Ֆրենսիս Ֆուկույամա | Պատմության ավարտը և վերջին մարդը | համառոտ


Գրքի ստեղծման համար հիմք է ծառայել Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավա՞րտ» (1989) էսսեն, որը նկատելի աղմուկ է բարձրացնում մամուլում և գիտական միջավայրում։ Էսխատոլոգիական տոնայնությամբ գրված «Պատմության ավարտը և վերջին մարդը» աշխատության մեջ Ֆուկույաման խորացնում և ընդարձակում է էսսեի պրոբլեմատիկ շրջանակը՝ պնդելով, որ արևմտյան տեսակի լիբերալ դեմոկրատիայի տարածումն աշխարհում վկայում է մարդկության քաղաքակրթական համալիրի զարգացման վերջնակետի և կառավարության վերջնական ձևի կազմավորման մասին։ Թեպետև, Ֆուկույամայի համար պատմության ավարտը ամեն պրոցեսուալության բացարձակ մերժում չէ, այն կրում է իդեոլոգիական դիմակայությունների, գլոբալ հեղափոխությունների և պատերազմների ժամանակաշրջանի ավարտի նշաններ, և որպես արդյունք՝ մշակույթի հիմնական ձևերի, այն է՝ արվեստի և փիլիսոփայության դարաշրջանի ավարտի նշաններ։
Ֆրենսիս Ֆուկույաման ուղղակիորեն հղում է իրեն պատմության փիլիսոփայության այն ավանդույթին, որը գալիս է գերմանացի փիլիսոփաներ Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելից և Կառլ Մարքսից։ Այդ իմաստով, իհարկե, ինչպես ինքը հեղինակն է բազմիցս նշում, պատմության ավարտի հասկացությունը նրա պարագայում միայն փոխառություն է:
Գիրքը բացվում է ժամանակակից աշխարհում համաշխարհային պատերազմներով, ցեղասպանություններով և տոտալիտարիստական համակարգերի գոյությամբ պայմանավորված հոռետեսական տրամադրությունների հետազոտությամբ: Դրանք խաթարեցին զարգացման նկատմամբ դրական հավատը: Այդ ամենի ֆոնի վրա ակնհայտ է լիբերալ դեմոկրատիայի գոյաբանական մենաշնորհը աշխարհում: Այն ավելի զորեղ է, քան իր հնարավոր քննադատները և հետևաբար մնում է առանց այլընտրանքի: Սրա հիմքում գաղափարների ճգնաժամն է: Եվ եթե անգամ տեղի են ունենում հեղափոխություններ, ապա իշխանությունը հանձնվում է ոչ թե պարտության և հաղթանակի պայմաններում, այլ որովհետև կուսակցություններից մեկը ինքնակամ որոշել է հանձնել այն:
Գրքի երկրորդ և երրորդ գլուխներում Ֆուկույաման ցույց է տալիս, որ լիբերալ դեմոկրատիայի պայմաններում որևէ պետության կամ մշակութային միավորի տեխնիկական և նյութական բարգավաճման ցանկությունն ու ձգտումը ստիպում է նրան ընդունել մոդեռնիզացիայի խաղի կանոնները, իսկ արդյունքում՝ արևմտյան տիպի արդյունաբերականացումը: Հակառակ Մարքսի տեսության, տնտեսական զարգացման տրամաբանությունը հանգեցնում է կապիտալիզմի հաղթանակի:
Ճանաչվելու մարդու տենչը Ֆուկույաման նույնացնում է Պլատոնի հոգևոր գոյության գաղափարի և Ռուսոյի ինքնասիրության հասկացության հետ: Գրքի հինգերորդ մասում հեղինակը հարցնում է. արդյո՞ք լիբերալ դեմոկրատիան ամբողջությամբ բավարարում է ինքնահաստատման մարդու տենչը: Լիբերալ դեմոկրատիան քայքայում է կրոնական և այլ պաշտամունքի և գերակայության ավանդական ինստիտուտները: Հավասարության և կոմֆորտի իդեալների վրա կառուցված հասարակությունը չի կարող ստեղծել ազատ տարածություն աճի և գերակայության ձգտումների համար: Ֆուկույաման օգտագործում է Ֆրիդրիխ Նիցշեի «վերջին մարդու» հասկացությունը, որը ոչնչի չի հավատում և ոչինչ չի ճանաչում բացի սեփական կոմֆորտից: Սեփական ուժերով լիբերալ դեմոկրատիան չի կարող ելքեր առաջարկել ստեղծված փակուղուց: «Նրանք, ովքեր դժգոհ կմնան ստեղծված իրադրությունից, միշտ կարող են իրենց վրա վերցնել պատմության ընթացքը վերսկսելու գործը»: 

Տես նաև Ֆրիդրիխ Նիցշե Ողբերգության ծնունդը, Թոմաս Մոր Ուտոպիա և Օսվալդ Շպենգլեր Եվրոպայի մայրամուտը 
Ֆրենսիս Ֆուկույամա | Պատմության ավարտը և վերջին մարդը | համառոտ Ֆրենսիս Ֆուկույամա | Պատմության ավարտը և վերջին մարդը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 13, 2015 Rating: 5
Технологии Blogger.