Դերենիկ Դեմիրճյան | Վարդանանք | համառոտ


Գիշերը խոժոռվել է Տարոնի դաշտավայրի վրա: Խավարի միջից նայում է Աշտիշատի վանքը: Վանականները և զորականը զրուցում են: Վերջինս կոչ է անում սրանց թողնել երկպառակությունը և սկսել քարոզը միաբանության: Հրաժեշտ է տալիս այդ հույսով: Արծվին հետևում է նրան: Զորականը Վարդան Մամիկոնյանն է` սպարապետը: Հանդիպում են վարազի որսից վերադարձող մի խմբի, որոնց թվում է նրա դուստրը և գեղեցիկ մի աղջիկ: Նրանց վրա են հարձակվել պարսից վերակացու զորքի զինվորները, ուզում էին առևանգել դեռատի աղջկան: Պատանիները լավ կռվել են, երկուսը սպանվել են, մյուսները` փախել:
Մտնում են ամրոց: Նստած են չորս հոգի` Ամատունյաց Վահան նախարարը` Արշակունյաց Հայաստանի վերջին Հազարապետը, Մոկաց Արտակ և Ռշտունյաց Արտակ նախարարները և Արծրունյաց տեր Ներշապուհը: Վարդանը Աշտիշատում ստացել է արքայի ուղարկած հրովարտակի պատճենը: Այն ուղղված է հոգևոր տիրոջը և իրենց: Հազկերտն ուզում է` հայերը ընդունեն զրադաշտական կրոնը: Պետք է պատասխան տալ մի առ մի կամ ներկայանալ արքունի դուռը` իրեն: Քննարկում են: Ռշտունյաց նախարարը դեմ է, կարծում է, որ դա կրոնական վեճ է, ուրեմն թող կաթողիկոսն էլ պատասխանի: Իրենց գործը չէ հոգևոր դասի համար արյուն թափելը: Վարդանը մտածում է, որ կլինեն նաև այլ դեմ նախարարներ: Որոշում են միանալ հոգևորականությանը և միասին տալ պատասխան Հազկերտին: Պետք է շտապ գնալ Արտաշատ:
Պարսիկ հարկահանները Դենշապուհի հրամանով քամում են վանքերը, ապա շենը: Շինականներն ընդդիմանում են: Նրանց մեջ աչքի է ընկնում Առաքելը, ով կդառնա աստիճանաբար ձևավորվող ժողովրդական շարժման ղեկավար: Բակուր գյուղապետը այս տեսարանների մասին պատմում է մարզպանին` Վասակին: Սակայն վերջինիս ավելի շատ հուզում է իր մարզպանության հարցը: Նրան մրցակից է փեսան` Վարազվաղանը, ում արտաքսել է Սյունիքից քրոջ հետ դաժան վարվելու պատճառով: Վարազվաղանը կարող է նստել մարզպան` իր տեղը: Վասակը անհասկանալի կապի մեջ է Վարազդուխտի` Վարազվաղանի քրոջ աղջա հետ: Սա հաճախ հյուր է գալիս ու առանձնանում Վասակի հետ նրա օթևանում: Փառանձեմը` Վասակի կինը, զգում է նրանց հոգևոր կապը: Վասակը Վարազդուխտին ուղարկելու է Պարսկաստան, քանի որ Դենշապուհը իր տակն է փորում: Կինը ուրախ է, ուրեմն հարկավոր է Վասակին կարևոր գործի համար: Փառանձեմը ապրում է միանձնուհու կյանքով: Նա զբաղբվում է տղաների՝ Ներսիկի ու Բաբիկի դաստիարակությամբ, գրքեր կարդում: Հայրը, հակառակը, ուզում է նրանց տանել Պարսկաստան, պարտադրում է տղաներին խոսել պարսկերեն, որին սրանք ընդդիմանում են: Չեն սիրում հորը, քանզի սա նվաստացնում է Փառանձեմին: Վասակի հեռահար նպատակը թագավոր դառնալն է:
Մոկաց Արտակ նախարարը սիրահարվում է Ռշտունյաց նախարարի քենուն՝ Անահիտին: Աղջիկը ևս անտարբեր չէ: Արտակն ասում է, որ կգնա խոսելու նրա ծնողի հետ. մինչև պատերազմը: Աղջիկը համաձայն է:

Արտաշատ: Հավաքվել են նախարարները: Ժամանել է նաև Դենշապուհը և այլ պարսիկ մեծամեծներ: «Հրովարտակի պատասխանն ուշանում է, արքայից արքան կարող է սաստիկ բարկանալ»,- ասում է Դենշապուհը: Վեհմիհրը և Որպիզդ մոգպետը ևս ժամանել են Արտաշատ: Հայտնում են, որ Հազկերտը այսօր ևեթ սպասում է պատասխանի: Վասակը կողմնակից է դավանափոխության: Նրա կողմն են անցել Գադիշոն, Գյուտը և Ռշտունյաց Արտակը: Մյուսները Վարդանի հետ դուրս են գալիս պալատից:
Բոլորը տաճարում են: Հրավիրված են նաև Եղիշեն, Եզնիկ Կողբացին և Ղևոնդ Երեցը իբրև շատ կարդացած մարդիկ՝ շարադրելու հրովարտակի պատասխանը: Վասակը չի եկել, խնդրել է պատասխանը իրեն ուղարկել: Կարդում են հրովարտակը, որում գովաբանվում է զրադաշտական կրոնը և ծաղրվում քրիստոնեությունը: Լռություն է: Կաթողիկոսն ասում է, որ պետք է դիմել օգնության: Վարդանն ասում է, որ կկոչեն արյաց բոլոր թշնամիներին: Պետք է դիմագրավել բռնավորին: Մեծամասնությունն ասում է՝ պատրաստ է:
Տաճարի վրա է գալիս մի բազմություն Առաքելի ղեկավարությամբ: Ասում է, որ իրենք ողջ ժողովուրդով զինվորյալ են, երկիրը չեն տալիս ու այդպես էլ թող պատասխանեն արքային: Վարդանը խոսում է, հայտնում, որ մերժում են, և կկռվեն հարկ եղած դեմքում: Բազմությունը հավատում է Վարդանին և պատրաստ է պաշտպանել իր երկիրն ու հավատը: Գրվում է հրովարտակի պատասխանը, որն արծարծում է քրիստոնեության լուսաբանումը և զրադաշտական կրոնն ընդունելու մերժումը: «Այս հավատից չեն կարող խախտել մեզ ո´չ հրեշտակ, ո´չ մարդիկ, ո´չ սուր»,- կարդում է Ղևոնդ Երեցը: Ժողովուրդը հոժար է: Ուխտում են հավատարիմ մնալ հայրենիքին: Ճնշված են միայն Գադիշոն, Գյուտը և Արտակ Ռշտունին, որոնք գաղտնի են միացել Վասակի կուսակիցներին: Հնչում է ռազմական պարերգը: Դոփում են գետինը և թնդում է ազատության ռազմական երգը:
Վասակը մտածում է՝ պետք է վերջ տալ այդ խելացնորությանը: Պարսից զորքերը ոտնատակ կտան երկիրը: Նրան կանչում են ժողովի, տալիս պատասխան թուղթը: Ինքը համաձայն չէ, իրենց կկանչեն դուռը, և առաջինը՝ հենց իրեն: Միաբանություն չկա նախարարների մեջ, և դա տագնապալի է: Սակայն ռամիկը ևս վեր է կացել պատերազմի, և նրանք պետք է տանեն նրան պատերազմ, եթե ոչ, նա կտանի իրենց: Օգնության կկանչեն Վրաստանին, Աղվանքին, Բյուզանդիային, հունաց բաժնի հայ իշխաններին: Կաթողիկոսը խաչակնքում է բոլորին, հրաժեշտ տալիս: Վասակի մոտ են գալիս Դենշապուհը, Խոսրովը, Որմիզդ մոգպետը, Վեհմիհրը պատասխանի հետևից: Վասակն ասում է, որ ինքը չի մասնակցել, այդ պատճառով իր ստորագրությունը չկա: Նա պատվիրում է Կոդակին ուղեկցել Խոսրովին՝ Միհրներսեհին՝ Հազկերտի հազարապետին թուղթը տանելիս:
Վարդանը հրահանգում է հնարավոր դաշնակիցների դեսպաններին՝ օգնության գործը նախապատրաստելու նպատակով, իսկ Վասակը նույնն անում է հակառակ մտադրությամբ՝ խափանելու Վարդանի ձեռնարկումը: Նախարարները բաժանվում են, ամեն մեկը իր գործն անելու: Պետք է զորագնդեր կազմեն և կապ պահեն սուրհանդակելով:
Վասակը Գադիշոյի, երբեմն էլ Ռշտունյաց Արտակի հետ խորհրդակցում է խռովությունը զսպելու մասին: Գադիշոն այցելելու է մյուս նախարարներին՝ իրենց կողմը գրավելու համար: Ռշտունյաց նախարարը Մոկաց Արտակի հետ գնում են Ռշտունիք: Վերջինս սրտի թրթիռով ընկերանում է նրան՝ հուսալով հանդիպել Անահիտին, ով Ռշտունյաց ամրոցում է: Աղջիկը հիվանդացել է: Սիրո զգացումը խորացրել է այդ լեռնային պարզ աղջկան: Հայրը հայտնում է, որ վաղը մեկնելու են տուն: Անահիտը գունատվում ու սարսափում է: Ռշտունյաց նախարարը հասկանում է Արտակի գալու բուն պատճառը և սենեկապետին կարգադրում է Անահիտին երկու օրով հեռացնել ամրոցից, մինչև Արտակը մեկնի: Նա հակառակորդ է  և այդտեղից աղջիկ չպիտի տանի: Սակայն գիշերը ծածուկ կազմակերպվում է նրանց հանդիպումը: Արտակը հասցնում է գրկել Անահիտին, հայտնել, որ պիտի խոսի նրա հոր հետ Ռշտունյաց նախարարը հանդիպում է իր հավատարիմ սեպուհների հետ, կարգադրում սրանց, որ մոգեր բերեն, մնան սրա-նրա տունը իբրև պատահական ճամփորդներ: Մարդիկ կնայեն սրանց ատրուշաններին, աստիճանաբար կընտելանան ու կգայթակղվեն:
Խոսրովը, Կոդակը և Գյուտը իմանում են, որ Հազկերտը գնացել է Ապար  աշխարհը և Տիզբոն գնալու փոխարեն գնում են Ապար: Ճանապարհին մտնում են կարավանատուն: Այնտեղ է հազարապետի պաշտոնյան՝ Վշնասպը, գնալու է Հայաստան: Խոսրովն առանձին զրուցում է Վշնասպի հետ, հայտնում, որ արքան զայրացած է պատասխանի ուշացման համար: Կոդակը ինքն է խոսում Վշնասպի հետ՝ հայտնելով թե իրենք կրոնափոխների կողմից են, բայց Վշնասպը դուրս է հանում նրան՝ հայերին խելագարներ կոչելով: Խոսրովը չի ուզում նույն սենյակում մնալ նրանց հետ, ծեծում է Կոդակին: Վշնասպը միջամտում է, և Խոսրովը գնում է օթևան: Կոդակը զայրույթից ու վրեժից միզում է կրակի վրա ու հանգիստ քնում: Առավոտյան Գյուտը կանչում է Խոսրովին ու ապտակում: Սա վախենում է, գնում նժույգները պատրաստելու: Հասնում են Նյուշապուհ քաղաքը: Հազարապետը կարգադրել է չընդունել նրանց, սպասել հրավերի: Խոսրովը երկար է սպասում: Միհրներսեհը վերջապես հրամայում է ներկայանալ Խոսրովը տալիս է պատասխանը: Միհրներսեհը անշարժ կարդում է այն, ապա կարգադրում հրավիրել մովպետին, մոգերին և մեծամեծներին: Հայտնում է, որ իրենք առաջիկայում պատերազմներ ունեն, թիվ է պետք: Այժմ պետք է լսել արքայի հրամանը: Գյուտին և Կոդակին չեն ընդունում: Սկսում են տաղտուկ օրեր: Գյուտը քնում է օրերով, իսկ Կոդակը հաջողացնում է ընդունելություն Միհրներսեհի մոտ, հայտնում, որ Վասակը ծախու հոգի է, կարող է ծախել Հայաստանը, միայն թե մարզպան մնա: Նա ապահովում է Վասակի դիրքը արքունիքում և դիրք ձեռք բերում պարսիկ մեծամեծների առաջ:
Գյուտին է այցելում պարսից բանակում ծառայող հայկական այրուձիի Ընծայնոց Արսեն իշխանը: Հայտնում է, որ շատ վրդովված են՝ իմանալով, որ իրենց չեն ընդունել: Այդ ստորացումը ցնցել է նրանց; Սրվանձտյա Գարեգին իշխանը սուրհանդակ է ուղարկել Սպարապետին և հայտնել, որ իրենք համերաշխ են հայրենիքին և միանում են հայրենիքի պատերազմին: Արսենն ասում է, որ բավ է ինչ մաշվեցին պարսիկների պատերազմներում, հիմա էլ մաշվեն իրենց պատերազմներում: Գյուտին դուր չի գալիս այս խոսակցությունը: Արսենը նաև այցելում է իր սիրեցյալին՝ Խորիշային: Ի՞նչ է անելու, մի՞թե նրան թողնելու է այստեղ ու գնալու հայրենիք, թե՞ նրան իր հետ է տանելու: Կռիվը կռիվ է, սերը՝ սեր
Վրաց Միհրդատ թագավորը ընդունում է Վարդանի դեսպան սեպուհին: Վրաստանի իշխանները վճռում են Հազկերտի հրովարտակի պատասխանը: Նրանց մեջ է Աշուշա բդեշխը և որդին՝ Վազգենը: Ոմանք դեմ են, ոմանք կողմ: Գնում են տաճար: Երկու օր անց Վրաց թագավորը նամակ է տալիս սեպուհին՝ ուղղված Վարդանին: Վրացիները պատրաստ են հայերի հետ դիմադարձ կանգնել Հազկերտին և օգնել հայերին ինչով կարող են:  
Հազկերտի կոչի հրամանը մրրիկի պես մտնում է Հայաստան: Պարսից դուռն է կանչվում մարզպանը, Արծրունյաց, Խոռխոռունյաց, Մամիկոնյաց, Մոկաց, Ռշտունյաց, Վահևունյաց, Անձևացյաց տերերը և հազարապետը: Սրանով Հազկերտը գլխատում է հայ նախարարությունը: Գումարվում են Էջմիածնում, որոշում գնալ: Ժողովուրդը ևս հավաքվում է: Առաքելը հարցնում է, թե ուր են գնում, ում են թողնում աշխարհը: Վարդանը հուսադրում է նրանց, ասում, որ երկիրը թողնում են զինվորյալ ժողովրդին, իսկ իրենք երդվել են և հայոց աշխարհը բռնավորին չեն տա:
Հայ նախարարները, իրենց թիկնապահների ու սպասավորների հետ շարժվում են Պարսկասանի տխուր անապատներով դեպի Նյուշապուհ: Կարավանի մեջ են Վասակ  Սյունին, Վարդան Մամիկոնյանը, Ներշապուհ Արծրունին, Վահան Ամատունին, Արտակ Ռշտունին, Գադիշո Խորխոռունին, Մոկաց Արտակը, Ապահունյաց Մանեճը, Անձևացյաց Շմավոնը: Վասակի որդիները՝ Բաբիկն ու Ներսիկը, ևս նրանց հետ են: Գնում են Վարդանի հետևից, ով դարձել է նրանց պաշտամունքի կուռքը: Նրանց դիմավորում է հայոց այրուձին: Դա մի հանդուգն քայլ էր Գարեգինի կողմից, ով ենթարկվում է Մուշկան Նյուսալավուրտ զորավարին և ինքնագլուխ է հանել այրուձին: Հայ նախարարների անտեսումը տևում է մի քանի օր: Հետո հայտնվում է պարսիկ սուրհանդակը, հայտնում, որ արքան շտապ հրամայում է ներկայանալ իրեն: Հազկերտը կարգադրում է ուրանալ, այլապես զորք կուղարկի և կավերի երկիրը: Դահիճներին հրամայում է տանել նրանց զնդան, թող փտեն ու իմանան՝ ինչ է արյաց զորությունը: Աշուշային ու Վահանին հետ են պահում՝ մինչև նոր հրաման տալը, այնուհետև Վռամ պալատականը սրանց խորհուրդ է տալիս կեղծ ուրանալ և նույնը խորհուրդ տալ մյուսներին: Բանտարկյալների կյանքը գնալով դժվարանում է: Բանտապանի օգնականը ևս նրանց խորհուրդ է տալիս կեղծ ուրանալ ու գնալ իրենց երկիրը: Ո´չ առաջինն են, ո´չ վերջինը: Իրենց երկրում կպաշտեն իրենց աստծուն: Նախարարներին հայտնում են, որ մահապատիժը տեղի կունենա վաղը, թող շտապեն: Որոշում են կեղծ ուրանալ, հայրենիք հասնելուն պես բացվել ժողովրդի առաջ, բայց այստեղ խիստ գաղտնի պահել դա:
Նյուշապուհ քաղաքը հավաքվել է ճամբարի մոտակա դաշտավայրը` դիտելու հայ նախարարների մահապատիժը: Սակայն փղերը դեռ ճամբարում են: Ամբոխը քարեր է վերցնում, որ քարկոծի նրանց: Բանտապահը փրկում է դրությունը` հայտնելով, որ նախարարներն ընդունել են մազդեզանց կրոնը: Քարերը վայր են նետում, սկսում համբուրել նրանց ձեռքերը:
Նախարարները առավոտ վաղ պիտի ներկայանան մեծ մովպետան մովպետին ճամբարի մեծ դաշտում, ուր կկատարվի նրանց առաջին երկրպագումը արևին: Երկրպագումից հետո վերադառնում են ճամբար, Հազկերտը նրանց այժմ համարում է պարսիկ, հրամայում է գնալ և ուժեղացնել իրենց զորքերը: Մարզպանին է հանձնում երկրի ղեկը, Սպարապետին` զորքը, որին պիտի պատրաստի ու բերի քուշանների դեմ: Քաջերի տեղը պալատը չէ, այլ ռազմադաշտը: Վասակը պիտի դարձնի մազդեզանց կրոնին ողջ Արմենիան: Նա Բաբիկին ու Ներսիկին հայտնում է, որ վաղը գնալու են Սյունիք: Տղաներն ուրախանում են: Սակայն Միհրներսեհի սենեկապետը նրան հրավիրում է իր մոտ ու հայտնում, որ արքան նրա տղաներին ու Աշուշա բդեշխին պատանդ է պահում: Ինքը սիրում է Վասակի որդիներին հոր պես և նրանց կպահի իր պալատում: Վասակը ցավ է զգում կրծքի տակ, զգում է, որ կորցնում է իր զավակներին:
Վարդանը հաջողացնում է Գարեգինին հայտնել իրենց կեղծ ուրացության մասին, ասում, որ մեկ ամսից սահմանից դուրս կգան, այդ օրերին այրուձին թող փախցնի, ինչպես հնար կլինի: Նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ այրուձիից 20 մարտիկ և մի քանի քահանա փախել են: Սրանք գույժը կհասցնեն մինչև իրենց հասնելը: Ինչպես պիտի իրեն հանդիպի հայ ժողովուրդը
Շարունակությունը կարդա այստեղ
Դերենիկ Դեմիրճյան | Վարդանանք | համառոտ Դերենիկ Դեմիրճյան | Վարդանանք | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 14, 2015 Rating: 5
Технологии Blogger.