Անդրեյ Պլատոնով | Երկաթյա պառավը

Անդրեյ Պլատոնով
(Ֆանտաստիկ պատմվածք)

Ծառի վրա աղմկում էին տերեւները, նրանց մեջ երգում էր աշխարհով մեկ շրջող քամին:

Մանկահասակ Եգորը նստած էր ծառի տակ եւ լսում էր տերեւների ձայնը, նրան հեզահամբույր քրթմնջացող բառերը:

Եգորն ուզում էր իմանալ, թե ինչ են նշանակում այդ քամու բառերը, ինչի մասին են նրանք իրեն ասում, եւ նա հարցնում էր, դեմքը քամուն դարձրած.

– Դու ո՞վ ես: Ի՞նչ ես դու ինձ ասում:

Քամին լռում էր, կարծես նա ինքն էր այդ պահին լսում տղային, իսկ հետո դարձյալ դանդաղ քրթմնջում էր, տերեւները շարժելով ու նախկին բառերը կրկնելով:

– Դու ո՞վ ես,- նորից հարցրեց Եգորը, ոչ մեկին չտեսնելով:

Ոչ ոք այլեւս նրան չպատասխանեց, քամին գնաց, իսկ տերեւները ննջեցին: Եգորը սպասեց, թե ինչ կլինի հիմա, եւ տեսավ, որ արդեն գալիս է երեկոն: Ուշ արեւի դեղին լույսը լուսավորել էր հինավուրց աշնանային ծառը, եւ ապրելն ավելի տաղտկալի էր դարձել: Պետք էր գնալ տուն, ընթրել, խավարի մեջ քնել: Իսկ Եգորը քնել չէր սիրում, նա սիրում էր անդադար ապրել, որ տեսներ այն ամենը, ինչ ապրում էր առանց նրա, եւ ափսոսում էր, որ գիշերը պետք է փակես աչքերդ, եւ այդ ժամանակ աստղերը վառվում են երկնքում մենակ, առանց նրա մասնակցության:

Նա բարձրացրեց բզեզին, որ սողում էր խոտերի վրայով գիշերելու, եւ նայեց նրա փոքրիկ անշարժ դեմքին, սեւ բարի աչքերին, որոնք միաժամանակ նայում էին Եգորին եւ ողջ աշխարհին:

– Դու ո՞վ ես,- հարցրեց Եգորը բզեզից:

Բզեզը ոչինչ չպատասխանեց, բայց Եգորը հասկանում էր, որ բզեզը ինչ-որ բան գիտի, ինչը ինքը՝ Եգորը, չգիտի, բայց միայն թե նա փոքր է ձեւանում, նա դիտմամբ է բզեզ ձեւանում եւ լռում է, իսկ ինքը բզեզ չի, այլ եւս ինչ-որ բան` անհայտ է ով:

– Դու խաբում ես,- ասաց Եգորը եւ նրան մեջքով վեր դարձրեց, որ տեսնի, թե ով է նա:

Բզեզը լռում էր. նա չար ուժով շարժում էր իր պինդ տոտիկները, պաշտպանելով կյանքը մարդուց եւ չընդունելով նրան: Եգորին զարմացրեց բզեզի համառ խիզախությունը, նա սիրեց նրան եւ ավելի շատ համոզվեց, որ դա բզեզ չի, այլ ինչ-որ առավել կարեւոր ու խելոք մեկը:

– Դու խաբում ես, թե դու բզեզ ես,- արտաբերեց շշուկով Եգորը հենց բզեզի դեմքին, հափշտակվածությամբ զննելով նրան: -Դու մի ձեւացիր, ես, միեւնույն է, կպարզեմ, թե դու ով ես: Ավելի լավ է միանգամից բացվիր:

Բզեզը բոլոր տոտիկներն ու թաթիկները թափահարեց Եգորի վրա: Այդժամ Եգորը այլեւս նրա հետ չվիճեց:

– Երբ ես քո ձեռքն ընկնեմ, ես էլ ոչինչ չեմ ասի,- եւ նա բզեզին օդ բաց թողեց, որպեսզի նա իր գործով թռչի:

Բզեզը սկզբում թռավ, իսկ հետո նստեց հողին եւ քայլեց տոտիկներով: Եվ Եգորը հանկարծ առանց բզեզի ձանձրացավ: Նա հասկացավ, որ այլեւս երբեք նրան չի տեսնի, եւ եթե տեսնի, ապա չի ճանաչի նրան, որովհետեւ գյուղում շատ այլ բզեզներ կան: Իսկ այս բզեզը ինչ որ կապրի, իսկ հետո կմեռնի, եւ բոլորը նրան կմոռանան, մեն-միայն Եգորը կհիշի այդ անհայտ բզեզին:

Չորացած տերեւն ընկավ ծառից: Նա մի ժամանակ հողից աճել էր ծառի վրա, երկար նայում էր երկնքին եւ հիմա դարձյալ երկնքից վերադառնում էր դեպի հողը, ինչպես երկար ճամփից տուն դառնար: Տերեւի վրա մի գորշ որդ էր սողացել, վտիտ ու դժգույն:

– Բայց սա ո՞վ է,- շվարեց Եգորը որդի առաջ,- նա անաչք ու անգլուխ է, ինչի՞ մասին է նա մտածում: Եգորը վերցրեց որդին ու տարավ նրան իր տուն:

Արդեն լրիվ երեկո էր, խրճիթներում լույսեր էին վառվել, բոլոր մարդիկ ժողովվել էին դաշտերից, որ միասին ապրեն, որովհետեւ ամենուր մթնել էր:

Տանը մայրը Եգորին ընթրիք տվեց, հետո նրան կարգադրեց պառկել քնել եւ նրան գլխովին ծածկեց գիշերվա վերմակով, որպեսզի նա չվախենա քնել ու սարսափելի ձայներ չլսի, որոնք երբեմն լսվում են գիշերվա կեսին դաշտերից, անտառներից ու ձորակներից: Եգորը թաքչել էր վերմակի տակ ու բացել էր ձախ ձեռքը, ուր անընդհատ գտնվում էր որդը:

– Դու ո՞վ ես,- ասաց Եգորը, որդը դեմքին մոտեցնելով:

Որդը ննջել էր, նա բաց արված ձեռքում չէր շարժվում: Նրանից գետի, թարմ հողի ու խոտի հոտ էր գալիս, նա փոքր էր, մաքուր ու հեզաբարո, երեւի, երեխա է դեռ, իսկ գուցե եւ, արդեն նիհար փոքրիկ ծերուկ:

– Ինչո՞ւ ես դու ապրում,- ասում էր Եգորը: -Քեզ լա՞վ է, թե՞ վատ:

Որդը շրջվել էր ափի վրա, գիշերը զգալով ու հանգիստ կամենալով: Բայց Եգորը չէր ուզում քնել` նա դեռ ուզում էր ապրել, ինչ-որ մեկի հետ խաղալ, նա ուզում էր, որպեսզի արդեն միանգամից պատուհանից այն կողմ լուսաբաց լիներ եւ, որ կարելի լիներ անկողնուց ելնել: Բայց դրսում գիշեր էր` նոր սկսված, երկար, այն ամբողջովին չես քնի, եւ եթե նիրհես, միեւնույն է, մինչեւ լուսաբաց կզարթնես, այն սարսափելի ժամին, երբ բոլորը քնած են, եւ մարդիկ, եւ խոտերը, իսկ արթանացած մարդը աշխարհի երեսին մենակ է լինում` նրան ոչ ոք չի տեսնում եւ չի հիշում:

Որդը պառկած էր Եգորի ձեռքում:

– Արի ես դու լինեմ, իսկ դու` ես,- ասաց որդին Եգորը: -Ես այդ ժամանակ կիմանամ, թե ով ես դու, իսկ դու կդառնաս ինչպես ես, դու մարդ կլինես, քեզ ավելի լավ կլինի:

Որդը չէր համաձայնվում, նա, երեւի, արդեն քնել էր, չմտածելով, այն մասին, թե ով է Եգորը:

– Ես ձանձրացել եմ անընդհատ Եգորն ու Եգորը լինելուց,- ասում էր տղան մենակ: -Ես ուզում եմ էլի ինչ-որ մեկը լինել: Զարթնիր, որդուկ: Արի քեզ հետ զրուցենք` դու իմ մասին մտածիր, իսկ ես էլ՝ քո մասին…

Մայրը լսեց որդու խոսակցությունն ու մոտեցավ նրան: Նա դեռ քնած չէր, նա գնում էր խրճիթով մեկ ու ավարտին էր հասցնում վերջին գործերը, որոնք չէր հասցրել ցերեկն անել:

– Դու ինչ այնտեղ չես քնում, մրթմրթում ես, միմոսի մեկը,- ասաց նա ու վերմակը ձգեց Եգորի ոտքերի տակ: -Քնիր: Թե չէ երկաթյա պառավը քայլում է դաշտում խավարի մեջ, նա փնտրում է նրանց, ովքեր չեն քնում, եւ իր հետ տանում է:

– Մայրիկ, իսկ նա ո՞վ է,- հարցրեց Եգորը:

– Նա երկաթյա է, նա չի երեւում, նա մթության մեջ է ապրում, նա ահով է վախեցնում, իսկ մարդկանց սիրտը կանգնում է…

– Իսկ նա ո՞վ է:

– Դե, Աստված գիտի, որդյակ: Դու քնիր,- ասաց մայրը: -Դու նրանից մի վախեցիր, նա գուցե ոչ ոք է, չքավոր ինչ-որ պառվուկ:

– Իսկ նա որտե՞ղ է ապրում,- իմանում էր Եգորը:

Նա ձորակներով է քայլում, խոտ է փնտրում, չոր ոսկորներ է կրծում, եւ երբ մեկը մեռնում է` նա ուրախ է, նա ուզում է մենակ մնալ աշխարհի երեսին, եւ հա ապրում է ու ապրում, հա ուզում է հասնի այն պահին, որ բոլորը մեռնեն եւ նա մենակ կքայլի, երկաթյա պառավը: Դե, հիմա քնիր, նա բակերով չի քայլում, ես դուռը փակեմ…

Մայրը հեռացավ որդուց: Եգորը որդը թաքցրեց բարձի տակ, որպեսզի նա այնտեղ տաքուկ քնի ու ոչնչից չվախենա:

– Մայրիկ, իսկ դու ո՞վ ես,- հարցրեց նա:

Բայց մայրը նրան ոչինչ չպատասխանեց: Նա որոշեց, որ Եգորը մի քիչ էլ կխոսի, կխոսի ու կքնի, նրա քունը, երեւի թե, տանում է:

«Իսկ ո՞վ եմ ես,- մտածում էր Եգորն ու չգիտեր: -Ես էլ ինչ-որ մեկն եմ: Էնպես չի լինում, որ ես ոչ ոք լինեմ»:

Երկնքում լռություն տիրեց: Մայրը պառկեց, հայրը վաղուց արդեն քնած էր: Եգորն ականջ դրեց: Դրսում երբեմն ճռռում էր հյուսացանկը, այն շարժում էր հյուսացանկի մոտ աճող թխկին: Եգորը նկատել էր, որ անգամ ամենահանդարտ եղանակին թխկին փոքր-ինչ օրորվում է, ասես ինչ-որ տեղ ձգվում է, ուզում է շուտ աճի կամ տեղից պոկվի ու գնա, եւ հյուսացանկը միշտ ճռռում է նրանից, բողոքելով անհանգստությունից: Տաղտկալի է, երեւի, ծառ լինելը, նա մի տեղում է ապրում:

– Մայրիկ,- ցածր կանչեց Եգորը եւ գլուխը վերմակի տակից դուրս հանեց: -Ի՞նչ բան է թխկին:

Բայց մայրը քնել էր, ոչ ոք ոչինչ չպատասխանեց Եգորին: Նա նայեց կիսախավարին: Կորեկի դաշտին նայող պատուհանը փայլկտում էր գիշերվա աղոտ լույսով, ասես պատուհանի ետեւում անշարժ ջրի խորությունը լիներ: Եգորը նստեց տեղաշորի մեջ, մտածելով այն մասին, թե ինչ է կատարվում հիմա մթին դաշտում, եւ ով է այնտեղ մի խուրջին հացով հեռու ճամփա գնում: Երեւի ինչ-որ մեկը գնում է դատարկ ճանապարհով եւ ոչնչից չի վախենում: Ո՞վ է նա:

Հեռվում ինչ-որ մեկը երկար հոգոց հանեց, հետո տնքաց ու լռեց: Եգորը հայացքը հառել էր պատուհանին` մթին հողի նախկին լույսը լուսավորում էր ապակին, բայց թախծոտ, տնքացող ձայնը նորից կրկնվեց` արդյո՞ք դա հեռվում կառք էր գնում, թե՞ երկաթյա պառավն էր քայլում ձորակով եւ տոչորվում էր, որ մարդիկ ապրում ու ծնվում են, իսկ նա այդպես էլ չի հասնում այն օրվան, երբ մենակ կլինի աշխարհի երեսին: «Կգնամ, ամեն բան կիմանամ,- որոշեց Եգորը:- ի՞նչ է այնտեղ գիշերով, ո՞վ է պառավը»:

Նա հագավ վարտիքն ու բոբիկ դուրս եկավ: Թխկին շարժում էր ճյուղերը, պատրաստվելով ճամփա ընկնել, կոթուկները քսվում էին հյուսացանկին, եւ կովը որոճում էր ցախատանը: Բակում ոչ ոք քնած չէր:

Պայծառ աստղերը փայլատակում էին երկնքում, նրանք այնտեղ այնքան շատ էին, որ մոտ էին թվում, այդ պատճառով գիշերը աստղերի տակ նույնքան սարսափելի չէր, որքան կեսօրին դաշտային ծաղիկների մեջ:

Եգորը անցավ կորեկի դաշտը, անցավ ննջած, շշնջացող արեւածաղիկների մոտով եւ անտերունչ, մոռացված ճանապարհով ուղղվեց դեպի ձորակը:

Ձորակը հին էր, այն չէր թացացնում առատ ջուրը, եւ այնտեղ աճել էին մոլախոտն ու մացառուտը: Ծերունիներն ու պառավները այստեղ ժողվում էին շիվերը ու ձմեռ ժամանակ խրճիթներում դրանցից կողովներ էին հյուսում:

Երբ Եգորն անցավ մոլախոտի ու թփուտների մացառուտները եւ հայտնվեց ձորակի հատակին, ապա տեսավ, որ այստեղ ավելի մութ ու լուռ է, քան երկրի երեսին. ոչ խոտի ծեղը, ոչ տերեւը չէին շարժվում այստեղ, եւ նա սարսափեց:

– Աստղեր, ինձ նայեք,- շշնջաց Եգորը,- թե չէ, ես վախենում եմ մենակ:

Բայց ձորակում ընդամենը երեք աստղեր էին երեւում, եւ դրանք թույլ պեծկլտում էին հեռավոր, հեռացող բարձրության վրա, ասես նրանք հեռանում ու խամրում էին այնտեղ մթության մեջ:

Եգորը ձեռք տվեց խոտերին, փոքրիկ մի քար տեսավ, հետո օրորեց մոլախոտը, ճիշտ նույնպիսինը, ինչպիսին իր բակում էր, եւ վախից ուշքի եկավ, ոչինչ, չէ՞ որ նրանք բոլորն ապրում են այստեղ ու չեն վախենում, եւ նա էլ նրանց հետ կլինի: Շուտով նա նկատեց մի փոքրիկ քարանձավ, որը փորված էր ձորակի ստորոտին, որպեսզի այնտեղից կավ հանեին, եւ խցկվեց այնտեղ: Նա հիմա կամեցավ փոքր-ինչ ննջել, օրվա ընթացքում ապրելուց ու քայլելուց ուժասպառվել էր:

– Իսկ հենց երկաթյա պառավը կողքովս անցնի, ապա ես նրան ձեն կտամ,- ասաց Եգորն ինքն իրեն, կծկվելով հողում գիշերային զովից, աչքերը փակեց:

Բացարձակ լռություն տիրեց, եւ ամեն ինչ համրացել էր, բոլոր աստղերը ծածկել էր երկնային թուխպը, եւ խոտերը կախվել էին, հանց մեռյալներ:

Թախծոտ մի ձայն հնչեց այդ հողի ներքեւում, որպես բոլոր մեռած մարդկանց ափսոսանքի հոգոցը: Եգորը մեկեն բացեց աչքերը, քնի մեջ լսելով այդ տանջալից ձայնը: Նրա գլխավերում կանգնած էր մարդու մթին մարմինը, մեծ եւ աղոտ շրջապատող սեւ գիշերից, պատրաստ լինելու եւ պատրաստ անհետանալու:

– Դու ո՞վ ես,- հարցրեց Եգորը: -Դու պառա՞վն ես:

– Պառավը,- ասաց պառավը:

– Իսկ դու երկաթյա՞ ես… Ինձ երկաթյան է պետք:

– Ես քո ինչի՞ն եմ պետք,- հարցրեց երկաթյա պառավը:

– Ես ուզում եմ քեզ տեսնել` դու ո՞վ ես, դու ինչո՞ւ ես,- ասում էր Եգորը:

– Մեռնելիս կլինես, այդ ժամանակ կասեմ,- պատասխանեց պառավի ձայնը:

– Ասա, ես կմեռնեմ,- համաձայնվեց Եգորը կավե գնդիկը ձեռքն առնելով, որպեսզի ծեփի պառավի աչքերը ու հաղթի նրան:

– Արի մոտս, ես քո ականջին կասեմ,- եւ պառավն առաջին անգամ շարժվեց, եւ կրկին հնչեց շրշացող երկաթի կամ չորացած ոսկորների ճռթճռթոցը,- եկ ինձ մոտ, ես ամեն ինչ քեզ կասեմ, եւ դու այդժամ կմահանաս: Թե չէ դու փոքր ես, դու դեռ շատ պիտի ապրես, եւ ես երկար պիտի սպասեմ քո մահվանը: Խղճա ինձ, ես ծեր եմ:

– Իսկ դու ո՞վ ես, դու ասա,- իմանում էր Եգորը:- Դու ինձնից մի վախեցիր, ես քեզնից չեմ վախենում:

Պառավը հակվեց դեպի Եգորը ու սկսեց մոտենալ նրան: Տղան մեջքով սեղմվեց հողին իր քարանձավում եւ բաց աչքերով նայում էր իր վրա կռացող երկաթյա պառավին: Երբ նա կռացավ ու մոտեցավ նրան, ու նրանց միջեւ եղած խավարը նվազեց, Եգորը գոչեց.

– Ես գիտեմ, ես գիտեմ քեզ: Դու ինձ պետք չես, ես քեզ կսպանեմ:- Նա մի պտղունց կավը նետեց նրա դեմքին եւ ինքն էլ պապանձվեց ու կպավ գետնին:

Բայց պապանձված, երեսնիվայր փռված, Եգորը մեկ անգամ եւս լսեց երկաթյա պառավի ձայնը.

– Դու ինձ չես ճանաչում, դու ինձ լավ չտեսար։ Բայց քո ողջ կյանքում ես սպասելու եմ քո մահվանը եւ կործանելու եմ քեզ, քանի որ դու ինձնից չես վախենում:

«Մի քիչ վախենում եմ, հետո կսովորեմ ու կդադարեմ»,- մտածեց Եգորն ու մոռացության գիրկն ընկավ:

Նա զարթնեց ծանոթ ջերմությունից, նրան տանում էին փափուկ մեծ ձեռքերը եւ նա հարցրեց.

– Դու ո՞վ ես: Դու պառա՞վն ես:

– Իսկ դու ո՞վ ես,- հարցրեց նրան մայրը:

Եգորը բացեց աչքերն ու դարձյալ կկոցեց դրանք` արեւի լույսը լուսավորել էր ողջ գյուղը, իրենց բակի թխկին եւ ողջ երկիրը: Եգորը դարձյալ բացեց աչքերն ու տեսավ մոր վիզը, որի վրա հանգչում էր իր գլուխը:

– Դու ինչո՞ւ էիր փախել ձորակ,- հարցրեց մայրը: -Մենք լուսածագին քեզ էինք փնտրում, հայրդ դաշտ գնաց ամբողջովին կասկածը սրտում:

Եգորը պատմեց, որ նա ձորակում մարտնչում էր երկաթյա պառավի դեմ, բայց միայն թե չհասցրեց մի կարգին նրա դեմքը տեսնել, որովհետեւ նրա վրա կավ էր նետել:

Մայրը մտորմունքի մեջ ընկավ, հետո նա Եգորին ցած իջեցրեց ու նայեց նրա վրա, որպես օտարի:

– Գնա քո ոտքով, մարտիկ… Դու դա երազում ես տեսել:

– Չէ, ես ճիշտ որ նրան տեսել եմ,- ասաց Եգորը: -Երկաթյա պառավներ լինում են:

– Գուցե եւ լինում են,- ասաց մայրն ու տղային տուն տարավ:

– Մայրիկ, իսկ ո՞վ է նա:

– Իսկ ես չգիտեմ, ես լսել եմ, բայց ինքս երբեք չեմ տեսել: Մարդիկ ասում են, թե ճակատագիրն է, ոնց որ, կամ մեր քայլող վիշտը, ինքդ կիմանաս:

– Ճակատագիրը,- արտաբերեց Եգորը, չիմանալով, թե դա ինչ է նշանակում: -Մի քիչ էլ մեծանամ ու կբռնեմ երկաթյա պառավին…

– Բռնիր, բռնիր նրան, տղաս,- ասաց մայրը: -Ես քեզ համար հիմա կարտոֆիլ կմաքրեմ ու կտապակեմ:

– Դե արա,- համաձայնվեց Եգորը:- Ես ուտել ուզեցի, պառավները ուժեղ են լինում: Ես նրանից ուժասպառվեցի:

Նրանք մտան խրճիթի նախասենյակը: Նախասենյակում հատակին սողում էր ծանոթ որդը, որ վերադառնում էր Եգորի անկողնուց դեպի տուն` առ հողը: «Սողա, համր,- զայրացավ Եգորը: -Սրան մի տես: Ով է ինքը, էդպես էլ չասեց: Հետո, միեւնույն է, կիմանամ: Պառավի մասին էլ կիմանամ,- ինքս երկաթյա ծերունի կդառնամ»:

Եգորը կանգ առավ նախասենյակում ու մտածմունքի մեջ ընկավ` «Դե ես դիտմամբ երկաթյա կլինեմ, որ պառավին վախեցնեմ, թող նա սատկի: Իսկ հետո ես երկաթյա չեմ լինի` չեմ ուզում, ես նորից կլինեմ տղա մայրիկի հետ»:

Թարգմանությունը ռուսերենից՝ Վարդան Ֆերեշեթյան

Աղբյուրը՝ 168.am

Տես նաև Անդրեյ Պլատոնով Պատմվաքներ

Անդրեյ Պլատոնով | Երկաթյա պառավը Անդրեյ Պլատոնով | Երկաթյա պառավը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 05, 2022 Rating: 5
Технологии Blogger.