Չակ Պալանիկ | Մարտական ակումբ | համառոտ



Պատմողն աշխատում է ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունում որպես ապահովագրության խորհրդատու։ Աշխատանքի բերումով հաճախ է լինում երկրի տարբեր քաղաքներում։ Տառապում է անքնությունից, որի պատճառով մեծ դժվարությամբ է ընկալում իրականությունը։ Չնայած դրան` բժիշկը նրան քնաբերներ չի նշանակում և խորհուրդ է տալիս ուղղակի հանգստանալ ու այցելել անբուժելի հիվանդների համար նախատեսված փոխօգնության խմբերը՝ տեսնելու համար, թե ինչպիսին է իսկական տառապանքը։ Հերոսին թվում է, որ փոխօգնության խմբերը որոշ չափով բարելավում են նրա վիճակը։
Արձակուրդ վերցնելով՝ գլխավոր հերոսը մեկնում է լողափ, որտեղ ծանոթանում է Թայլեր Դուրդեն անունով տարօրինակ երիտասարդի հետ։ Բայց արձակուրդը չի փրկում անքնությունից և հերոսը նորից վերադառնում է նախկին միջոցին՝ փոխօգնության խմբերին։ Սակայն խմբերը օգնում էին, քանի դեռ դրանց չէր այցելում Մարլա Զինգերը՝ աղջիկ, որն ազատվում է մահվան վախից դիտելով անբուժելի հիվանդների տանջանքները։ Մարլայի հայտնվելուց հետո փոխօգնության խմբերը դադարում են օգնել և հերոսը նորից դառնում է անքուն։ Հնարավոր է, որ հենց Մարլան է նրան ստիպում մտածել, որ ինքը խաբեբա է, որը չպիտի գտնվի այդ խմբերում։ Սկսում է ատել Մարլային։ Վեճից հետո նրանք որոշում են այցելել տարբեր փոխօգնության խմբեր, որպեսզի էլ չհանդիպեն։
Շուտով հերոսի տանը հրդեհ է տեղի ունենում, և նրա ողջ ունեցվածքն այրվում է։ Գնալու տեղ չունի, այնպես որ դիմում է իր միակ ծանոթին՝ Թայլերին։ Բարում անցկացրած գիշերվանից հետո Թայլերը խնդրում է հերոսին հարվածել իրեն ամբողջ ուժով։ Այդ հարվածը վերածվում է կռվի։ Հերոսները սկսում են հաճույք ստանալ կռվից՝ խեղդելով դրա մեջ իրենց դժվարությունները։ Այդ կռվին միանում են շատերը և այն տեղափոխվում է բարի նկուղ։ Կռվողների խումբը անվանակոչվում է «Մարտական ակումբ»։ Գլխավոր հերոսը տեղափոխվում է ապրելու Թայլերի լքված ու կիսաքանդ տունը։ Ակումբում կան օրենքներ, որոնք խախտել չի համարձակվում ոչ մեկը՝ նույնիսկ ստեղծողները. մարտին մասնակցում են միայն 2 հոգի, մեկից ավելի մարտ մի օրում բացառվում է, մարտիկները կռվում են առանց կոշիկների և մինչև գոտկատեղը մերկացած, մարտը շարունակվում է այնքան, որքան հարկավոր է…
Աստիճանաբար Թայլերը ներքաշում է հերոսին իր կյանքի միջավայր։ Նրանք զբաղվում են մանր խուլիգանությամբ (օրինակ ՝ միզում են ուրիշի ապուրի մեջ)։ Այս ընթացքում Մարտական ակումբը ընդլայնվում է և ընդգրկում նորանոր անդամներ։ Ակումբի մասնաճյուղեր են բացվում երկրով մեկ և այն վերածվում է ընդհատակյա կառույցի։
Մի անգամ Մարլան ընդունում է քնաբերի վտանգավոր քանակ և զանգահարում է գլխավոր հերոսին։ Լսափողը վերցնում է Թայլերը։ Բերում է աղջկան իր մոտ և սեռական հարաբերություն ունենում նրա հետ։
Թայլերի գլխավորությամբ Մարտական ակումբը վերածվում է «Ջախջախում» նախագծի, որը զոմբիացող հասարակության դեմ մղվող պայքարի կարգախոսների անունից կատարում է վանդալիստական գործողություններ։ Նախագծի ակտիվ զարգացումը և պատճառած վնասները վախեցնում են գլխավոր հերոսին, որն ի վերջո հեռանում է։ Վեճից և ավտովթարից հետո Թայլերը լքում է հերոսի կյանքը։ Երբ Բոբը (նա նույնպես մտել է այդ ակումբի կազմի մեջ և դարձել է «Ջախջախում» նախագծի անդամներից մեկը) մահանում է հանձնարարություն կատարելիս, գլխավոր հերոսը փորձում է վերջ տալ այդ քայքայիչ գործունեությանը։ Բոլոր մեծ քաղաքներում նա հայտնաբերում է մարտական ակումբներ, և դրանց անդամները նրան կոչում են Թայլեր։ Հերոսին թվում է, որ Թայլերը հենց ինքն է (ավելի ճիշտ՝ նրա alter ego-ն)։ Նրան երևում է Թայլերը, որը բացատրում է, որ ինքը տիրում է հերոսի մարմնին այն ժամանակ, երբ նա քնած է։ Հերոսը պարզում է, որ Թայլերը որոշել է պայթեցնել ազգային թանգարանը, մեռնել՝ իր հետ սպանելով նաև գլխավոր հերոսին։ Հերոսը որոշ ժամանակով կորցնում է հիշողությունը և ուշքի գալուց հետո տեսնում, որ հայտնվել է իր սաների շրջապատում։ Հայտնվում է Թայլերը: Երկարատև զրույցն ապացուցում է, որ Թայլերից ազատվելու միակ միջոցը ինքն իրեն սպանելն է։ Ատրճանակը մտցնում է բերանը և կրակում, բայց չի մեռնում, այլ ընկնում է հոգեբուժարան։ Չգիտակցելով, որ չի մահացել՝ հերոսը կարծում է, թե դրախտում է։ Նա հանդիպում է Աստծուն (որը ներկայանում է որպես գլխավոր բժիշկ) և զրուցում է նրա հետ։ Պարզվում է, որ Թայլերի նախագծերը ձախողվել են, և պայթյունը չի իրականացել։ Մարտական ակումբի որոշ անդամներ այցելում են նրան որպես հիվանդանոցի աշխատողներ և նրանցից մեկը գլխավոր հերոսի ականջին շշնջում է, որ իրենք դեռ սպասում են նրան։

Տես նաև Հերման Հեսսե Տափաստանի գայլը, Պաուլո Կոելիո Վերոնիկան որոշում է մեռնել և Ժան Պոլ Սարտր Սրտխառնոց

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Չակ Պալանիկ | Մարտական ակումբ | համառոտ Չակ Պալանիկ | Մարտական ակումբ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:07:00 Rating: 5
Технологии Blogger.