Ալեքսանդր Շիրվանզադե | Արտիստը | համառոտ



Պատմվածքը գրված է առաջին դեմքով: Պատմողը 5 ամիս է, ինչ Օդեսայում է և արդեն չորրորդ անգամ փոխում է իր սենյակը: Դա նրան առանձին հաճույք է պատճառում. նոր հարևանություն, նոր միջավայր… Այս անգամ բնակվելու է քաղաքի աղմկալից փողոցներից մեկի հինգհարկանի մի տան երրորդ հարկում: Տանտիրուհին՝ սինյորա Ստեֆանիան, իտալուհի է: Ամուսինը եղել է իտալական օպերայի հուշարար՝ շատ վաղուց հայրենիքից տեղափոխված Ռուսաստան: Մեռնելով՝ կնոջն ու դստերը որպես ժառանգություն թողել է հին նոտաների մի մեծ կապոց և իտալացի արտիստների ծանոթությունը: Քսանամյա դուստրը՝ Լուիզան, երգում է, ունի անուշ ձայն, պատրաստվում է բեմին նվիրվել: Երաժշտության դասեր է տալիս, փող հավաքում, որ գնա Իտալիա ձայնը մշակելու: Տան մյուս հարևանների մեծ մասը ևս իտալացիներ են: Կա նաև մի ռուս ուսանող և մի հրեուհի ատամնաբույժ: Մթնոլորտն այստեղ շատ ջերմ է: Մի օր ճաշից հետո Լուիզան նվագում է: Բասոկոնտատո Չելլինին գրկում է կոնտրայլտո Լուկրեցիա Կաֆարելլիին ու սկսում պարել: Նրանք զվարճալի զույգ են. Չելլինին խիստ նիհար է, բարձրահասակ, Լուկրեցիա Կաֆարելլին՝ խիստ գեր ու կարճահասակ: Բարձրանում է ընդհանուր ծիծաղ:
  Հանկարծ հայտնվում է մի կերպարանք: Լուիզան դադարում է նվագել, բոլորը կանչում են՝ արտի՜ստը, արտի՜ստը, շտապում դեպի նա, սկսում հարցուփորձ անել, թե որտեղ էր այսքան ժամանակ: Տղան մոտ 16-17 տարեկան է, նիհար, գունատ դեմքով, կանոնավոր ու նուրբ դիմագծերով, աչքերն ունեն ինչ-որ մելամաղձիկ արտահայտություն: Նա հայտնում է, թե մայրը հիվանդ է, հարցնում Ստեֆանիայի տեղն ու գնում: Զրուցում են նրա մասին: Լուիզան ասում է, թե Լևոնի (այդպես է տղայի իրական անունը) մայրը միշտ հիվանդանում է որդուն տանջելու համար: 35-ամյա Կավալլարոն ասում է, թե նա հպարտ է ինչպես իսպանական գրանդ և նման է իր ջութակահար եղբորը, որը մահացել էր 20 տարեկանում: Որոշում են գնալ Արտիստի մոտ՝ ծանոթացնելու նրան հերոսի հետ և տեսնելու հիվանդ մորը: Նրանք ապրում են նույն տան հինգերորդ հարկի մի սենյակում, որը հավաբնից մի փոքր է մեծ: Անկյունում՝ հնամաշ վերմակի տակ, պառկած է մայրը` տիկին Ալմաստը: Նա տնքտնքում է, ծանր հառաչում, ասում, թե ոչ ոք իր ցավը չի հասկանում, Լևոնը հոր ճանապարհով է գնում, խնդրում է խելքի բերել նրան: Սենյակը խղճուկ տեսք ունի: Պատանին շտապում է մի զույգ ջարդված աթոռներն առաջարկել 7 հյուրերից չգիտի որ մեկին: Պատմողն իմանում է, որ նրանք հայ են, Բեսարաբիայից: Սենյակի մի անկյունում կախված են աշխարհի անվանի երաժիշտների, նվագիչների, երգիչների լուսանկարները: Մյուս անկյունում դրված է գրասեղան՝ վրան Մոցարտի, Բեթհովենի, Շեքսպիրի և Վագների կավյա կիսարձանիկներն