Ալբերտո Մորավիա | Անտարբեր մարդիկ | համառոտ


20-րդ դարի սկիզբը: Նկարագրվում է 3 օր մի քանի մարդկանց կյանքից՝ ոչ երիտասարդ մի կնոջ՝ Մարիագրացիայի, որը սնանկացած վիլլայի տիրուհին է, նրա զավակների՝ Միկելեի և Կառլայի, ինչպես նաև Լեոյի, որը եղել է Մարիագրացիայի սիրեկանը:
Միայն Լեոն է գոհ կյանքից և ասում է, որ եթե ծնվեր նորից և ընտրության իրավունք ունենար, ապա կընտրեր հենց իր կյանքը: Պատրաստ է կյանքից վերցնել ամեն բան, չունի խղճի խայթ: Կառլան գրգռում է նրան, և նա պատրաստ է օգտվել առիթից անգամ իր նախկին սիրուհու՝ Մարիագրացիայի աչքի առաջ, նրա տանը: Դա նրան չի հաջողվում, քանի որ այնքան շամպայն է հրամցնում Կառլային, որ ամենակարևոր պահին սա փսխում է: Լեոն վազում է մյուս սիրուհու մոտ, և երբ սա վռնդում է նրան, փորձում է ուժով տիրանալ աղջկան: Լեոյի մասին հայտնի է նաև այն, որ վարելով Մարիագրացիայի ընտանիքի գործերը, նա թալանում է նրանց: Վիլլայի ֆինանսական վիճակը առողջ չէ:
Մարիագրացիան տառապում է խանդից: Ժամանակ առ ժամանակ հիմար տեսարաններ է սարքում: Կատարելապես կույր է, քանի որ բոլորովին չի տեսնում այն իրականությունը, որի մեջ ապրում է. չի տեսնում ինքն իրեն, Լեոյին: Այդուհանդերձ, հիմարության և սենտիմենտալիզմի մեջ խրված այդ էակն ունի սիրտ, որը կարող է զգալ սիրո և տառապանքի նման ինչ-որ բան:
Կառլան ամեն գնով ուզում է փոխել իր կյանքը: Անգամ իրեն տհաճ մոր սիրեկանի հետ կապվելու գնով: Տեսնում է, որ ոչինչ չի փոխվում: Իսկ Լեոն կարող էր նրան տալ ավտոմեքենա, թանկարժեք իրեր, ճանապարհորդություններ: Ի վերջո նա ընդունում է Լեոյի ամուսնության առաջարկությունը և ոչինչ չի ասում մորը:
Միայն Միկելեն է գլխի ընկնում, որ կյանքը, որով ապրում են շրջապատի մարդիկ, ծայրեծայր կեղծիք է: Նա միակն է, ով գիտակցում է իր դժբախտությունը և զգում է իրեն ծայրահեղ միայնակ: Նրան մերթ թվում է, որ նա սկսում է նոր ազնիվ կյանք, մերթ երևակայում է այն պահը, երբ Լեոյի նման սրիկային է վաճառում իր քրոջը՝ Կառլային: Իր գլխավոր արատը նա համարում է անտարբերությունը, այսինքն՝ զգացմուքների բացակայությունը: Իր բոլոր ջանքերին հակառակ, նա չի կարողանում «բռնկվել»: Նրա ամեն բնական զգացում ուղեկցվում է վերացական վերլուծությամբ և հապաղումներով: Նա այնքան իներտ է նետում մոխրամանը Լեոյի դեմքին, որ այն դիպչում է մոր ուսին: Չի սիրում Լիզային, սակայն գնում է ժամադրության: Այդ հանդիպման ժամանակ Լիզան պատմում է նրան Լեոյի և Կառլայի հարաբերության մասին: Այդ նորությունն անգամ դուրս չի բերում հերոսին անտարբերությունից: Սակայն նա գնում է ռևոլվեր, այցելում Լեոյին և կրակում է նրա վրա՝ նախապես մոռացած լինելով լիցքավորել զենքը: Զայրացած Լեոն պատրաստ է քոթակով դուրս նետել նրան իր բնակարանից, բայց հանկարծ ննջարանից հայտնվում է Կառլան: Առաջին անգամ քույր և եղբայր խոսում են միմյանց հետ որպես հարազատներ: Իսկ Լեոն, որի համար վիլլան վաճառելու նրանց որոշումը նշանակում է աղետ, առաջարկություն է անում Կառլային: Միկելեն խնդրում է քրոջը մերժել առաջարկը: Սակայն Կառլան համոզված է, որ դա լավագույնն է, որ նա կարող է անել: Միկելեն ունի միայն մեկ ճանապարհ: Դա այն կեղծիքի և ֆարսի ճանապարհն է, որով քայլում են Մարիագրացիան, Լեոն, Կառլան և մյուսները:     

Տես նաև Ջակոմո Կազանովա Իմ կյանքի պատմությունը, Ումբերտո Էկո Վարդի անունը և Ռաֆաելո Ջովանյոլի Սպարտակ
Ալբերտո Մորավիա | Անտարբեր մարդիկ | համառոտ Ալբերտո Մորավիա | Անտարբեր մարդիկ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 24, 2015 Rating: 5
Технологии Blogger.