Ստեփան Զորյան | Հայր Սիմոնը

Ստեփան Զորյան
Ուշ, խավար երեկո է։ Դուրսը շրխկոցով անձրև է գալիս, այնքան վարար, որ գյուղացիներին թվում է, թե սկիզբն է մի նոր ջրհեղեղի։
Գյուղական քահանա տեր-Սիմոնի տանը, առիքից կախված լամպի պղտոր լույսի տակ, ընթրիքի են նստած ինքը՝ հայր Սիմոնը, նրա կինը — Մարթան, և նրանց հյուր՝ թեմական դպրոցների տեսուչ Սարյանը, որ երկու ժամ էր ինչ իջևանել էր այդտեղ։ Նա գնում էր մոտակա Նորաշեն գյուղի դպրոցը դիտելու, բայց անձրևի և գիշերը շուտ վրա հասնելու պատճառով՝ որոշեք գիշերել քահանայի տանը և վաղ առավոտյան ճանապարհ ընկնել։ Նա նոր էր տեսուչ նշանակվել և քահանայի տանն առաջին անգամն էր լինում։ Եվ երևի պատճառը դա էր, որ տեր-հայրը ամեն կերպ աշխատում էր սիրաշահել հյուրին ու զանազան հարցեր տալով՝ խոսում էր շարունակ։
— Ասում ես, դու տեսուչ եք, հա՞,— հարցնում էր նա եզակի ու հոգնակի։— Հը՜մ, լա՛վ պաշտոն է։ Մեծ ռոճիկ կառնեք, էնպես չի՞... Հը՞մ... Ասել կուզի՝ չինովնիկ ես կամ դրա պես մի բան, համա չներ չունեք... Իսկ չներ ունենալը՝ լավ բան է, էնպես չի՞...
Հյուրը, որ սաստիկ հոգնած էր մի ամբողջ գիշեր երկաթուղով և հինգ ժամ ձիով ճանապարհորդելուց, գրեթե ակամա էր պատասխանում քահանայի հարցերին և շարունակ մտածում էր, թե երբ պիտի իր համար անկողին պատրաստեն, որ մի քիչ հանգստանա։ Միևնույն ժամանակ նա սաստիկ ձանձրանում էր այդ խոսակցությունից, բայց որովհետև առաջին անգամն էր լինում այս տանը, աշխատում էր իրեն լուրջ ու քաղաքավարի պահել։
— Ասում ես, նորաշեն ես գնում հա՞...
— Այո։
— Էնտեղի վարժարանը տեսնելո՞ւ։
— Այո։
— Հը՜մ. Նորաշենը լավ տեղ է, համա էն տեղի վարդապետները ուրիշ տեսակ մարդիկ են... Հնենց էլի՜, ոնց ասեմ։ Նրանք ոչ մարդու պատիվ գիտեն, ոչ աստծու... Կաթղիկոսը ինքն էլ գա, դրանք բանի տեղ չեն դնիլ... Նրանցից մինը, գիտըմ չեմ, հայոց թե ռուսաց մշակում, ասում են, գրել է թե, մթամ ես անխելք մարդ եմ... Էդ բանն ասում է նրա համար, որ ես հիվանդներ եմ լավացնտւմ։ Ասում են (ես չեմ էլ կարդացել) գրում է, թե՝ խի՞ ա լավացնում... Բա թող անեմ մեռնե՞ն... Ասում եմ է՜, դրանք ո՛չ աստծու պատիվ գիտեն, ոչ մարդու։ Կաթղիկոսը ինքն էլ որ գա՝ բանի տեղ չեն դնիլ, ուր մնաց ինձ։
Եվ հայր Սիմոնը, ալեխառն միրուքը սղալելով, հառաչեց. ապա տեսնելով, որ հյուրը ախորժակով չի ընթր՛ում, նրա առաջը քաշեց լոբի, բողկ, աղցան։
— Համեցի՛ր, պարոնս, կեր, մի՛ ամաչիր... ափսոս որ պասին ես եկել, եթե ուտիսին շնորհ բերեիք...
Բայց Սարյանն այս անգամ հրաժարվեց, ասելով թե կշտացել է արդեն։ Նա թեև շատ բան չէր կերել, սակայն երկար անքնությունից ուտելու ախորժակ չուներ ու շարունակ քնելու, հանգստանալու մասին էր մտածում։
— Վա՜հ,— զարմացավ հայր Սիմոնը հյուրի սակավակերության վրա,— ի՜նչ կերար, որ կշտացար, տնաշեն։ Դրանով մարդ կկշտանա՞։ Տղամարդը, որ մի պինդ երկու-երեք բաժին կերակուր չուտի, կարա՞ կշտանա... Համեցեք, անուշ արա։
Սարյանը կրկին հրաժարվեց։ Այդ միջոցին բարձրահասակ և չորչորուկ իրիցկինը, որ շարունակ անխոս և ձեռքերը կրծքին դրած, նստած էր ամուսնու կողքին, կամաց ելավ տեղից ու անձայն քայլերով անցավ մյուս սենյակը։
Կնոջ դուրս գնալը նկատելովս հայր Սիմոնը ծանր հառաչեց և ուղղվեց նստած տեղը։
— Է՜հ, պարոնս, ես շատ անբախտ ծնող եմ,— ասաց տեր-հայրը հառաչանքով,— քանի որդի եմ ունեցել, բոլորն էլ չարդ տարել են, մնացել է մինը, էն էլ մի շաբաթ կըլի հիվանդ է. գիտըմ չեմ՝ ի՛նչ է պատահել... Երեկ դարման եմ խաշել վրա տվել, հլա տեսնենք ո՛նց կլինի, եթե լավանա ոչ՝ քարաբաղնիք եմ դնելու... տեսնենք։
Սարյանը, որ դարձյալ հանգստանալու մասին էր մտածում և համարյա թե անուշադիր էր քահանայի ասածներին, նրա վերջին խոսքերի վրա սթափվեց կարծես։
— Դարմա՜ն. բայց միթե դարմանը բուժում է,— հարցրեց։
Հայր Սիմոնը ժպտաց։
— Բաս, գիտես ոչ, որ դարմանը լավ հեքիմ է,— ասաց նա՝ միրուքը շփելով։— Դարմանը շատ լավ հեքիմ է, մեր գեղացիներից քանիսի՜ն եմ լավացրել։ Ի՜նչ տեսակ մրսած հիվանդ էլ ըլի, դարման խաշես վրա տաս, էն սհաթը կլավանա... Քանիսի՜ն եմ լավացրել...
Ընթրիքի վերջում հայր Սիմոնը Սարյանին առաջնորդեց մյուս սենյակը, ցույց տվավ հիվանդ որդուն, որը անկողնի մեջ, մի քանի վերմակով ծածկված, հազիվ շնչում էր ծանր ու ընդհատ, ապա այնտեղից դուրս գալով՝ առաջարկեց նրան թուղթ խաղալ։ Բայց Սարյանը, որովհետև քունը տանում էր, պատճառ բերեց, թե ինքը թուղթ խաղալ չգիտե։
— Վա՛հ,— զարմացավ հայր Սիմոնը,— մեր գեղեցիները ամենքը գիտեն... Դե՛ լավ,— ասաց նա, ցավելով, որ թղթախաղը գլուխ չեկավ,— որ էդպես է, կարդացած մարդ ես, լա՛վ-լա՛վ հեքիաթներ կիմանաս, մի հեքիաթ պատմիր լսենք։ Երկար գիշեր է, մարդու քուն չի տանում սկի։
Սարյանը դարձյալ ստեց, թե ինքը ոչ մի հեքիաթ չգիտե։ Հայր Սիմոնը կրկին զարմացավ, թե ինչպես է, որ ուսում, առած մարդը հհքիաթ չգիտի։
— Դե որ էդպես է,— ասաց նա քիչ լռելուց հետո,— ես մի լավ հեքիաթ գիտեմ, պատմեմ՝ լսի... երկար գիշեր է՝ մարդու քուն չի տանում սկի... Էս հեքիաթը շատ լավ հեքիաթ է։ Մի անգամ Նորաշենի տանուտերին ու գրագրին պատմեցի, նրանք շա՜տ հավանեցին...
Սարյանը հորանջելով ձգեց մղմղացող, կարծես հոդացավով բռնված ոտքերը և տխրությամբ նայեց քահանայի երեսին, ապա ժամացույցին։ 12-ն է, ե՞րբ պիտի հանգստանա...
Մինչ այդ, հայր Սիմոնը տախտակի վրա տեղավորվելուց հետո, ոտքերը ծալեց տաճկական ձևով և միրուքը մի քանի անգամ շփելով՝ սկսեց ծանր ու հանդիսավոր.
