
Նկարիչ Պիեռ Դուշն արդեն ավարտում էր իր նատյուրմորտը՝
ծաղիկներ սրվակի և բադրիջաններ ափսեի մեջ, երբ արվեստանոց մտավ վիպասան Պոլ-Էմիլ Գլեզը:
Գլեզը մի քանի րոպե նայեց, թե ինչպես է աշխատում բարեկամը, ու կտրուկ ասաց.
-Ո՛չ:
Հանկարծակիի եկած նկարիչը բարձրացրեց գլուխը՝ կիսատ
թողնելով բադրիջանը հղկելու գործը:
-Ոչ,-կրկնեց Գլեզը, - ոչ: Դու երբեք հաջողության
չես հասնի: Դու ունես ձիրք, տաղանդ, անկեղծություն, բայց քո նկարները առօրեական են,
սիրելիս: Դրանք աչքի չեն ընկնում, չեն ճչում: Հինգ հազար կտավ պարունակող սրահում անտարբեր
այցելուին ոչինչ չի ստիպի կանգնել քո նկարների առաջ… Ոչ, Պիեռ Դուշ, դու երբեք հաջողություն
չես ունենա: Եվ դա ցավալի է:
-Ինչո՞ւ է այդպես, - հոգոց հանեց պատվելի Դուշը:
- Ես նկարում եմ այն, ինչ տեսնում եմ, ձգտում եմ արտահայտել իմ զգացածը:
-Խոսքը հենց այդ մասին է, խեղճ բարեկամս: Դու կին
ունես, սիրելիս, կին և երեք երեխա: Նրանցից յուրաքանչյուրն օրական երեք հազար կալորիայի
կարիք ունի: Իսկ նկար շատ ավելի կա, քան գնորդ, և տգետներն ավելի շատ են, քան հասկացողները:
Ուրեմն, Պիեռ Դուշ, ասա ինձ, ո՞րն է անհայտների ու ձախողակների ամբոխից առանձնանալու
միակ միջոցը:
-Աշխատանքը, - պատասխանեց Պիեռ Դուշը, - անկեղծությունը:
-Լրջամիտ եղիր, Պիեռ Դուշ, բթամիտներին սթափեցնելու
միակ միջոցը ցնցող արարքներն են: Հայտարարիր բոլորին, որ դու նկարելու համար մեկնում
ես Հյուսիսային Բևեռ: Եգիպտական փարավոնի նման հագնվիր: Կամ, ավելի լավ է, մի ինչ-որ
նոր դպրոց հիմնիր: Իրար խառնիր և օգտագործիր գիտական բառեր՝ տարածքայնություն, դինամիզմ,
ենթագիտակցություն, ոչ ֆիգուրատիվ, և մանիֆեստ հռչակիր: Ժխտիր շարժումը կամ անշարժությունը,
սպիտակը կամ սևը, շրջանը կամ քառակուսին: Ստեղծիր «նեոհոմերոսյան» նկարչություն, որն
ընդունում է միայն կարմիր ու դեղին երանգները, շրջագծերով նկարչություն, չորս չափագծերով
նկարչություն և այլն…
Այդ պահին մի անսովոր ու նուրբ բույր ազդարարեց տիկին
Կոզնևսկայի գալը: Դա մի գեղեցիկ լեհուհի էր, որի մանուշակագույն աչքերը գերել էին Պիեռ
Դուշին: Բաժանորդ լինելով մի քանի թանկարժեք ամսագրերի, որոնք մեծ ծախսերի գնով հրատարակում
էին երեք տարեկան երեխաների գլուխգործոցները, նա այնտեղ չէր գտել ազնվագույն Դուշի
անունը և սկսել էր արհամարհել նրա արվեստը: Մեկնվելով բազմոցին՝ նա դիտեց իր առջև դրված
