Լև Տոլստոյ | Առյուծն ու շնիկը

Լև Տոլստոյ
Լոնդոնում ցույց էին տալիս վայրի գազաններ և տեսնելու համար փող կամ շներ ու կատուներ էին վերցնում այդ գազաններին կերակրելու:
Մի մարդ ցանկացավ տեսնել գազաններին։ Փողոցում նա բռնեց մի շնիկ ու բերեց գազանանոց։ Նրան թողին, որ դիտի գազաններին, իսկ շնիկին գցեցին առյուծի վանդակը, որ առյուծն ուտի:
Շնիկը պոչը քաշեց և կուչ եկավ վանդակի մի անկյունում։ Առյուծը մոտեցավ ու հոտոտեց նրան։
Շնիկը պառկեց մեջքի վրա, բարձրացրեց թաթիկներն ու սկսեց պոչը շարժել։
Առյուծն իր թաթով շուռ տվեց նրան։
Շնիկը վեր թռավ և առյուծի առջև կանգնեց հետևի թաթիկների վրա։
Առյուծը նայում էր շնիկին, գլուխը, դես-դեն էր դարձնում և չէր դիպչում նրան։
Երբ տերը միս տվեց առյուծին, վերջինս մի մասը կերավ, մի մասն էլ թողեց շնիկին:
Երեկոյան, երբ առյուծը պառկեց քնելու, շնիկն էլ պառկեց նրա կողքին և իր գլխիկը դրեց նրա թաթին։
Այդ ժամանակվանից շնիկն ապրում էր վանդակում, առյուծի հետ: Առյուծը նրան չէր վնասում, ուտում էր իր կերը, քնում էր, երբեմն էլ խաղում նրա հետ:Մի անգամ շնիկի տերը եկավ գազանանոց և ճանաչեց նրան, ասաց, որ այդ շունն իր սեփականն է և խնդրեց վերադարձնել իրեն, բայց հենց որ սկսեցին շանը դուրս կանչել, առյուծը բարձրացավ ու մռնչաց:Առյուծն ու շնիկն այսպես մի ամբողջ տարի ապրեցին վանդակում:Մի տարուց հետո շնիկը հիվանդացավ ու սատկեց։ Առյուծն էլ չէր ուտում, հոտոտում, լիզում էր շանն ու թաթով փաղաքշում:Երբ նա հասկացավ, որ շնիկը սատկել է, հանկարծ թռչկոտեց, բարկացավ, սկսեց պոչով խփել ինքն իրեն, հարձակվել վանդակի պատերի վրա, կրծել փականքն ու հատակը:Ամբողջ օրը նա վանդակի մեջ դես-դեն գնում ու մռնչում, հետո պառկեց շան կողքին ու լռեց։ Տերն ուզում էր դուրս բերել սատկած շնիկին, բայց առյուծը ոչ ոքի նրան մոտիկ չէր թողնում: Տերը կարծում էր, թե առյուծը կմոռանա իր վիշտը, եթե նրան ուրիշ շուն տա, և նա վանդակը նետեց մի կենդանի շուն, բայց առյուծը իսկույն պատառոտեց նրան։ Հետո նա իր թաթով գրկեց մեռած շնիկին ու այդպես պառկեց հինգ օր։Վեցերորդ օրն առյուծը սատկեց։

Լև Տոլստոյ | Առյուծն ու շնիկը Լև Տոլստոյ | Առյուծն ու շնիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 26, 2020 Rating: 5
Технологии Blogger.