Պարույր Սևակ | Երգող նյութը


        Եվ ի՞նչ ես դու:
Զարմանալի՜ երևույթ ես...

        Երբ չես երգում՝
        Եթե անգամ
Մարմարակերտ սյուն ու մույթ ես՝
        Ուսիդ չկա
        Կամա՛ր, ճակա՛տ.
Փլատակված սարավույթ ես:

Զարմանալի՜ երևույթ ես:

         Երբ չես երգում՝
         Լոկ շնչելու,
         Կամ մնջելու,
                Լոկ տանջվելու,
                Կամ տանջելու,
Սովորական սովորույթ ես:

         Հե՛նց երգեցիր՝
         Նույնն ես կարծես,
Բայցևայնպես տեղն ու տեղը
        Մի՛շտ նորույթ ես:

        Երբ չես երգում՝
Ոտեր առած մի ձանձրույթ ես,
Միս-ոսկորի քայլող կույտ ես,
        Եվ ո՛չ խեժ ես,
        Ո՛չ ավիշ ես.
Քո իսկ հոգուն կպած ձյութ ես:
       Հե՛նց երգեցիր՝
       Դու ուրի՜շ ես.
Միանգամից գեղեցկացած,
        Ո՛չ թե մարդ ես,
        Այլ կախա՜րդ ես,
        Մո՛գ ես,
        Դյո՛ւթ ես:

        Հենց երգեցիր՝
        Ասեն-չասեն,
        Ուզեն-չուզեն՝
        Թո՛ղ որ փոքըր,
Բայցևայնպես դարձյալ գյուտ ես...

Դու պարզապես... երգող նյութ ես,
        Երգող նյութ ես...

24.IV.1959թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Երգող նյութը Պարույր Սևակ | Երգող նյութը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 08, 2018 Rating: 5
Технологии Blogger.