Ավետիք Իսահակյան | Նուկիմ քաղաքի խելոքները


Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կայ, բայց տեղը մինչեւ հիմա յայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հաւաքւում, ափ է առնում քաղաքի առաջաւոր մարդկանց դռները.
-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելէք պատգամ գնացէք թագաւորի մօտ, գնացէք, թագաւորին ասէք, թէ որ երկու ամառ, մէկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:
- Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելօքներն են լինում, խորհրդի են նստում եւ որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նուէր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «Թագաւոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մօտ», ասում են քաղաքի առաջաւորներն ու ճամբայ ընկնում:
Մի աւանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մէկը կրակի բոցի պէս մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամաւորներին:
- Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:
- Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:
Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:
-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:
- Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:
- Որ էտպէս է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:
Աւագ պատգամագորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտւում են, նետում է միւսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ աւանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսուածչեն իմանում ինչ:
- Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:
- Խաղող:
Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:
- Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
- Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:
- Դէ, մի կշեռք տո՛ւր:
Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:
Մի ուրիշ աւանով անցնելիս տեսնում են խանութպանի մօտ կտոր-կտոր ճերմակ բաներ:
- Էդ ի՞նչ ես ծախում:
- Շաքար:
Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:
- Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
- Էն էլ ոնց:
- Դէ, մի կշեռք տո°ւր:
Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:
Գնում են, գնում, գիշերը վրայ է հասնում: Նիզակը տնկում են գետնի մէջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպէ՞ս կարող է բարձրանալ վերեւ, նիզակի ծայրից կախուած քսակը առնել, իսկի խելքի մօտ բա՞ն է:
Հակառակի պէս գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախուած: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մէջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մէջ, փոխարէնը քսակի մէջ խիճ ու աւազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:
Առաւօտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագաւորանիստ քաղաքը: Գնում են, թագաւորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագաւորին, թե Նուկիմ քաղաքից պատգամաւոր են եկել: Թագաւորը հրամայում է ներս կանչել նրանց:
Պատգամաւորները թագաւորին գլուխ են տալիս եւ բարեւ բռնած կանգնում են: Աւագ պատգամաւորը քսակը մօտեցնում է թագաւորին եւ ասում.
- Թագաւո՛րն ապրած կենայ, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նուէր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մէկ ամառ: Թէ որ երկու ամառ, մէկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լաւ իմացած լինես:
Միւս պատգամաւորները գլխով հաստատում են նրա ասածը:
Թագաւորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագաւորի ականջին փսփսում է, թէ ոսկու տեղ խիճ ու աւազ է:
Թագաւորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու աւազ բերել, թէ՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սեւ սալոր դնեն` սեւ բոլոջների հետ խառը: Պատգամաւորները վրայ են պրծնում. աւագ պատգամավորն ասում է.
- Տղե՛րք, առաջ ոտաւորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագաւորը տեսնում է նրանց խելքի չափը եւ դառնալով նրանց` ասում է.
- Գնացէ՛ք ձեր տները, մինչեւ տեղ հասնեք, մէկ էլ ամառը եկած կը լինի:
- Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամաւորները եւ ուրախ-զուարթ վերադառնում են իրենց քաղաքը:
Ավետիք Իսահակյան | Նուկիմ քաղաքի խելոքները Ավետիք Իսահակյան | Նուկիմ քաղաքի խելոքները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:50:00 Rating: 5
Технологии Blogger.