Ռոբերտ Սթիվենսոն | Գանձերի կղզի | համառոտ



18-րդ դարի Անգլիան, Բրիստոլ քաղաքը:  «Ադմիրալ Բենբոու» գինետանը հայտնվում է նոր կենվոր՝ նախկին ծովային Բիլլի Բոնսը։ Նրան այցելում են տարօրինակ հյուրեր։ Առաջինը Սև Գամփռ մականունով նախկին ծովահենն է, որի հետ Բիլլին վիճում է և որին վիրավորում է։ Այնուհետև Բիլլիին է այցելում կույր չքավոր Պյուն, որը նրան է փոխանցում Սև նշանը՝ ծովահենների ահարկու նախազգուշացումը առաջնորդներին, որոնք խախտել են թիմի շահերը։ Բիլլին, ստանալով նշանը, որոշում է անմիջապես լքել «Ադմիրալ Բենբոուն», սակայն մահանում է սրտի կաթվածից։ Ջիմը և նրա մայրը՝ գինետոն տերերը, որոնց Բիլլին գումար է պարտք, խուզարկում են մահացած ծովահենին և նրա իրերը։ Նրա սնդուկի հատակին հայտնաբերում են դրամ և թղթերի կապոց։ Թղթերը հուշում են, որ Բոնսը եղել է նավապետի օգնական հայտնի ծովահեն Ֆլինտի նավի վրա և իր մոտ է պահում կղզու քարտեզը, որտեղ Ֆլինտը թաքցրել է իր գանձերը։ Ջիմը հասցնում է վերցնել Ֆլինտի թղթերը, և նույն գիշեր ծովահենները Պյուի գլխավորությամբ հարձակվում են «Ադմիրալ Բենբոուի» վրա՝ նպատակ ունենալով տիրանալ քարտեզին։ Բոնսը, Սև Գամփռը, կույր Պյուն և Ֆլինտի ավազակային անձնակազմի անդամներն են։ Ջիմիին և նրա մորը օգնության է հասնում թագավորական մաքսավորների ջոկատը։ Կույր Պյուն ընկնում է ձիու սմբակների տակ և մահանում է, իսկ մնացած ծովահենները փախչում են:
Ջիմը փաստաթղթերը և քարտեզը փոխանցում է բժիշկ Լիվսիին և ազնվական կալվածատեր Տրելոնիին։ Ունևոր Տրելոնին կազմակերպում է արշավախումբ և հանձնարարում է գործարար Բլենդլիին արշավախմբի համար կահավորել համապատասխան նավ՝ «Իսպանյոլ» առագաստանավը։
«Իսպանյոլի» նավապետ Սմոլետը կասկած է հայտնում նավի անձնակազմի վերաբերյալ և մասնավորապես չի վստահում իր օգնական շտուրման Էռռոուին: «Իսպանյոլը» Բրիստոլից ուղևորվում է դեպի Գանձերի կղզի։ Ճանապարհին Ջիմին հաջողվում է լսել նավաստի Դիկի, երկրորդ բոցման Իզրայել Հենդսի և խոհարարի՝ միոտնանի Ջոն Սիլվերի զրույցը։ Պարզվում է, որ անձնակազմը, որը վարձել է Տրելոնին, կազմված է Ֆլինտի նախկին թիմից, իսկ Սիլվերը դավադրության ղեկավարն է: Ջիմը սարսափով իմանում է, որ Սիլվերը և նրա խումբը պատրաստվում են սպանել նավի մի քանի ազնիվ անդամներին։ Սիլվերի նախագիծն է՝ սպասել մինչև ազնվականը, բժիշկը և մյուսները կօգնեն իրենց գտնել գանձերը և տեղափոխել, իսկ հետո, երբ փորձառու նավապետ Սմոլետը հասցնի նավը որևէ հարմար վայր, սպանել նրանց:
Նավը մոտենում է Գանձերի կղզուն։ Ծովահենները բացահայտ սկսում են անտեսել նավապետի հրամանները և բոլորովին կորցնում են գլուխը։ Ջիմը պատմում է նավապետին, կալվածատիրոջը և բժշկին իր լսած զրույցի մասին։ Նավապետը անձնակազմին առաջարկում է ափ իջնել։ Նավապետի նախագիծն է՝ անակնկալի բերել ծովահեններին, որոնք մնում են նավում, հարձակվել նրանց վրա և գրավել «Իսպանյոլը»։ Նավապետի ծրագիրը կաշխատեր, եթե Ջիմը ծովահենների հետ միևնույն նավակով չհեռանար։ Նավապետը առաջարկում է նոր նախագիծ: Կղզում կա լքված ամրոց։ Նավապետը առաջարկում է տեղափոխվել ամրոց և պաշտպանություն կազմակերպել ցամաքում։ Հերոսները հավաքում են վառոդ, զենք, մթերք, նստում են նավակ և հեռանում են նավից։ Նավակում գտնվում էին նավապետը, բժիշկը, կալվածատերը, նրա ծառաները և Աբրահամ Գրեյը՝ որին ծովահենները չեն կարողանում գրավել իրենց կողմը։ Հենդսը փորձում է խորտակել նավակը՝ գնդակոծելով այն հրանոթից։ Կալվածատիրոջը հաջողվում է սպանել ծովահեններից մեկին։ Շուտով հերոսներին հաջողվում է հասնել ամրոց և ամրանալ այնտեղ։ Այդ ընթացքում Ջիմը ծովահենների հետ հասնում է ափ և փախչում է։ Որոշ ժամանակ անց նա ականատես է լինում Ջոն Սիլվերի կողմից ազնիվ նավաստի Թոմի սպանությանը։ Վայրենի աղաղակներից պարզ է դառնում, որ ևս մեկ ազնիվ նավաստի՝ Ալանը, նույնպես զոհ է դարձել ծովահեններին։  Ջիմը փախչում է անհայտ ճանապարհով և հանդիպում է այծի մորթուց հագուստով և վայրենու հիշեցնող մարդու։ Դա Բեն Գանն է, որը նախկինում եղել է ծովահեն։ Բենը խնդրում է Ջիմին կազմակերպել հանդիպում բժշկի հետ։ Ջիմը տեսնում է ծածանվող անգլիական դրոշը և շտապում է իր ընկերների մոտ։
