
«Եվրոպայի մայրամուտը» երկհատոր
ուսումնասիրությունը փառք բերեց Օսվալդ Շպենգլերին: Այդ գրքում հեղինակը կապում է Գերմանական կայսրության փլուզումը արևմտյան
քաղաքակրթության կործանման հետ ընդհանրապես: Բնության և պատմության միջև տարբերությունը
Շպենգլերը համարում է մետաֆիզիկական. «Իրականությունը բնություն է, որքանով կայացողը
ենթարկում է կայացածին, սակայն պատմություն է, որքանով ամենայն կայացածը իրեն է ենթարկում կայացող ամեն բան»: Բնության մեջ իշխում է մեխանիկական անհրաժեշտությունը, իսկ պատմությունը
օրգանական անհրաժեշտության թագավորություն է: Հենց այս պատճառով պատմությունը կարող
է հասկացվել վերապրման, պատմական զարգացման ձևերի մեջ ինտուիտիվ ներթափանցման միջոցով:
«Մարդկությունը չունի ոչ մի նպատակ, ոչ մի գաղափար, ոչ մի նախագիծ, ինչպես որ չունեն
թիթեռը կամ խոլորձը: «Մարդկությունը» կենդանաբանական հասկացություն է, բառ, որը զուրկ
է որևէ իմաստից»: Պատմական զարգացման գծային պատկերին Շպենգլերը հակադրում է «բազմաթիվ
քաղաքակրությունների բեմահարթակը, որոնք ծաղկում են շնորհիվ նախնադարյան ուժի և դուրս
են գալիս երկրի մայրական ընդերքից»:
Բոլոր օրգանիզմների նմանությամբ քաղաքակրթությունները ծնվում
են, հասունանում են, ծերանում և անհետանում են: Քաղաքակրթության փակ տարածության մեջ
բարոյականությունը, փիլիսոփայությունը, իրավունքը ունեն բացարձակ իմաստ, սակայն դրա
սահմաններից դուրս անիմաստ են: «Որքան քաղաքակրթություն, այնքան բարոյականության համակարգ»:
Յուրաքանչյուր քաղաքակրթություն ստեղծում է իր արժեքները, որոնք տարբեր են այլ քաղաքակրթությունների
արժեքներից: Արժեքների հարաբերականության շպենգլերյան թեզը ճանաչում է արժեքների բացարձակություն
միմիայն մեկ քաղաքակրթության շրջանակներում:
Ինչպես օրգանիզմները, քաղաքակրթությունները ևս դատապարտված
են կործանման: «Երբ նպատակին հասել են, իսկ ներքին հնարավորությունների լիությունը
սպառված է, քաղաքակրթությունը ծերանում է, սկսում է շարժվել դեպի մահ, արյունը մակարդվում
է, ուժերը թուլանում են, սկսվում է անկման փուլ»: Բարոյական և կրոնական ճգնաժամը Շպենգլերը
կապում է հավասարապաշտության միտումների հետ: «Արժեքների վերարժևորումը», որի մասին խոսում
է Նիցշեն, արևմտյան քաղաքակրթության մայրամուտի աներկբա ախտանիշ է:
Շպենգլերն առանձնացնում էր հետևյալ հզոր մշակույթները՝ Եգիպտական, Բաբելական, Չինական, Հնդկական, Մեքսիկական, Հունական, Արաբական, Ֆաուստյան:
Ֆաուստյան մշակույթը գոյացել է տասներորդ դարում և նրա խորհրդանիշը Ֆաուստն է: «Եվրոպայի
մայրամուտում» Շպենգլերը մշակույթի բազմաթիվ չափումներում հակադրում է Ֆաուստյան և
ապոլլոնյան ճանաչողությունները, որոնց մասին նախատիպային պատկերացումները փոխառել է
երիտասարդ Ֆրիդրիխ Նիցշեի «Ողբերգության ծնունդը» գրքից:
Տես նաև Առնոլդ Թոյնբի Պատմության հետազոտություն և Ֆրենսիս Ֆուկույամա Պատմության ավարտը և վերջին մարդը
Օսվալդ Շպենգլեր | Եվրոպայի մայրամուտը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 30, 2015
Rating:
