
– Ուզում եք լսել կյանքիս
ամենաարտառոց պատմությու՞նը, -ասաց նա, - դժվարանում եմ ասել: Կյանքումս նմանատիպ պատմություններ
շատ են եղել:
– Շատերը դեռևս չեն
ավարտվել:
– Ի՞նչ եք ասում, արդեն
ծերանում եմ, իմաստնանում: Այլ կերպ ասած հանգստանալու կարիք ունեմ: Այժմ երջանիկ եմ
ինձ զգում, երբ երեկոյան մնում եմ մենակ` վերընթերցելով հին նամակներ կամ ձայնասկավառակներ
լսելով:
– Անհնար է, որ Ձեզ այլևս չսիրահետեն: Դուք պահպանել եք երբեմնի նրբագեղությունը, և չեմ կարող ասել, թե ինչպիսի փորձը կամ միգուցե անցած հույզերի տառապանքներն անմեկնելի խորհուրդ են հաղորդում Ձեր դիմագծերին: Պարզապես անդիմադրելի է:
– Անհնար է, որ Ձեզ այլևս չսիրահետեն: Դուք պահպանել եք երբեմնի նրբագեղությունը, և չեմ կարող ասել, թե ինչպիսի փորձը կամ միգուցե անցած հույզերի տառապանքներն անմեկնելի խորհուրդ են հաղորդում Ձեր դիմագծերին: Պարզապես անդիմադրելի է:
– Շատ սիրալիր եք:
Այո, դեռևս երկրպագուներ ունեմ: Դժբախտությունն այն է, որ կորցրել եմ հավատս: Ավաղ,
ես այնքան լավ եմ ճանաչում տղամարդկանց. նրանց բուռն կիրքը, քանի դեռ ոչնչի չեն հասել,
այնուհետև անտարբերությունը կամ անիմաստ խանդը: Ինքս ինձ հարց եմ տալիս. ինչու՞ ևս
մեկ անգամ դիտեմ մի կատակերգություն, որի հանգուցալուծումն արդեն իսկ գուշակում եմ:
Երիտասարդ տարիներիս
ամեն ինչ այլ էր: Ամեն անգամ ինձ թվում էր, որ հրաշքով հանդիպել եմ նրան, ով ինձ վերջապես
կազատեր անորոշությունից: Յուրաքանչյուր անգամ ես ամբողջովին տրվում էի զգացմունքներիս:
Ընդամենը հինգ տարի է անցել, ինչ հանդիպեցի Ռենոյին, երբ ինչ-որ թարմության տպավորություն
համակեց ինձ: Նա ուժեղ էր, գրեթե կոպիտ: Նա ազատագրեց ինձ կասկածներիցս, իսկ իմ անհանգստություններն
ու երկմտանքները նրան պարզապես ծիծաղելի էին թվում: Ինձ թվում էր` փրկչիս եմ գտել:
Բնավ ոչ այն բանի համար, որ կատարյալ էր. ոչ բարեկիրթ էր, ոչ էլ հղկված շարժուձև ուներ:
Սակայն նա ինձ տալիս էր այն, ինչ երբեք չեմ ունեցել` ամրություն: Հասկանու՞մ եք, նա
ինձ համար փրկության օղակ էր: Համենայն դեպս այդժամ այդպես էի կարծում:
– Այլևս այդպես չե՞ք
մտածում:
– Դուք շատ լավ գիտեք,
որ ոչ: Ռենոն սարսափելի պարտություններ կրեց, ստիպված եղա նրան մխիթարել, հանգստություն
և ուժ ներշնչել. պաշտպանեցի մի մարդու, որը ժամանակին ինձ ուժ էր հաղորդել: Իրապես
ուժեղ տղամարդիկ հազվադեպ են պատահում:
– Դուք գոնե այդպիսի
մեկին ճանաչե՞լ եք:
– Այո, մեկին, ոչ երկար
ժամանակ և զարմանալի հանգամանքներում: Ուզում էիք լսել կյանքիս ամենաարտառոց արկածի
մասի՞ն, ահա այն:
– Պատմեք խնդրում եմ:
– Տեր իմ Աստված, այս
ի՞նչ եք խնդրում: Ստիպված եմ լինելու փորփրել հիշողություններս: Բացի այդ շատ երկար
պատմություն է, իսկ Դուք կարծես շտապում եք: Մի քիչ ժամանակ կարո՞ղ եք հատկացնել:
-Իհարկե, լսում եմ
Ձեզ:
-Թող Ձեր ասածով լինի:
Քսան տարի առաջ էր: Չափազանց երիտասարդ այրի էի: Հիշու՞մ եք առաջին ամուսնությունս:
Ես ամուսնացել էի, ծնողներիս հաճոյանալու համար, ինձնից տարիքով շատ մեծ մի մարդու
հետ, որի հանդեպ ջերմությամբ էի լցված, բայց դա որդիական ջերմություն էր: Նրան սիրելն
ինձ համար երախտիքից դրդված պարտականություն էր, բայց ոչ հաճույք: Նա մահացավ երեք
տարի անց: Ես ապրում էի հարաբերականորեն բարեկեցիկ կյանքով այնպես, որ ընտանեկան և
ամուսնական խնամակալությունից ձերբազատված` ինձ հանկարծ զգացի միանգամայն ազատ և ճակատագրիս
տերն ու տիրակալը: Կարող եմ ասել առանց սնապարծության, որ այդ տարիներին բավական գեղեցիկ
էի:
– Ավելի քան գեղեցիկ:
– Լավ, եթե պնդում
եք… Ամեն դեպքում տղամարդկանց դուր էի գալիս, և շատ շուտով երկրպագուների բանակ հավաքվեց
շուրջս: Իմ ընտրյալը երիտասարդ ամերիկացի Ջեկ Պարկերն էր: Բազմաթիվ ֆրանսիացիներ, որ
իրենց համարում էին իր մրցակիցները, ինձ ավելի էին դուր գալիս: Մեր ճաշակները միանգամայն
համընկնում էին, նրանք կարողանում էին ինձ հաճոյախոսել: Իսկ Ջեկը չէր սիրում կարդալ,
սիրում էր միայն բյլուզ և ջազ լսել, ինչ վերաբերում է նկարչությանը` միամտաբար վստահում