Հաջորդ օրը հերոսները տեսնում են սպիտակ դրոշակով ամրոցին մոտեցող Սիլվերին։ Նավապետը դուրս է գալիս բանակցությունների։ Սիլվերը առաջարկում է իրեն հանձնել քարտեզը՝ փոխարենը նրանց խոստանալով խնայել Սմոլետի և իր ընկերների կյանքը։ Նավապետը կոպտորեն մերժում է նրան և Սիլվերը հեռանում է՝ սպառնալով, որ «կպայթեցնի այդ հին փայտաշեն տնակը՝ ինչպես վառոդի տակառը»։ Շուտով ծովահենները սկսում են ամրոցի գրոհը։ Ուժերն անհավասար են, բայց հերոսները խիզախորեն պաշտպանվում են։ Կորցնելով մի քանի մարդ՝ ծովահենները ստիպված նահանջում են։ Կորուստներ կան նաև մյուս ճամբարում՝ կալվածատիրոջ ծառաները սպանված են, նավապետը՝ վիրավոր։
Ջիմը բժշկին է փոխանցում Բեն Գանի խնդրանքը, իսկ ինքը հեռանում է։ Որոշում է Բեն Գանի մակույկով այցելել «Իսպանյոլը»։ Ջիմը, սակայն, չգիտի, որ մյուս կողմից նավին է մոտենում Սիլվերը։ Սա իմանում է, որ պահակները՝ Հենդսը և Օ՛Բրայենը, որոնք մնացել էին հսկելու նավը, մահացու հարբած են։ Հանձնարարելով նրանց ուշադիր հսկել նավը՝ Սիլվերը հեռանում է։ Ջիմը հասնում է նավին, հեռացնում է նավակը և բարձրանում է տախտակամած խարիսխի ճոպանով։ Գտնում է վիրավոր Հենդսին և սպանված Օ՛Բրայենին։ Հենդսի ղեկավարությամբ Ջիմը նավը մոտեցնում է Հյուսիսային կայանին։ Հենդսը փորձում է հարձակվել Ջիմի վրա։ Ջիմը ստիպված սպանում է նրան։ Ուրախացած Ջիմը վերադառնում է ամրոց, բայց այնտեղ հայտնաբերում է ծովահեններին։ Դառնում է պատանդ։ Շուտով ժամանում է բժիշկը։ Նա զննում է հիվանդներին, բուժում տենդով հիվանդ ծովահեններին և խնդրում է Սիլվերին թույլ տալ իրեն զրուցել Ջիմի հետ։ Սիլվերը թույլ է տալիս: Ջիմը հայտնում է բժշկին, թե որտեղ է թաքցված նավը։
Սիլվերի պահվածքը, որը երկակի խաղ է խաղում, դուր չի գալիս ծովահեններին։ Սիլվերին են հանձնում Սև նշանը և պահանջում են նավապետի վերընտրություն։ Սակայն Սիլվերը բացատրում է իր վարքը։ Նա պայմանագիր է կապել նավապետի հետ։ Քարտեզի, մթերքի պաշարների և ամրոցի փոխարեն ծովահենները թույլ են տալիս հերոսներին հեռանալ։ Սիլվերը արգելում է սպանել Ջիմին՝ բացատրելով ծովահեններին, որ Ջիմը պատանդ է։ Սիլվերը մնում է նավապետ, նրա հեղինակությունը աճում է։
Հաջորդ օրը ծովահենները՝ վերցնելով իրենց հետ Ջիմին, ուղևորվում են գանձեր որոնելու։ Գանձերի տեղում գտնում են հսկայական փոս. հասկանում են, որ իրենց խաբել են: Փորձում են հարձակվել Սիլվերի և Ջիմի վրա, սակայն օգնության են հասնում նավապետը, բժիշկը, Աբրահամ Գրեյը և Բեն Գանը:
Բեն Գանը վաղուց է գտել գանձը և այն տեղափոխել իր քարանձավը։ Հերոսները գանձերը տեղափոխում են նավ։ Շուտով նրանք հեռանում են կղզուց՝ թողնելով այնտեղ ողջ մնացած երեք ծովահենների։ Սիլվերին հաջողվում է անհետանալ ճանապարհին՝ իր հետ տանելով մի քանի պարկ ոսկի։
Վերադառնալով Անգլիա՝ հերոսները դառնում են հարուստ մարդիկ։ Միայն Բեն Գանը մի քանի օրվա ընթացքում ծախսում է իր բոլոր գանձերը։ Կալվածատերը նրան վերցնում է իր մոտ աշխատանքի որպես այգեպան։

Տես նաև Բայրոն Ծովահենը, Չարլզ Դիքենս Դոմբի և որդի և Դանիել Դեֆո Ռոբինզոն Կրուզո

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

Ռոբերտ Սթիվենսոն | Գանձերի կղզի | համառոտ Ռոբերտ Սթիվենսոն | Գանձերի կղզի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:50:00 Rating: 5
Технологии Blogger.