.jpg)
Բեմ դուրս եկած երգչախումբը պատմում է դոկտոր Ֆաուստի պատմությունը.
նա ծնվել է Գերմանիայի Ռոդա քաղաքում, սովորել է Վիտտենբերգում, որից հետո ամբարտավան
նկրտումներով տարված, մոմե թևերով խոյացել է անհաս բարձրունքները: Սակայն մոմը հալչում
է, քանզի երկինքը կործանման է մատնում նրան:
Իր սենյակում ֆաուստը խորհրդածում է այն մասին, որ ինչքան
էլ առաջ է շարժվել երկրային գիտությունների և ճանաչողության մեջ, միևնույն է, մնացել
է նույն մարդը և նրա իշխանությունը անսահման չէ: Նա հիասթափվել է փիլիսոփայությունից:
Բժկությունը նույնպես ամենազոր չէ: Իրավագիտությունը հակասական է: Անգամ աստվածաբանությունն
է սնանկ: Միայն մոգության գրքերն են շարունակում գրավել նրան: Բարի հրեշտակը խորհուրդ
է տալիս Ֆաուստին, զգուշանալով երկնքի ցասումից, հրաժարվել այդպիսի գրքերի ընթերցանությունից:
Չար հրեշտակն ընդհակառակը մղում է նրան կարդալու այդ գրքերը: Ֆաուստը երազում է իրեն
ենթարկել տարերային ոգիներին: Նրա ընկերները՝ Կորնելիուսը և Վալդեսը, խոստանում են
նրան հաղորդակից դարձնել մոգության գաղտնիքներին:
Ֆաուստի կանչով գալիս է Մեֆիստոֆելը: Ֆաուստը ցանկանում է,
որ Մեֆիստոֆելը ծառայի իրեն: Սակայն Մեֆիստոֆելը ծառայում է միայն Լյուցիֆերին և միայն
նրա հրամանով կարող է դառնալ Ֆաուստի ծառան: Ֆաուստը ուրանում է Աստծուն և տեր է ճանաչում
Լյուցիֆերին: Մեֆիստոֆելը պատմում է, որ կար ժամանակ, երբ Լյուցիֆերը հրեշտակ էր: Նա
պատժվել է ամբարտավանության համար և արտաքսվել է դժոխք: Լյուցիֆերի հետ ըմբոստացածները նույնպես արժանանում
են հավերժական տառապանքի: Ֆաուստը անսասան է իր որոշման մեջ: Պատրաստ է վաճառել հոգին
Լյուցիֆերին՝ 24 տարի բոլոր երանությունները ճաշակելու և Մեֆիստոֆելին ծառա ունենալու
համար:
Ֆաուստի ծառա Վագները հանդիպում է ծաղրածուի և ուզում է,
որ սա լինի իր ծառան: Սա հրաժարվում է: Վագները սպառնում է նրան երկու չարքերով: Խոստանում
է, որ կդարձնի ծաղրածուին շուն, կատու, առնետ… ինչ ցանկանա: Ծաղրածուն ուզում է դառնալ
փոքրիկ ոջիլ, որպեսզի կարողանա մտնել կանանց փեշերի տակ:
Ֆաուստը երկմտանքի մեջ է: Բարի և չար հրեշտակները տարբեր
բաներ են համոզում նրան: Մեֆիստոֆելը լուր է բերում Լյուցիֆերից: Լյուցիֆերը կկատարի
Ֆաուստի ցանկությունը, եթե սա արյամբ ստորագրի, որ իրեն է կտակում իր մարմինն ու հոգին:
Երբ Ֆաուստը գրում է, նրա ձեռքին է հայտնվում «Մա´րդ, փրկվիր» գրությունը:
Գալիս են չարքերը և դիվային պար են պարում Ֆաուստի համար:
Մեֆիստոֆելը բացատրում է, որ դժոխքը չունի կոնկրետ տեղ: Այն ամենուր է, ուր իրենք են:
Ֆաուստը ուզում է ամուսնանալ Գերմանիայի ամենագեղեցիկ աղջկա հետ: Մեֆիստոֆելը բերում
է կնոջ տեսքով սատանայի: Ամուսնությունը Ֆաուստի համար չէ: Մեֆիստոֆելը բերում է կուրտիզանուհիների:
Նրան է հանձնում նաև գիրք, որում գրված է, թե ինչպես հարստանալ, ինչպես կանչել
ոգիներին, ինչպիսին է մոլորակների դասավորությունը…
Ֆաուստը անիծում է Մեֆիստոֆելին այն բանի համար, որ սա զրկել
է իրեն երկրային բարիքներից: Բարի հրեշտակը խորհուրդ է տալիս նրան զղջալ և հույսը դնել
Աստծո վրա: Չար հրեշտակը հավատացնում է, որ Աստված չի ների այդպիսի մեղսագործի:
Ֆաուստը և Մեֆիստոֆելը զրուցում են աստղաբանության մասին:
Երբ Ֆաուստը հարցնում է, թե ով է ստեղծել երկիրը, Մեֆիստոֆելը չի պատասխանում: Ֆաուստը
կանչում է Քրիստոսին, որպեսզի փրկի իրեն: Լյուցիֆերը մեղադրում է նրան ուրացության
մեջ: Նա ցույց է տալիս յոթ մահացու մեղքերը՝ գոռոզությունը, ժլատությունը, ցասումը,
նախանձը, որկրամոլությունը, ունայնությունը և անառակությունը: Ֆաուստը ցանկանում է
տեսնել դժոխքը: Լյուցիֆերը խոստանում է ցույց տալ և տալիս է գիրք, որը կսովորեցնի Ֆաուստին
կերպարանափոխվել:
Երգչախումբը պատմում է, որ Ֆաուստը այցելում է Հռոմ, սուրբ
Պողոսի պատվին նվիրված տոնակատարություններին մասնակցելու: Ֆաուստը և Մեֆիստոֆելը Հռոմում
են: Մեֆիստոֆելը նրան անտեսանելի է դարձնում:
Անտեսանելի Ֆաուստը զվարճանում է՝ պապի ձեռքից խլելով խորտիկները:
Երբ սա խաչակնքվում է, Ֆաուստը ապտակում է նրան: Հոգևորականները անիծում են Ֆաուստին:
Երգչախումբը պատմում է, որ երկար ճանապարհորդությունից հետո
Ֆաուստը վերադառնում է տուն: Նրա փառքը հասնում է Կարլոս հինգերորդի ականջին: Կայսրը
խնդրում է Ֆաուստին կանչել մեծ մարդկանց հոգիները, հատկապես՝ Ալեքսանդր Մակեդոնացու
և նրա կնոջ: Երբ Ֆաուստը կատարում է խնդրանքը և Ալեքսանդրն իր կնոջ հետ կանգնում են
կայսեր առաջ, վերջինս ստուգում է Ալեքսանդրի կնոջ պարանոցի խալի առկայությունը և գտնելով
այն՝ ավելի է հարգում նրան: Մի կասկածող ասպետի գլխին Ֆաուստը եղջյուրներ է աճեցնում
և հանում է դրանք միայն այն բանից հետո, երբ ասպետը խոստանում է ապագայում ավելի հարգալից
վերաբերվել Ֆաուստին: Մոգի ժամանակը, սակայն, ավարտվում է: Նա վերադառնում է Վիտտենբերգ:
Հյուրընկալվում է Անգալտի դուքսի դղյակում: Դքսուհին խնդրում
է Ֆաուստին ձմեռվա կեսին խաղող ճարել և Ֆաուստը մեկնում է նրան խաղողի ողկույզը: Բոլորը
հիացած են նրա կարողություններով: Ֆաուստին խնդրում են ցույց տալ իրենց տրոյացի Հեղինեին:
Ֆաուստը կատարում է նրանց խնդրանքը: Երբ բոլորը հեռանում են, Ֆաուստը կարգադրում է
Մեֆիստոֆելին իր սիրուհին դարձնել Հեղինեին: Համբուրում է աղջկան:
Ֆաուստը հրաժեշտ է տալիս ուսանողներին: Նա մահվան շեմին է:
Ուսանողները խորհուրդ են տալիս նրան զղջալ և ներում հայցել: Ֆաուստը պատմում է նրանց,
թե ինչպես է հոգին վաճառել սատանային: Նրան մեկ ժամվա կյանք է մնացել: Պատվիրում է
ուսանողներին աղոթել իր համար: Նրանք հեռանում են:
Ամպրոպում է: Չարքերը գալիս և տանում են Ֆաուստին:
Երգչախումբը կոչ է անում հանդիսատեսին դաս քաղել այս պատմությունից
և չտենչալ գաղտնի գիտությունների ճանաչում՝ հետագայում չարիք գործելու համար:
Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Ֆաուստ
Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Ֆաուստ
Քրիստոֆեր Մառլո | Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 10, 2015
Rating:
.jpg)