
Որպես իսկական արկածախնդիր, Կազանովան կյանքի մեծ մասը ճամփորդում
է: Հայտնվելով Կոստանդնուպոլսում, ծանոթանում է փիլիսոփա Յուսուփի և հարուստ թուրք
Իսմաիլի հետ: Յուսուփին հիացնում են կյանքի մասին Կազանովայի դատողությունները և նա
առաջարկում է իտալացուն ամուսնանալ իր դստեր հետ՝ դառնալով իր ժառանգը: Իսմաիլը նույնպես
ոգևորված է Կազանովայի կերպարով և նրա ջերմ մասնակցությունն անգամ խրտնեցնում է հյուրին:
Մի քանի մանր արկածներից և աննշան սիրավեպերից հետո Կազանովան վերադառնում է Եվրոպա:
Փարիզի ճանապարհին որոշ ժամանակ մնում է Տուրինում: Նրան
դյութում է քաղաքը, հատկապես հավանում է պալատը, թատրոնը և, իհարկե, կանանց, որոնց
թվում են Սավոյայի չքնաղ դքսուհիները: Եվ այդուհանդերձ, նրա սիրային հաղթանակների
ցուցակը հարստացնում է սոսկ անշուք լվացարարուհին: Լիոնում Կազանովան դառնում է մասոնական
օթյակի անդամ և հասնում է երրորդ աստիճանին, այսինքն՝ դառնում է մագիստրոս:
Փարիզում ուսումնասիրում է բարքերը, մարդկանց, շփվում է գրականության
ներկայացուցիչների հետ: Կրեբիյոնը առաջարկում է նրան կատարելագործել ֆրանսերենը և դասեր
է տալիս հերոսին: Վերջինս հաճախ է լինում թատրոնում և տիկին Փարիզի զվարճալի հաստատությունում,
որի աղջիկները ստիպում են նրան հաստատության հավատարիմ այցելու մնալ մինչև Ֆոնտեմբլո
տեղափոխվելը: Ֆոնտեմբլոյում ամեն տարի որսորդությամբ է զբաղվում թագավոր Լյուդովիկոս
15-րդը և նրան ուղեկցում է գրեթե ողջ պալատը
և օպերայի դերասաններն ու երգիչները: Կազանովան ծանոթանում է արքայական ընտանիքի անդամների
և տիկին դը Պոմպադուրի հետ, որն անկողծորեն սիրահարված է իր թագավորին: Այդ ընթացքում
հասցնում է երեխա պարգևել իր տանտիրուհու դստերը: Մայրը դատի է տալիս Կազանովային և
սա դատավորի մեղմ վճռով ստիպված է լինում տուգանք վճարել: Հետագայում իմանում է, որ
այդ աղջիկը դարձել է օպերայի դերասանուհի: Տասներեքամյա մի չքավոր աղջկա ցնցոտիների
տակ գուշակելով մարմնի գեղեցիկ ուրվագծերը, Կազանովան անձամբ լողացնում է նրան և ուղարկում
է իր ծանոթ նկարչի մոտ որպես մոդել: Դիմանկարը հայտնվում է թագավորի մոտ, որն իսկույն
պահանջում է իր մոտ բերել բնօրինակը: Սիրավեպն ավարտելուց հետո Լյուդովիկոսը ամուսնացնում
է այդ աղջկան իր սպաներից մեկի հետ:
Որպես իր ժամանակի զավակ Կազանովան տիրապետում է զանազան
գիտելիքների, այդ թվում կաբալիստական խորհուրդների: Դրանց միջոցով նա բուժում է Շարտրի
դքսուհու մաշկի անհարթությունները, ինչը բարձրացնում է հասարակության մեջ նրա հեղինակությունը:
Փարիզում, Դրեզդենում և Վենետիկում Կազանովան ծանոթանում
ամեն տեսակ կանանց հետ՝ մեծ մասամբ դրանք հասարակական տներից են: Արժանանալով
փայլուն արկածախնդրի ուշադրությանը, կանայք խելքահան են լինում նրա համար: Մի վենետիկցի
աղջիկ Կազանովայի հետ սիրավեպ ունենալուց հետո անգամ բուժվում է իր հիվանդությունից:
Նրանք ուզում են ամուսնանալ, սակայն խանգարում է Վենետիկի դատարանի որոշումը, որով
Կազանովան ձերբակալվում է որպես սրիկա, հասարակական անդորրի խախտող և բանսարկու: Խուզարկության
ժամանակ նրա բնակարանում գտնված գրքերը թույլ են տալիս մեղադրել նրան նաև սև մոգության
մեջ: Բանտում Կազանովան համախոհ է գտնում, որի հետ կարողանում են փախչել՝ անցք փորելով
դեպի բանտի կտուրը: Հերոսը ստիպված է լքել Վենետիկի հանրապետությունը: Նա նորից Փարիզում
է, զբաղվում է օկկուլտ գիտություններով, բժշկությամբ… Իր ծանոթ մարկիզուհու հետ այցելում
է Ռուսոյին, որի ո՛չ արտաքինը, ո՛չ էլ խելքը չեն տպավորում արկածախնդրին:
Կազանովան փորձում է հիմնել մանուֆակտուրա և հարստանալ: Սակայն
նրան ավելի շատ հետաքրքրում են երիտասարդ աշխատակցուհիները, քան եկամուտների ճիշտ նախագիծը:
Նա թողնում է այդ նախաձեռնությունը և տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ ծանոթանում է
մեծն Վոլտերի հետ: Նրանք հանդիպում և զրուցում են մի քանի անգամ:
Լինում է Լոնդոնում, սակայն Անգլիան նրան դուր չի գալիս:
Տեղափոխվում է Գերմանիա, որտեղ նրան ընդունում է թագավոր Ֆրիդրիխը, իսկ հետո մեկնում
է Ռուսաստան: Սանկտ Պետերբուրգում ուսումնասիրում է հյուսիսային բարքերը, այցելում
է ռուսական բաղնիքները, հանդիպում է կայսրուհի Եկատերինա Երկրորդի հետ, որը շատ հետաքրքրական
է համարում իտալացու դատողությունները: Սակայն Կազանովային ձգում է Փարիզը: Մինչ այդ
հարկ է այցելել Վարշավան: Ամեն բան շարունակվում է… սիրավեպեր, ինտրիգներ, մեքենայություններ…
Տես նաև Տիրսո դի Մոլինա Սևիլիայի չարաճճին կամ քարե հյուրը, Մոլիեր Դոն Ժուան և Ջորջ Բայրոն Դոն Ժուան
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Տես նաև Տիրսո դի Մոլինա Սևիլիայի չարաճճին կամ քարե հյուրը, Մոլիեր Դոն Ժուան և Ջորջ Բայրոն Դոն Ժուան
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ջակոմո Կազանովա | Իմ կյանքի պատմությունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 25, 2015
Rating:
