Դանիել Դեֆո | Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները | համառոտ


Կյանքն ու զարմանալի արկածները Ռոբինզոն Կրուզոյի՝ յորկցի նավաստու,  որը քսանութ տարի ապրեց կատարյալ մենակության մեջ Ամերիկայի ափերի մոտ Օրինոկո գետի բերանի մոտ գտնվող անմարդաբնակ կղզում…
Ռոբինզոնն ընտանիքում երրորդ արու զավակն էր, որին մանկուց երես էին տվել և որի գլուխը մանկուց լցված էր ամեն տեսակ ցնորքներով ու ծովային ճանապարհորդությունների երազանքներով: Նրա ավագ եղբայրը զոհվել էր Ֆլանդրիայում՝ կռվելով իսպանացիների դեմ: Միջնեկ եղբայրն անհետ կորել էր: Հայրը հորդորում էր Ռոբինզոնին խոհեմ ու համեստ կյանք վարել: Սակայն հորդորները զուր են և արդեն տասնութ տարեկանում Ռոբինզոնը լքում է հայրական տունը՝ Գուլից մեկնելով Լոնդոն:
Ծովում նավը, որով նա ճանապարհ էր ընկել, ընկնում է փոթորկի մեջ և կործանվում. հերոսը փրկվում է և Լոնդոն է հասնում մեկ ուրիշ նավով: Ընկերանալով Գվինեա ճանապարհվող նավի նավապետի հետ՝ կատարում է իր առաջին մեծ ճանապարհորդությունը: Վերադարձից հետո ուրիշ նավով դարձյալ մեկնում է Գվինեա: Նավը գերում են թուրք ծովահենները: Երկու տարի Ռոբինզոնը ստրուկ է լինում ծովահենների նավապետի մոտ, մինչև որ բախտը ժպտում է նրան և նա կարողանում է փախչել: Պորտուգալական նավով նա հասնում է Բրազիլիա, որտեղ քաղաքացիություն է ստանում, հող է գնում (ծովահեններից փախել էր ոչ դատարկաձեռն) և որոշում լրջորեն զբաղվել ծխախոտագործությամբ: Գործերը, թեպետ դանդաղ, բայց առաջ են գնում: Սակայն Ռոբինզոնի սրտում դեռ չի մարել թափառումների և արկածների տենչը: 1659 թ. Ռոբինզոնի հարևան հողատերերը, նրանից լսելով Գվինեայում  ստրկավաճառության մասին և որոշելով էժան աշխատուժ հայթայթել, նավ են վարձում և ուղարկում Գվինեա, որը գլխավորողների թվում է Ռոբինզոնը:
Ճանապարհորդները ընկնում են ուժեղ փոթորկի մեջ, որը տասներկու օր բզկտում է նավը: Ի վերջո մոտակայքում ափ տեսնելով՝ նավաստիները մակույկով լքում են նավը: Սակայն ծովի ուժեղ ալիքները շուռ են տալիս մակույկը: Բոլորը մեռնում են: Ալիքները խնայում են միայն Ռոբինզոնին և ափ հանում անհայտ մի կղզում: Սկզբնական ուրախությանը հետևում է ընկերների կորստի ցավը, միայնակության սարսափելի զգացումը և սովը: Առաջին գիշերն անցկացնում է ծառի վրա: Առավոտյան տեսնում է, որ մակընթացությունն ափին է մոտեցրել իրենց նավը: Փաստորեն բոլորը կենդանի կմնային, եթե չլքեին այն: Ռոբինզոնը լողալով հասնում է նավին, պահեստային առագաստներից լաստ է շինում, վրան է բարձում «կյանքի համար անհրաժեշտ ամեն բան»՝ հրացաններ, ատրճանակներ, վառոդ, գործիքներ, սրեր,  և հանում է ափ: Շրջահայելով բարձրունքից տարածքը՝ հասկանում է, որ հայտվել է կղզում: Կացարանի համար հարմար վայր է փնտրում: Դասավորում է իրերը, գիշերում, իսկ առավոտյան նորից նավից իրեր է տեղափոխում՝ հագուստ, վառոդ, խմիչք, ալյուր, գրենական պիտույքներ. վերցնում է անգամ մետաղադրամը: Նույն գիշերը փոթորիկը ոչնչացնում է նավը:
Առաջին մտահոգությունը տան շինարարությունն է: Բլրի տակ հարթ տարածության վրա վրան է սարքում, որի շուրջ ցանկապատ է դնում: Բլրի ժայռոտ մասում կար խորացում, որը նա ավելի է մեծացնում և ներառում իր կացարանի մեջ: Մասերի է բաժանում վառոդը և պահում տարբեր անոթներում՝ երկու հարյուրից ավել: Վախենում է վառոդի խոնավացումից:
Այսուհետ կենդանի մնալու համար նրա գլխավոր հավատամքն է դառնում սովորելը: Պիտի կարողանա ներդաշնակվել միջավայրի հետ և ապրել դրա օրենքներով: Դրանք հարկ է սովորել: Իր կյանքի նախորդ փորձից բերել է բազում հմտություններ, որոնք հիմա անհրաժեշտ է խորացնել: Զբաղվում է հողագործությամբ, ընտելացնում է կղզում բնակվող այծերին: Ցորենի մի քանի հատիկից, որոնք պատահաբար ընկնում են նրա պարկից, կարողանում է բերք ստանալ և արդեն երկու տարի հետո հաց ունենալ: Որպեսզի չկորցնի ժամանակի զգացումը, որպես իր քաղաքակրթության հավատարիմ զավակ պահում է օրացույց և փորագրումներ է անում փայտի վրա: Օրացույցի թվագրումը սկսվում է 1659 թ. սեպտեմբերի երեսունին:
Ռոբինզոնին ընկերակցում են նավից փրկված շունը, երեք կատուները, որոնց կավելանա խոսկան թութակը՝ կղզու բնիկը: Պահում է օրագիր, որի մեջ հետևողականորեն գրառում է իր առօրյան, մտքերը…  իր փրկության  փաստի «չարն ու բարին»: Նշանակալի տեղ են զբաղեցնում եղանակի նկարագրությունը և հողագործական աշխատանքի գրաֆիկը: Օրագիրը աշխատանքային է:
Երկրաշարժը ստիպում է նրան փոխել իր կացարանի տեղը: Բլրի տակ անվտանգ չէ: Ծովն ափին է մոտեցնում ամայի նավ, որից Ռոբինզոնը նոր իրեր է վերցնում: Հատկապես վառոդ:
Հետևում են հիվանդության ծանր օրերը և նա տենդի մեջ ունենում է հրե մարդու տեսիլը: Սա կշտամբում է Ռոբինզոնին այն բանի համար, որ նա չի զղջացել: Ապաքինվելուց հետո հետախուզում է իր կղզին: Ընդլայնում է որսի տեսականին՝ նապաստակներ, աղվեսներ, կրիաներ և պինգվիններ: Կառուցում է «ամառանոց»:
Նվիրական երազանքն է նավ շինել և լքել կղզին ու հեռանալ մարդկանց մոտ: Կղզու հարավային ծայրից հեռադիտակով ցամաք է տեսել: Անցնում են տարիներ:
Փոքրիկ ինքնաշեն նավակով շրջում է կղզու շուրջ, սակայն մի օր հոսանքը քշում է նրան հեռու, այնպես որ մեծ դժվարությամբ է կարողանում վերադառնալ ափ: Մեծ ծառ է կտրում, նոր, ավելի պատկառելի նավ պատրաստում, սակայն չի կարողանում այն ափ դուրս բերել և հրաժարվում է կղզին սեփական ուժերով լքելու նախագծերից:
Կենդանիների մորթուց իրեն հագուստ է կարում, գլխարկ, հովանոց, կոշիկներ: Նավից բերած հագուստը վաղուց մաշվել է:
Յուրացնում է բրուտագործությունը (կավ է հայտնաբերում) և զամբյուղ գործելու արհեստը: Իրեն «արքայական» նվեր է մատուցում՝ ծխամորճ: Կղզու վրա ծխախոտ է աճում:
Մի օր ծովափին մարդու մերկ ոտնահետք է նկատում: Վախեցած տուն է վազում և փակվում իր կացարանում: Կասկածում է, որ հետքը պատկանում է մոտ ցամաքի բնիկներին՝ վայրենիներին: Վախը մեծ է, քանի որ գիտի, որ վայրենի ցեղերը մարդու միս ուտելու սովորություն ունեն: Երկու տարի ապրում է վայրենիների կողմից հայտնաբերված լինելու վախի մեջ:
Կղզում Ռոբինզոնի գտնվելու տասներեքերորդ տարում նա այդուհանդերձ հանդիպում է վայրենիների հետ: Թաքստոցից հետևում է մարդակերության զարհուրելի տեսարանին, որից հետո վայրենիները հեռանում են կղզուց: Վայրենիներից նրանց ավարը խլելու և «ծառա կամ ընկեր» ձեռք բերելու մասին նախագծեր է մշակում: Առիթն ընձեռվում է: Վայրենիների հերթական այցի ժամանակ նրանց գերիներից մեկը փախչում է, իսկ Ռոբինզոնը սպանում է նրան հետապնդող երկու վայրենիներին:
Հերոսի կյանքը լցվում է նոր և հաճելի հոգսերով: Վայրենին, որին Ռոբինզոնը փրկության օրվա առթիվ Ուրբաթ է կոչում, ընդունակ աշակերտ է: Ռոբինզոնը աստիճանաբար ետ է վարժեցնում նրան բազում հին սովորություններից, լեզու է սովորեցնում: Ուրբաթը պատմում է, որ մայրցամաքում իր ցեղակիցները տասնհինգ գերի իսպանացի են պահում: Ռոբինզոնը որոշում է նավ սարքել և գնալ նրանց ազատագրելու: Վայրենիների նոր այցը կղզի խանգարում է նրանց: Իրենց հետ բերել են մի իսպանացու և Ուրբաթի ծեր հորը: Ազատում են նրանց և Ռոբինզոնի ընկերների թիվն ավելանում է: Սակայն շուտով իսպանացուց երդում ստանալով, որ իրեն չի հանձնի ինկվիզիցիայի ձեռքը, Ռոբինզոնը նրան Ուրբաթի հոր հետ փոքրիկ նավակով ուղարկում է մայրցամաք:
Այդ դեպքերից ութ օր հետո ափ են ելնում անգլիացի նավաստիներ, որոնք որոշելով ծովահենությամբ զբաղվել ապստամբել են նավապետի դեմ և հիմա նրան և նավի անձնակազմի մի քանի անդամների կղզի են բերել հաշվեհարդար տեսնելու համար: Ռոբինզոնին հաջողվում է ազատել նավապետին և ապա վերադարձնել նավի ղեկը ու ճնշել ապստամբներին: Նրանցից երկուսին կախաղան են հանում, իսկ երեքին թողնում են կղզում:
Ռոբինզոնն այսպիսով լքում է իր կղզին 1686 թ. հունիսի տասնմեկին և վերադառնում է Անգլիա: Նրա ծնողները վաղուց մահացել են: Կարողանում է վերադարձնել Բրազիլիայի իր հողերից այսքան տարի ստացված եկամուտը, իր հոգածության տակ է առնում երկու երիտասարդ ազգականների և ամուսնանում է վաթսունմեկ տարեկան հասակում: Ունենում է երկու որդի և մի դուստր:

Տես նաև Դանիել Դեֆո Մոլ Ֆլենդերս, Ջոնաթան Սվիֆթ Գուլիվերի արկածները և Լուիս Սթիվենսոն Գանձերի կղզի

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ     
Դանիել Դեֆո | Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները | համառոտ Դանիել Դեֆո | Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 8:07:00 Rating: 5
Технологии Blogger.