Ուիլյամ Թեքերեյ | Սնապարծության տոնավաճառ | համառոտ



Գլխավոր հերոսուհիները՝ Էմիլիա Սեդլին և Ռեբեկկա Շարպը, սովորում են օրիորդ Պինկերտոնի մասնավոր պանսիոնում: Էմիլիան հաջողակ առևտրականի դուստր է: Հավասարակշռված և զուսպ է, համընդհանուր պաշտամունքի առարկա է: Բեկկին որբ է, որի հանգուցյալ հայրը հարբեցողությամբ տառապող նկարիչ էր, իսկ մայրը՝ ֆրանսիացի պարուհի: Ծնողները թողել են իրենց դստերը վառ արտաքին և ֆրանսերենի իմացություն: Օրիորդ Պինկերտոնի մոտ ուսմանը զուգահեռ Բեկկին ֆրանսերենի դասեր է տալիս: Էմիլիան միակն է, ում Բեկկին վերաբերվում է քնքուշ սիրով: Թեպետ նա, իհարկե, գիտակցում է, որ մանկուց ամեն բան ունեցող Էմիլիան չի կարող հասկանալ իրեն, քանի որ նրանք տարբեր աշխարհներից են:
Աղջիկները լքում են պանսիոնը միասին: Էմիլիան պիտի ամուսնանա սպա Ջորջ Օսբորնի հետ, որին սիրում է: Իսկ Բեկկին աղախնի տեղ է ստացել ոչ հարուստ ազնվականների տանը: Մինչև նոր բնակավայր մեկնելը նա հյուր է լինում Էմիլիայի տանը: Այստեղ նա ծանոթանում է Էմիլիայի եղբոր՝ Ջոզ Սեդլիի, բարեհոգի, սակայն գոռոզ մի չինովնիկի հետ: Էմիլիան փորձում է համոզել Ջոզ Սեդլիին ամուսնանալ Ռեբեկկայի հետ, սակայն իր փեսացուն, որը չի ուզում ազգական դառնալ աղախնի հետ, խափանում է այդ նախաձեռնությունը: Բեկկին մեկնում է Կրոուլիների մոտ:
Տան անդամներն են՝ ցնդած ծերուկ Պիտ Կրոուլին, նրա կինը, որդին՝ Պիտ Կրոուլին և վերջինիս կրտսեր քույրերը: Կրոուլիները, չնայած մեծ ունեցած հսկայական հողամասերին, լորդերի պալատում մշտական տեղին և նշանակալի նախնիներին, ապրում են վատ և սպասում են ավագ Կրուուլիի քրոջ՝ Մաթիլդ Կրոուլիի մահվանը, քանի որ սրա մահից հետո հույս ունեն ժառանգություն ստանալ: Ինքը Մաթիլդ Կրոուլին իրականում մտադիր է ժառանգությունը կտակել իր մյուս ազգականին՝ Ռոդոն Կրոուլիին: Մաթիլդի այցերից մեկի ժամանակ Ռեբեկկան կարողանում է շահել նրա համակրանքը և նրա հետ մեկնել Լոնդոն: Այստեղ փորձեր է կատարում ամրապնդելու իր տեղը հարուստ տիկնոջ կողքին: Երբ այրիացած Պիտ Կրոուլին գալիս է Լոնդոն խնդրելու Ռեբեկկայի ձեռքը, սա ստիպված է մերժել նրան, քանի որ գաղտնի նշանված է Ռոդոն Կրոուլիի հետ: Մաթիլդ Կրոուլին, իմանալով այդ մասին, ջնջում է իր կտակից և´ Ռոդոն Կրոուլիին, և´ Ռեբեկկային:
Այդ ժամանակ Էմիլիան պատրաստվում է ամուսնական արարողության Ջորջ Օսբորնի հետ: Սակայն Էմիլիայի հայրը անսպասելիորեն սնանկանում է, և Օսբորնի հայրը արգելում է որդուն ամուսնանալ սնանկացածի աղջկա հետ: Չնայած արգելքին և այն հանգամանքին, որ Ջորջը իրականում իրեն չի սիրում, Էմիլիան ամուսնանում է նրա հետ: Ամուսնությունը կայանում է, և նորապսակները անցկացնում են մեղրամիսը Բեկկի և Ռոդոն Կրոուլիների ընկերակցությամբ: Հարսանիքից դեռ չի անցել անգամ մի շաբաթ, իսկ Ջորջը հասցնում է տարվել միսիս Կրոուլիով: Ռեբեկկայի հետ փախուստից նրան փրկում է պատերազմը Նապոլեոնի դեմ: Ռոդոն Կրոուլին և Ջորջ Օսբորնը մասնակցում են Վաթերլոոյի ճակատամարտին, որից Օսբորնը չի վերադառնում:
Ռեբեկկան և Էմիլիան ունենում են որդիներ, որոնց կոչում են հայրերի անունով: Այդ ընթացքում վախճանվում է ծեր Պիտ Կրոուլին և ընտանիքի գլուխ է կանգնում նրա որդի Պիտը: Սա ստանում է Մաթիլդ Կրոուլիի ժառանգությունը: Բեկկին ամուսնու և որդու հետ փորձեր է անում դուրս գալ բարձր հասարակություն: Սկսում են օգտակար կապեր ձեռք բերել: Դա լավ չի ավարտվում, քանի որ սըր Ռոդոնը մի օր բռնացնում է կնոջը լորդ Սթայնի հետ: Նաև կնոջ դարակում գումար է գտնում, այն դեպքում, որ ընտանիքը գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ: Հասունանում է մենամարտ, որից սակայն Ռոդոնը և Սթայնը, միջնորդների համոզումներին տեղի տալով, հրաժարվում են: Ռոդոնն իմանում է, որ նշանակվել է Քովենթրի կղզու նահանգապետ: Նա թողնում է կնոջը, թեպետ նշանակում է նրան ամսեկան վճար: Որոշ ժամանակ անց նա մահանում է տենդից: Մահանում է նաև կրտսեր Պիտ Կրոուլին: Ողջ ժառանգությունը անցնում է Ռեբեկկայի որդուն՝ Ռոդոն կրտսերին:
Լորդ Սթայնի հետ սկանդալային պատմությունից հետո Ռեբեկկան վտարվում է լոնդոնյան հասարակությունից: Թափառում է Եվրոպայով՝ հույս ունենալով երջանկություն գտնել: Վարում է անբարո կյանք: Սակայն այստեղ պատահաբար հանդիպում է Էմիլիային, մայոր Դոբինին և Ջոզ Սեդլիին: Ռեբեկկայից Էմիլիան իմանում է, որ իր նախկին ամուսինը՝ Ջորջը, իրեն երբեք չի սիրել, և ամուսնանում է սըր Դոբինի հետ: Նրանք ունենում են դուստր, որին կոչում են Ջեյն:
Բեկկին նորից փորձում է գայթակղել Ջոզին, և դա նրան հաջողվում է: Սակայն մի քանի տարուց Ջոզը մահանում է՝ թողնելով Ռեբեկկային միայն ապահովագրության կեսը: Ջոզի ողջ կապիտալը ծախսվել է Ռեբեկկայի անհաջող մեքենայությունների վրա: Ռեբեկկան մնում է միայնակ: Նրա որդին՝ Ռոդոնը, չի շփվում մոր հետ: Միայն դրամական օգնություն է ցուցաբերում:              
    
Տես նաև Էմիլի Բրոնտե Մոլեգին հողմերի դարավանդը, Շարլոտ Բրոնտե Ջեյն Էյր և Էմիլ Զոլա Թերեզ Ռաքեն

Ուիլյամ Թեքերեյ | Սնապարծության տոնավաճառ | համառոտ Ուիլյամ Թեքերեյ | Սնապարծության տոնավաճառ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:18:00 Rating: 5
Технологии Blogger.