էր ժամանակի բոլոր հեղիանակավոր կարծիքներին: Սիրո մասին չէր կարողանում խոսել, ավելի
ճիշտ ընդհանրապես այդ մասին չէր խոսում: Նրա սիրահետումը սահմանափակվում էր կինոյում,
թատրոնում կամ այգում իր ափերի մեջ ձեռքս բռնելով լուսնյակ գիշերին և շշնջալով
“You are just wonderful”:
Պետք է որ նա ինձ համար
ձանձրալի լիներ: Բնավ ո՛չ, ես հաճույքով էի հանդիպում նրան: Նա ինձ թվում էր անկեղծ
և հավասարակշռված: Ինձ այնպիսի ապահովության զգացողություն էր ներշնչում, ինչպիսին
ավելի ուշ ներկայիս ամուսինն ամուսնության առաջին տարիներին: Մյուս ընկերներս որոշակիորեն
չգիտեին` ինչի էին ձգտում: Նրանք արդյոք ցանկանում էին լինել ամուսին, թե սիրեկան,
չգիտեմ. երբեք պարզ չէին արտահայտվում:
Ջեկի հետ ոչ մի նման
բան չկար: Ավելի լուրջ հարաբերությունների գաղափարը նրան սարսափեցնում էր: Նա ցանկանում
էր ամուսնանալ ինձ հետ, տանել ինձ Ամերիկա, որտեղ ես նրան կպարգևեի գեղեցիկ բալիկներ`
նրա նման գանգրահեր, փոքրիկ ուղիղ քթիկով, դանդաղ, քթի մեջ խոսող ու իր պես միամիտ:
Նա բանկի փոխնախագահ էր, միգուցե մի գեղեցիկ օր կարողանար նախագահի պաշտոնը զբաղեցնել:
Ամեն դեպքում կապրեինք բարեկեցիկ կյանքով և անգամ հիասքանչ ավտոմեքենա կունենայինք:
Հենց դա էր նրա համար երջանկությունը:
Խոստովանեմ, որ ամենևին
էլ դեմ չէի: Դա Ձեզ զարմացնու՞մ է: Այնուամենայնիվ իմ բնույթն է այդպիսին: Ես ինքս
բավական բարդ եմ և պարզ մարդիկ ինձ գրավում են: Շատ վատ հարաբերությունների մեջ էի
ընտանիքիս հետ: ԱՄՆ-ում ապրելը փախուստի միջոց էր: Ջեկը, Փարիզի մասնաճյուղում մի քանի
ամիս փորձառություն անցնելուց հետո, վերադարձել էր Նյու-Յորք: Երբ նա մեկնել էր, խոստացել
էի գնալ Նյու-Յորք և ամուսնանալ նրա հետ: Մի՛ մոռացեք, որ ես նրա սիրուհին չէի եղել:
Դա իմ պատճառով չէր. ես կզիջեի, եթե նա ինձ այդ մասին խնդրեր: Սակայն նա երբևիցե իրեն
թույլ չէր տա: Ջեկն ամերիկացի կաթոլիկ էր, խստաբարո և ցանկանում էր պարկեշտորեն ամուսնանալ
Saint-Patrick-ում` Fifth Avenue-ում, ծաղկով զարդարված հարսանեկան բաճկոն կրող հարսնեղբայրներով
և շղարշե զգեստով հարսնաքույրերով շրջապատված: Այդ ամենն ինձ էլ էր դուր գալիս:
Պայմանավորվել էինք,
որ ես կժամանեի ապրիլին: Ջեկը պետք է ինձ համար ինքնաթիռի տոմս ամրագրեր: Ես ասես բնազդաբար
ցանկացա Էյր Ֆրանս – ով մեկնել, և դա ինձ այն աստիճան բնական թվաց, որ նույնիսկ մտքովս
չանցկացրի նրան որևէ բան ասել այդ մասին:
Վերջին պահին մի տոմս
ստացա Փարիզ-Լոնդոն, Լոնդոն-Նյու-Յորք ուղղությամբ: Տոմսը տրամադրել էր մի ամերիկյան
ավիաուղղի, որն այդ ժամանակ իրավունք չուներ վայրէջք կատարել մեզ մոտ: Դա ինձ փոքր-ինչ
անհանգստացրեց, սակայն ես, ինչպես գիտեք, հարմարվող բնավորություն ունեմ և այլ քայլեր
ձեռնարկելու փոխարեն ընդունեցի իրավիճակը: Պետք է Լոնդոն հասնեի երեկոյան ժամը յոթին,
ընթրեի օդակայանում և իննին մեկնեի Նյու-Յորք: Ես, ինքս էլ չգիտեմ ինչու, անբացատրելի
սեր ունեմ առ օդակայաններ, իսկ Դու՞ք: Ավելի մաքուր և ժամանակակից են, քան երկաթուղային
կայարանները: Զարդարված են «վիրահատարանների» ոճով: Անծանոթ և դժվարընկալելի ձայներ,
որովհետև աղավաղված են, բաձրախոսով հրավիրում են ուղևորներին ճանապարհորդել արևադարձային
և հեռավոր քաղաքներ: Ապակիների ետևից երևում է, թե ինչպես են վայրէջք կատարում և մեկնում
հսկայական ինքնաթիռները: Թատրոնի անիրական դեկոր է, որ բնավ զուրկ չէ գեղեցկությունից:
Ես ավարտել էի ընթրիքս
և հանգիստ նստած էի կաշվե անգլիական կանաչավուն բազկաթոռում, երբ բարձրախոսը արտաբերեց
երկար նախադասություն, որ ամբողջովին չլսեցի, սակայն ըմբռնեցի Նյու-Յորք բառը և թռիչքիս
համարը: Փոքր-ինչ անհանգստացած` շուրջս նայեցի: Ուղևորները վեր էին կենում: Կողքիս
բազկաթոռին նկատել էի հետաքրքիր դիմագծերով մոտ քառասունամյա մի տղամարդու: Նրբագեղ,
խառնիխուռն մազերով, բաց պարանոցով, նա հիշեցնում էր անգլիացի ռոմանտիկ բանաստեղծների
և մասնավորապես Շելլիին: Նրան նայելով մտածեցի. «Կամ գրող է, կամ երաժիշտ», և ինձ մոտ
ցանկություն առաջացավ ինքնաթիռում նրա կողքին նստել: Նա նկատեց իմ հանկարծակի շփոթմունքը
և անգլերենով հարցրեց.
– Ներողություն Տիկին,
Դուք 632 թռիչքո՞վ պետք է մեկնեիք:
– Այո, ի՞նչ հայտնեցին:
– Տեխնիկական միջադեպ
է տեղի ունեցել, ինքնաթիռը կմեկնի միայն առավոտյան ժամը վեցին: Այն ուղևորների համար,
ովքեր կցանականան մնալ հյուրանոցում, ընկերությունը ավտոբուս կտրամադրի մի քանի րոպեից:
– Այ քեզ անհաջողություն:
Հյուրանոց գնալ` առավոտյան ժամը հինգին արթնանալու համար: Սարսափելի է: Դուք ի՞նչ եք
անելու:
– Օ՜, Տիկին, իմ բախտը
բերեց. մի ընկեր ունեմ, որ աշխատում և ժամանակավորապես բնակվում է այստեղ` օդակայանում:
Ավտոմեքենաս նրա ավտոտնակում եմ թողել: Գնամ վերցնեմ և վերադառնամ տուն:
Մեկ րոպե հետո ավելացրեց.
– Կամ ավելի լավ է
օգտվեմ այս ժամանակահատվածից` պտույտ կատարելու համար: Ես երգեհոնի վարպետ եմ և պետք
է ժամանակ առ ժամանակ ստուգեմ, թե ինչ վիճակում են գործիքներս Լոնդոնի բազմաթիվ եկեղեցիներում:
Ահա, սա ինձ համար անսպասելի առիթ է դրանցից երկուսը կամ երեքը ստուգելու համար:
– Գիշերը Դուք կարո՞ղ
եք եկեղեցի մտնել:
Նա ծիծաղեց և գրպանից
բանալիների մի խուրձ հանեց.
– Այո, հատկապես գիշերն
եմ փորձում ստեղնաշարը և փուքսերը` որևէ մեկին չխանգարելու համար:
– Իսկ նվագել գիտե՞ք:
– Քիչ թե շատ:
– Պետք է որ երգեհոնային
համերգները գեղեցիկ լինեն միայնության և մթության մեջ:
– Գեղեցի՞կ: Չեմ կարող
ասել: Չնայած որ սիրում եմ հոգևոր երաժշտությունը, մեծ երգեհոնահար չեմ: Սակայն մի
բան հաստատ է. դա ինձ անսահման հաճույք է պատճառում:
Մի պահ տատանվելով`
ավելացրեց.
-Լսեք, Տիկին, ես Ձեզ
արտառոց մի առաջարկ ունեմ: Դուք ինձ չեք ճանաչում և վստահություն պահանջելու հիմքեր
չունեմ: Սակայն եթե ցանկանայիք ինձ ուղեկցել, ես Ձեզ ինձ հետ կտանեի և հետո ետ կբերեի:
Դուք հավանաբար երաժիշտ եք:
-Այո, որտեղի՞ց իմացաք:
-Դուք կարծես արտիստի
երազների ծնունդը լինեք: Դա խաբուսիկ չի կարող լինել:
Խոստովանեմ, որ հաճոյախոսությունն
ինձ հուզեց: Ի զարմանս ինձ` ես այդ մարդուն հնազանդվում էի: Գիտեի, որ Լոնդոնը կտրել-անցնելն
ինչ-որ անծանոթի հետ, այն էլ գիշերվա կեսին, անզգույշ քայլ էր: Կանխատեսում էի հնարավոր
վտանգները: Նույնիսկ մտքովս չանցավ մերժել:
– Գնացինք, - ասացի
ես: Ի՞նչ անեմ այս պայուսակի հետ:
– Մենք այն իմ պայուսակի
հետ կթողնենք ավտոտնակում:
Ի վիճակի չեմ ասել,
թե որոնք էին մեր այցելած երեք եկեղեցիներն այդ գիշեր և թե ինչ նվագեց իմ առեղծվածային
ուղեկիցը: Հիշում եմ պարուրաձև աստիճանները, որ բարձրացա նրա օգնությամբ, ապակիներից
ներթափանցող լուսնի ճառագայթները և երկնային երաժշտությունը:
Լսեցի Բախի, Ֆորեի,
Հենդելի երաժշտությունը, սակայն կարծում եմ ուղեկիցս ավելի հաճախ հանպատրաստից ստեղծագործում
էր:
Այդժամ ապշեցուցիչ
էր: Նման էր տառապյալ հոգու կրքոտ խոստովանության: Այնուհետև երկնային հնչյուններ և
քաղցրահունչ մեղեդիներ: Միանգամայն արբեցած էի: Հարցրի, թե ով էր այդ մեծ երաժիշտը:
Նրա անունը Պետեր Դուն էր:
– Հավանաբար Դուք ճանաչված
եք,-ասացի ես,-հանճարեղ եք:
– Այդպես մի կարծեք:
Գիշերվա ժամերն են պատրանք հաղորդում: Ես միջակ կատարող եմ: Սակայն հավատն ինձ համար
ներշնչանքի աղբյուր է, իսկ այս գիշեր` Ձեր ներկայությունը:
Նման խոստովանությունը
ինձ չզարմացրեց. Պետեր Դունն այն մարդկանց թվին էր պատկանում, ում հետ մի քանի րոպե
տևող զրույցն էլ բավական է զարմանահրաշ մտերմություն հաստատելու համար: Ասես այս աշխարհից
չլիներ: Երեք եկեղեցիներ այցելելուց հետո նա պարզապես ասաց.
– Գրեթե կեսգիշեր է:
Կցանկանայի՞ք իմ տանն անցկացնել մնացած երեք կամ չորս ժամերը: Ես Ձեզ համար ձվածեղ
կպատրաստեմ: Մի քիչ էլ միրգ կա: Սպասուհին պետք է վաղն առավոտյան տանի այդ ամենը:
Ես երջանիկ էի, և քանի
որ Ձեզ ամեն ինչ պատմում եմ, խոստովանեմ, որ թաքուն հույս ունեի, թե այդ երեկոն սիրո
պատմության սկիզբն էր դառնալու: Կնոջ սերը շատ ավելի հաճախ է ծնվում հիացմունքից: Այդ
երկնային երաժշտությունը, երգեցողությամբ լեցուն գիշերը, քնքուշ, բայց և միաժամանակ
ուժեղ ձեռքերը, որ ինձ համար ուղի էին հարթում կիսախավարի մեջ, իրարամերժ ցանկություններ
էին առաջացրել: Թե ուղեկիցս ցանկանար, ամբողջովին նրանը կլինեի: Այդպիսին եմ ես:
Նրա փոքրիկ և ճեփ-ճերմակ
պատերով, գրքերով լեցուն բնակարանը, ուր նշամարվում էր սև եզրագիծ, ինձ դուր եկավ:
Ես ինձ միանգամայն իմ տանն էի զգում: Հանեցի գլխարկս և ճանապարհորդական վերարկուս:
Նրան առաջարկեցի մեր ընթրիքն իր փոքրիկ խոհանոցում պատրաստելու օգնությունս:
Նա մերժեց.
– Ոչ, սովորությանս
համաձայն` ինքս կպատրաստեմ: Որևէ գիրք վերցրեք: Կվերադառնամ մի քանի րոպեից:
Ընտրեցի Շեքսպիրի սոնետները
և հասցրի դրանցից երեքը ընթերցել, որոնք հիանալիորեն համապատասխանում էին հոգեվիճակիս:
Այնուհետև Պետերը վերադարձավ, փոքրիկ սեղան դրեց իմ առջև և մատուցեց ընթրիքը.
-Ի՜նչ համեղ է, - ասացի
ես, – իսկական վայելք է, չափազանց քաղցած էի: Զարմանալի մարդ եք: Դուք ամեն ինչ լավ
եք կարողանում անել: Երջանիկ է այն կինը, ով Ձեր կողքին է:
-Իմ կողքին ոչ ոք չկա:
Սակայն ավելի շատ կուզենայի Ձեր մասին լսել: Ակնհայտ է` ֆրանսուհի եք: Ամերիկա՞ եք
մեկնում:
– Այո, ամուսնանալու
եմ մի ամերիկացու հետ:
Նա ոչ անակնկալի եկավ,
ոչ էլ դժգոհություն ցուցաբերեց.
-Դուք նրան սիրու՞մ
եք:
-Ես պետք է նրան սիրեմ,
քանի որ որոշել եմ` կյանքիս մշտական ուղեկիցն է լինելու:
-Սա լուրջ պատճառ չի
կարող լինել -ասաց նա, - կան ամուսնություններ, դեպի որոնց մղվում ենք ինքնաբերաբար,
դանդաղ և աննկատ կերպով, առանց իրական ցանկության: Հանկարծ հայտնվում ենք պարտավորության
առջև: Այլևս ետ քաշվելու քաջություն չենք ունենում և արժանանում ձախողված ճակատագրի:
Նման հոռետեսության իրավունք չունեմ, քանի որ դեռ ոչինչ չգիտեմ Ձեր ընտրյալի մասին:
Քիչ հավանականություն կա, որ Ձեզ նման կինը սխալվի: Միակ բանը, որ ինձ զարմացնում է…
Նա կանգ առավ.
-Ասացեք, մի մտածեք,
թե կվախենամ: Ես իրատես եմ… ընդունակ եմ կողքից գնահատելու սեփական արարքներս:
-Լավ,- շարունակեց
նա,- միակ բանը, որ ինձ զարմացնում է, ոչ թե այն է, որ մի ամերիկացի կարող է Ձեզ դուր
գալ ( նրանց մեջ հանդիպում են բացառիկ, և անգամ համակրելի մարդիկ), այլ այն, որ Դուք
ցանկություն եք ունեցել նրա երկրում ապրել Ձեր ողջ կյանքը: Դուք այնտեղ հիրավի «նոր
աշխարհ» կբացահայտեք, որի արժեքները չեն համապատասխանում Ձեր արժեքներին: Միգուցե դա
անգլիացու կանխակալ կարծիքն է: Միգուցե Ձեր փեսացուն ինքնին այնքան կատարյալ է, որ
Դուք ամենևին ուշադրություն չեք դարձնի Ձեր ամուսնական զույգին շրջապատող հասարակությանը:
Մի պահ խորհեցի: Չգիտեմ` ինչու ինձ թվում էր, որ Պետեր Դունին ասված իմ խոսքերը մեծ
կարևորություն ունեին, և մտքիս նվազագույն երանգներն իսկ պարտավորված էի զգում նրան
բացատրել:
-Այդպես մի կարծեք,
- ասացի ես:
Ջեկը (ապագա ամուսինս)
կատարյալ մարդ չէ, և վստահ եմ` չի կարողանա ինքն իրենով ինձ համար հաճելի շրջապատի
բացը լրացնել: Համակրելի երիտասարդ է, շատ ազնիվ, այդ տեսակետից լավ ամուսին կլինի,
երբևէ չի դավաճանի և առողջ բալիկներ կպարգևի:
Եվ այնուամենայնիվ,
երեխաներից, իր գործերից, քաղաքականությունից մեր ընկերներին վերաբերող պատմություններից
բացի, ընդհանուր զրույցի թեմա գրեթե չենք ունենա: Ինձ ճիշտ հասկացեք: Ջեկը խելացի չէ:
Նա շրջահայաց է և գործունյա, տեսնում է գեղեցիկը և լավ ճաշակ ունի: Միայն թե բանաստեղծությունները,
նկարները, երաժշտությունը նրա համար մեծ նշանակություն չունեն: Այդ տեսակ բաների մասին
երբեք չի մտածում: Ի՜նչ հոգ: Վերջ ի վերջո արվեստը մարդկային գործունեության ընդամենը
մեկ տեսակն է:
-Անկասկած, - ասաց
Պետեր Դունը, – կարելի է լինել շատ զգայուն մարդ` առանց արվեստը սիրելու կամ ավելի
ճիշտ առանց այն հասկանալու: Ես նույնիսկ նախընտրում եմ անկեղծ անտարբերությունը աղմկոտ
և արտահայտված սնոբիզմին: Սակայն Ձեզ նման կնոջ ամուսինը լինելու համար…Օժտվա՞ծ է արդյոք
այն անհրաժեշտ նրբանկատությամբ, որը նրան թույլ կտա գուշակել կողակցի գաղտնի հույզերը:
-Նա դրան չի էլ ձգտում:
Ես նրան պարզապես դուր եմ գալիս: Նա էլ չգիտի` ինչու. ինքն իրեն այդ հարցը չի տալիս:
Համոզված է, որ ես իր կողքին երջանիկ կլինեմ: Չէ՞ որ ես կունենամ աշխատող ամուսին,
բնակարան Park Avenue-ում, բարձրակարգ ավտոմեքենա և հիանալի սևամորթ սպասավորներ` իր
մոր կողմից ընտրված, որը ծնունդով Վիրջինիա նահանգից է: Էլ ի՞նչ ավել բան կարող է ցանկանալ
կինը:
– Մի հեգնեք, - ասաց
նա,- սարկազմն անհանգիստ խղճի մասին է վկայում: Երբ հեգնում եք Ձեր սիրելի էակին, դրանով
իսկ սպանում եք Ձեր զգացմունքները: Իհարկե, դա շատ կարևոր է: Փրկության միակ միջոցը
գթասիրտ և քնքուշ լինելն է տղամարդկանց հանդեպ: Գրեթե բոլորն այնքա՜ն դժբախտ են:
– Չեմ կարծում, որ
Ջեկը դժբախտներից է: Նա իսկական ամերիկացի է` հիանալիորեն հարմարված այն հասարակությանը,
որն իրենն է և որն իր անկեղծ կարծիքով լավագույնն է աշխարհում: Ի՞նչը կարող է նրան
կասկածի տեղիք տալ:
-Կարծում եմ` Դուք:
Ձեր շնորհիվ կիմանա, թե ինչ բան է տառապանքը:
Չգիտեմ` կարողացա Ձեզ
նկարագրել այդ գիշերվա հոգեվիճակս, որն ինձ տրամադրում էր ամեն ինչին համաձայնել: Բավական
արտառոց էր այն փաստը, որ գիշերվա ժամը մեկին միայնակ գտնվում էի մի ինչ-որ անգլիացու
բնակարանում, որին հանդիպել էի մի քանի ժամ առաջ օդակայանում: Էլ ավելի զարմանալի էր,
որ նրան վստահել էի անձնական կյանքիս գաղտնիքներ և ապագայի ծրագրեր: Եվ, վերջապես,
ապշեցուցիչ էր, որ նա ինձ խորհուրդներ էր տալիս, իսկ ես ընդունում էի դրանք մի տեսակ
ակնածանքով: Բայց դա այդպես էր: Պետերն ուներ բարություն և արժանապատվություն, որոնց
շնորհիվ իրավիճակը շատ բնական էր դառնում: Եվ ոչ թե որովհետև մարգարեի էր նման, բնավ
ոչ: Նա այն տղամարդկանցից էր, որոնք ձևականությունների ետևից չեն ընկնում: Լիաթոք ծիծաղում
էր, երբ զվարճալի որևէ բան էի ասում: Սակայն նրա խոսքերում խորաթափանց անկեղծություն
էր զգացվում, որն ամենահազվագյուտ բանն է աշխարհում: Այո, մի խորաթափանց անկեղծություն…
Հասկանու՞մ եք, մարդկանց մեծամասնությունը չեն ասում այն, ինչ մտածում են: Իրենց բոլոր
նախադասություններում միշտ հետին միտք կա: Արտահայտած միտքն էլ միշտ քողարկում է մեկ
այլ միտք, որ ցանկանում են գաղտնի պահել: Կամ ասում են ինչ պատահի` առանց մտածելու:
Պետերն իրեն պահում էր Տոլստոյի որոշ հերոսների նման: Նա խելացի էր և ուղղամիտ: Դա
ինձ այն աստիճան զարմացրեց, որ հարցրցի.
-Ձեր մեջ ռուսական
արյու՞ն կա:
-Ինչու՞, զարմացած
եմ, որ այդպիսի հարց եք տալիս: Այո, մայրս ռուս էր, հայրս` անգլիացի:
Ես այնքան հպարտ էի
փոքրիկ բացահայտմանս համար, որ շարունակեցի նրան հարց ու փորձ անել
-Ամուսնացած չեք և
չեք էլ եղե՞լ:
-Ոչ, միգուցե գոռոզամիտ
թվամ: Ավելի մեծ բաների եմ ցանկանում հասնել:
-Մեծ սիրո՞:
-Մեծ սիրո, բայց ոչ
կնոջ նկատմամբ: Զգում եմ` այս թվացյալ աշխարհի թշվառ պատրանքներից անդին ինչ-որ գեղեցիկ
բան գոյություն ունի, որի համար արժե ապրել:-Եվ այդ «ինչ-որ բանը» հոգևոր երաժշտության
մե՞ջ եք տեսնում:
-Այո, և բանաստեղծություններում:
Ինչպես նաև Ավետարանում:
Ես կուզենայի կյանքում
անբիծ ու անեղծ մի բան ստեղծել: Ներողություն եմ խնդրում, որ իմ մասին այսպես եմ արտահայտվում`
այսքան հուզառատ և ոչ բրիտանացուն վայել, սակայն թվում է` ինձ այնքան լավ ու այնքան
արագ եք հասկանում:
Ես վեր կացա և գնացի
նստելու նրա կողքին: Ինչու՞: Անկարող եմ Ձեզ բացատրել: Այլ կերպ չէի էլ կարող վարվել:
-Այո, հասկանում եմ,
- ասացի ես, - ես Ձեզ նման եմ մտածում. խենթություն է լցնել կյանքը` մեր միակ հարստությունը,
անիմաստ րոպեներով, զուր գործերով, ճղճիմ վեճերով: Ես կուզենայի, որ բոլոր ժամերս նման
լինեին Ձեզ հետ անցկացրած այս պահերին: Եվ, այնուամենայնիվ, գիտեմ, որ այդպես չի կարող
լինել: Դրա համար անհրաժեշտ ուժը չունեմ: Կտրվեմ կյանքի ընթացքին, քանի որ այդպես ավելի
հեշտ է: Կդառնամ Տիկին Պարկերը, գոլֆում ավելի լավ արդյունքի կհասնեմ, կանաստա կխաղամ,
ձմռանը կգնամ Ֆլորիդա, և տարիներն այդպես կանցնեն մինչ մի գեղեցիկ օր կմեռնեմ: Միգուցե
ասեք, որ ափոս է, և իրավացի կլինեք:Բայց ի՞նչ անել:
Ես հենվեցի նրա ծնկներին:
Այդ պահին իրենն էի: Տիրանալը դեռ ոչինչ չի նշանակում, սակայն համաձայնությունն ամեն
ինչ է:
-Ի՞նչ անել, - ասաց
նա, -պետք է կարողանալ չկորցնել ինքնատիրապետումը: Ինչու՞ տրվել գետի հոսանքին. չէ՞
որ դուք լողալ գիտեք: Ուզում եմ ասել լի եք եռանդով և մեծ հոգու տեր կին եք: Իհարկե,
երկար պայքարի անհրաժեշտություն չկա ճակատագիրը սանձելու համար: Մարդու կյանքում կան
հազվագյուտ պահեր, երբ ամեն ինչ որշվում է մեկընդմիշտ: Հենց այդ հազվագյուտ պահերին
այո կամ ոչ ասելու համարձակություն պետք է ունենաք:
-Եվ Դուք կարծում եք,
թե այս պահին պետք է ոչ ասելու համարձակություն ունենա՞մ:
Նա շոյեց մազերս, այնուհետև
կտրուկ ետ քաշեց ձեռքը և ասես մի պահ խորհեց.
– Դուք ինձ բավական
դժվար հարց եք տալիս,-վերջապես ասաց նա,-ի՞նչ իրավունք ունեմ ես, Ձեզ, Ձեր ընտանիքը,
Ձեր ապագա ամուսնուն հազիվ ճանաչելով, որևէ խորհուրդ տալ: Կարող է մեծ սխալ թույլ տամ:
Ոչ թե ես, այլ Դուք պետք է պատասխանեք: Քանի որ միայն Դուք գիտեք, թե ինչ ակնկալիքներ
ունեք այդ ամուսնությունից, միայն Դուք կարող եք կանխատեսել դրա հետևանքները: Միակ
բանը, որ կարող եմ անել, Ձեր ուշադրությունը գրավելն է այն հարցի շուրջ, որն ըստ իս,
կարծում եմ նաև Ձեր կարծիքով, ամենակարևորն է: Վստա՞հ եք, որ չեք սպանի Ձեր մեջ լավագույն
երազները:
Ես էլ իմ հերթին մի
պահ լռեցի:
– Ավաղ, ոչ, վստահ
չեմ: Իմ մեջ լավագույնն ինչ-որ ցնորքի հույսն է, զոհաբերության ծարավը: Երեխա ժամանակ
երազում էի հերոսուհի կամ սուրբ դառնալ: Այժմ երազում եմ նվիրվել հիանալի մարդու և
եթե կարողանամ, օգնել նրան իր առաքելության մեջ: Ահա, այն, ինչ Ձեզ ասացի, ոչ ոքի չեմ
ասել, բայց… Ինչու՞ Ձեզ պատմեցի: Ինքս ինձ հարց եմ տալիս: Ձեր մեջ ինչ-որ բան վստահություն
է ներշնչում և ստիպում գնալ խոստովանանքի:
– Այդ ինչ-որ բանը,-ասաց
նա, - անձնազոթյունն է: Նա, ով չի փնտրում այն, ինչ մարդիկ երջանկություն են անվանում,
ընդունակ է սիրել ուրիշներին այնպես, ինչպես նրանք պետք է սիրված լինեն և դրանում է
տեսնում իր երջանկությունը:
Ես համարձակ և խենթ
ժեստ արեցի` բռնելով նրա ձեռքը:
– Իսկ ինչու՞ Դուք`
Պետեր Դուն, չունենաք իրական երջանկության Ձեր բաժինը: Ես նույնպես Ձեզ քիչ եմ ճանաչում,
սակայն կարծում եմ` Դուք այն մարդն եք, ում անգիտակցաբար փնտրել եմ ողջ կյանքում:
– Մի հավատացեք դրան:
Իրականում ես այդպիսին չեմ. դուք ինձ ուրիշ աչքերով եք տեսնում: Ոչ մի կնոջ համար չէի
լինի ոչ ցանկալի ամուսին, ոչ էլ սիրեկան: Ես չափազանց ինքնամփոփ եմ: Չեմ կարող ունենալ
մշտական կողակից, ով առավոտից մինչև երեկո ինձնից կպահանջեր ուշադրություն, որի իրավունքն
ունի:
– Ուշադրությունը փոխադարձ
կլիներ:
– Հավանաբար, սակայն
ես ուշադրության կարիք չունեմ:
– Դուք Ձեզ բավական
ուժեղ եք համարում` կյանքին միայնակ դիմագրավելու համար, այնպես չէ՞:
– Ավելի ճիշտ ինձ բավական
ուժեղ եմ համարում կյանքին դիմակայելու համար, երբ կողքիս բարի կամքի տեր մարդիկ կան,
որ գործեմ նրանց հետ` աշխարհն ավելի իմաստուն և երջանիկ դարձնելու կամ առնվազն փորձելու
համար այդպես անել:
– Միգուցե ավելի հեշտ
կլիներ, եթե Ձեր կողքին մի կին կողակից լիներ: Իհարկե նա պետք է կիսեր այն հավատը,
որ Ձեզ ուժ է հաղորդում: Բայց եթե նա սիրեր…
– Դա բավարար նախապայման
չէ: Ես բազմաթիվ սիրահարված կանանց եմ ճանաչել: Այդպիսի կինը կույրի պես հետևում է
սիրած տղամարդուն: Ասես արթմնի երազում լինի: Մեկ օր արթնանում է` սարսափահար հայտնաբերելով,
որ քայլում է տանիքի եզրով, և որ վտանգի են ենթարկվում: Այդ պահին միակ միտքը վերադառնալն
է անձկալի առօրյային: Խղճմտանք ունեցող տղամարդը հետևում է կնոջը: Այնուհետև, ինչպես
ասում են, տուն-տեղ են ստեղծում: Ասես զինաթափված մարտիկ լինի:
– Դուք ցանկանում եք
միայնա՞կ պայքարել:
Հետո նա ինձ բարձրացրեց
ոչ առանց քնքշության:
-Ինձ համար երբեք այսքան
դժվար չի եղել խոստովանել, բայց դա այդպես է. ես միայնակ եմ ցանկանում պայքարել:
Ես խորը հոգոց հանեցի.
-Ափսոս: Ես պատրաստ
էի զոհաբերել Ջեկին:
-Լավ կլիներ զոհաբերել
թե Ջեկին, թե ինձ:
-Ու՞մ համար:
-Հանուն Ձեզ:
Ես վերցրել էի գլխարկս
և այն դրեցի հայելու առջև: Պետերն ինձ մեկնեց վերարկուս:
-Դուք իրավացի եք,
- ասաց նա,- պետք է մեկնել: Օդակայանը շատ հեռու է այստեղից. ավելի լավ է տեղ հասնել,
քանի դեռ ավտոբուսի ճանապարհորդները չեն ժամանել:
Նա գնաց խոհանոց` լույսը
հանգցնելու: Մինչ դուրս կգայինք, նա ինձ եղբոր նման գրկախառնվեց մի շարժումով, որին
անկարող էի դիմակայել: Ես դիմադրություն ցույց չտվեցի: Տրվել էի մի ուժի, որին հաճելի
էր հնազանդվել: Սակայն նա շուտով ձեռքերը բաց թողեց, բացեց դուռը և ճանապարհ տվեց:
Փողոցում մենք գտանք իր փոքրիկ ավտոմեքենան, և ես նստեցի նրա կողքին` առանց բառ անգամ
արտասանելու:
Անձրևում էր, իսկ գիշերային
Լոնդոնի փողոցները թախծոտ տխրությամբ էին լցված: Մի պահ անց Պետերը խոսեց: Նա նկարագրեց
մարդկանց, որոնք ապրում էին շարքերով կառուցված փոքրիկ տներում, նրանց միապաղաղ կյանքը,
խղճուկ հաճույքները, հույսերը:
Երևակայության ուժը
զարմանալի էր: Մեծ վիպասան կարող էր լինել: Այնուհետև հասանք քաղաքի ծայրամասում գտնվող
գործարանների թաղամասը:
Ուղեկիցս լուռ էր,
իսկ ես խորհում էի: Մտածում էի այն ամենի մասին, ինչ պիտի լիներ հաջորդ օրը. Նյու-Յորք
ժամանելու, Ջեկի մասին, որն այս հուզիչ գիշերից հետո մի քիչ ծիծաղելի կթվար: Հանկարծ
ասացի.
-Պետեր, կանգ առեք:
Նա արգելակեց հարցնելով.
-Ի՞նչ է պատահել: Լավ
չե՞ք զգում: Կամ միգուցե ինչ-որ բա՞ն եք մոռացել իմ տանը:
-Ոչ, ես այլևս չեմ
ուզում Նյու-Յորք մեկնել: Չեմ ցանկանում կրկին ամուսնանալ:
-Ի՞նչ:
-Ես մտածել եմ: Դուք
աչքերս բացեցիք: Ասացիք, որ կյանքում կան պահեր, երբ ամեն ինչ մեկընդմիշտ որոշվում
է: Ահա դրանցից մեկը: Իմ որոշումը վերջնական է: Չեմ ամուսնանա Ջեկ Պարկերի հետ:
-Ինձ համար դա սարսափելի
պատասխանատվություն է: Կարծում եմ` ճիշտ խորհուրդ եմ տվել Ձեզ: Սակայն կարող եմ և սխալվել:
-Դուք չեք կարող սխալվել:
Իսկ ես հատկապես: Այժմ ամենն այնքան պարզ է, խենթություն եմ անելու: Ոչ, ես չեմ մեկնի:
-Փառք Աստծո, դուք
փրկված եք: Դուք կործանելու էիք Ձեր կյանքը: Բայց չե՞ք վախենում Փարիզ վերադառնալուց
և բացատրություններ տալուց:
-Ինչու՞: Ծնողներս
և ընկերներս ուրախ չէին մեկնելուս համար: Նրանց համար այս ամուսնությունը անմիտ արարք
էր, և նրանք երջանիկ կլինեն վերադարձիս համար:
-Իսկ Պրն Պարկե՞րը:
-Ջեկի տրտմությունը
կանցնի մի քանի օրից կամ մի քանի ժամից: Նրա ինքնասիրությունը վիրավորված կլինի, սակայն
ինքն իրեն կսփոփի` ասելով, որ նման քմահաճ կնոջ հետ անախորժություններն անխուսափելի
էին, և կուրախանա, որ բաժանումը տեղի ունեցավ մինչ ամուսնությունը և ոչ թե դրանից հետո:
Միայն թե հարկավոր է նրան շտապ հեռագիր ուղարկել, որպեսզի վաղն իզուր տեղը չգնա ինձ
դիմավորելու:
Պետերը միացրեց շարժիչը:
-Ի՞նչ ենք անում հիմա,
- ասաց նա:
-Շարունակում ենք դեպի
օդակայան: Ձեր ինքնաթիռը Ձեզ է սպասում: Իսկ ես կմեկնեմ Ֆրանսիա: Մեր երազն ավարտված
է:
-Գեղեցիկ երազ էր,
- ասաց նա:
-Իրական էր:
Օդակայան հասնելով`
ես գնացի հեռագրային բաժին և գրեցի Ջեկին.
