Ակսել Բակունց | Սպիտակ ձին | համառոտ



Երեկոյան, երբ ժամհարը քաշում է եկեղեցու զանգերը, Շարմաղ բիբին բացում է խրճիթի ծանր դուռը: Իրիկնապահի զանգերն ավետում են անանձնական անդորր: Նա կանգնում է դռան շեմքին, կարծես թե տեսնելով զանգերի տխուր ղողանջները, և հավատում, որ դրանց հետ երկնային մի օրհնություն է ներս մտնում՝ քսվելով հին տան սևացած քարերին: Մի երեկո, երբ զանգերը դարձյալ ղողանջում են, հանկարծ մի ահարկու ձայն է որոտում, և տանեցիներին թվում է, որ գզիրի խռպոտ ձայնը բոթ է գուժում: Նա հայտնում է, որ թագավորի հրամանով հաջորդ առավոտ ամեն ձիատեր ձիով քաղաք գնա: Երեխաների հարցին, թե ինչու է թագավորը այդքան ձի հավաքում, հայրը՝ Սիմոնը, պատասխանում է, որ պատերազմ է, «մարդ են ջարդում, ձիերն են կոտորում: Ժողովուրդ, տու´ր… Թագավորի հրաման ա»: Սիմոնին մտահոգում է այն հարցը, արդյոք Ցոլակը՝ նրանց ձին, կհամապատասխանի պահանջներին և արդյոք նրան կտանեն: Հակառակի պես Ցոլակը շատ լավ ձի է, առողջ է ու փարթամ: Ասում են, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն է: Սիմոնը գնել էր երկու տարի առաջ՝ փոխարենը տալով էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն: Ձին ունի կապտավուն մորթ, որի վրա, ինչպես աստղերը, ցրված են սպիտակ նշաններ: Մտածում է՝ արդյոք բոյը կարճ չի, ռուսի ղազախը կարող է նստել նրա վրա: Այսպես Սիմոնը հուսադրում է իրեն, թե ձիուն չեն տանի: Հաջորդ առավոտ Շարմաղ բիբին, կինը, դուստրը՝ Շողերը հրաժեշտ են տալիս Ցոլակին. բոլորը արտասվում են, տխուր են: Հեկեկալով գալիս է նաև փոքրիկ Երեմը, կանչում հորը, որն արդեն հեռացել է Սաքու տղայի հետ, որպեսզի միանա ուրիշ ձիավորների: Ձիավորների թվում են դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, Շուղունց Աքելը, Գիլանց Մուքին և այլոք: Խոսում են պատերազմի և նրա արհավիրքների մասին, նրանց հարազատների, որոնք նամակներ են գրել. մեկը հիվանդանոցից, ոտքն է վիրավոր, մյուսը մի ամիս է ծմակի մեջ է, գիշեր-ցերեկ թոփերը տրաքում են: Իվանն ասում է, որ շարքով գնան, տեսնի՝ ով է ետ մնացել: «Աբրահամի ձին չկա՝ էն ա բազարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին»: Իջնում են հանգստանալու: Հացը թրջում են պաղ ջրի մեջ, ուտում: Սիմոնը լուռ է: Հեռվից գալիս է Կոստանդ աղան սպիտակ ձիով: Բոլորը հիանում են հրաշալի ձիով, թվում է, թե ոտները չեն դիպչում գետնին, պայտերը զրնգում են օդի մեջ: Ձիավորը միաձույլ է ձիու հետ և թվում է, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել է մարմարիոնե մի հեծյալ և արշավում է որպես չքնաղ տեսիլք: Կոստանդ աղան բացատրում է, որ չի կարողանում ձիու գլուխը պահել, ձեռքերը կոտորում է: Տղաներից մեկն առաջարկում է պահել, և Կոստանդը ուզում ինչ-որ բան ասել, բայց սպիտակ ձին հասկանում է դա և խոսքը կիսատ է մնում: Գյուղացիները տեսնում են սպիտակ ձիու ամեհի ոստյունը: Հրեղեն ձի են անվանում նրան: Ապա շարունակում են իրենց ճանապարհը: Հասնում են քաղաք: Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա: Կան հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ: Հրապարակի մի անկյունում տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, սեղանի շուրջ նստել են իշխանավորները, ապա, նրանցից հեռու, ոտքի վրա, ստորադաս պաշտոնյաները: Նրանք որոշում են ձիու և ձիատիրոջ բախտը հետևյալ կերպ. կարդում են ազգանունը տվյալ մարդը ձիու սանձը բռնած առաջ է գնում, ձիուն տնտղում են, ատամները նայում, թղթի վրա նշումներ անում: Մի վայրկյան խորհրդակցելուց հետո սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան է անում՝ եթե բազմության կողմը, ուրեմն ձին անպետք է, եթե ռուս զինվորների կողմը, ապա մոտենում են, ձիուն նոր սանձ հագցնում, տանում, իսկ տիրոջը տալիս են հին սանձը և թղթի կտոր՝ վրան նշանակված ձիու գինը և նախկին տիրոջ  ազգանունը: Սիմոնը մի ծանոթ թուրքից տեղեկանում է, որ միայն այն դեպքում են ձին անպետք համարում, եթե ոտքն է կոտրած կամ խորը վերք ունի: Սիմոնը Ցոլակին տանում է հեռու, իբր ջուր տալու և գետակի մեջ չեչաքարով այնքան է քսում կենդանու մեջքին, որ մաշկը պլոկվում է, արյուն է գալիս, վերք բացվում: Ձին սկզբում չի կարողանում դուրս գալ ջրից, Սիմոնը հանում է, արյունը մաքրում, վերքը ծածկում տիղմի բարակ շերտով, ջրախոտերով, ապա շտապ համետում ձին ու գնում հրապարակ: Հերթը հասնում է իրենց գյուղի ձիավորներին: Լսում են Կոստանդի ազգանունը և զարմանում, քանի որ նա իրենց հետ չէ: Բայց հեռվից տեսնում են, թե ինչպես է Կոստանդը՝ լղար մեջքը փոս ընկած, մոխրագույն մի ձիով մոտենում իշխանավորներին: Կարծես թե նույնիսկ չեն նայում նրա կողմը, ձեռքը վերևից նշան է տալիս, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից: Ապա գնում է Սիմոնը: Նայում են վերքը: Սկզբում կարծում է, թե հաջողվեց, բայց Ցոլակին տանում են, միայն թե անասնաբույժը մատը թափ է տալիս Սիմոնի վրա: Հայհոյում է: Ցոլակի երկար պոչը կտրում են, և նա կարծես դառնում է ղազախի ձի: Գնում են տուն: Ազատվում են միայն ութ ձի, որոնց վրա բարձում են մնացած ձիերի համետները: Սրանք հազիվ են քայլում բեռան տակ: Ճանապարհին նորից են տեսնում Կոստանդ աղային սպիտակ ձիու վրա: Այն մի պահ ցոլում է մթնող արևի շողերում և չքանում դեպի նարնջագույն ամպերը: Կեսգիշերին տուն են հասնում: Աղջիկը միամտորեն հարցնում է, թե ուր է Ցոլակը: Պառավը լալիս է: Հետո շատ երեկոներ են անցնում, և զանգեր զարկում, բայց Շարմաղ բիբին այլևս դուռը չի բացում և զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս չի մտնում նրանց սև խրճիթը…        
  
Ակսել Բակունց | Սպիտակ ձին | համառոտ Ակսել Բակունց | Սպիտակ ձին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 03, 2015 Rating: 5
Технологии Blogger.