անավարտ նկարը, վրդովմունքով թափահարեց շիկավուն մազերն ու թեթևակի հեգնանքով ժպտաց:
-Երեկ ես այցելեցի, - ասաց նա իր թրթռուն ու երգեցիկ
ձայնով, - նեգրական հինավուրց արվեստի ցուցահանդեսը: Օ˜հ, զգայացունց էր, արտահայտիչ,
տպավորիչ…
Նկարիչն իր հավանած դիմանկարներից մեկը բերեց նրան
ցույց տալու:
-Հաջողված է, - ասաց նա հազիվ շուրթերը շարժելով:
Հետո հիասթափված, թռվռուն, երգեցիկ ու անուշաբույր
կինն անհետացավ:
Պիեռ Դուշը ներկապնակը մի անկյուն նետեց և ընկավ
բազմոցի վրա:
-Ես դառնալու եմ ապահովագրական տեսուչ, բանկի ծառայող
կամ ոստիկանության գործակալ, - ասաց նա: -Նկարչությունը ամենահետին արհեստն է: Այս
տգետներին կարող են հիացնել միայն խզբզողները: Փոխանակ իսկական վարպետներին հարգանք
մատուցեն, քննադատները խրախուսում են բարբարոսներին: Բավական է, ես հրաժարվում եմ նկարելուց:
Պոլ-Էմիլը, լսելով այդ ամենը, ծխախոտ վառեց ու բավական
երկար ժամանակ մտածմունքի մեջ ընկավ:
-Դու քեզ ընդունակ համարո՞ւմ ես, - ասաց նա վերջապես,
- եպիսկոպոսի լրջությամբ հայտնելու Կոզնևսկային և էլի մի քանիսին, որ արդեն մի տասը
տարի է, ինչ պատրաստվում ես թարմացնել քո արվեստը:
-Ես՞…
-Լսիր… Աչքի ընկնող տեղում տպագրված երկու-երեք հոդվածով
ես մեր «հասարակության սերուցքին» կհայտնեմ, որ դու հիմնում ես գաղափարավերլուծական
դպրոց: Քեզնից առաջ եղած դիմանկարիչներն իրենց տգիտության պատճառով ուսումնասիրում
էին մարդու դեմքը: Հիմարությո՛ւն: Ոչ, մարդու մասին ճշգրիտ պատկերացում կարող են տալ
այն մտքերը, որ այդ մարդը առաջացնում է մեր մեջ: Այսպես, գնդապետի դիմանկար պատկերելու
համար պետք է կապույտ ու ոսկեգույն ֆոնի վրա հինգ հսկայական տրեզ նկարել, մի անկյունում՝
ձի, մյուսում՝ խաչեր: Արդյունաբերողի դիմանկարը՝ գործարանի ծխնելույզն է ու փակ բռունցքը՝
սեղանի վրա: Հիմա հասկանո՞ւմ ես, Պիեռ Դուշ, թե ինչ ես ներկայացնելու աշխարհին և կարո՞ղ
ես մի ամսում գաղափարավերլուծական քսան դիմանկար
անել:
Նկարիչը տխուր ժպտաց:
-Մեկ ժամում կնկարեմ, - ասաց նա,- և ցավալին այն
է, Գլեզ, որ եթե ես ուրիշ մարդ լինեի, գործը գլուխ կգար:
-Փորձենք:
-Ես խոսելու մեջ այնքան էլ հմուտ չեմ:
-Ահա թե ինչ, սիրելիս, ամեն անգամ, երբ բացատրություն
կպահանջեն, դու մի պահ դադար կտաս, ծխամորճդ կվառես, ծխի քուլա բաց կթողնես հարց տվողի
քթին և կարտասանես հետևյալ պարզ բառերը.
«Դուք երբևէ դիտե՞լ եք, ինչպես է հոսում գետը»:
-Իսկ դա ի՞նչ է նշանակում:
-Ոչինչ, - պատասխանեց Գլեզը,- այդպես դու ավելի ուժեղ
տպավորություն կթողնես, և երբ նրանք քեզ կհայտնաբերեն, կմեծարեն, մենք նրանց կպատմենք
եղելությունը և կուշտ կծիծաղենք՝ տեսնելով, թե ինչպես են շփոթվել:
Երկու ամիս հետո Դուշի ցուցահանդեսի վերնիսաժն ավարտվեց
հաղթանակով: Երգեցիկ, թռվռուն, անուշաբույր գեղեցկուհի տիկին Կոզնևսկան այլևս չէր հեռանում
իր նոր պաշտամունքի կողքից:
-Ա˜հ, - կրկնում էր նա,- զգայացունց է, արտահայտիչ,
տպավորիչ: Սիրելի վարպետ, ինչպե՞ս կարողացաք հասնել այս ապշեցուցիչ ընդհանրացումներին:
Նկարիչը մի պահ լռեց, հետո վառեց ծխամորճը, քուլա-քուլա
ծուխ բաց թողեց ու ասաց. «Տիկին, դուք երբևէ դիտե՞լ եք, ինչպես է հոսում գետը»:
Գեղեցիկ լեհուհու երգեցիկ ու թրթռուն շուրթերը անհուն
երջանկության հուզաթաթավ պահեր խոստացան:
Նապաստակի մորթուց վերարկու հագած երիտասարդ, փայլուն
Ստրունսկուն շրջապատել էին այցելուները:
-Ուժեղ է, - ասում էր նա,- շատ ուժեղ: Բայց, Դուշ,
կարո՞ղ ես ինձ բացատրել, այս գաղափարը որտեղի՞ց ծագեց: Իմ հոդվածների՞ց:
Պիեռ Դուշը բավականին երկար լռեց, ծխի քուլաներ բաց
թողեց նրա կողմն ու ասաց. «Սիրելիս, երբևէ դիտե՞լ ես, ինչպես է հոսում գետը»:
-Հրաշալի է, - գլխով արեց Ստրունսկին, - հրաշալի
է: Այդ պահին կտավների մի հռչակավոր վաճառական արվեստանոցի նկարները դիտելուց հետո
թևանցուկ արեց նկարչին ու նրան մի անկյուն տարավ:
-Դուշ, բարեմակս,-ասաց նա, - դուք շատ խորամանկն
եք: Այս ամենից կարելի է մեծ գործ ձեռնարկել: Ինձ հատկացրեք ձեր արտադրանքը: Չփոխեք
ձեր ոճը, մինչև ես չասեմ, և տարեկան ձեզնից հիսուն կտավ կգնեմ: Եղա՞վ:
Դուշն առանց պատասխանելու՝ խորհրդավոր լռությամբ
ծխում էր:
Արվեստանոցը դանդաղ դատարկվում էր: Պոլ-Էմիլ Գլեզը
գնաց վերջին այցելուի հետևից դուռը փակելու: Աստիճանների կողմից լսվում էին հիացմունքի
հեռացող շշնջոցները: Հետո, մենակ մնալով նկարչի հետ, վիպասանը ուրախ-ուրախ ձեռքերը
գրպանները մտցրեց:
-Դե ինչ, բարեկամս, - ասաց նա,- տեսա՞ր, թե ինչպես
գլուխները պտտացրինք: Տեսա՞ր, թե ինչեր էր ասում նապաստակի մորթիով այն մարդուկը: Իսկ
գեղեցիկ լեհուհի˜ն: Իսկ այն երեք ջահել գեղեցկուհիները, որ անդադար կրկնում էին. «Այսքան
թարմություն, օ˜հ, այսքան թարմություն»: Է˜հ, Պիեռ Դուշ, ես գիտեի, որ մարդկային հիմարությունն
անսահման է, բայց այս ամենը գերազանցեց իմ սպասելիքները:
Նա բռնկվեց ծիծաղի նոպայով և չէր կարողանում հանգստանալ:
Նկարիչը կիտեց հոնքերը, և մինչ վիպասանը ցնցվում էր ջղաձիգ զկրտոցներից, խիստ տոնով
ասաց.
-Հիմար:
-Հիմա՞ր, - զայրույթով բղավեց վիպասանը: -Այժմ, երբ
ինձ հաջողվեց ամենափայլուն մտահղացումը, որ Բիքսիուից հետո…
Նկարիչը հպարտորեն հայացքը սահեցրեց վերլուծական
ոճով ստեղծած իր քսան կտավների վրայով և խոսեց հաստատակամությունից էլ ավելի վճռական
դարձած տոնով.
-Այո, Գլեզ, դու հիմար ես: Այս նկարների մեջ ինչ-որ
բան կա…
Վիպասանը ապշած նայեց ընկերոջը:
-Դա արդեն չափազանց է, - բղավեց նա: -Դուշ, սթափվիր:
Ո՞վ քեզ հուշեց նոր ձևով ստեղծագործելու միտքը:
Պիեռ Դուշը մի պահ լռեց, վառեց ծխամորճը և, ծխի մի
հսկայական քուլա բաց թողնելով ասաց.
-Դու երբևէ դիտե՞լ ես, ինչպես է հոսում գետը:
Թարգմանությունը՝ Սուսան Գաբրիելյան
Տես նաև Անդրե Մորուա Նովելներ
Թարգմանությունը՝ Սուսան Գաբրիելյան
Տես նաև Անդրե Մորուա Նովելներ
Անդրե Մորուա | Վարպետի ծնունդը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 25, 2019
Rating:
