Չիպոլինոյի արկածները | Գլուխ իններորդ


Մկների գլխավոր հրամանատարն ստիպված է լինում նահանջի հրաման տալ

Դուք, իհարկե, ուզում եք իմանալ, թե ի՛նչ են անում բանտարկյալները, այսինքն՝ քավոր Դդումը, պրոֆեսոր Տանձը, վարպետ Խաղողը, սանամեր Դդումը և գյուղի մյուս բնակիչները, որոնց ասպետ Պոմիդորը հրամայեց բանտարկել և գցել ամրոցի նկուղը։
Բարեբախտաբար պրոֆեսոր Տանձը լավ իմանալով, որ ամրոցի նկուղները մութ կլինեն և մկներով լեփ֊լեցուն, իր հետ մի կիսավառ մոմ էր վերցրել։ Մկներին քշելու նպատակով պրոֆեսորն սկսեց ջութակ նվագել։ Մկները լուրջ երաժշտություն չէին սիրում։ Ջութակի ականջ ծակող հնչյունները լսելով, նրանք թողեցին փախան՝ անիծելով այդ զզվելի գործիքը, որն իր ձայնով կատվի մլավոց է հիշեցնում։
Սակայն վերջապես երաժշտությունը ոչ միայն մկներին, այլև վարպետ Խաղողին սկսեց ջղայնացնել։ Պրոֆեսոր Տանձը մելամաղձոտ մարդ էր և միշտ այնքան տխուր մեղեդիներ էր նվագում, որ մարդ ուզում էր լալ։ Դրա համար էլ բոլոր ձերբակալվածները խնդրեցին, որ էլ չնվագի։
Բայց դեռ նոր էր լռություն տիրել, երբ մկները, ինչպես կարելի էր սպասել, հարձակման անցան։ Նրանք շարժվում էին երեք շարասյունով։ Հարձակումը գլխավորում էր գլխավոր հրամանատարը, գեներալ Մուկ Երկարապոչը։
Առաջին շարասյունը հարձակվելու է ձախ թևից և առաջին հերթին գրավելու է մոմը։ Բայց վա՛յ նրան, ով փորձի ուտել։ Ես ձեր գեներալն եմ և առաջինը ես պետք է իմ ատամները խրեմ այդ մոմի մեջ։ Եկրորդ շարասյունը կմտնի աջից և կնետվի ջութակի վրա։ Այդ ջութակը սարքված է հյութեղ տանձի կեսից և, ըստ երևույթին, հիանալի համ ունի։ Երրորդ շարասյունը պետք է ճակատից հարձակվի և ոչնչացնի թշնամուն։
Շարասյուների հրամանատարները խնդիրը բացատրեցին շարքային մկներին։ Գեներալ Մուկ֊Երկարապոչը արշավեց տանկով։ Ճիշտն ասած, դա տանկ չէր, այլ կավի մի խեցի, որ կապված էր տասը մկների պոչից։ Փողհարները գրոհի ազդանշան տվին, և մի քանի րոպեում ճակատամարտն ավարտվեց։
Սակայն մկներին չհաջողվեց ջութակը խժռել, քանի որ պրոֆեսորն այն պահել էր իր գլխավերևում։ Բայց մոմն անհայտացավ, կարծես չէր էլ եղել, և մեր բարեկամները մնացին մթության մեջ։ Մի բան էլ անհայտացավ, բայց թե ինչ՝ հետո կիմանաք։
Քավոր Դդումն անհանգիստ էր
Ա՜խ, և այս բոլորը իմ պատճառով։
Ինչո՞ւ քո պատճառով, ― փնթփնթաց վարպետ Խաղողը։
Եթե ես գլուխս չմտցնեի այն հիմար միտքը, թե պետք է ունենամ իմ սեփական տունը, մեզ հետ այս դժբախտությունը չէր պատահի։
Դե հանգստացիր, խնդրում եմ, ― բացականչեց սանամեր Դդումը։ Հո դո՞ւք չեք մեզ բանտ նստեցրել։
Ես արդեն ծեր եմ, ինչի՞ս է պետք տունը․․․ շարունակում էր տրտջալ քավոր Դդումը։ Ես կարող էի այգում, որևէ նստարանի տակ գիշերել այնտեղ ես ոչ ոքի չէի խանգարի։ Բարեկամներ, խնդրում եմ կանչեցեք բանտապաններին, ասացեք նրան, որ ես տնակը կնվիրեմ ասպետ Պոմիդորին և կասեմ, թե որտեղ ենք այն թաքցրել։
Դու նրանց և ոչ մի խոսք չե՛ս ասի, ― բարկացավ վարպետ խաղողը։
Պրոֆեսոր Տանձը տխուր ծնգացրեց իր ջութակի լարերն ու շշնջաց
Եթե դու բանտապաններին ասես, թե որտեղ է պահված տնակը, այն ժամանակ քավոր Հավամրգին էլ կխառնես այդ գործին և․․․
Սս՜ս՜, ― ասաց սանամեր Դդումը։ Անուններ մի՛ տվեք, այստեղ պատերն էլ ականջներ ունեն։
Բոլորը լռեցին և սկսեցին վախեցած իրենց շուրջը նայել, բայց առանց մոմի այնքան մութն էր, որ նրանք ոչ մի կերպ չէին կարող տեսնել՝ պատերն ականջ ունե՞ն թե ոչ։ Իսկ պատերն իսկապես որ ականջ ունեին։ Մի կլոր անցք կար, որից մի խողովակ գաղտնի հեռախոսի նման գնում էր ուղիղ ասպետ Պոմիդորի սենյակը և ինչ֊որ խոսվում էր նկուղում, հաղորդում էր նրան։ Բարեբախտաբար, այդ րոպեին սինյոր Պոմիդորն ականջ չէր դնում, որովհետև զբաղված էր հիվանդ Բալուկով։
Լռության մեջ նորից լսվեցին շեփորի զիլ հնչյունները մկներն ուզում էին գրոհը կրկնել։ Նրանք լցված էին պրոֆեսոր Տանձի ջութակը գրավելու վճռականությամբ։
Նրանց վախեցնելու նպատակով պրոֆեսորը որոշեց համերգ տալ։ Նա ջութակը դրեց ծնոտի տակ, կնտնտոցը ոգևորված բարձրացրեց։ Բոլորը շունչները պահած սպասեցին, բայց սպասումը բավական երկար տևեց։ Վերջապես կալանավորները նորից շունչ քաշեցին, բայց գործիքն այնպես էլ ձայն չհանեց։
Ի՞նչ է, չի՞ ստացվում, ― հետաքրքրվեց վարպետ Խաղողը։
Ա՜խ, մկները կերել են կնտնտոցիս կեսը, ― արցունքներն աչքերում ասաց Տանձը։
Եվ իսկապես, կնտնոցն ամբողջովին կրծոտված էր, այնպես որ մնացել էր ընդամենը մի քանի սանտիմետր։ Առանց կնտնոցի, ի՞նչ խոսք, նվագել չէր կարելի, իսկ մկներն արդեն մարտական ահեղ բացականչություններով անցան հարձակման։
Ա՜խ, և այս բոլորն իմ պատճառով, հառաչում էր քավոր Դդումը։
Ախ ու վախդ թո՛ղ և օգնի՛ր մեզ, ― ասաց վարպետ Խաղողը, եթե դու այդքան լավ կարողանում ես հառաչել ու տնքալ, ապա կկարողանաս նաև մլավել։
Մլավե՞լ, ― վիրավորվեց քավոր Դդումը, ― զարմանում եմ քեզ վրա, թվում է, թե լուրջ մարդ ես, բայց այսպիսի ժամանակ կատակ ես անում։
Վարպետ Խաղողը նրան իսկի չպատասխանեց էլ, այլ այնքան վարպետորեն մլավեց, որ մկների բանակը կանգ առավ։
Մյա՜ո՜ւո՜ւ, մյա՜ո՜ւո՜ւ, ― մլավում էր կոշկակարը։
Մյա՜ո՜ւո՜ւ, մյա՜ո՜ւ, ― լալագին կրկնում էր պրոֆեսորը, որ դեռ ողբում էր իր կնտնոցի անփառունակ վախճանը։
Երդվում եմ իմ հանգուցյալ պապի, բոլոր նկուղների ու ամբարների թագավոր Մուկ Երրորդի հիշատակով, որ կատու են բերել այստեղ, ― բացականչեց գեներալ Մուկ֊Երկարապոչը և անմիջապես արգելակեց իր տանկը։
