Կառլո Կոլլոդի | XXIII. Պինոքիոն ողբում է կապույտ մազերով փոքրիկ, գեղեցիկ աղջկա մահը։ Այնուհետև մի աղավնի է գտնում, որը նրան տանում է ծովափ, նետվում է ծովը՝ իր հայր Ջեպետտոյին օգնելու համար

Կառլո Կոլլոդի
Հենց որ Պինոքիոն դադարեց զգալ պարանոցը ճնշող ստորացուցիչ շնակապի ծանրությունը, սկսեց փախչել այգիների միջով, և ոչ մի րոպե կանգ չառավ, մինչև որ հասավ կենտրոնական փողոց, որը նրան կրկին տանելու էր Ֆեյայի տուն։

Կենտրոնական փողոց հասնելուց հետո շուռ եկավ՝ ներքևում գտնվող հարթավայրին նայելու։ Հրաշալի երևում էր այն անտառը, որտեղ նա դժբախտաբար հանդիպել էր Աղվեսին ու Կատվին, երևում էր նույնպես ծառերի միջից վեր բարձրացող այն մեծ Կաղնու գագաթը, որտեղից կախված էր եղել ինքը, բայց ինչքան էլ այս ու այն կողմ նայեց, հնարավոր չեղավ տեսնել կապույտ մազերով գեղեցիկ ու փոքրիկ աղջկա տնակը։

Այն ժամանակ նրան պատեց ինչ-որ տխուր նախազգացում։ Վերջին ուժերը հավաքելով, նորից սկսեց վազել և մի քանի րոպեից հետո հասավ այն մարգագետնին, որտեղ առաջ սպիտակ տնակն էր բարձրանում։ Բայց սպիտակ տնակն այլևս չկար։ Նրա տեղը գտնվում էր մի փոքրիկ մարմարյա քար, որի վրա փորագրված էին այս տխուր բառերը.

ԱՅՍՏԵՂ ՀԱՆԳՉՈՒՄ Է ԿԱՊՈՒՅՏ ՄԱԶԵՐՈՎ ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ,

ՈՐԸ ՎՇՏԻՑ ՄԱՀԱՑԱՎ, ԵՐԲ ԻՐ ՓՈՔՐԻԿ ԵՂԲԱՅՐ ՊԻՆՈՔԻՈՆ ԼՔԵՑ ՆՐԱՆ

Թե ինչ պատահեց Պինոքիոյին՝ գիրկապ անելով այս բառերը կարդալուց հետո, ձեզ եմ թողնում պատկերացնելու։

Նա երեսի վրա փռվեց գետնին և, բյուր համբույրներով ծածկելով մարմարյա գերեզմանաքարը, սկսեց ողբալ ու հեկեկալ։ Ողբաց ողջ գիշերը և հաջորդ օրը՝ առավոտյան լուսաբացին դեռ շարունակում էր ողբալ, թեև աչքերում այլևս արցունքներ չկային։ Եվ նրա լացն ու դառը տրտունջներն այնքան սուր ու բարձրաձայն էին, որ շրջակայքի ողջ բլուրներն էլ արձագանքում էին։

Նա լաց էր լինում ու ասում.

— Ա՜խ, իմ բարի Ֆեյա, ինչո՞ւ ես մեռել․․․ ինչո՞ւ քո փոխարեն չմեռա ես, որ այսքան վատ տղա եմ։ Չէ՞ որ դու անչափ բարի էիր․․․ Իսկ հայրս, որտե՞ղ գտնեմ ես նրան։ Օ՜, բարի Ֆեյա, ասա, որտե՞ղ կարող եմ գտնել նրան, որպեսզի սրանից հետո միշտ ապրեմ նրա հետ և այլևս չլքեմ նրան, չլքեմ, չլքեմ․․․ Ա՜խ, բարի Ֆեյա, ասա, որ դու չես մեռել․․․ եթե իսկապես սիրում ես ինձ․․․ եթե սիրում ես քո փոքրիկ եղբորը․․․ կենդանացի՛ր կրկին․․․ վերադարձի՛ր կենդանի՝ ինչպես առաջ էիր․․․ մի՞թե չես խղճում՝ տեսնելով ինձ մենակ ու լքված բոլորի կողմից, եթե կրկին գան ավազակները, ինձ նորից կկախեն ծառի ճյուղից․․․. Եվ այն ժամանակ ես հավիտյան կմեռնեմ։ Ես մենակ ի՞նչ կարող եմ անել այս աշխարհում։ Այժմ, երբ կորցրել եմ քեզ և հորս, ո՞վ ինձ կկերակրի։ Ո՞ւր գնամ գիշերները քնելու համար։ Ո՞վ ինձ համար նոր բլուզ կկարի։ Ա՜խ, լավ կլիներ, հազար անգամ լավ կլիներ, եթե ես էլ մեռնեի։ Այո՛, թող ես էլ մեռնեմ, իհի՛, իհի՛, իհի՛․․․

Եվ այդ հուսալքության պահին բուրատինոն ձեռքը տարավ դեպի գլուխը, որ մազերը պոկի, բայց որովհետև մազերը փայտից էին, չկարողացավ նույնիսկ մատները մազերի մեջ խրել՝ գոնե իր ցանկությանը մի փոքր բավարարություն տալու համար։

Այդ ժամանակ վերևից անցնող մի մեծ աղավնի թևերը փռած կանգ առավ և ձայն տվեց իր բարձրությունից.

