Շարլոտ Բրոնտե | Ջեյն Էյր | համառոտ



Ջեյն Էյրը շատ վաղ հասակում կորցնում է ծնողներին և ապրում է իր հանգուցյալ քեռու կնոջ` միսիս Ռիդի տանը: Ընտանիքում նրան ստախոս են համարում, չեն սիրում, անտեղի մեղադրում ու նվաստացնում են: Ռիդի որդու՝ Ջոնի հետ Ջեյնի հերթական վեճից հետո միսիս Ռիդը որոշում է, որ ժամանակն է աղջկան տեղավորել Լոուդի որբերի դպրոց: 8 տարի այնտեղ անցկացնելուց հետո 18-ամյա Ջեյնը որպես դաստիարակչուհի աշխատանքի է ընդունվում Թորնֆիլդ հոլում, որի տիրոջ` միստր Ռոչեստրի հետ ծանոթանալով՝ սիրահարվում է նրան: Կյանքը Թորնֆիլդում խոստանում է Ջեյնին խաղաղ առօրյա: Սակայն նա զգում է, որ այստեղ ինչ-որ գաղտնիք են թաքցնում:  Գիշերները Թորնֆիլդի դղյակում լսվում է քրքիջ:  
Ամենաանկեղծ զգացմունքը տածելով պարոն Ռոչեստրի նկատմամբ՝ Ջեյնը գիտակցում է, որ իրենց միությունն անհնար է: Գոյություն ունի հասարակական դիրքերի և անգամ արտաքինի մեծ անհամապատասխանություն: Գեղեցիկ օրիորդների ուշադրությունը վայելող, հարուստ պարոն Ռոչեստրը չի կարող համակրել աղքատ, ծնողազուրկ ու ոչ գեղեցիկ Ջեյն Էյրին՝ իր ապօրինի դստեր` Ադելի դաստիարակչուհուն:
Սակայն Ռոչեստրը, որի սիրտը անցել է բազում փորձությունների և դառնությունների միջով, սեր է խոստովանում Ջեյնին: Նշանակվում է հարսանքի օրը: Հենց այդ օրն էլ բացահայտվում է դղյակի գաղտնիքը: Պարզվում է, որ  Ռոչեստրը ունի խելագար կին, որին թաքցնում է Թորնֆիլդում. հենց նրա քրքիջն է գիշերով լսել Ջեյն Էյրը: Այդ մասին հայտնում է խելագար կնոջ եղբայրը, ով ժամանում է հենց ամուսնական արարողության ժամանակ: Անգլիական օրենքը արգելում է ամուսնալուծությունը, իսկ Ջեյնը համաձայն չէ մնալ Թորնֆիլդում որպես սիրուհի: Առանց որևէ դրամական միջոցների նա առավոտյան հեռանում է անհայտ ուղղությամբ:
Երկար թափառումներից հետո նրան ուշագնաց վիճակում գտնում և տուն է թողնում մի քահանա, որն ապրում է իր 2 քույրերի հետ: Քահանա Սենտ-Ջոնը մտադիր է որպես միսիոներ մեկնել Ամերիկա և առաջարկում է Ջեյնին ուղեկցել իրեն իր կնոջ կարգավիճակում: Ջեյնը մերժում է նրան: Մի օր իմանալով Ջեյնի իսկական ազգանունը՝ Սենտ Ջոնը կարողանում է պարզել, որ Ջեյնը իր մոտ ազգականուհին է: Ջեյնի հայրը իր և իր քույրեր Մերիի և Դիանայի մորեղբայրն է: Ջեյնի հայրն ուներ ևս մեկ եղբայր, որը հարստացել էր Մադեյրայում և մահից հետո  20000 փաունդ ժառանգություն էր թողել Ջեյնին: Հակառակ կտակի պայմանների՝ Ջեյնը հավասար բաժանում է այդ գումարը իր և զարմիկների միջև և մեկնում է Թորնֆիլդ:
Նա գտնում է Թորնֆիլդը հրդեհված և ավերված, իսկ Ռոչեստրին` կուրացած ու հաշմանդամ դարձած: Ջեյնի հեռանալուց մի քանի ամիս անց Ռոչեստրի խելագար կինը գիշերով դուրս էր եկել իր խցից և հրեդեհել էր տունը: Դրանից հետո դժբախտը նետվել էր աշտարակից: Ջեյնը խոստանում է միշտ լինել Ռոչեստրի կողքին և դառնալ նրա աչքերն ու ձեռքերը: Որոշ ժամանակ անց Ջեյնը և Էդվարդ Ռոչեստրը որոշում են ամուսնանալ: Երկու տարի անց Ռոչեստրի տեսողությունը սկսում է վերադառնալ: Դիանան և Մերին նույնպես բարեհաջող ամուսնանում են և ապրում են երջանիկ: Միայն Սենտ Ջոնին է վիճակված միայնակ կատարել իր առաքելությունը:

Տես նաև Էմիլի Բրոնտե Մոլեգին հողմերի դարավանդը, Չարլզ Դիքենս Օլիվեր Թվիստի արկածները և Օնորե Բալզակ Էժենի

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Շարլոտ Բրոնտե | Ջեյն Էյր | համառոտ Շարլոտ Բրոնտե | Ջեյն Էյր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:20:00 Rating: 5
Технологии Blogger.