Լեոնարդո դա Վինչի | Հեքիաթներ և առակներ


Թուղթն ու թանաքը
Գրասեղանին դրված էր մաքուր, միատեսակ թղթերի կիտուկը: Օրերից մի օր այդ թղթերից մեկի վրա երևացին զանազան ծուռումուռ գծեր, խզբզված գրեր ու կետեր… Երևի ինչ-որ մեկը վերցրել էր գրիչը և, թաթախելով թանաքամանի մեջ, թերթիկը լցրել բառերով ու նախշազարդերով:

- Ո՞ր մեղքիս համար ինձ ենթարկեցիր այսպիսի չլսված ու չտեսնված անարգանքի,- տխուր ու սրտաբեկ հարցրեց թերթիկը սեղանին դրված թանաքամանին: - Քո անջնջելի թանաքը պղծեց իմ մաքրությունը և հավիտյանս հավիտենից անպետքական դարձրեց ինձ: Այսպիսի տեսքով ես էլ ո՞ւմ եմ պետք:
- Մի վշտանա,- սիրալիր պատասխանեց թանաքամանը: - Քեզ բնավ էլ չեն կամեցել ո՛չ նսեմացնել և ո՛չ էլ փչացնել, այլ պարզապես անհրաժեշտ գրառումներ են արել, ու հիմա դու արդեն հասարակ թղթի կտոր չես, այլ՝ փաստաթուղթ: Այսուհետև դու կպահպանես մարդու միտքը, և դա է քո իսկական կոչումն ու մեծագույն արժանիքը:
Պարզվեց, որ բարի թանաքամանն իրավացի էր: Մի առիթով գրասեղանի վրա ինչ-որ բան փնտրելիս մարդու աչքն ընկավ թափված, արդեն դեղնած ու խունացած թերթիկներին: Նա հավաքեց դրանք ու, այն է, ուզում էր գցել վառվող բուխարիկը, երբ մեկ էլ նկատեց հենց այն «խզբզված» թերթիկը: Մի կողմ նետելով մնացած անպետք, փոշոտված թղթերը՝ մարդը խնամքով վերցրեց այն ու դրեց գրասեղանի դարակը՝ ի պահպանություն մարդկային բանականության ուղերձի:

Առյուծն ու գառը
Մի անգամ սոված առյուծի վանդակը գցեցին մի գառ: Գառնուկն այնքան միամիտ ու բարեհոգի էր, որ գազանների արքայի տեսքից բոլորովին չընկրկեց: Նրան, ըստ երևույթին, դնելով իր մոր տեղը, հիմարիկը մոտեցավ ահեղ գազանին, սրտալի մայեց ու անսահման գորովով լի պարզ, պլշած աչքերը հեզությամբ ու զմայլանքով հառեց նրան:
Առյուծը զինաթափ եղավ նման դյուրահավատության առջև և չկամեցավ գառանը հոշոտել: Դժգոհ մռլտալով՝ նա այս անգամ այդպես էլ քուն մտավ:

Բվեճներն ու նապաստակը
Ճյուղին թառած երկու բվեճ հետևում էին նապաստակին, որն աշնանային խոզանի մեջ լեղապատառ դեսուդեն էր նետվում՝ ասես ետևից մի ամբողջ շնաոհմակ էր ընկել:
- Խեղճ շլդիկ,- ասաց բվեճներից մեկը: - Անգամ սեփական բնում թաքնվելու քաջություն չունի:
- Ինչո՞ւ,- հետաքրքրվեց մյուսը:
- Որովհետև վախկոտ է:
- Զարմանալի է, սեփական տանն ինչի՞ց պիտի վախենա:
- Դրանց ցեղն է էդպես,- պատասխանեց առաջին բվեճը: - Նրանք ապրում են մշտական սարսափի մեջ, իսկ վախի աչքերը մեծ են: Առանձնապես տարվա այս ժամանակներին, երբ սկսվում է տերևաթափը, նապաստակները, գույնզգույն տերևների անձրևից վախեցած, վազում են այսահարի պես: Նրանց ահ է պատճառում բնության մեջ տեղի ունեցող ամեն մի փոփոխություն:
- Դուրս է գալիս, ուրեմն, որ նապաստակները վախկոտ են:
- Իհարկե: Ահա, թեկուզ այս շլդիկը: Սա ամայի դաշտով այնքան է դեսուդեն վազվզելու, մինչև որ ընկնի թակարդը, կամ վարպետ որսորդի նշանառության տակ:
Ճիշտ է ասված՝ ով վախկոտ է, վախից էլ կմեռնի:

Միաեղջյուրը
Հարմարավետ տեղավորվելով ստվերախիտ այգում՝ որսորդները տրվեցին որսի ժամանակ պատահող անհավանական արկածների վերհուշին: Ահա և խոսք բացվեց խորհրդավոր միաեղջյուրի մասին:
- Դա ոչ թե կենդանի է, այլ իսկական ուրվական,- բացականչեց նրանցից մեկը:
Եվ իրոք, ամբողջ շրջանի խոսք ու զրույցի առարկան ճակատին երկար եղջյուր ունեցող ձիուկն էր դարձել: Շատերն էին Աստծո անունով երդվում, թե տեսել են նրան, բայց ոչ ոքի դեռ չէր հաջողվել ձեռք գցել այդ արտասովոր կենդանուն:
- Իսկ կարո՞ղ է պատահել, որ դա դժոխային չար ոգի լինի,- առարկեց մյուսը: - Դժվարը նրան որսալն է, որ իսկական խելք ու շնորհքի գործ է:
Քիչ հեռվում ասեղնագործական քարգահի առջև նստած էր գեղեցկատես մի աղջիկ: Որսորդներին լսելով՝ նա քթի տակ մեկուսի ժպտում էր: Ում-ում, բայց իրեն լավ հայտնի էր խորհրդավոր անծանոթի վարք ու բարքը, քանի որ նրա հետ ինքը բարեկամություն էր անում, բայց շրջանում ոչ ոք տեղյակ չէր: Բանն այն է, որ ամեն չարից ու փորձանքից խուսափելով՝ անորսալի միաեղջյուրիկը ձգտում էր դեպի բարեսեր ու գեղեցիկ աղջիկները:
Երբ որսորդները ցրվեցին ու այգին դատարկվեց՝ թփերի միջից զգուշորեն դուրս եկավ միաեղջյուրը: Հուշիկ քայլերով խոտերի վրայով՝ նա մոտեցավ իր մտերմուհուն, պառկեց նրա առաջ և, դունչը նրա ծնկին դնելով, գորովանքով աչքերն հառեց աղջկան: Նրա հայացքը լի էր քնքշանքով ու հիացմունքով:
Միաեղջյուրը վաղուց էր բարեկամացել այդ գործունակ աղջկա հետ և ընտելացել միասին լռիկ ժամեր անցկացնելուն՝ սքանչանալով նրա ճկուն մատների ճարտարությամբ: Աղջկա համար նույնպես թանկ էր այդ բարեկամությունը, և նա սրբորեն էր պահպանում կուսական սրտի նվիրական գաղտնիքը:
Բայց մի՞թե հնարավոր է գաղտնիքը երկար պահել, երբ մարդկային ասեկոսեն, ծովի ալիքի նման, ամեն ինչ ջրի երես է հանում:
… Ու գաղտագողի հետևելով, թե ոնց է միաեղջյուրը թաքուն այցելում իր ընկերուհուն, որսորդները շուրջկալ սարքեցին ու բռնեցին կուսական հմայքների փոքրիկ երկրպագուին:

Իժն ու սոխակը
Մինչ սոխակի ճտերը միմյանց սեղմված անխռով քնած էին, նրանց հոգածու ծնողները թռան գնացին կեր հայթայթելու: Թաքստոցից դա տեսնելով՝ իժը սողաց դեպի բույնը՝ ներքուստ կանխաճաշակելով դյուրին ձեռք գցած ավարը: Բայց սոխակն արդեն տուն էր շտապում՝ որդը կտցին: Ճիշտ ժամանակին նկատելով չարագործին, որ արդեն հասվեհաս էր բնին՝ նա սրտապատառ ծղրտաց.
- Կա՛ց: Գթա իմ անմեղ ձագուկներին: Փոխարենը ես քեզ համար մի երգ կերգեմ, որից ավելի ախորժալուրը լսած չկաս…
Եվ նա գեղգեղաց քաղցրակարկաչ, դայլայլեց ու սուլեց հազարերանգ: Անտառով մեկ տարածվեցին նրա քնքուշ ու կախարդիչ դայլայլի ելևէջները՝ լի անզուգական հմայքով ու լուսավոր տխրությամբ: Իժն իրեն կորցրեց և շփոթահար գամվեց տեղում: Ու որպեսզի սոխակի գեղգեղանքների կախարդիչ հմայքը (որից նրա ատամի թույնն իսկ կարող էր ցամաքել) չներգործի վրան՝ իժը պոչով փակեց լսելիքը և հապճեպ քաշվեց գնաց եկած ճամփով:  

Թարգմանությունը ռուսերենից՝ Թևոս Պետրոսյանը

Տես նաև Ժան Լաֆոնտեն Առակներ, Կառել Չապեկ Առակներ և Չինական Առակներ

Լեոնարդո դա Վինչի | Հեքիաթներ և առակներ Լեոնարդո դա Վինչի | Հեքիաթներ և առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:45:00 Rating: 5
Технологии Blogger.