.jpg)
Պատմությունը գրված է հերոսուհու գրառումների ձևով: Դրանք
նամակներ են, որ ուղղված են մարկիզ դը Կրուամարին, որից հերոսուհին օգնություն է խնդրում
և պատմում է իր դժբախտությունների պատմությունը:
Հերոսուհու անունն է Մարի-Սյուզան Սիմոնեն: Նրա հայրը փաստաբան
է, ունի մեծ կարողություն, տանը նրան չեն սիրում, չնայած որ նա գերազանցում է քույրերին
թե´ գեղեցկությամբ, թե´ հոգևոր հատկանիշներով: Սյուզանը կասկածում է, որ ինքը պրն. Սիմոնենի
դուստրը չէ: Ծնողներն առաջարկում են նրան միանձնուհի դառնալ սուրբ Մարիամի կուսանոցում
այն պատրվակով, որ սնանկացել են և չեն կարող նրան ուսման տալ: Սյուզանը չի ուզում.
նրան համոզում են երկու տարի մնալ կուսանոցում և, այդուհանդերձ, ժամկետի ավարտին նա
հրաժարվում է միանձնուհի դառնալ: Նրան մեկուսացնում են մենաստանում, և նա ձևականորեն
տեղի է տալիս՝ որոշելով ծեսի օրը հանդես գալ հանրային բողոքով: Այդ նպատակով արարողության
օրը կանչում է իր ընկերներին և պատասխանելով քահանայի հարցերին՝ հրաժարվում է երդում
տալ: Մեկ ամիս անց նրան բերում են տուն և փակում սենյակում, քանի որ ծնողները չեն ուզում
տեսնել նրան: Հայր Սերովբեն մոր թույլտվությամբ հայտնում է Սյուզանին, որ նա պրն. Սիմոնենի
դուստրը չէ: Պրն. Սիմոնենը գլխի է ընկնում այդ մասին, և մայրը չի կարող նրա և քույերի
միջև հավասարության նշան դնել: Անգամ ուզում են նվազագույնի հասցնել նրա ժառանգությունը,
այնպես որ աղջկան միանձնուհի դառնալուց բացի ոչինչ չի մնում: Մայրն ասում է, որ Սյուզանը
հիշեցնում է իրեն իր մեղքը և դավաճանությունը: Մայրն ուզում է, որ դուստրը քավի իր
մեղքը: Այդ զրույցից հետո Սյուզանը տեղի է տալիս: Նրան ընդունում է Լոնշանի կուսանոցը:
Այստեղ վերակացու է տիկին դը Մոնին՝ խելացի, բարի կին, որը համակրանքով է վերաբերվում
Սյուզանին: Սյուզանը շարունակում է վախենալ միանձնուհու ճակատագրից և ծանր պահին կիսում
է իր անհանգստությունը դը Մոնիի հետ: Վերջինս մեծ դժվարությամբ կարողանում է մխիթարել
աղջկան: Ծեսն անցնում է Սյուզանի ինքնամոռացության պայմաններում: Նույն տարում մահանում
են պրն. Սիմոնենը, Սյուզանի մայրը և տիկին դը Մոնին: Մայրը մահից առաջ փոխանցում է
Սյուզանին նամակ և գումար: Նամակում խնդրում է դստերը քավել իր մեղքը բարի գործերով:
Նոր վերակացու է նշանակվում քույր Քրիստինան՝ մանրախնդիր մի կին: Սա տարված է նոր կրոնական
հոսանքներով, ստիպում է միանձնուհիներին մասնակցել անհեթեթ ծեսերի, ստիպում է զբաղվել
մարմնատանջությամբ: Սյուզանն ամեն հարմար առիթի գովաբանում է նախկին վերակացուին և
չի ենթարկվում նոր սովորույթներին: Նաև կողմնակիցներ է ձեռք բերում: Նրան սկսում են
ճնշել՝ գողանալ իրերը, մեկուսացնել, փչացնել նրա աշխատանքը… Սյուզանը սկսում է մտածել
ինքնասպանության մասին, բայց տեսնելով, որ բոլորի նպատակը հենց դա է, թողնում է այդ
միտքը: Որոշում է դրժել իր երդումը, ուզում է մանրամասն նամակ գրել և ուղարկել որևէ
աշխարհիկ մարդու: Թուղթ է վերցնում վերակացուից խոստովանանք գրելու պատրվակով: Կարողանում
է թղթերը փոխանցել քույր Ուրսուլային, որը ընկերաբար է վերաբերվում Սյուզանին: Կարողանում
է կապ հաստատել աշխարհիկ մարդկանց հետ, մասնավորապես՝ պրն. Մանուրիի, որը հանձն է առնում
վարել նրա գործը, զրուցում է նրան այցելող մարդկանց հետ: Երբ համայնքը իմանում է երդումը
դրժելու Սյուզանի ցանկության մասին, նրան հայտարարում են Աստծո կողմից նզովված: Նրան
չի կարելի անգամ դիպչել: Նրան չեն կերակրում: Նա ինքն է ուտելիք խնդրում և նրան հրամցնում
են գարշելի մնացորդներ: Նրան ամեն կերպ խոշտանգում են. կոտրում են նրա ափսեները, գողանում
են իրերը, ոտքի տակ փշրված ապակի են լցնում: Միանձնուհիները կարծում են, որ Սյուզանի
մեջ դև է մտել և հայտնում են այդ մասին ավագ վիկարիուսին՝ պրն. Էբերին: Սա ժամանում
