.jpg)
Իտալական մարզերից մեկի տիրակալ իշխան Գոնզագան դիտում է դեռ վերջերս իր սիրած մի կնոջ՝ կոմսուհի Օրսինայի դիմանկարը: Այդ կնոջ կողքին միշտ թեթև է զգացել իրեն: Դիտում
է դիմանկարը՝ հույս ունենալով գտնել այն, ինչը
չի գտնում բնօրինակի մեջ: Իշխանին
թվում է, որ
նկարիչ Կոնտին շահեկան է պատկերել կոմսուհուն:
Կոնտին խորհում է արվեստի օրենքների մասին: Ափսոսում
է, որ իշխանն այլևս չի դատում իր նկարը սիրո դիքերից: Նկարիչը ցույց է տալիս իշխանին մեկ ուրիշ դիմանկար՝ ասելով, որ
չկա սրանից առավել արժանի բնօրինակ: Իշխանը տեսնում է Էմիլիա Գալոտտիին: Ասում է, որ
ճանաչում է աղջկան: Էմիլիայի
հոր հետ իշխանը լարված հարաբերությունների մեջ է: Կոնտին
թողնում է նկարը իշխանին:
Սենեկապետ Մարինելլին հայտնում է, որ
քաղաք է ժամանել կոմսուհի Օրսինան: Իշխանը նամակ ունի այդ կնոջից, որը
չի ուզում կարդալ: Սենեկապետը
ափսոսանք է հայտնում, որ կոմսուհին հանդգնում է լրջորեն սիրել իշխանին: Իշխանը պատրաստվում է ամուսնանալ մեկ ուրիշ իշխանուհու հետ, սակայն
Օրսինային մտահոգողը դա չէ, այլ
այն, որ իշխանը գտել է սրտի նոր տիրուհի: Կոմսուհին մխիթարվում է գրքերի ընթերցանությամբ, և Մարինելլին ասում է, որ
դրանք վերջնականապես կքայքայեն նրան: Իշխանն
ավելացնում է, որ
կոմսուհու խելագարվելու հակումը կարող էր դրսևորվել նաև առանց սիրո:
Մարինելլին հաղորդում է, որ
այսօր կոմս Ապիանիի պսակադրությունն է: Կոմսը
ամուսնանում է դիրքից և կարողությունից զուրկ մի աղջկա հետ: Մարինելլիի
համար նման ամուսնությունը չար կատակ է: Երբ
իշխանն իմանում է, որ
կոմսի ապագա կինը պիտի լինի Էմիլիա Գալոտտին, ընկնում է հուսահատության մեջ և ասում է սենեկապետին, որ սիրում է այդ աղջկան: Բայց
Մարինելլին հանգստացնում է իշխանին՝ ասելով, որ
երբ Գալոտտին ամուսնանա, նրա հետ ավելի հեշտ կլինի լեզու գտնել: Սակայն
հետո նա ավելացնում է, որ
Ապիանին մտադիր է հեռանալ Պյեմոնտ: Առաջարկում է իր օգնությունը և զգուշացնում, որ իշխանը պիտի նրան թույլ տա գործել լիովին ազատ: Իշխանն
իհարկե համաձայնում է: Մարինելլին նախ
խորհուրդ է տալիս չեղյալ համարել իշխանի ծրագրավորված ամուսնությունը:
Գալոտտիների տանը սպասում են Էմիլիային, որը պիտի վերադառնա եկեղեցուց: Հայրը մտահոգ է, որ
իր պատճառով իր փեսայի հարաբերությունները իշխանի հետ կփչանան: Սակայն նրա կինը՝ Կլաուդիան, հանգստացնում է նրան՝ ասելով, որ
նկատել է, թե
ինչ սիրալիր է իշխանը իրենց դստեր հանդեպ: Օդոարդո
Գալոտտին պատասխանում է, որ
իշխանն ընդամենը վավաշոտի մեկն է: Հեռանում
է իր տոհմական ամրոցը, որտեղ
պիտի կայանա պսակադրությունը:
Եկեղեցուց վերադառնում է անհանգիստ Էմիլիան: Ասում է մորը, որ
եկեղեցում իրեն է մոտեցել իշխանը և սեր է բացատրվել: Նա դժվարությամբ փախել է: Մայրը
խորհուրդ է տալիս մոռանալ դա:
Գալիս է կոմս Ապիանին, և Էմիլիան կատակով նկատում է, որ
նա ամուսնության օրով ավելի լուրջ է, քան
երբևէ: Կոմսը դժգոհ է, որովհետև