— Եղել է, չի եղել, վաղ ժամանակ մի թագավոր է եղել։ Էս թագավորն էնքան ոսկի, գանձ ու էրծաթ է ունեցել՝ էլ դու պրծար։ Բայց ունենում է մենակ մի տղա, էլ զատ չէ...
Սարյանն անհանգիստ, ասես ատամնացավով բռնված, շարունակ շուրջն էր նայում... Նրա աչքերը մղկտում էին, կարծես, արտասուքից թրջված, իսկ կոպերը փակվում էին ինքնաբերաբար։
— Էս թագավորի տղեն,— շարունակում էր հայր Սիմոնը տերողորմյայի հատիկները շրխկացնելով,— գնում է դեպի դևերի աշխարհը իր սիրած աղջիկը բերելու։ Էդ աղջիկն էլ էնքա՜ն, էնքա՜ն սիրուն է ըլում, էլ պրծա՜ր։ Մի խոսքով, ինչ ասեմ, հուրի-մալաք... Հա, պարոնս որ դու ես, էս թագավորի տղեն ճամփա է ընկնում ու գնում։ Գնո՜ւմ է, գնո՜ւմ, շատն ու քիչը աստված գիտի...
Երկար պատմում էր հայր Սիմոնը, մեկ էլ, հանկարծ գլուխը բարձրացնելով, նայեց Սարյանին։ Տեսուչը ննջում էր։ Տերտերը կամացուկ շարժեց նրա ծունկը և զարթեցրեց կրկին.
— Այ, լավ տեղն ենք հասել, պարոնս, լսեցեք,— ասաց նա, հյուրի դեմքին նայելով։— Քունդ տանո՞ւմ է. ոչի՜նչ, հիմի կվերջացնեմ՝ կքնենք... Հա, պարոնս որ դու ես, թագավորի տղեն գնո՜ւմ է, գնո՜ւմ...
Սարյանն աչքերը տրորելով ելավ տեղից։
— Ներեցեք, տեր-հայր, գլուխս ցավում է,— ասաց նա գլուխը բռնելով։
— Ա՛յ, հիմի կվերջացնեմ, քիչ է մնացել։
Սարյանը գլուխը բռնած սկսեց անցուդարձ անել, և մի քանի րոպեից կրկին հայտնեց, որ գլուխը սաստիկ է ցավում և թե լավ կլինի, որ իր համար անկողին պատրաստեն։
Հայր Սիմոնը տխրեց, որ հեքիաթը կիսատ մնաց, բայց կարգադրեց իրիցկնոջը՝ հյուրի համար անկողին պատրաստել։
Եվ տասը րոպե անց Սարյանն արդեն պառկած էր անկողնում։
Նրա սնարի մոտ կանգնել էր հայր Սիմոնը և խորհուրդ էր տալիս, որ նրա գլխին մի բան քսի, որպեսզի ցավը շուտով անցնի։ Սարյանը ոչինչ չէր կամենում, բայց հայր Սիմոնը պնդում էր, թե նրա գլուխն անպատճառ մրսել է, անհրաժեշտ է մի բան քսել քացախ կամ իծի ճրագու։
— Ո՛չ, ո՛չ, ոչինչ հարկավոր չէ,— ասում է Սարյանը, գլուխը վերմակով ծածկելով։
Բայց հայր Սիմոնը մնում էր անդրդվելի և իր միջոցներն էր առաջարկում՝ քացախի շիշը ձեռին բռնած։
— Քանիսի՜ն եմ լավացրել... Ախր ամոթ է ինձ համար, ղոնաղիս գլուխը ցավի ու ես դարման չանե՞մ... Թո՛ղ, պարոնս, էնպե՜ս քսեմ որ — չիմանաս... Մի անգամ էլ Քիլիսիայի տերտերի, էն նորընծա տեր-Հովսեփը գիտե՞ս, նրա գլուխն էր էդպես ցավում... Նա էլ քեզ պես հեքիաթը կիսատ թողեց, թե՝ «գլուխս ցավում է»։— «Խի՞, ա տեր», հարցրի։ Թե՝ «գիտըմ չեմ»։— Վեր կալա քացախ քսեցի, էն սհաթը անցկացավ։ Նա էլ քեզ պես «չեմ ու չում» էր անում, բայց վերջը լավացավ։ Հիմի քոնն է. հլա թո՛ղ, էնպե՜ս քսեմ, որ չիմանաս...
Ու հայր Սիմոնը, քացախը լցնելով բռան մեջ, քսեց Սարյանի ճակատին, քունքերին, կրկնելով.
— Ա՛յ, հիմի որ կլավանա՜. հիմի որ ցավը կանցնի՜։ Օխա՜յ, օխա՜յ...
Սարյանը ցնցվեց և բռնեց հայր Սիմոնի ձեռքը։
— Բավական է, բավական է,— ասաց նա անկողնի մեջ նստելով։— Բավական է, հարկավոր չէ, տեր-հայր։ Բավակա՛ն է...
Մի քանի րոպեից հետո հայր Սիմոնն անցավ մյուս սենյակը քթի տակ ինչ-որ քրթմնջալով։
Սարյանն իրեն թեթևացած զգալովի վերմակը քաշեց գլխին ու պատրաստվեց քնելու, սակայն փոքր անց, հարևան սենյակից ծանր հառաչանքի հետ լսեց դարձյալ հայր Սիմոնի ձայնը, որ ասում էր. «Օխա՜յ, օխա՜յ... ա՛յ էդպես, էդպե՜ս... օխա՜յ, օխա՜յ»...
«Հիմա էլ, երևի, որդու գլուխն է քացախ քսում»,— մտածեց Սարյանը։ Եվ փոքր անց քնեց սպանվածի պես, իսկ առավոտյան բավական ուշ զարթնելով՝ հայր Սիմոնին դարձյալ իր անկողնի մոտ գտավ՝ քացախի շիշը ձեռին բռնած։
— Լավ ես, հա՞,— հարցրեց նա։— Ինչ լա՜վ է... Իսկ ես ասի՝ թե ցավը չի անցել, նորից քսեմ։ Տեսա՜ր... ասի որ քացախը լավ է. հը՜մ...
Եվ հայր Սիմոնը գոհունակությամբ ժպտաց։
Քանի մի րոպե անց՝ Սարյանը հագնվեց և պատրաստվեց ճանապարհվելու։ Գիշերվա անձրևը դադարել էր վաղուց, պարզ երկնքից այժմ նայում էր արևը. ցեխոտ գետնից, խոնավ կտուրներից, և պատերի տակ թափված հին գերաններից առատ գոլորշի էր բարձրանում, ինչպես եռացրած ջրով լի կաթսաներից։ Քահանայի հարցին, թե ինչո՞ւ Սարյանն առանց թեյի, առանց հաց ուտելու է գնում, նա պատասխանեց, թե ուշացել է. ուզում է շուտ տեղ հասնել, որովհետև կարևոր, անհետաձգելի գործ ունի։
— Հա՜... Դե՛, որ էդպես է — գնա,— ասաց հայր Սիմոնը և, ինչ որ մտածելով, ավելացրեց,— Հա՛ մի բան ի ուզում ասել, պարոնս,— քեզ ոչխարի բուրդ հարկավոր չի ըլի՞։
— Ոչ,— պատասխանեց Սարյանը։
— Էժան կտամ։ Փութը օխտը մանեթով։ Ուրիշները տասնով, իննով են ծախում, ես, քու խաթեր համար, օխտով կտամ։
— Ինձ հարկավոր չի։
— Ափսո՛ս. լավ բուրդ է, գիտե՞ս. որ տեսնես — քեֆդ կգա...
Սարյանը լուռ էր։
— Հա, դե որ էդպես է, պարոնս,— շարունակեց տեր-հայրը,— եթե դու ուզում չես, խնդրեմ իմ խաթեր համար, եթե քաղաքում բուրդ ուզող ըլի, ասա իմ կուշտը գան, ես էժան կտամ։
— Շատ լավ,— խոստացավ Սարյանը։
— Լա՛վ կենաս, մտահան չանես ա՛յ, քու լավությունը մոռանալ չեմ։
— Մնա՛ք բարով, աստված քեզ հետ,— բարեմաղթեց հայր Սիմոնը և նորից ինչ-որ մտածելով՝ ավելացրեց։— Ետ դառնալու որ ըլիս, պարոնս,— էլի մեր տուն համեցիր...

Ստեփան Զորյան | Հայր Սիմոնը Ստեփան Զորյան | Հայր Սիմոնը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 02, 2020 Rating: 5
Технологии Blogger.