է և Սյուզանին հաջողվում է պաշտպանվել մեղադրանքներից: Նրա իրավունքները վերականգնվում
են: Սակայն դատարանում նրա գործը տանուլ են տալիս: Նրան պարտադրում են մի քանի օր ինքնախոշտանգումների
տրվել, ծոմապահություն անել, ինչի արդյունքում հիվանդանում է: Նրան խնամում է Ուրսուլան:
Սյուզանի կյանքը որոշ ժամանակ վտանգի մեջ է, բայց նա ի վերջո
ապաքինվում է: Սակայն ծանր հիվանդանում և մահանում է Ուրսուլան: Պրն. Մանուրիի ջանքերով
Սյուզանին տեղափոխում են սուրբ Եվտրոպիայի մենաստան: Այստեղի վերակացուն աչքի է ընկնում
հակասական բնավորությամբ: Մերթ ամեն բան թույլ է տալիս, մերթ ամեն բան արգելում է,
մերթ ջերմ է, մերթ՝ սառը: Շատ սիրալիր է ընդունում Սյուզանին: Բայց Սյուզանին շատ է
զարմացնում միանձնուհիներից մեկի՝ Թերեզի վարքը: Սյուզանը ենթադրում է, որ սա խանդում
է վերակացուին, քանի որ վերջինս հաճախ է գովում իրեն, նվերներ է տալիս, ազատում է ծառայությունից:
Սյուզանի հայտնվելուց հետո հարթվել են վերակացուի բնավորության ծանր գծերը: Սակայն
Սյուզանին անբացատրելի է թվում վերակացուի իր հանդեպ անչափ ջերմ վերաբերմունքը: Սա
հաճախ է համբուրում իրեն և այդ պահերին արտառոց
ոգևորություն է ապրում: Անմեղ Սյուզանը գլխի չի ընկնում, թե որն է խնդիրը: Մի գիշեր
վերակացուն այցելում է Սյուզանին իր սենյակում: Ասում է, որ մրսում է և խնդրում է Սյուզանին
տեղ տալ իրեն իր անկողնում: Դուռը թակում են: Թերեզն է: Վերակացուն ուժեղ բարկանում
է, բայց Սյուզանը խնդրում է նրան ներել Թերեզին:
Գալիս է խոստովանության ժամը: Վերակացուն խնդրում է Սյուզանին
չպատմել խոստովանահորը գիշերվա դեպքի մասին, սակայն հայր Լեմուանը կարողանում է ստիպել
Սյուզանին պատմել ամեն բան:
Պատվիրում է Սյուզանին հեռու մնալ վերակացուից: Սակայն վերակացուն
ասում է, որ հայր Լեմուանը իրավացի չէ և որ իր սիրո մեջ մեղսավոր ոչինչ չկա: Այդուհանդերձ
Սյուզանը որոշում է հետևել հայր Լեմուանի խորհրդին և տարածություն պահել իր և վերակացուի
հարաբերություններում: Վերակացու վարքը դառնում է շատ տարօրինակ: Հետևում է Սյուզանին,
լաց է լինում և ասում, որ չի կարող ապրել առանց նրա: Հանգիստ կյանքը համայնքում խաթարվում
է: Վերակացուի մելամաղձոտությունը փոխվում է բարեպաշտության, իսկ հետո աբսուրդի: Մենաստանում
սկսվում է քաոս: Վերակացուն տառապում է և խնդրում է աղոթել իր համար, խիստ ծոմապահության
է անցնում և սկսում է խոշտանգել իրեն: Միանձնուհիները ատելությամբ են լցվում Սյուզանի
հանդեպ: Իր նոր խոստովանահորը՝ հայր Մորելին նա պատմում է իր կյանքի պատմությունը,
հայտնում է միանձնուհու իր ճակատագրի հանդեպ ունեցած ողջ գարշանքի մասին: Հայր Մորելը
նույնպես պատմում է իր մասին: Նա էլ է ատում իր դիրքը: Սկսում են ավելի հաճախ տեսնվել
և լցվում են փոխադարձ համակրանքով:
Այդ ընթացքում վերակացուն սկսում է տառապել տենդից և զառանցում
է: Տեսնում է դժողքը, կրակի լեզուները, աստվածացնում է Սյուզանին: Մի քանի ամիս անց
նա մահանում է: Շուտով մահանում է նաև Թերեզը: Սյուզանին մեղադրում են, որ նա կախարդել
է վերակացուին: Հայր Մորելը համոզում է նրան փախչել իր հետ: Փարիզի ճանապարհին փորձում
է բռնի տիրել աղջկան:
Փարիզում Սյուզանը երկու ամիս ապրում է ինչ-որ հասարակաց
տանը: Մի օր փախչում է այդտեղից և նրան հաջողվում է ծառայության անցնել լվացարարուհու
մոտ: Աշխատանքը ծանր է, սնունդը՝ վատ: Սակայն նրան լավ են վերաբերվում: Իրեն գողացած
հայր Մորելը ձերբակալված է և նրան սպառնում է ցմահ բանտարկություն:
Իր փախուստը նույնպես բոլորին հայտնի է, այնպես որ Սյուզանն
ապրում է մշտական անհանգստության մեջ: Խնդրում է պրն. Կրուամարին օգնել իրեն: Համաձայն
է աղախին լինել պարկեշտ մարդկանց մոտ որևէ խուլ վայրում:
Տես նաև Ռամոյի ազգականը
Դենի Դիդրո | Միանձնուհին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 05, 2015
Rating:
.jpg)