Վարդան Այգեկցի | Աղվեսագիրք



Վարդան Այգեկցին ստեղծել է ավելի քան 30 առակ և սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Խրատների մեջ գործածած առակների համար Վարդանի հիմնական աղբյուրներն են Եզոպոսի առակները և «Բարոյախոսը»։ Այգեկցու հետնորդները հարստացրել են  նրա առակների մատյանը (ընդհուպ մինչև 17-րդ դարը)՝ ավելացնելով նոր առակներ, նովելներ և անեկդոտներ։ Այդպես ի հայտ է գալիս «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։ 
Առակներից շատերի գլխավոր հերոսն աղվեսն է, ահա ինչու Վարդանի անվան հետ կապված առակագրքերը ստացել են նաև «Աղվեսագիրք» անվանումը։ Առակներում աղվեսը միշտ չէ, որ խորհրդանշում է խորամանկությունը: Նա օժտված է բազմազան գծերով՝ անմտություն, հիմարություն, դյուրահավատություն, սրամտություն, հմտություն, զգաստություն և համբերողություն, ուխտադրժություն ու նենգություն։

Եզն և Ձի
«Եզը և ձին խոսեցին միմյանց հետ։ Եզն ասաց. -Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես։ Ձին ասաց. -Ես ձի եմ և ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով, արծաթով և բազմում են ինձ վրա։ Եզն ասաց. -Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում և ապա դու և քո թագավորն ուտում եք։ Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու էլ քո թագավորն իսկույն կմեռնեք։ Եվ դու երախտամոռ մի լինիր»:

Ջրաղաց և Եկեղեցի
«Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե ես եմ տաճար Աստծու և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու Աստծուն և պատարագ, և հաշտվում է Աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում։ Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն, թե ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր, ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու Աստծուն»:

Կտակ վասն գանձի
«Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց. -Ով զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։ Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։ Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով»: 

Իմաստուն զինվոր
«Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու կողմով կաղ էր։ Զինվորներից մեկը նրան ասաց. -Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։ Եվ նա ասաց. -Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու»:

Առյուծը, գայլը և աղվեսը
Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

 Իմաստունն ու իշխանավորը
Կար մի աշխարհակալ իշխանավոր, և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա: Եվ իշխանավորն ասաց. թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի: Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ, և հարսը մնաց: Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե «կա՞ իրավունք», և նրանք ասացին, թե «չկա իրավունք, որ հայրն առնի հարսին»: Եվ չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. «Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի»: Եվ իշխանավորն ասաց, թե «ինչու աշխարհի յոթանասուն երկու ազգին չի հասնում այդ, իսկ իրեն կհասնի»: Եվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ»: Եվ նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի: Այն ժամանակ իմաստունն ասաց. «Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, և քո վրա չկա իշխանություն, և ինչ կամենաս կարող ես անել»:

Գինու վնասը
Երեք ճգնավոր, մի անապատում աղոթում էին: Մանկությունից էին նրանք տարվել անապատ և չգիտեին աշխարհի ինչ լինելը: Եվ մի օր թողին աղոթելն ու ճգնությունը և միասին նստած հարցրին իրար, թե ինչ է փառքը աշխարհի։ Առաջինն ասաց, թե գինին են գովում, որովհետև նա սիրո օրինակն է։ Մյուսն ասաց, թե միսն են գովում բոլոր կերակուրների մեջ։ Երրորդն ասաց, թե պոռնկությունն են գովում։ Եվ թողնելով հոգևոր մշակությունը, առաջինն ասաց՝ գնում եմ գինի խմելու, տեսնեմ, թե գինին ինչ հաճույք կամ բնույթ ունի։ Երկրորդն ասաց, միս ուտեմ և իմանամ նրա համն ու բնույթը: Մյուսն ասաց՝ ես գնամ կնոջ մոտ և մեղքի համն առնեմ: Եկան քաղաք։ Նա, որ ասաց միս ուտեմ, գնաց խոհակերանոց և հոտած մսի գարշ հոտն առավ, ասաց. — Թե սա է միսը, որ գովում են, սա ինձ համար չէ,— ու վերադարձավ անապատ։ Նա, որ գնաց կնոջ մոտ, տեսավ, որ կանայք ու տղամարդիկ առանց ամոթի ու պատկառանքի չար գործ են անում, ասաց. — Վայ ձեր կյանքին, որ անցավոր կյանքի համար զրկվում եք անանց փառքից,— և դժոխքի հոտն առնելով փախավ։ Այն, որ ասաց գինի խմեմ, գնաց գինետան դուռը, տեսավ՝ շատ գեղեցիկ երիտասարդներ նստած մեղաց գինին են ըմպում։ Սիրով մեծարեցին նրան, և երբ գինով հարբեց, միս կերավ, և երբ փորը լցրեց մսով ու գինով, գնաց շնացավ։ Այսպես այն երկուսն ազատվեցին, իսկ գինեխումը կործանվեց։ Պարզ է, որ գինին է բոլոր մեղքերի մայրը և բոլոր մեղքերը գինին է գործել տալիս։

Տգեղ կինը
Մի մարդ տգեղ կին ուներ։ Մի օր տեսնելով կնոջը անտրամադիր, հարցնում է.— Ինչո՞ւ ես տրտմել։ Այսօր հայելուն նայեցի,— պատասխանում է կինը,— տգեղությանս պատճառով անտրամադիր դարձա։ Դու մեկ անգամ նայելով ես այդչափ տրտմել,— չի համբերում ամուսինը,— ես ամեն օր եմ տխուր, որովհետև ամեն օր եմ երեսդ տեսնում։

Թագավորն ու ծերունին
Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որ արմավենի էր տնկում։ Ով ծերունի,— ասում է թագավորը,— ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ դա քառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօրվաղը գնալու ես։ Թագավո՛ր,— պատասխանում է ծերուհին,— մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլ տնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի: — Տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորն իր ենթականերին,— որովհետև բարի ու լավախոհ մարդ է: Վերցնելով դրամը, ծերունին գոհ եղավ ճակատագրից։
Ինչո՞ւ գոհ եղար,— հարցնում է թագավորը։ Որովհետև,— պատասխանում է ծերունին,— ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում, իսկ ես այսօր վայելեցի։ Դարձյալ տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորը: Ծերունին նորից արտահայտեց իր գոհունակությունը: — Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն,— հարցնում է արքան։ Գոհ եղա ճակատագրից, որովհետև ամեն տունկ տարին մի անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառը այսօր երկու անգամ պտուղ տվեց։ Թագավորին հաճելի թվաց ծերունու պատասխանը։

Թագավորն ու նրա ուսիցիչը
Մի թագավոր, վեճ ունենալով սահմանակից երկրի թագավորի հետ, որոշեց մի համարձակ ու հմուտ դեսպան ուղարկել նրա մոտ, որպեսզի իր կողմից հանդիմանություն ու սպառնալիք կարդա նրան։ Ընտրությունը կանգ առավ մի իմաստուն մարդու վրա, որն իր ուսուցիչն էր եղել ու հավատարիմ մարդը։ Թագավորը հայտնեց նրան իր դիտավորությունը և այն բոլոր հոխորտանքները, որ պիտի հաղորդվեր։ Ուսուցիչը, որ շատ լավ գիտեր հակառակորդ թագավորի ցասկոտ բնավորությունը և անզուսպ վարքը հրաժարվեց։ Խնդրում եմ, արքա, ազատիր ինձ այդ դեսպանությունից, հակառակ դեպքում նա գլուխս կտրել կտա։ Բոլորովին մի՛ վախեցիր,— քաջալերելով նրան ասում է թագավորը,— եթե նա քո գլուխը կտրի, ես խոստանում եմ, այստեղ իմ տերության մեջ գտնել նրա բոլոր հպատակներին և գլխատել: — Ճիշտն ասած, արքա, հավատում եմ քեզ, որ կարող ես անել այն, ինչ ասում ես,— պատասխանում է ուսուցիչը,— Բայց աղաչում եմ հավատալ, որ նրա հպատակների այդքան կտրած գլուխների մեջ չես կարող գտնել մի այնպիսի գլուխ, որ այնքան հարմար լինի իմ անձին, ինչպես իմ գլուխը։

Էշին թոռ ծնվեց
Էշին ավետիս տվին՝ թե ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց: Եվ էշն ասաց. «Վայ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան»:

Իմաստուն դատավորը
Մի մարդ ուներ չար կին և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիները քեզնից են : Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց թե, ո՞րն է իմը, և կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր՝ ասաց. «Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն»: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը: Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվին հայրենի կայքը:
  
Տես նաև Մխիթար Գոշ Առակներ, Եզոպոս Առակներ, Խնկո Ապեր Առակներ
Վարդան Այգեկցի | Աղվեսագիրք Վարդան Այգեկցի | Աղվեսագիրք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 13, 2015 Rating: 5
Технологии Blogger.