
Միքայել Նալբանդյանը այսպես
է գրում Ռաֆայել Պատկանյանի նշանավոր բանաստեղծության
մասին. «Ես տասնյակ անգամներ կարդացել եմ «Արաքսի արտասուքը» և միշտ հիացել եմ, որովհետև
դորա մեջ լսում և զգում եմ հայ ազգի իղձը, որովհետև այն ճշգրիտ և գեղեցիկ խոսում է
ազգի ցավերի մասին»:
Րաֆֆին այս բանաստեղծությունը
կոչել է «Հայ պոեզիայի թագուհի»:
Արաքս գետը հայերի համար նույնն
է, ինչ Գանգեսը՝ հնդիկների, Նեղոսը՝ եգիպտացիների, կամ Հռենոսը՝ գերմանացիների համար:
Այն բովանդակում է իր մեջ մայրական սկզբունքի խորհրդանիշը:
Հին կտակարանում Արաքսը կոչվել է Գիհոն և համարվել
է դրախտի չորս գետերից մեկը:
Պատկանյանի բանաստեղծության
մեջ Մայր-Արաքսը վշտահար է: Բանաստեղծը «քայլամոլոր» շրջում է գետի ափերով և նրա պղտոր
ալիքները դիտելով՝ փորձում պեղել պատմական հիշողությունը: Զրույցը գետի հետ սկսվում
է հարցով և դա թույլ է տալիս այս բանաստեղծությունը գեթ ձևաբանորեն դասել ռոմանտիկական
այն հարացույցին, որի բարձր նմուշներն են Եվրոպայում Լամարթինի «Լճակը», «լճային դպրոցի»
բանաստեղծների շատ գործեր և զուտ ձևաբանորեն նաև Դուրյանի «Լճակը»:
-Արա՛քս, ինչու ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չհասած
Սգավոր ես ինձ նըման:
Հարցը առաջ է բերում Արաքսի
վրդովմունքը: Գետը հիշում է, որ ժամանակին, երբ դեռ գոյություն է ունեցել հայոց պետականությունը,
ինքը եղել է թագուհի: Ոչինչ չի մնացել հին ժամանակներից, քանի որ իր ջրերն են մտնում
«ճպռոտ աչքերով» օտարները, իսկ հպարտ գետը օտար փեսա չի ընդունում: Հայաստանի անկախության
հավատարիմ այրին է Արաքսը:
-Խիզա՜խ, անմի՜տ պատանի,
Նիրհս ինչո՞ւ դարևոր
Վրդովվում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր:
Սիրելիի մահից հետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտքից գլուխ պճնվի
Իր զարդերով թանկագին:
Մայր-Արաքսը երազում է այն
պահը, երբ իր որդիները կհամախմբվեն, և այն ժամանակ միայն ինքը նորից շքեղորեն կզարդարվի:
Բանաստեղծության ավարտը որոշակիորեն նաև կոչ է ցարական բռնապետության դեմ:
Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մընան պանդուխտ,-
Ինձ միշտ սըգավոր կըտեսնեք,
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ…:
Գետի սուրբ ուխտը հայկական
ոգու տոկունության խորհրդանիշն է:
Որպես ռոմանտիկական բանաստեղծ
Ռաֆայել Պատկանյանն այս բանաստեղծության մեջ թանձրացնում է անցյալի և ապագայի բաժանարար
գիծը:
Տես նաև Դուրյան Տրտունջք, Շահազիզ Սմբատ Լևոնի վիշտը և Պեշիկթաշլյան Պոեզիա
Ռաֆայել Պատկանյան | Արաքսի արտասուքը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 26, 2015
Rating:
