբ, իսկ Գևորգը ծխական դպրոցում ուսուցիչ է: Գևորգը անժառանգ է: Հարբեցող է: Նրան հեռացնում են դպրոցից: Անվերջ վիճում է կնոջ՝ Վերժինի հետ:
Վանը ներքաշվում է քաղաքական պայքարի մեջ: Հայ հեղափոխականները գաղտնի զինում են ժողովրդին: Այդ նպատակով ահաբեկությամբ դրամ են պահանջում հարուստներից: Հերթը հասնում է նաև Օհանես աղային, որն իր հարուստ ընկերների հետ պիտի 500 ոսկի տա: Նրանք պատրաստ են նվիրատվություն անել, սակայն դեմ են «քոլոզականների» ահաբեկչական պահանջաձևին: Որպես վիպական հերոսներ ասպարեզ են մտնում ժամանակի քաղաքական գործիչները՝ Արամը, Իշխանը, Վռամյանը, Փառամազը, Արմենակ Եկարյանը, բուլղարացի Գրիգորը: Իրար հետ վիճում են նաև նրանք: Իշխանը դեմ է ահաբեկչությանը և սպառնալիքներին: Ազգային նպատակների համար թալանվում է Աղթամարի վանքը, սպանվում են վանահայրը և ուրիշ սպասավորներ: Դրան մասնակից է լինում նաև քաղաքականություն մտած պարոն Գևորգին: Հերթական ահաբեկչության թիրախ է դառնում Վանի հարուստներից Պետրոս բեյ-հաջի աղա Գափամաջյանը: Իսկ Օհանեսը վտանգից խուսափելու համար հանդիպում է «կոմիտեի» անդամներին: Պոլսից լուր է գալիս, որ վախճանվել է Օհանես աղայի եղբայրը: Օհանեսի և Մխիթարի տներն վերածվում են զինապահեստների: Ընթացքում հեղինակը կերպավորում է ժողովրդական հերոսներին՝ Արաբոյին, Կայծակին և Առաքելին: Ներկայացվում է թուրք գավառապետը և նրա ազատամիտ կինը՝ Նանան: Սրանք խոսում են հայերի և թուրքերի բարեկամության մասին, սակայն իրականում կոծկում են իրենց նենգ մտադրությունները: Սակայն հայերը գիտեն նրանց մտադրությունների մասին: Թուրքերը շարունակում են դեռ 1894-1896 թթ. գործած ոճրագործությունները: Օհանեսի ընկերոջը՝ խանութպան Սիմոն աղային մորթում են, Իշխանին գնդակահարում, Վռամյանին խեղդում Վանա լճում: «Աշխարհի վերջն է»,- մտածում է Օհանես աղան: Սկսվում է վանի պաշարումը: Կռվողները ելնում են դիքերը, իսկ հարուստները իրենց ոսկիները կուժով հորում են հողի տակ: Արահավիրքը չի շրջանցում նաև Օհանես աղայի գերդաստանը: Թուրքերը ցցահան են անում Մխիթարին և պղծում նրա ընտանիքը: Գևորգը հերոսանում է՝ պայթեցնելով թշնամու պահեստները և ինքն էլ զոհվելով: Օհանեսի դուստրը՝ Լիան դառնում է գթության քույր, իսկ ավագ որդի Սուրենը դիրքերում կռվում է Արաբոյի զորքում: Օհանեսն այդ ընթացքում միայն տրտնջում է. «Ո՜ւր է իմ խանութը…»
Վանի կռիվները ստանում են համաժողովրդական պայքարի ընդգրկում: Անգամ նկարիչ Թերլեմեզյանը վրձինը զենքի փոխած կռվում է թշնամու դեմ: 1915 թ. մայիսի 5-ին թուրքական զորքը ետ է շպրտվում: Վան են մտնում ռուսական զորքը և հայ կամավորների բանակը: Նահանգապետ է նշանակվում Արամ Մանուկյանը: Ուրախությունը տևում է միայն 76 օր: Ռուսական շտաբի պետ Նիկոլաևի հրամանով սկսվում է հայերի տեղահանումը Վանից: Հերոսական Վանը դառնում է դիվանագիտական խաղի զոհ: Օհանեսը հանում է թաղած ոսկին, այրում տունը և ճանապարհ բռնում դեպի Երևան: Տապալվում է հայրենիքի ազատագրման մեծ երազանքը: Վանը վերջնականապես հայաթափվում է: Օհանես աղան Երևանում, Աստաֆյան փողոցի վրա մրգի խանութ է բացում և շարունակում է հաշվել իր ոսկիները:

Տես նաև Ծաղկած փշալարեր   

Գուրգեն Մահարի | Այրվող այգեստաններ | համառոտ Գուրգեն Մահարի | Այրվող այգեստաններ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 27, 2017 Rating: 5
Технологии Blogger.