Աղասի Այվազյան | Ջաջուռցին



Նրբակազմ կնոջ հայացքը օդանավակայանի բազմության միջից ընտրել էր ճամպրուկներ կապողի ձեռքերը և սևեռուն հետևում էր նրանց: Ճամպրուկներ կապելը նրա մասնագիտությունն էր. օդանավակայանի այդ բաժնում մշտապես բավականին հերթ էր: Թղթի մեջ փաթաթել և կապել էին տալիս փակ չունեցող ճամպրուկներ, պատառոտված պայուսակներ, խաղալիքներ, տարբեր նշանակության առարկաներ…  Ճամպրուկներ կապողի ձեռքերը օդանավակայանի լուսատախտակի նման գրավում էին ուղևորների ուշադրությունը: Բազմաթիվ հանգչող, վառվող թվերի, հայտարարությունների, ինքնաթիռների երթուղիների՝ մեկնման, ժամանման, հետաձման տեղեկատվությունների կողքին նրանք նկատում էին նաև ճամպրուկներ կապողի ձեռքերը. նկատում էին լուռ, մտքի մեջ, իրենք իրենց: Ծանր ճամպրուկները թեթևությամբ ուժեղ ձեռքերով վեր էին բարձրացվում և, այս ու այն կողմ պտտվելով, ամփոփվում թղթի մեջ: Քառակուսաձև դաստակները թաքցրել էին գործող մկանները: Միայն երբեմն այս կամ այն մկանը ինչ-որ մի տեղից ցույց էր տալիս իր մակերեսի մի եզրը: Անսովորն այն էր, որ ձեռքերի տերը փոքրամարմին էր, ուսերը նեղ, կզակը փափուկ, պարանոցը բարակ: Մարդկային տիպաբանության մեջ պատահում են նման գլուխներ ատլետիկ մարմինների վրա, բայց այս մարդը թերևս այդ աղյուսակից դուրս էր: Ու, երևի, շատերն էին հերթում մտածում այդ մասին. մարդիկ սիրում են ամեն ինչ համեմատել իրենց հետ: Ծառաբնի նման ձեռքերը փաթաթում-կապում էին ճամպրուկներ, հեծանիվներ, ավտոդողեր, այն ամենը, ինչ դժվար էր պատկերացնել որևէ կապոցի մեջ: Ձեռքերը թեթևությամբ վեր էին գցում առարկան, դնում սեղանին, այս ու այն կողմից թուղթը ծալում-ծալծլում, և առարկան պարփակվում էր կոկիկ, լավ ամփոփված կապոցի մեջ: Ձեռքերը ամեն ինչ հավաքում, ընդգրկում էին մի ծավալի մեջ: Նրանք ասես փոքրացնում էին չափերը, կտրում ծայրերը, սեղմում ուռուցքները. նրանք գտնում էին ամենախնայողական ձևերը. տնտեսում էին տեղը այս մեծ ու անվերջանալի շրջապատի մեջ…

Ես երկյուղով եմ մոտենում պատումի այն մասին, ուր պիտի նկարագրեմ նրա ոտքերը: Կարճ ոտքերը պրոտեզ էին, և հենց սա էլ, ի հեճուկս կազմակերպված գեղագիտության, հասարակ զուգորդություն է առաջացնում. ձեռքերը անբնական զարգանում են ոտքերի հաշվին. Այդ, իհարկե, այդպես է, թերևս հիմնականում… Բայց ես գիտեմ ձեռքեր, որոնք 40 տարի ձգում էին երկաթալար, ու նրանք մնացին ջութակահարի ձեռքերի նման նուրբ ու զգայուն… Ճամպրուկ կապողի ձեռքերը հայտնի էին դեռևս իր ծննդավայրում՝ Ջաջուռում, երբ նա տակավին ոտքեր ուներ և նրա ամենածանր գործը դպրոցի համար փայտ կտրելն էր: Բնությունն ասես նրան հասանելիք ամեն ինչը դրել էր նրա ձեռքերի մեջ՝ հայացքը, խելքը, զգայնությունը, կամքը…
Պատերազմի ժամանակ, Բեսլան կայարանում փայտյա մի արտաքնոցի վրա ընկավ գերմանական ռումբը այն ժամանակ, երբ Ջաջուռցին դուռը ներսից ամուր բռնել էր և պպզել: Նրա ոտքերն արդեն պոկվել էին, իսկ զուգարանի դռան բռնակը նրա ձեռքից հանեցին միայն հոսպիտալում:
Նա ամաչեց  վերադառնալ Ջաջուռ՝ իր անճոռնի ձեռքերին միայն անոտությունն էր պակաս. կարծես հատուկ էին մտածել: Սովորեց հողաթափեր կարել շրջանային կեղտոտ շուկաներում, հետո բազմաթիվ այլ գործեր արեց, որոնց գոյության մասին գաղափար էլ չուներ, մինչև գտավ ճամպրուկներ փաթափելու աշխատանքը: Ավիացիայի ժամանակը իր գզրոցի, իր փայլի հետ մեկտեղ բերեց իր արգահատանքը շատ հին արհետսների նկատմամբ, նոր կեղևի տակ թաքցրեց մարդկային մանր-մունր ընդունակությունները, փալաս-փուլուսների արհեստները: Պահպանելով մարդու հոտը ինքնաթիռների քիմիական լուծույթների և բենզինի բուրմունքի մեջ:
Գործը ձեռնտու էր: Ջաջուռցին իր արհեստի վարպետն էր, հոգնությունը հաճելի էր և մասնագիտական ոգևորությունն ու բավարարվածությունը՝ մեծ: Նրա ձեռքերը գործում էին ինքնամոռացությամբ. որևէ ձև նրանց շփոթել չէր կարող՝ սուր անկյուն, խաչաձև, աստղաձև, ձվաձև, իրար մեջ մտնող ծակող ու քերող, բոլոր ձևերն ու հյուսվածքները հնազանդ ենթարկվում էին երկու մեքենաների, որ ձեռքեր էին, բազուկ, դաստակ, հինգ-հինգ մատ, ու փոքրացած, նսեմացած, հարթ, կոկիկ կապվում էին ու իջնում հատակին:
Դատարանում Ջաջուռցու ձեռքերը հանգիստ դրված էին դատապարտյալի աթոռախցիկի բազրիքին: Նրանք անշարժ էին առարկայի նման և բութ՝ իրենց անշարժության մեջ: Բոլոր 10 մատները միահավասար հաստ էին, խողովակների նման միատեսակ, ու դժվար էր նրանց տարբերել իրարից:
Դատավորի կարդացած մեղադրական ակտը հետևյալն էր. «Քաղաքացի Սանոյան Մուշեղ Սարգսի, ծնյալ 1927 թվականին, Ջաջուռում, մեղադրվում է այն բանի մեջ, որ նա 1976 թվականի փետրվարի 17-ին, երեկոյան, փաթաթել, կապել է լրագրերի մեջ քաղաքացի Հրաչյա Էդիկի Բոդոսյանին ու տեղավորել սենյակի անկյունում, դռան մոտ: Երբ 2 օր հետո միլիցիայի մարմինները հայտնաբերեցին այդ կապոցը, քաղաքացի Հ. Է. Բոդոսյանը արդեն խեղդամահ էր եղել: Ինչպես եզրակացրեց դատական փորձագետը՝ մահը վրա էր հասել փետրվարի 17-ին, գիշերվա ժամը 11: 16»…
Դատավարության ընթացքում Ջաջուռցու կինը՝ շիկահեր, կակղամիս մի կին, պնդում էր, որ ինքը Հրաչյա Էդիկի Բոդոսյանի հետ միայն ընկերական կապ է ունեցել, լաց էր լինում, խճճվում էր իր ասածների մեջ:
Ջաջուռցին անվրդով լուռ էր ինչպես միշտ, ասես նա առնչություն չուներ այդ դատավարության և իր ձեռքերի հետ, որոնք իրենից ավելի տեղ էին գրավում դատարանի դահլիճում:

Տես նաև Աղասի Այվազյան Պատմվածքներ
Աղասի Այվազյան | Ջաջուռցին Աղասի Այվազյան | Ջաջուռցին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:39:00 Rating: 5
Технологии Blogger.