.jpg)
Վեպի վերնագիրը վերցված է Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգությունից:
Ըստ այդմ՝ կյանքը պատմություն է, որը պատմում է ապուշը. այն լի է շառաչով և ցասումով,
սակայն զուրկ է իմաստից:
Քոմփսոնների ընտանիքը Ջեֆերսոնի տարածքում ամենահինն ու մի
ժամանակ ամենաազդեցիկներից էր: Ջեյսոն Քոմփսոնը և նրա կինը՝ Քերոլայնը, ունեն չորս
զավակ՝ Քվենթին, Քենդեյս (Քեդդի), Ջեյսոն և Մորի: Այս վերջինը ծնվում է հոգեկան արատով
և հինգ տարեկանում, երբ վերջնականապես պարզվում է, որ նա ողջ կյանքում մնալու է ապուշ,
վերանվանվում է Բենջամեն կամ Բենջի:
Երեխաների ամենավառ հիշողությունը տատիկի մահվան օրն է, երբ
նրանց ուղարկում են խաղալու տանից հեռու, գետի մոտ: Քեդդին և Քվենթինը սկսում են ջրել
միմյանց և Քեդդին թրջում ու կեղտոտում է իր զգեստը: Ջեյսոնը սպառնում է պատմել ամեն
բան ծնողներին, իսկ Բենջին, լացում է, որովհետև նրան թվում է, որ Քեդդիին՝ նրա միակ
սիրելի էակին վատ կլինի: Երբ երեխաները տուն են գալիս, նրանց տանում են տան մյուս մասը:
Քեդդին ծառն է բարձրանում՝ տեսնելու համար, թե ինչ հյուրեր են եկել իրենց տուն: Եղբայրները
և տան սևամորթ երեխաները ներքևից նայում են նրա կեղտոտ զգեստին:
Բենջիին խնամում են տան ծառաներից մեկի՝ Դիլսիի սևամորթ երեխաները:
Սակայն սիրում և հանգստացնել անվերջ լացող Բենջիին կարողանում է միայն Քեդդին: Բենջին
ծանր է տանում Քեդդիի մեծանալը, օծանելիքից օգտվելու առաջին փորձերը: Մի օր նա բարձր
բղավում է՝ բախվելով այգում ինչ-որ տղայի հետ գրկախառնված Քեդդիին:
Քրոջ բուռն հասունացումը և նրա սիրավեպերը անհանգստացնում
են նաև Քվենթինին: Որոշ ժամանակ անց Քեդդին միանում է ոմն Դոլթոն Էյսի հետ: Հասկանալով,
որ հղի է, սկսում է իր զավակի համար հայր փնտրել: Գտնում է ոմն Հերբերտ Հեդին: Երիտասարդ
և գեղեցիկ բանկի ծառայողը դուր է գալիս Քոմփսոններին: Միայն Քվենթինն է գարշանք զգում
նրա հանդեպ, քանի որ Հարվարդի համալսարանում լսում է թղթախաղի հետ կապված վերջինիս
անազնվությունների մասին: Փորձում է տարհամոզել Քեդդիին, սակայն աղջիկն ասում է, որ
պիտի անպատճառ ամուսնանա մեկի հետ:
Ամուսնությունից հետո, իմանալով հղիության մասին, Հերբերտը
հրաժարվում է Քեդդիից: Միսիս Քոմփսոնը խայտառակված է համարում իրեն և իրենց ընտանիքը:
Ջեյսոնը քենով է լցվում Քեդդիի հանդեպ, քանի որ Հերբերտը նրան աշխատանք էր խոստացել
իրենց բանկում, իսկ հիմա դա դառնում է անհնար: Հայր Քոմփսոնը ամեն բան տանում է փիլիսոփայորեն
և Քվենթինի հետ երկար զրույցներում ասում է, որ կուսությունը արտաքին, պատահական ինչ-որ
բան է՝ սոսկ տղամարդկանց հորինվածք: Դա չի ամոքում Քվենթինի ցավը. սրան մե´րթ թվում
է, որ լավ է ինքը արյունապղծություն գործած լիներ, մե´րթ էլ, որ իրոք գործել է: Դա
ճիշտ այն ժամանակն է, երբ Քվենթինը ավարտում է Հարվարդի իր ուսումնառության առաջին
տարին: Վարձավճար էր տրվել Քոմփսոնների մի հողամասի վաճառքից ստացված գումարը: 1910
թ. նա զարթնում է վաղուց ընդունած իր մի որոշումն իրագործելու մտադրությամբ: Տրամվայով
քաղաքից դուրս է գնում: Այստեղ նրա հետ զարմանալի դեպք է տեղի ունենում: Խմիչք է հյուրասիրում
մի իտալացի աղջկա, որի եղբայրը մեղադրում է Քվենթինին աղջկան առևանգելու մեջ: Քվենթինին
տանում են ոստիկանություն, բայց շուտով բաց են թողնում: Ուսանողների խմբի հետ մասնակցում
է բացօթյա խնջույքի, որի ընթացքում կռվում է հարուստ մի տղայի հետ, որն անվերջ պատմում
էր, թե որքան հաջող է նվաճում աղջիկներին: Գալիս է տուն փոխելու արյունոտված շապիկը:
Նորից դուրս է գալիս տանից: Վերջին անգամ:
Քվենթինի ինքնասպանությունից երկու տարի անց մահանում է հայր
Քոմփսոնը: Նրա կինը երդվում է, որ իր թոռնուհին՝ Քվենթինան, երբեք չի իմանա իր մոր
Քեդդիի անունը: Բենջիին, որը մեծացել էր միայն մարմնով, ստիպված էին կրտել այն բանից
հետո, երբ նա հարձակվում է իրենց տան մոտով անցնող մի աղջկա վրա: Ջեյսոնը ցանկանում
էր եղբորը հոգեբուժարան տեղավորել, սակայն մայրն ասում է, որ հարկ է կրել իրենց խաչը:
Դժբախտ մայրը միայն Ջեյսոնի մեջ է տեսնում իր հենասյունը:
Միայն նա իր կարծիքով սերում է ոչ թե Քոմփսոնների, այլ Բեսկոմների արյունից: Դեռ փոքրուց
Ջեյսոնը ուժեղ հակում ուներ դրամի հանդեպ: Հիմա գործակատարի նրա պաշտոնից ստացվող եկամուտին
ավելացել է գումարը, որը Քեդդին ուղարկում է իր դստեր՝ Քվենթինայի համար:
1928 թ. ապրիլի 6-ին Քեդդիից գալիս է նամակ և դրամական չեկ:
Նամակը Ջեյսոնը ոչնչացնում է, իսկ Քվենթինային է տալիս ընդամենը տաս դոլլար: Իմանում
է, որ աղջիկը հանդիպում է քաղաք եկած կրկեսի մի դերասանի հետ:
Հաջորդ օրը (դա այն օրն է, որից սկսվում է վեպի պատմությունը)
Բենջին պիտի դառնա երեսուներեք տարեկան: Տան սևամորթ տղաներից մեկը՝ Լասթերը, տանում
է նրան զբոսանքի: Սակայն Բենջիի զռռոցը հոգնեցնում է Լասթերին և նրանք վերադառնում
են՝ այգում խրթնեցնելով Քվենթինային և նրա սիրեկանին: Գիշերը Քվենթինան փախչում է այդ
տղայի՝ Ջեկի հետ, տանելով Ջեյսոնի կուտակած երեք հազար դոլլարը, որոնք իրավամբ իրենն
էր համարում: Ոստիկանությունը հրաժարվում է օգնել Ջեյսոնին գողացված փողի հարցում,
քանի որ ոստիկանապետին հայտնի էր փողի իրական աղբյուրը: Ջեյսոնի՝ կրկեսի հետքերով գնալու
և այդպես Քվենթինային գտնելու փորձը նույնպես պսակվում է անհաջողությամբ:
Այդ ընթացքում Լասթերը սայլով տանում է Բենջիին գերեզմանոց:
Երբ անցնում են համադաշնության զինվորի պատվին կանգնեցված արձանի կողքով, Բենջին սկսում
է ոռնալ, քանի որ անցնում են աջից և ոչ թե ձախից: Հայտնվում է Ջեյսոնը և շտկում է դրությունը:
Ապուշը կտրում է ձայնը, քանի որ նրան դուր է գալիս, որ ամեն բան իր տեղում է:
Տես նաև Լույս օգոստոսին
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆոլկներ | Շառաչ և ցասում | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 11, 2015
Rating:
.jpg)