ընկերները համոզում են իրեն տեղյակ պահել իշխանին ամուսնության մասին նախքան ծիսակատարությունը: Նա պատրաստվում է այցելել իշխանին: Էմիլիան ասում է, որ
երազում մարգարիտներ է տեսել: Մարգարիտները
խորհրդանշում են արցունքներ:
Հայտնվում է Մարինելլին և փոխանցում է կոմսին իշխանի հրամանը անմիջապես մեկնել դքսի մոտ, որի
դստեր հետ իշխանը պատրաստվում էր ամուսնանալ: Մարինելլին հեգնանքով խոսում է կոմսի ընտրյալի ցածր դիրքի և ծագման մասին: Կոմսը
կապիկ է կոչում սենեկապետին և առաջարկում է մենամարտ, սակայն Մարինելլին սպառնալիքներով հեռանում է:
Իշխանն իր ամառանոցում է, որը
Գալոտտիների տան ճանապարհին է: Մարինելլին
սեփական մեկնաբանությամբ ներկայացնում է կոմսի հետ զրույցը: Այդ պահին դրսից լսվում են կրակոցներ և բղավոց: Ավազակներն
են, որոնց վարձել է Մարինելլին կոմսի կառքի վրա հարձակվելու և Էմիլիային առևանգելու համար: Մեկին
կոմսը սպանում է, սակայն
ինքն էլ մահացու վիրավորվում է: Իշխանի
ծառաները բերում են աղջկան:
Էմիլիան վախեցած է: Չգիտի, թե ինչ վիճակում են իր մայրը և կոմսը: Իշխանը
սկսում է համոզել աղջկան, որ
մաքուր մտադրություններ ունի: Գալիս
է Էմիլիայի մայրը, որը
տեսել է կոմսի մահը և լսել է նրանից, որ
մեղավորը Մարինելլին է: Իշխանը
ձևացնում է, թե
ամենից անտեղյակ է: Անսպասելիորեն
գալիս է կոմսուհի Օրսինան, և իշխանը արագ անհետանում է: Մարինելլին
իմաց է տալիս Օրսինային, որ իշխանը չի ցանկանում նրան տեսնել: Օրսինան, որը գիտի Ապիանիի սպանության մասին, իսկույն
հասկանում է, թե
ով է կանգնած դրա ետևում:
Օդոարդո Գալոտտին փնտրում է աղջկան: Կոմսուհի
Օրսինան պատմում է նրան սպանության մասին: Միտք
է հայտնում, որ Էմիլիան ինքը կարող է իշխանի հետ ծրագրած լինել այդ ամենը: Հիմա
ֆավորիտուհու նախանձելի դիրքում է: Օդոարդոն
ցասման մեջ է: Օրսինան
նրան դաշույն է տալիս, որպեսզի
դրանով սպանի իշխանին:
Կլաուդիան հանգստացնում է ամուսնուն՝ ասելով, որ
իրենց դուստրը պահում է իշխանին տարածության վրա: Օդոարդոն
տուն է ուղարկում կնոջը, իսկ
ինքը ուղևորվում է իշխանի մոտ: Ասում
է իշխանին, որ Էմիլիային մնում է միայն կուսանոց գնալ: Մարինելլին
խառնվում է զրույցին և ասում է, որ
կոմսին սպանել է Էմիլիայի բարեհաճությունը վայելող երկրպագուն: Գալոտտին պահանջում է դատ և գործի քննություն:
Հորն ընդառաջ դուրս է վազում Էմիլիան: Հայրն իսկույն հասկանում է, որ
աղջիկը ոչ մի բանում մեղավոր չէ: Մնալով
հոր հետ մենակ՝ աղջիկն ասում է, որ
ամենից շատ վախենում է գայթակղությունից:
Խնդրում է հորից դաշույնը: Ուզում է սպանել իրեն, բայց
հայրը վերցնում է դաշույնը: Սա կնոջ թույլ ձեռքի համար չէ: Աղջիկն
աղաչում է հորը սպանել իրեն: Օդոարդոն
հարվածում է նրան դաշույնով: Աղջիկը մեռնելով համեմատում է ինքն իրեն վարդի հետ, որը
քաղել են դեռ նախքան կոկոնի բացվելը:
Տես նաև Գոտհոլդ Լեսինգ Առակներ
Լեսինգ | Էմիլիա Գալոտտի | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 06, 2015
Rating:
.jpg)