Գեներալ, մեզ դավաճանել են, ― վայնասունը գցելով, նրա մոտ վազեց շարքերից մեկի հրամանատարը։ Իմ շարքը ընդհարվեց մինչև ատամները զինված մառանային կատուների մի ամբողջ դիվիզիայի հետ։
Բայց իրականում նրա զորքերը և ոչ մի կատվի չէին հանդիպել, նրանք միայն վախեցել էին անչափ։ Իսկ, ինչպես հայտնի է, վախեցածին ամեն ինչ թվում է։ Գեներալ Մուկ֊Երկարապոչը թաթով պոչը շփեց։ Երբ նա մտահոգված էր լինում, միշտ թաթով շփում էր պոչը, և հաճախ շփելուց նրա մարմնի այդ մասն այնպես էր տուժել, որ զինվոր֊մկները իրենց հրամանատարին թաքուն գեներալ Անպոչ էին անվանում։
Երդվում եմ իմ հանգուցյալ նախահոր, Մուկ֊Երկարապոչ Առաջինի՝ բոլոր ամբարների կայսեր հիշատակով, որ դավաճաններն իրենց խարդախության համար դեռ կհատուցեն։ Իսկ հիմա նահանջի ազդանշան տվեք։
Հրամանատարներն էլ չսպասեցին, որ նա երկրորդ անգամ հրամայի։ Շեփորները շեփորահարեցին ավարտ, և ամբողջ բանակը գեներալ Անպոչի գլխավորությամբ, որն անխնա մտրակում էր տանկը քաշող մկներին, անմիջապես հեռացավ։
Այսպիսով բարեկամները արիաբար ետ մղեցին թշնամու հարձակումը։
Տարած հաղթանակի համար մեկը մյուսին շնորհավորելով, նրանք հանկարծ լսեցին, որ բարակ ձայնով ինչ֊որ մեկը կանչում է իրենց։
Քավո՛ր Դդում, քավո՛ր Դդում։
Այդ դո՞ւք եք ինձ կանչում, պրոֆեսոր։
Ո՛չ, ― ասաց Տանձը, ― ես չեմ։
Իսկ ինձ թվաց, թե ինչ֊որ մեկը կանչում է։
Սանամեր Դդում, սանամեր Դդում, ― նորից լսվեց նույն ձայնը։
Սանամեր Դդումը շուռ եկավ վարպետ Խաղողի կողմը
Վարպետ Խաղող, այդ դո՞ւք եք այդպես ծվծվում։
Ի՞նչ է պատահել քեզ։ Ես միտք էլ չունեմ ծվծվալու։ Ես միայն ծոծրակս եմ քորում, որովհետև իմ մտքում մի միտք կա, որ ինձ անընդհատ տանջում է։
Սանամեր Դդո՜ւմ, դե պատասխանեք վերջապես, այդ ե՛ս եմ, Մորի՛ն։
Իսկ որտե՞ղ ես դու։
Ես ասպետ Պոմիդորի սենյակումն եմ և ձեզ հետ խոսում եմ նրա գաղտնի հեռախոսով։ Դուք ինձ լս՞ում եք։
Այո, լսում ենք։
Ես էլ ձեզ եմ լավ լսում։ Պոմիդորը շուտով կգա այստեղ։ Ինձ խնդրել են, որ ձեզ բան հաղորդեմ։
Ո՞վ է խնդրել։
Ձեր բարեկամ Չիպոլինոն։ Նա խնդրում է, որ դուք չանհանգստանաք։ Հույսներդ դրեք նրա վրա։ Նա կաշխատի ձեզ բանտից ազատել։ Միայն թե սինյոր Պոմիդորին չասեք, թե Դդումի տնակը որտեղ է գտնվում։ Չհանձնվեք։ Չիպոլինոն ամեն ինչ կհաջողացնի։
Մենք ոչ ոքի ոչինչ չենք ասի և կսպասենք, ― բոլորի փոխարեն պատասխանեց վարպետ Խաղողը։ Բայց Չիպոլինոյին ասա, որ շտապի, քանի որ այստեղ մեզ շրջապատել են մկները, և մենք չգիտենք, թե ինչքան կարող ենք դիմանալ։ Դու չե՞ս կարող արդյոք լուցկի ու մոմ հասցնել մեզ։ Մենք մի կիսավառ մոմ ունեինք, այն էլ մկները կերան։
Մի քիչ սպասեք, ես հիմա կվերադառնամ։
Իհա՛րկե, կսպասենք, ո՞ւր կարող ենք գնալ։
Մի քիչ հետո նորից լսվեց Մորու ձայնը
Բռնեք, ես մոմ եմ գցում։
Ինչ֊որ թմփոց լսվեց, և մի բան կպավ քավոր Դդումի քթին։ Այստեղ է, այստեղ է մոմը, ― ուրախ բացականչեց ծերուկը։ Փաթեթի մեջ մի ամբողջ մոմ կար և լուցկու մի չբանեցրած տուփ։
Շնորհակալ ենք, Մորի, ― ձայն տվեցին բոլորը միասին։
Ցտեսություն, ես պետք է փախչեմ, Պոմիդորը գալիս է։
Եվ իսկապես, այդ նույն վայրկյանին սինյոր Պոմիդորը մտավ սենյակը։ Մորուն իր գաղտնի հեռախոսի մոտ տեսնելով, ասպետը սարսափելի անհանգստացավ։
Ի՞նչ ես անում այստեղ։
Այս թակարդն էի մաքրում։
Ի՞նչ թակարդ։
Այս․․․ Մի՞թե սա մկան թակարդ չէ։ Պոմիդորը թեթևացած շունչ քաշեց։ «Փառք աստծու», ― մտածեց նա, ― աղախինն այնքան հիմար է, որ իմ գաղտնի հեռախոսը մկան թակարդի տեղ է ընդունում»։
Նա ուրախացավ և նույնիսկ Մորուն կոնֆետի թուղթ նվիրեց։
Ահա, վերցրու, ― մեծահոգորեն ասաց նա, ― կարող ես լիզել այս թուղթը, շատ քացր է, մի տարի առաջ սրա մեջ ռոմով կոնֆետ էր փաթաթած։
Մորին խոնարհվեց և ասպետին շնորհակալություն հայտնեց։
Իմ ծառայության յոթ տարիների ընթացքում դուք արդեն երրորդ կոնֆետի թուղթն եք նվիրում ինձ, ձերդ ողորմածություն։
Ահա, տեսնում ես, ուրեմն ես բարի տեր եմ, ― հևալով ասաց Պոմիդորը, ― քեզ լավ պահիր, և դու գոհ կլինես։
Ով ազատ է՝ գոհ կլինի, ― առածով պատասխանեց Մորին և մի անգամ էլ գլուխ տալով, վազեց գնաց իր գործին։
Ասպետ Պոմիդորը ձեռքերը շփում էր ու ինքն իրեն մտածում «Ա՛յ, հիմա ես կնստեմ իմ գաղտնի հեռախոսի մոտ և կիմանամ, թե ինչի մասին են կալանավորները խոսում։ Երևի շատ հետաքրքրիր բաներ իմանամ։ Գուցե և ինձ հաջողվի իմանալ, թե որտեղ են նրանք պահում այդ անիծյալ տնակը»։
Սակայն կալանավորները, որոնց ճիշտ ժամանակին Մորին նախազգուշացրել էր, լսելով, որ սինյոր Պոմիդորը մոտենում է գաղտնի անցքին, որոշեցին ծերուկին մի քիչ հաճույք պատճառել և սկսեցին նրան թունդ հայհոյել։
Պոմիդորը քիչ էր մնում ձայն տար՝ «ես ձեզ ցույց կտամ», բայց չուզեց իրեն մատնել։ Դրա համար էլ նա, որպեսզի վիրավորական խոսքեր այլևս չլսի, ավելի լավ համարեց պառկել քնել։ Քնելուց առաջ նա շորով պինդ փակեց իր հեռախոսը, որ խոսափողի փոխարեն մի սովորական գինի լցնելու ձագար ուներ։
Իսկ նկուղում վարպետ խաղողը նոր մոմ վառեց։ Բոլորը նայեցին վերև, առաստաղի անկյունում նկատելով գաղտնի հեռախոսի անցքը, մի լավ ծիծաղեցին սինյոր Պոմիդորի վրա, որը երևի ականջ դնելով կալանավորների խոսակցությանը, չարությունից պայթում էր։
Սակայն ուրախությունը բանտում երկար չտևեց։ Հետախույզ Մուկը խցիկում լույս տեսնելով, իմացավ բանն ինչ է, և ժամանակ չկորցնելով սլացավ գեներալ Անպոչի մոտ զեկուցելու։
Ձերդ գերազանցություն, ― ուրախ զեկուցեց նա, ― կատուները գնացել են, իսկ մարդկանց մոտ մի նոր մոմ կա։
Ի՞նչ, մո՞մ։
Անպոչի թուքը շուրթերից թափվեց, և նա լպստեց բեղերը, որոնցից դեռ գալիս էր կիսավառ մոմի հոտն ու համը։
Շեփո՛ր փչել, ― տեղն ու տեղը հրամայեց նա։
Երբ զորքերը շարվեցին, գեներալ Երկարապոչը, այսինքն՝ գեներալ Անպոչը, մի կրակոտ ճառ ասաց
Քաջե՛ր, մեր նկուղը վտանգի մեջ է։ Հարձկվեք թշնամու վրա և ձեռք գցեք ճարպե մոմը։ Իհարկե, մոմը ես կուտեմ, բայց նախքան ուտելը թույլ կտամ, որ դուք հերթով ձեր լեզուն կպցնեք նրան։ Առա՜ջ, կրծողներ։
Մկները հրճվանքից ծվծվացին, պոչերը բարձրացրին և նորից նետվեցին մարտի։
Բայց այս անգամ վարպետ Խաղողը մոմը դրել էր պատի փոսի մեջ, երկու աղյուսի մեջտեղը, որը հատակից բարձր էր։ Իզուր էին մկները աշխատում բարձրանալ հարթ ու լպրծուն պատն ի վեր։ Նրանց այդպես էլ չհաջողվեց հասնել մոմին։ Ամենաճարպիկները մի քիչ կրծոտեցին պրոֆեսոր Տանձի ջութակը։ Բայց այդ հարձակվողներն էլ ստիպված թողին հեռացան։ Գեներալ Անպոչն անհաջողությունից կատաղած, որոշեց ավելի խիստ լինել։ Առանց երկար խոսելու նա իր զորքը մի շարքով շարեց և հրամայեց վախկոտության և թալանի համար մահապատժի ենթարկել յուրաքանչյուր տասներորդին։
Հենց այդ գիշեր անսպասելի դեպքեր տեղի ունեցան։
Չիպոլինոն, Մորին և Բողկը հանդիպեցին այգու ցանկապատի մոտ, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքները, և այնպես տարվեցին իրենց խոսակցությամբ, որ շուրջը ոչինչ չէին տեսնում։ Նրանք չնկատեցին նաև Մաստինո շանը, որ այդ ժամանակ իր պահակային շրջագայությունն էր կատարում։ Երեխաներին շունը տեսավ և կատաղած հարձակվեց նրանց վրա։ Աղջիկներին նա ձեռք չտվեց, բայց Չիպոլինոյին գցեց ցած և ընկնելով նրա կրծքին՝ այնքան հաչեց, մինչև հայտնվեց սինյոր Պոմիդորը և տղային բանտարկեց։
Պատկերացրեք, թե ասպետն ինչքան գոհ էր։
Որպեսզի ապացուցեմ իմ հատուկ վերաբերմունքը քա նկատմամբ, ― ասում էր նա ծաղրելով Չիպոլինոյին, ― ես քեզ մի մութ մենախուց կգցեմ։ Հասարակ բանտը արժանի չէ քեզ նման սրիկային։
Խնդրեմ, ինչպես որ կուզեք, ― առանց հուզվելու պատասխանեց Չիպոլինին։
Ուրիշ ի՞նչ կարող էր նա ասել։ Գուցե կարծում եք, թե նա պետք է լաց լիներ և ներո՞ւմն խնդրեր։
Ո՛չ, Չիպոլինոն այն ազնիվ սոխի ընտանիքից էր, որն ում ուզում եք կարող էր ստիպել լաց լինել, իսկ ինքը ոչ մի դեպքում լաց չէր լինի։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ իններորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ իններորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 19, 2019 Rating: 5
Технологии Blogger.