«Եզրակացրի, որ ամուսնությունն
անիմաստ է: Ցավում եմ, քանի որ սիրում եմ, սակայն չեմ կարող օտար երկրում ապրել: Նախընտրեցի
ազնվությունը: Ուղարկում եմ տոմսը` գումարի փոխհատուցման համար: Համբուրում եմ` Մարսել»:
Վերընթերցեցի և «օտար
երկրում» ապրելը փոխարինեցի «օտարի պես ապրելով»: Այդպես էլ էր պարզ: Մինչ կուղարկեի
հեռագիրը, Պետերը հետաքրքրվում էր իր չվերթով: Երբ վերադարձավ, ասաց.
-Ամեն ինչ լավ է կամ
ավելի ճիշտ շատ վատ է: Շարժիչը վերանորոգել են. կմեկնեմ քսան րոպեից: Դուք պետք է սպասեք
մինչ ժամը յոթը: Ինձ հաճելի չէ Ձեզ միայնակ թողնել: Ուզու՞մ եք Ձեզ համար մի գիրք գնեմ:
-Ոչ,-ասացի ես: Առանց
այդ էլ մտածելու բաներ ունեմ:
-Վստա՞հ եք, որ չեք
զղջալու: Դեռ ժամանակ ունեք, սակայն հենց հեռագիրն ուղարկեք, շատ ուշ կլինի մտափոխվելու
համար:
Առանց պատասխանելու
հեռագիրը մեկնեցի աշխատակցին:
– Շտա՞պ ուղարկել
– հարցրեց նա:
– Այո, – այնուհետև
թևանցուկ արեցի Պետերին, - սիրելի Պետեր, ինձ այնպես է թվում, որ հին ընկերոջ եմ ճանապարհում:
Ի վիճակի չեմ կրկնել
այն ամենը, ինչ նա ասաց մնացած րոպեների ընթացքում: Նա ինձ կայնքի դասեր տվեց: Դուք
ինձ երբեմն ասել եք, որ տղամարդու հատկանիշներ ունեմ, որ հավատարիմ ընկերուհի եմ և
չեմ ստում: Այս բոլոր դրական հատկանիշների համար, եթե դա այդպես է, Պետերին եմ պարտական:
Վերջապես բարձրախոսը հայտարարեց.
«Նյու-Յորք մեկնող
ուղևորները պատրաստվեն 632 թռիչքին»: Պետերին ուղեկցեցի մինչև դռնակը, կանգնեցի ոտքերիս
ծայրերին և համբուրեցի նրան: Այլևս նրան երբեք չտեսա:
-Դուք նրան այլևս չե՞ք
տեսել: Ինչու՞, նրան հասցե չե՞ք տվել:
-Տվել եմ, սակայն նա
ինձ երբեք չի գրել: Կարծում եմ` նրան դուր էր գալիս այդպես անցնել մարդկանց կյանքի
միջով, ուղղություն ցույց տալ ու անհետանալ:
-Իսկ Դուք Լոնդոն մեկնելիս
չե՞ք փորձել նրան գտնել:
-Բայց ինչու՞: Նա ինձ
տվել էր, ինչպես ինքն էր ասում, ամենալավն, ինչ ուներ: Մենք այլևս չէինք ունենա այդ
գիշերվա անկրկնելի մթնոլորտը: Ոչ, այսպես լավ է: Պետք չէ փորձել վերապրել շատ կատարյալ
պահեր: Ասացեք, իրավացի չէ՞ի, ասելով, որ ապրել եմ կյանքիս ամենատարօրինակ արկածը.
մի մարդ, ով փոխեց ճակատագիրս, նա, ով ինձ ստիպեց ապրել Ֆրանսիայում և ոչ թե ԱՄՆ ում,
մի անծանոթ անգլիացի էր, որին պատահմամբ հանդիպել էի օդակայանում: Նա ինձ վրա թողեց
ամենախոր ազդեցությունը: Համաձա՞յն եք, որ հրաշք է:
-Այո, այս ամենը նման
է մի հին պատմության, երբ ծպտյալ աստվածությունը մուրացիկի կամ օտարականի տեսք է ստանում`
սովորական մահկանացուների հետ շփվելու համար: Իրականում, Մարսել, անծանոթը Ձեզ այնքան
էլ չէր վերափոխել, քանի որ Դուք վերջ ի վերջո ամուսնացել եք Ռենոյի հետ, որն այն նույն
մարդն է, ինչ որ Ջեկը. միայն անունն է տարբեր:
Նա մի պահ խորասուզվեց
մտքերի մեջ.
-Անշուշտ մարդու էությունը
չես փոխի, այլ կարող ես միայն աննշան փոփոխությունների ենթարկել:
Թարգմանությունը՝
Էվրիկա Երիցյան
Աղբյուրը՝ granish.org
Աղբյուրը՝ granish.org
Տես նաև Անդրե Մորուա Նովելներ
Անդրե Մորուա | Ընդմիջված չվերթ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 14, 2019
Rating:
