Դավիթ Անհաղթ | Սահմանք իմաստասիրության | համառոտ


Ամեն գոյ պիտի դիտարկվի քառակի. գոյություն ունի՞ արդյոք գոյը, ի՞նչ է գոյը, ինչպիսի՞ն է գոյը, ինչի՞ համար է գոյը: Օրինակ, արալեզը գոյություն չունի, քանի որ ստեղծված է մեր մտքի միջոցով: Սակայն կան իրեր, որ գոյություն ունեն մեր մտքից անկախ: Աստվածայինն ինքնին անճանաչելի է, սակայն ուսումնասիրելով արարածներին և աշխարհի կարգը, մենք ճանաչում ենք Աստծուն մտքով:
Փիլիսոփայությունը իմաստնության, բոլոր գիտությունների և արվեստների մայրն է….
Փորձը մասնավորի ճանաչողություն է: Այն չի տալիս ընդհանուր պատճառների իմացություն: Արվեստն ընդհանուր իմացություն է, որովհետև հիմնված է պատճառների իմացության վրա: Վարպետը նախ իր մեջ ստեղծում է իրի պատկերը և հետո միայն ստեղծում է իրը: Արվեստը նաև փորձի օգնությամբ մշակված բարերար հասկացությունների շրջանակ է, որոնց նպատակը կյանքում օգտակար ինչ-որ բանի հասնելն է: Գիտական իմացությունը ընդհանուր և անսխալ իմացություն է, քանի որ ճանաչում է իրի բնությունն այնպիսին, ինչպիսին որ այն գոյություն ունի:
Զգայությունը իրի մասնավոր իմացություն է, իսկ երևակայությունը մասնավոր իմացություն է բացակայող իրի մասին: Կարծիքը լինում է երկու տեսակ՝ հիմնավորված և անհիմն: Զգայությունից ծագում է փորձը, իսկ կարծիքից, որը հիմնված չէ պատճառների իմացության վրա՝ փորձառությունը: Փիլիսոփայությունը լինում է տեսական և գործնական: Առաջինը կապված է մարդու հոգևոր տարերքի՝ բանականության հետ, իսկ երկրորդը՝ կենդանական տարերքի հետ: Գոյը լինում է նյութական, աննյութական և մտովի աննյութական, իսկ փորձում նյութական (օրինակ՝ իրերի ձևերը): Բնագիտությունը  ուսումնասիրում է այն իրերը, որոնք նյութական են: Մաթեմատիկան ուսումնասիրում է մտովի ոչ նյութական իրերը, իսկ աստվածաբանությունը գործ ունի մտովի և առարկայորեն աննյութական իրերի հետ: Փիլիսոփայությունը գոյություն ունի մարդու հոգին գեղեցկացնելու և ազնվացնելու համար: Փիլիսոփայությունը ուղորդում է մարդու հոգին նյութական և մառախլապատ կյանքից դեպի աստվածային և աննյութական կյանքը: Աստված տվել է մարդուն փիլիսոփայությունը՝ մարդու հոգին զարդարելու համար: Տեսական փիլիսոփայությունը զարդարում է հոգու ճանաչողական ունակությունները, իսկ գործնական փիլիսոփայությունը զարդարում է կենդանական մասը, որպեսզի մենք կարծիքի միջոցով չյուրացնենք կեղծ իմացություններ և չգործենք չարիք: 

Տես նաև Եզնիկ Կողբացի Եղծ աղանդոց, Գրիգոր Նարեկացի Մատյան ողբերգության և Մխիթար Գոշ Առակներ 

Դավիթ Անհաղթ | Սահմանք իմաստասիրության | համառոտ Դավիթ Անհաղթ | Սահմանք իմաստասիրության | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:36:00 Rating: 5
Технологии Blogger.