— Ասա՛ ինձ, փոքրիկ տղա, ի՞նչ ես անում այդտեղ, ներքևում։

— Չե՞ս տեսնում, որ լաց եմ լինում,— պատասխանեց Պինոքիոն, վեր բարձրացնելով գլուխը դեպի ձայնի կողմը և բլուզի թևերով աչքերը տրորելով։

— Ասա՛ ինձ,— վրա բերեց այն ժամանակ Աղավնին,— չե՞ս ճանաչում, արդյոք, քո ընկերների մեջ մի բուրատինոյի, որի անունը Պինոքիո է։

— Պինոքիո՞․․․ ասացիր Պինոքիո՞,— կրկնեց բուրատինոն, անմիջապես տեղից վեր թռչելով։— Պինոքիոն ե՛ս եմ։

Այդ պատասխանի վրա Աղավնին սուրաց ներքև ու կանգնեց գետնին։ Նա հնդկահավից մեծ էր։

— Ուրեմն, երևի Ջեպետտոյին էլ ճանաչես։

— Երևի ճանաչե՞մ։ Նա իմ հա՛յրն է։ Գուցե քեզ պատմե՞լ է իմ մասին։ Ինձ չե՞ս տանի նրա մոտ։ Բայց նա դեռ ողջ-առո՞ղջ է․․․ Շո՛ւտ ասա, պատասխանի՛ր, կենդանի՞ է դեռ։

— Երեք օր է, ինչ ես նրան թողել եմ ծովափին։

— Ի՞նչ էր անում։

— Մի նավակ էր պատրաստում օվկիանոսի այն կողմն անցնելու։ Խեղճ մարդն արդեն չորս ամսից ավելի է, ինչ քեզ գտնելու համար շրջում էր ամբողջ աշխարհը և չի կարողանում գտնել։ Հիմա էլ գլուխն է մտել՝ ուզում է գնալ Նոր աշխարհի հեռավոր երկրներում որոնել։

— Ինչքա՞ն կլինի այստեղից մինչև ծովափ,— անհանգստացած հարցրեց Պինոքիոն։

— Հազար կիլոմետրից ավելի է։

— Հազար կիլոմե՞տր․․․ Ա՜խ, իմ Աղավնի, ինչքա՜ն լավ կլիներ, եթե քո թևերն իմը լինեին․․․

— Եթե ուզում ես գնալ, կարող եմ քեզ տանել այնտեղ։

— Ինչպե՞ս։

— Մեջքիս նստեցրած։ Շա՞տ ծանր ես։

— Ծա՞նր․․․ Ընդհակառակը, թեթև բմբուլ եմ։

Այլևս առանց երկար ու բարակ խոսելու Պինոքիոն թռավ Աղավնու մեջքին և, մի ոտքը այս կողմ գցելով, մյուսն այն կողմ, ինչպես ձիամարզիկներն են անում, ինքնագոհ գոչեց.

— Քառատրո՛փ արշավով, քառատրո՛փ արշավով, ձիուկ, որովհետև ինձ անհրաժեշտ է շուտ տեղ հասնել․․․

Հասնելով մի շատ արտասովոր բարձրության, բուրատինոն հետաքրքրությունից շուռ եկավ, որ ներքև նայի, բայց սարսափից գլուխն այնպես պտտվեց, որ վայր չընկնելու համար ձեռքն ամուր փաթաթեց իր փետրավոր նժույգի վզին։

Թռչեցին ամբողջ օրը։ Իրիկնադեմին Աղավնին ասաց.

— Ես անչափ ծարավ եմ։

— Ես էլ անչափ սոված,— վրա բերեց Պինոքիոն։

— Մի քանի րոպե կանգ առնենք այս աղավնատանը, որից հետո կշարունակենք մեր ճամփան։ Վաղը լուսադեմին ծովափին կլինենք։

Մտան մի ամայի աղավնատուն, որտեղ միայն մի փոքր թաս ջուր կար, մի լիքը զամբյուղ էլ վիկ։

Բուրատինոն վիկ տանել չէր կարող. նույնիսկ անունը լսելիս սիրտը խառնում էր և սկսում էր որձկալ, բայց այդ երեկո այնքան կերավ, որ էլ տեղ չմնաց։ Երբ կերել և գրեթե վերջացրել էր, շուռ եկավ դեպի Աղավնին և ասաց.

— Ես երբեք չէի կարծում, որ վիկն այսքան լավ կլինի։

— Անհրաժեշտ է համոզվել, տղաս,— պատասխանեց Աղավնին,— որ եթե մարդ իսկապես քաղցած է և ուտելու այլ բան չկա, ապա նույնիսկ վիկը գաթա է թվում։ Քաղցը ոչ համառություն գիտե, ոչ էլ լավն ու վատը ջոկել։

Թռչելուց առաջ մի փոքր նախաճաշեցին և, նորից ճամփա ընկնելով, հայդա՝ գնացին։ Հաջորդ առավոտյան հասան ծովափ։

Աղավնին վայր իջեցրեց Պինոքիոյին և, չցանկանալով նեղություն պատճառել լավության դիմաց շնորհակալություն հայտնելու համար, նորից սլացավ վեր և անհետացավ։

Ծովափը լեփ-լեցուն էր մարդկանցով, որոնք աղաղակում էին և, նայելով դեպի ծովը, ձեռքով-ոտքով էին անում։

— Այդ ի՞նչ է պատահել,— հարցրեց Պինոքիոն մի ծեր կնոջ։

— Այն է պատահել, որ մի խեղճ հայր իր փոքրիկ տղային կորցրել է, հիմա էլ մի նավակ է վերցրել, որպեսզի գնա ծովի այն կողմը նրան որոնելու։ Բայց ծովն այսօր այնքան գազազած է, որ հիմա որտեղ որ է նավակը կխորտակվի․․․

— Որտե՞ղ է այդ նավակը։

— Այ այնտեղ, մատիս ուղղությամբ,— պատասխանեց ծեր կինը, ցույց տալով մի նավակ, որն այդ տարածության վրա կարծես թե ընկույզի կճեպ լիներ, իսկ միջի մարդն այնքան փոքր, այնքան փոքր, որ հազիվ էր երևում։

Պինոքիոն աչքերը գցեց այն կողմը և, ուշադրությամբ դիտելուց հետո, մի սուր ճիչ արձակեց, բացականչելով.

— Դա իմ հա՛յրն է, դա իմ հա՛յրն է։

Մինչդեռ նավակը կատաղի ծովում մերթ անհետանում էր փրփրաբաշ ալիքների տակ, մերթ նորից հայտնվում։ Պինոքիոն մի բարձր քարափի ծայրին ցցված, չէր դադարում հորը ձայն տալուց ու ձեռքերով, թաշկինակով և նույնիսկ գլխարկով հազար ու մի տեսակ շարժումներ անելուց։ Եվ թվաց, թե Ջեպետտոն, թեկուզ և ափից անչափ հեռու, նույնպես ճանաչեց իր տղային, որովհետև նա էլ իր հերթին հանեց գլխարկը և ողջունեց, բազմաթիվ շարժումներով մի կերպ հասկացնելով, որ մեծ ուրախությամբ ետ կդառնար, բայց ծովն այնքան մեծ է, որ հնարավոր չէ թիակներով հաղթել նրան ու ափ հասնել։

Բոլորովին անսպասելի վրա հասավ մի սոսկալ ալիք և նավակն անհայտացավ։

Սպասեցին, որ նավակը կրկին ջրի երեսը բարձրանա, բայց այլևս այդպես էլ չերևաց։

— Խե՜ղճ մարդ,— ասացին ձկնորսները, որոնք այդ ժամանակ հավաքվել էին ափին և, կիսաձայն ինչ-որ աղոթք մրմնջալով, շարժվեցին դեպի իրենց տները։

Հենց այդ րոպեին նրանք մի հուսահատ ճիչ լսեցին և, շուռ գալով, տեսան մի փոքրիկ տղայի, որը քարափի ծայրից ծով նետվեց բացականչելով.

— Ես հորս փրկե՜լ եմ ուզում։

Պինոքիոն փայտից լինելով, հեշտությամբ մնաց ջրի երեսին և սկսեց լողալ, ինչպես ձուկ։ Նա մերթ անհայտանում էր, խորասուզվելով թավալվող ալիքների տակ, մերթ կրկին հայտնվում ափից հսկայական հեռավորության վրա։ Վերջապես մարդիկ նրան աչքներից կորցրին և այլևս չտեսան։

— Խե՜ղճ երեխա,— ասացին ձկնորսները, որոնք կրկին հավաքվել էին ափին և, կիսաձայն ինչ-որ աղոթք մրմնջալով, գնացին իրենց տները։


Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Կառլո Կոլլոդի | XXIII. Պինոքիոն ողբում է կապույտ մազերով փոքրիկ, գեղեցիկ աղջկա մահը։ Այնուհետև մի աղավնի է գտնում, որը նրան տանում է ծովափ, նետվում է ծովը՝ իր հայր Ջեպետտոյին օգնելու համար Կառլո Կոլլոդի | XXIII. Պինոքիոն ողբում է կապույտ մազերով փոքրիկ, գեղեցիկ աղջկա մահը։ Այնուհետև մի աղավնի է գտնում, որը նրան տանում է ծովափ, նետվում է ծովը՝ իր հայր Ջեպետտոյին օգնելու համար Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 28, 2022 Rating: 5
Технологии Blogger.