Անդրե Վյուրմսեր | Երկար մի պահի օվկիանոսը...


Երկար մի պահի օվկիանոսը, կոհակվելով արևի տակ, տղմոտեց ժայռափեշերը, մինչև որ նա պատասխանեց իր մոտ՝ կարկառին նստած ընկերոջը.

-Ոչ, ես հազվադեպ եմ մտածում այդ ստոր կնոջ մասին: Նա այն օձերից էր, որոնց պետք է կրունկի տակ ճզմել, այն պոռնիկներից, որոնք ծաղրում ու վարկաբեկում են միամիտ մարդկանց…
-Ի˜նչ ատելություն ես դեռ պահել սրտումդ: Հերիք չէ՞, որ գլուխը ջարդեցիր:
-Մուրճ գնելը իրավացիորեն համարվեց հանցանքի ապացույց: Մտքիս դրել էի, որ այդ կինը այլևս չվնասի: Բայց եթե դեռ ատում եմ, ապա հազվադեպ եմ մտածում այդ բոզի մասին: Ինձ հանգիստ չի տալիս նրա առաջին զոհը՝ իմ սիրուն նշանածը, իմ զվարթ կինը, իմ քնքուշը: Օ˜, դու չես կարող պատկերացնել, թե ինչքան երջանիկ էինք մինչև այն չարաբաստիկ օրը, երբ հայտնաբերեցի մյուսին: Կյանքը դժվար էր, աշխատանքը՝ տանջալի, երեկոները՝ չափազանց կարճ, բայց ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ծաղկաբույր թևերը փարվում էին պարանոցիս, խոշոր աչքերը թափանցում էին հոգուս խորքը, հապա չարաճճի ժպիտը, երբ զգալով իմ տենչը՝ հպվում էր մարմնիս, իսկ հետո՝ ուսիս անձնատուր եղած գլուխը, նրա նրբազգաց, գրեթե հարգալից լռությունը ինձ լսելիս… Փխրուն էակ, որ ողջ էությամբ ինձ էր նվիրված. «Տար ինձ ուր ուզում ես, գիշերը, ցերեկը, ամառը…»: Իսկ դու զարմանում ես, թե ինչո՞ւ եմ դեռ ասում այդ կեղտը, որից ազատեցի երկիրը: Ավելի զարմանալի չէ՞, որ չեմ դադարել ողբալ իմ անարատ, իմ խեղճ, իմ սիրասուն երեխային:
-Բայց ի՞նչ եղավ այդ կինը, որին այդքան փայփայել էիր:
-Ինչպե՞ս թե, դու հո լավ գիտես. ես ջնջխեցի նրա գանգը:
-Հանգստի ժամն ավարտված է, - գոռաց վերահսկիչը: Եվ երկու տաժանապարտները նորից լուռ ու մունջ բռնեցին ապաշխատանքի ճամփան:

Թարգմանությունը՝ Աննա Հակոբյանը

Տես նաև Անդրե Վյուրմսեր Նովելներ
Անդրե Վյուրմսեր | Երկար մի պահի օվկիանոսը... Անդրե Վյուրմսեր | Երկար մի պահի օվկիանոսը... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 18, 2019 Rating: 5
Технологии Blogger.