Վիլյամ Ֆոլքներ | Մասնավոր կյանքի մասին


Մասնավոր կյանքի մասին
(Ամերիկյան երազանք. թե ինչպես ընթացավ այն)

Գոյություն ուներ ամերիկյան երազանքը՝ սրբավայր միայնակ մարդու համար, այնպիսի իրավիճակ, երբ նա ազատ էր ոչ միայն բռնակալական իշխանության պաշտոնեական կանոնակարգերից, որ նրան հալածում էին որպես զանգվածի ներկայացուցիչ, այլև՝ հենց այդ զանգվածից, որը ձևավորվել էր պետության ու եկեղեցու պաշտոնակարգային օրենքների հիման վրա, օրենքներ, որ մարդուն՝ որպես անհատի, զսպում էին կախվածության ու անզորության սահմաններում:
Երազանք, որ հավասարապես ոգեշնչում էր առանձին անհատներին, ովքեր այնքան էին մեկուսացված ու իրար հետ այնքան քիչ առնչություն ունեին, որ տեր էին դարձել զուտ Հին աշխարհի երկրներում տարածված նսեմ նկրտումներին ու հույսերին, և նրանց՝ որպես ազգի, գոյությունը պահպանվում էր ոչ թե քաղաքացիության, այլ ստորակարգության գաղափարներով, իսկ կայունությունն ապահովվում էր լոկ ազգաբնակչության թվաքանակով ու ենթարկվող զանգվածի հնազանդությամբ: Դա երազանք էր, որ լսելի էր անհատների՝ տղամարդկանց ու կանանց միախառնված ձայների միահամուռ ղողանջի մեջ. «Մենք նոր աշխարհ ենք ստեղծելու, որտեղ անհատականությունները մարդկային զանգված չեն լինի, անհատները սեփական արժանապատվության ու ազատության անկապտելի իրավունք կունենան՝ խարսխված անհատական արիության, ազնիվ աշխատանքի ու փոխադարձ պատասխանատվության վրա»:
Ոչ թե պարզապես գաղափար, այլ՝ վիճակ, կենդանի մարդկային իրավիճակ, որ անհրաժեշտաբար պետք է առաջանար Ամերիկայի լույս աշխարհ գալու հետ միաժամանակ, սկիզբ առեր, ձևավորվեր ու կայանար բուն մթնոլորտում, «Ամերիկա» բառի մեջ, իրավիճակ, որ վայրկենաբար, անմիջապես կշնչավորեր ողջ  աշխարհը՝ որպես օդ կամ որպես լույս: Եվ եղավ այդպես՝ այն տարածվեց երկրի սահմաններից անդին, հրապուրեց նույնիսկ հնագույն, սպառված, մեռելածին ազգերին, մինչև որ ամենուր մարդիկ, որ ընդամենը լսել էին «Ամերիկա» բառը և, իհարկե, չգիտեին, թե այն որտեղ էր գտնվում, արձագանքեցին՝ վեր խոյանալով ոչ միայն սրտով, այլև անուրջներով, որ մինչ այդ անիմանալի էին կամ, համենայն դեպս, որևէ մեկը չէր համարձակվում մտածել, թե դրանք գոյություն ունեին իր մեջ:
Իրավիճակ, որ մարդուն ոչ միայն թույլ չի տա թագավոր դառնալ, այլև թույլ չի տա նույնիսկ ցանկանալ դա: Նա կարիք չի ունենա երազելու հավասարվել արքաներին, քանզի ինքն ազատագրված է արքաներից ու դրանց նմաններից, ազատ է ոչ միայն խորհրդանիշներից, այլև հենց հին բռնակալական պաշտոնակարգերից, որ իրենցից ընդամենը խաղալիք-խորհրդանիշներ են ներկայացնում՝ դատարաններ ու խորհուրդներ, եկեղեցիներ ու դպրոցներ, և որոնց համար մարդու արժեքը որոշվում է ոչ թե նրա անհատականությամբ, այլ ամբողջին պատկանելու չափով, իմաստազուրկ թվերի հետ նրա անփոփոխ տոկոսային հարաբերությամբ, նրա մեջ ամբարված կամազուրկ, հնազանդ ու զանգվածատիպ նյութի քանակով:
Երազանք, հույս, կացություն, որ մեր նախնիները չեն կտակել մեզ՝ իրենց ժառանգորդներին ու իրավահաջորդներին, այլ, ավելի շուտ, մեզ՝ իրենց սերունդներին են կտակել երազանքին ու հույսին: Մեզ նույնիսկ հնարավորություն չի ընձեռվել ընդունել կամ մերժել երազանքը, քանզի երազանքը ծնված օրվանից արդեն տիրում ու իշխում է մեզ: Այն մեր ժառանգությունը չէր, որովհետև մենք էինք նրա ժառանգությունը, մենք ինքներս՝ սերունդների հերթագայությամբ, իբրև ժառանգություն անցել ենք երազանքի գաղափարին: Եվ ոչ միայն մենք՝ Ամերիկայի որդիներն ու հոգեզավակները, այլև հին, օտար, հալածված երկրներում ծնված ու դաստիարակված մարդիկ, զգացել ենք այդ շնչառությունը, այդ քամին, նմանապես լսել ենք հույսի խոստումների արձագանքները: Եվ հենց իրենք՝ հին ազգերը, այնքան հին և մարդու վերաբերյալ իրենց հին հայեցակարգով այնքան կարծրամտացած, որ արդեն իսկ հրաժարվել են փոփոխությունների որևէ հույս ունենալուց, այսօր ըստ արժանվույն տուրք են տալիս մարդու նոր ճակատագրի հանդեպ ձևավորված նոր երազանքին՝ հուշարձաններ կերտելով նրա պատվին և զարդանախշելով մարդու անկապտելի իրավունքների ու հույսերի ճակատամուտքը. «Երկրի վրա ապրող ցանկացած մարդու համար այստեղ տեղ կգտնվի, հենց քեզ համար՝ անձամբ անտուն, անձամբ հալածված, անձամբ դիմազրկված»:
Ազատության ձիրքը, որ մեզ են ժառանգել նրանք, ովքեր համատեղ աշխատել ու միայնակ տառապել են այդ ձիրքը երկնելու համար. մենք՝ նրանց հետնորդներս, նույնիսկ ստիպված չէինք դատել, վաստակել, էլ չեմ ասում՝ պայքարել այն նվաճելու համար: Մենք պետք է միայն հիշենք, որ այն, լինելով կենդանի, հենց դրանով էլ մահկանացու էր, այդ իսկ պատճառով ճգնաժամի պահին նրան պետք է պաշտպանել: Մեզանից շատերը, կարող է և՝ մեծամասնությունը, դժվար թե կարողանային ճշգրիտ որոշել, թե որն  է բուն էությունը: Սակայն մենք դրա կարիքն էլ չունեինք, մենք, որ այդ ամենը որոշելու պահանջն այնքանով ունեինք, որքանով ցանկություն կարող էր լինել որոշելու մեր շնչած օդի կամ հենց «օդ» բառի իմաստը, մենք, որ մեր գոյատևման միաժամանակության փաստով իսկ երկնեցինք ու կանգնեցրինք երազանքի շենքը Ամերիկայի հենց առաջին օրն այնպես, ինչպես օդն ու շարժումը արարման առաջին օրը առաջացրին ջերմությունն ու մթնոլորտը:
Քանզի այդ երազանքը մարդկային նկրտումների խնդիրը չէր «նկրտում» բառի ճշգրիտ իմաստով: Այն մարդու հոգու պարզապես կույր ու անբացատրելի երազանքը չէր, այլ՝ թոքերի աշխատանքը, նրա լույսը, նյութափոխանակությունը, որ մշտապես գործում էր նրա ներսում. մենք ապրում էին Երազանքով: Մենք ապրում էինք ոչ թե երազանքի մեջ, երազանքով, ճիշտ այնպես, ինչպես մենք ոչ թե պարզապես ապրում էինք օդի և մթնոլորտի մեջ, այլ՝ օդով ու մթնոլորտով, մենք ինքներս երազանքի մարմնացումն ենք, իսկ Երազանքը տարփողվում էր ուժեղ, անզուսպ ձայների հնչյուններով, որոնք չէին վախենում ամենաբարձր ձայներանգով հռչակել նմանատիպ ճղճիմ արտահայտություններ. «Ազատություն կամ մահ», «Մենք ընդունում ենք, որ բոլոր մարդիկ ծնված օրվանից ինքնըստինքյան հավասար են ազատության իրավունք ունենալու տեսակետից». նրանք այս աստվածային ճղճիմություններին, որ միշտ ճշմարիտ էին, քանզի ճշմարիտ են հույսն ու արժանապատվությունը, հուսալիություն ու անհետաձգելիության ուժ էին տալիս, ինչը նրանց ազատում էր նույնիսկ ճղճիմությունից:
Կար Երազանքը. մարդն իր նմանին հավասար է դառնում ոչ թե այն պատճառով, որ ծնվել է սևամորթ կամ սպիտակամորթ, կամ շագանակագույն և կամ դեղնամորթ, և, հետևաբար, անդառնալիորեն դատապարտված է մինչև կյանքի վերջին օրը մնալ այդպիսին, ավելի ճիշտ՝ նա ոչ թե դատապարտված է հավասարության, այլ օրհնված է լինել հավասար, քանզի մոր արգանդում գտնվող պտղի նման քնկոտ կծկվելով տաք վակուումում՝ նա մատն անգամ չէր շարժի հավասարության հասնելու համար: Երազանքը մնացած բոլոր մարդկանց հետ հավասար սկզբի ազատությունն է, ազատություն է, որը պարտադրում է պաշտպանել ու պահպանել այդ հավասարությունը անհատական խիզախությամբ, ազնիվ աշխատանքով և փոխադարձ պատասխանատվությամբ: Հետո մենք կորցրեցինք Երազանքը: Նա հեռացավ մեզանից, նա, որ օժանդակեց, պաշտպանեց ու պահպանեց մեզ այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը, մարդու գոյության նոր հայեցակարգ մշակելով, ձեռք էր բերել հենման ամուր կետ ու ողջ հասակով հավասարի պես կանգնել էր մոլորակի վրա ազգերի շարքում, այն նույն երազանքը, որ փոխադարձաբար ոչինչ չէր պահանջում մեզանից, բացի այն անհրաժեշտությունից, որ մշտապես չմոռանանք իր մասին. և այն, որ քանզի կենդանի, հետևաբար և մահկանացու է ինքը, և որպես այդպիսին, պետք է մշտապես սատարվի խիզախության, պատվի, հպարտության ու հնազանդության նվազող պատասխանատվությամբ և զգոնությամբ: Իսկ հիմա նա մեզանից հեռացել է: Մենք նիրհում էինք, մենք ննջում էինք, և նա լքեց մեզ: Եվ այժմ վակուումի մեջ այլևս չեն հնչում ուժեղ ձայները, որոնք ոչ միայն ոչնչից չէին վախենում, այլ նույնիսկ չգիտեին էլ, որ գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին վախն է, ձայներ, որ լսվում էին հույսի ու կամքի միասնության մեջ: Քանզի այն, ինչ մենք հիմա լսում ենք, ընդամենը վախի, հանդարտեցման ու փոխզիջման խառնաղմուկ է, ամբարտավան թոթովանք, փքուն ու դատարկ խոսքեր, որոնց մենք արդեն զրկել ենք որևէ իմաստից՝ «ազատություն», «ժողովրդավարություն», «հայրենասիրություն». դրանք արտաբերելով, մենք, ի վերջո արթնանալով, հուսահատ ճիգեր ենք գործադրում՝ թաքցնելու մեր ինքնակորուստը:
Այդ ժամանակ անհետացավ նաև ճշմարտությունը: Մենք չվերջացրինք ճշմարտությունը. մենք դա անել չէինք էլ կարող: Պարզապես այն հրաժարվեց մեզանից, մեջքով շրջվեց դեպի մեզ: Նա ինքը հրաժարվեց մեզանից, որպեսզի, միգուցե, վերադառնա, երբ մեզ ինչ-որ բան պատահի՝ դժբախտություն, ազգային աղետ, նույնիսկ՝ ռազմական պարտություն (եթե ոչինչ այլ բան չօգնի մեզ), վերադառնա և մեզ սովորեցնի հարգել ճշմարտությունը և ստիպի վճարել ցանկացած գինը, մատուցել ցանկացած զոհ (չէ՞ որ մենք բավական խիզախ ու համառ ենք, պարզապես ցանկանում ենք հնարավորին չափ հետաձգել գործի դնելու մեր այդ հատկությունները), որպեսզի վերագտնենք ճշմարտությունը և այնպես պահպանենք, որ այլևս երբեք այն մեզանից չհեռանա, նրա իսկ սեփական անզիջումային պայմանների համաձայն: Ճշմարտությունը երկար, մաքուր, հստակ, անառարկելի ուղիղ և շողշողուն ժապավեն է, որի մի կողմում սևը սև է, իսկ մյուս կողմում՝ սպիտակը սպիտակ, մեր օրերում այն դարձել է անկյուն, տեսանկյուն, մի բան, որ ոչինչ ընդհանուր չունի ոչ միայն ճշմարտության, այլև՝ պարզագույն փաստի հետ, և ամբողջությամբ կախված է նրանից, թե դրան նայելիս ի՞նչ դիրք ես գրավում: Կամ էլ, եթե ավելի ստույգ լինենք, նրանից, թե որքանով է հաջողվում ստիպել ճշմարտությանը նայելիս որոշակի դիրք գրավել նրա հանդեպ, ում ցանկանում ես խաբել կամ թյուրիմացության մեջ գցել:
Խաղագումարը երեքի միասնությունն է՝ ճշմարտություն, ազատություն և անկախություն: Ամերիկյան երկինքը՝ ազատության երբեմնի անհուն թագավորություն, և ամերիկյան օդը, որ մի ժամանակ հագեցած էր անկախության կենդանի նշանակությամբ, այսօր վերածվել են հսկայական փակ մթնոլորտի, որ ճնշում է թե´ մե մեկին, թե´ մյուսին, մարդուն զրկում է անհատականությունից, նրանից խլում (հաջորդ քայլը) վերջին ապաստանը՝ մասնավոր կյանքը, առանց որի մարդը, որպես անհատ, չի կարող գոյություն ունենալ: Մեր բնակարանների ճարտարապետությունն արդեն իսկ նախազգուշացնում է մեզ: Նախկինում մեր տների պատերը թույլ չէին տալիս ոչինչ տեսնել. ո´չ ներսում տեղի ունեցողը, ո´չ էլ՝ դրսում կատարվողը: Այժմ կարելի է տեսնել, թե դրսում ինչ է տեղի ունենում, չնայած պատերը դեռևս այնքան ամուր են, որ թաքցնեն ներսում կատարվողը: Կգա ժամանակը, երբ տեսանելի կլինեն թե´ մեկը, թե´ մյուսը: Այդ ժամանակ մասնավոր կյանքն իսկապես կանհետանա. նա, ում անհատական զգացողությունը գոնե այնքան զարգացած կլինի, որ ցանկություն կունենա միայնության մեջ փոխել վերնաշապիկը կամ լոգանք ընդունել, Ամերիկայի միասնական ձայնով կնշանակվի որպես ամերիկյան կենսաձևի հիմքերը քայքայող և ամերիկյան դրոշի անկախությանը սպառնացող անձնավորություն:
Եթե, իհարկե, (մինչ այդ), հենց իրենք՝ պատերը, լուսաթափանց, թե՝ ոչ, կարողանան դիմակայել այդ կատաղի պայթյունը, այդ ուժը, հզորությունը, ջախջախիչ հարվածի նման ձգում է դեպի իր ամերիկյան գագաթնակետը բազմադեմ, սակայն միավորված հզորությամբ, իր մոլեգին ու անտարբեր մարգարեների բերանով ժայթքում է բառեր ու արտահայտություններ, որոնց մենք արդեն վաղուց զրկել ենք ամեն մի իմաստից ու գործառնությունից՝ բացառությամբ գործիք լինելու ծառայողական պարտականությունը, բառեր, որ ծառայում են մարդկային ոգու անհատական ազատության հետագա ճնշմանը՝ «անվտանգություն», «վիժեցում», «հակակոմունիզմ», «քրիստոնեություն», «ծաղկում», «ամերիկյան կենսաձև», «դրոշ»:
Առավել կամ պակաս հաջողությամբ (իհարկե, ժամանակ առ ժամանակ որոշ ջանք թափելով) մի անհատը կարող է իր ազատությունը պաշտպանել մեկ այլ անհատի ազատությունից: Սակայն երբ հզորագույն միությունները, կազմակերպությունները, միավորումները (ինչպես, օրինակ, հրատարակչական կոնցեռններն ու կրոնական աղանդները), քաղաքական կուսակցություններն ու դատական հաստատությունները կարողանան իրենց աշխատանքային ստորաբաժանումներից գոնե մեկին ազատել բարոյական պատասխանատվությունից՝ օգտագործելով այնպիսի պայմանական նշաններ, ինչպես «ազատություն» և «ազգի փրկություն», «անվտանգություն» և «ժողովրդավարություն» բառերը, և ազատագրման այդ քողի ներքո միություններին ծառայող անձինք նույնպես կազատվեն անձնական պատասխանատվությունից ու սահմանափակումներից, այդ ժամանակ արդեն այնպիսի մարդիկ, ինչպես դոկտոր Օպենհայմերը, գնդապետ Լինդբերգն ու ես, մեր հերթին պարտավոր ենք միավորվել՝ պաշտպանելու մասնավոր կյանքի իրավունքը, որն էլ հենց ապահովում է գեղանկարչի, բնագետի ու հասարակագետի գոյության հնարավորությունը:
Կամ պաշտպանել հենց կյանքը, շնչառությունը, և ոչ թե միայն գեղանկարչի, գիտնականի կյանքը, այլ՝ ծնողների ու յուրային բժիշկ-վիրաբույժների: Ես, իհարկե, նկատի ունեմ քլիվլենդցի բժշկին, որ վերջերս դատապարտվեց կնոջը դաժանաբար խոշտանգելու համար. նրա ազգականներից երեքը՝ աները, հայրը և մայրը, չդիմացան և չապրեցին մինչև դատաքննության ավարտը: Ես մտածում եմ երեք զոհերի մասին: Ոչ թե՝ դատապարտյալի մասին. նա, անկասկած, դեռ երկար կապրի, այլ երեք ազգականների, որոնցից երկուսը, համենայն դեպս՝ մեկը, մամուլի խոսքերով ասած, մահացան, որովհետև «շատ էին հոգնել կյանքից», իսկ երրորդը՝ մայրը, ինքնասպան եղավ, կարծես ցանկանալով ասել. «Այս ամենն այլևս տանել չեմ կարող»: Կարող է պատահել՝ նրանք մահացան զուտ հանցագործությունից ցնցված լինելու պատճառով, չնայած զարմանալի է, որ նրանց մահը ժամանակային առումով համընկավ ոչ թե հանցագործության կատարման, այլ գործի հրապարակային ունկնդրման հետ:
Ո´չ, կրկնում եմ, Ամերիկային գեղանկարիչ պետք չէ: Ամերիկան նրա համար դեռևս տեղ չի գտել, նրա համար, ով զբաղվում է միայն մարդկային հոգու խնդիրներով, փոխանակ իր հանրաճանաչությունն օգտագործեր օճառի կամ ծխախոտի և կամ ինքնահոսների առևտրի համար, կամ էլ գոնե գովազդեր ավտոմեքենաներ, ծովային շրջագայություններ ու ծովափնյա հյուրանոցներ, կամ (եթե, իհարկե, ընկալունակ է ուսուցման մեջ և բավարար արագությամբ կարող է հարմարվել չափորոշիչներին) ելույթ ունենալ ռադիոյով ու նկարահանվել ֆիլմերում, որով շահույթ կբերեր և կարդարացներ իրեն նվիրաբերված ուշադրությունը: Իսկ բնագետնե՞րն ու հասարակագետնե՞րը. այո´, գիտության հումանիզմը, հումանիզմի գիտականությունը դեռևս կարող են փրկել այն քաղաքակրթությունը, որը ո´չ արհեստավարժ-փրկիչները՝ մարդու ճղճիմ կրքերի ու անմտության շնորհիվ ճարպակալող ու իրենց իրավացիության մեջ խիստ վստահ, ո´չ քաղաքագետները՝ մարդու ագահության ու անմտության շնորհիվ կապիտալ կուտակող և իրենց իրավացիության մեջ վստահ, ո´չ եկեղեցականները, մարդու վախն ու նախապաշարմունքները շահարկող և իրենց իրավացիության մեջ վստահ, այլևս չեն կարող փրկել, ինչն էլ ապացուցում են ամեն քայափոխի:

Թարգմանությունը անգլերենից՝ Արտեմ Հարությունյան

Տես նաև Ուիլյամ Ֆոլքներ Պատմվածքներ
Վիլյամ Ֆոլքներ | Մասնավոր կյանքի մասին Վիլյամ Ֆոլքներ | Մասնավոր կյանքի մասին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 23, 2018 Rating: 5
Технологии Blogger.