աղյուսի գույնով, մի հաստ խեցեղեն շվի, մի կոտրված սրինգ և այլ պարագաներ: Պատից կախված են մի կիթառ, մի մանդոլին, ինչ-որ թատրոնական զգեստ՝ նման Ռիգոլետտոյի հագուստին: Կավալլարոն նկատում է, որ ոչինչ մոռացված չէ՝ երաժշտություն, նկարչություն, պոեզիա: Հրաժեշտ տալիս նա փորձում է Լևոնին մի ոսկեդրամ տալ, բայց պատանին հրաժարվում է ընդունել: Սինյորա Ստեֆանիան կարճ պատմում է Լևոնի մասին: Նրա հայրը թատրոնի վարսավիր էր, գեղարվեստասեր: Անհույս սիրահարվել էր մի երգչուհու, շուտով կուլիսների հետևում դարձել ընդհանուր կատակների ու ծաղրի առարկա: Ծեծել էր ռեժիսորին, որ ծաղրել էր նրա շինած կեղծամը, զրկվել թատրոնական վարսավիրի պաշտոնից, տրվել խմիչքին: Մի օր նրան գտել են ծառի տակ, տուն բերել: Երեք օր չանցած՝ մահացել է տիֆից: Դրանից հետո այրին Լևոնին հանձնում է մի ատաղծագործի, բայց տղան փախչում է արհեստանոցից ուսումնարան: Բարի մարդիկ տալիս են նրա ուսումնավարձը: Սովորում է գրել-կարդալը: Այրին հանձնում է նրան հագուստեղենի վաճառատուն, բայց մի աներևույթ ձեռք նրան մղում է դեպի թատրոնը: Դառնում է աֆիշներ բաժանող օրական 50 կոպեկով և թատրոնների վերնահարկը բարձրանալու իրավունքով: Ծանոթանում է արտիստական աշխարհի հետ: Ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբինը: Ցերեկներն էլ թատրոնում է կամ նրա շուրջը: Լուիզան բացատրում է, որ նա անծանոթ արտիստի համար փառք է ստեղծում՝ առաջին ծափով արտահայտելով յուր հիացմունքը. մի բան, որ հասարակությունը միշտ վախենում է անել, իսկ Արտիստը զգայուն է ու ազնիվ, նա ազատ է հասարակական նախապաշարումներից: Լևոնը գալիս է և Կավալլարոյի գրպանը սահեցնում մի ոսկեդրամ, որը վերջինս փաստորեն դրել էր մոր բարձի տակ: Կավալլարոն նրան համառ է կոչում և խնդրում չնեղանալ: Զրուցում են: Արտիստը որոշ դիտողություններ է անում նախորդ օրվա Կավալլարոյի ելույթի մասին՝ ասելով, որ նա շփոթված էր, քանզի վիճել էր դիրիժորի հետ, ով կես տոն բարձր էր վերցրել նրան շեղելու համար: Կավալլարոն ոգևորված ասում է, որ նրա բերանով խոսում է ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը: Լևոնը խոսում է ռուսերեն տաճկական արտասանությամբ տանտիրուհու, Լուիզայի և Կավալլարոյի հետ, իսկ մյուսների հետ՝ իտալերեն: Պատմողը և Լևոնը մտերմանում են: Զրուցում են երաժշտության ու թատրոնի մասին: Լևոնը նվագում է մանդոլին և կիթառ: Նոտաները սովորեցրել է Լուիզան, ում հանդեպ վերաբերմունքից պատմողը հասկանում է, որ Լևոնը սիրահարված է նրան: Երազում է վիոլոնչել նվագել սովորել ու մտնել երաժշտական խումբ: Շտապում է Կալաֆատիի բենեֆիսին, պետք է պոչ բռնի: Ավելի ուշ պատմողը հասկանում է, որ պոչ բռնել նշանակում է հերթի մեջ կանգնել, ապա այն վաճառել ցանկացողին հինգ-տասը կոպեկով: Այդպես նա իր հերթը զիջում է հերոսին:
Մի առավոտ Լևոնը գալիս է պատմողի մոտ, խնդրում պահել իր մանդոլինան, որը մայրը կարող է վառարանը գցել. կիթառը և մի քանի լուսանկար փողոց է շպրտել: Հերոսը մորը չար է անվանում, բայց տղան պաշտպանում է նրան` բացատրելով, որ սիրում է իրեն, պարզապես ցույց չի տալիս, բայց գիշերները թաքուն շոյում է ու համբուրում: Ինքը ողջ գիշեր նվագել է և չի թողել նրան քնել: Նախորդ օրն օպերային երաժշտական խմբի բենեֆիսն է եղել, ընթրիքին ինքն էլ է հրավիրվել և լսել ինչ-որ մեկի վիոլոնչելով նվագած մի հիասքանչ եղանակ` «Մադրիդի շրջմոլիկը»: Չմոռանալու համար ողջ գիշեր փորձել է սովորել: Նվագում է նաև հերոսի համար: Նա ցնցված է Արտիսի զգայունությամբ: Վերջինս լաց է լինում` ասելով, թե Մադրիդի շրջմոլիկը դժբախտ է եղել: Գիշերները երգել է գրանդի աղջկա լուսամուտի տակ ու լաց եղել… Հայրը աղքատությունից մի օր կախվել է ծառի վրա, խեղդվել: Նա սկսում է հաճախ այցելել հերոսին: Վերջինս ծանոթանում է նաև Լևոնի երկու ընկերների հետ` բանաստեղծ Չաուշենկոյի և ջհուդ Իցկո Մարգուլիսի հետ: Չաուշենկոն շտապում է իր գիրքը`«Часы горя и страданий», վաճառել հերոսին և ցանկացած մեկի, ում տեսնում է: Նրանք ցույցեր են անում երգչուհիների համար, որոնցից մեկի` Բարբինիի բենեֆիսին, ներկա է լինում նաև հերոսը: Հափշտակված տղաները դիմավորում են երգչուհուն ծաղիկներով: Լևոնի ձեռքին մի երկար ձող է, որի ծայրին վառվում է հաստ մոմի կտորը: Նա առանց վերարկուի է, նույնիսկ առանց կրկնակոշիկների: Հերոսին սա դուր չի գալիս: «Երջանիկ երգչուհին խելքից հանել է այդ մատաղահաս էակներին ու վտանգի ենթարկել նրանք կյանքը, ո՜վ գիտե գուցե և´ հոգին: Մի՞թե, արդարև, գեղարվեստն այնքան անողոք է յուր բարձրության վրա, որ յուր առջև ծունկ է չոքեցնել տալիս նույնիսկ անմեղությունը»,- մտածում է հերոսը: Լևոնը հիվանդանում է: Հազիվ 2 օր են կարողանում պահել տանը, նորից փախչում է: Բարեբախտաբար, երրորդ օրը տաքությունն անցնում է:  Ձմեռային սեզոնն ավարտվում է, հարևան արտիստները գնում են: Լուիզան ևս մեկնում է Իտալիա: Լևոնը նրան նվիրում է ծաղկեփունջ ու գրիչ, որ նա գրի իրեն: Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում: Սա հուզում է Լևոնին: Տունը դատարկվում է: Լևոնը ևս չի երևում: Մի օր հերոսը պատահաբար հանդիպում է Չաուշենկոյին և Իցկո Մարգուլիսին, իմանում, որ Լևոնը նվագում է «Արքայական յախտա» անունով պանդոկում: Այստեղ հավաքվում են «Տիրասպոլ» և «Խերսոն» նավերի նավաստիները: Լևոնը նվագում է նրանց համար` համարը 10 կոպեկով: Նա փող է հավաքում, որպեսզի գնա Իտալիա Լուիզային տեսնելու: Սակայն Լևոնն աստիճանաբար սկսում է վատ սովորություններ ձեռք բերել, արտասանում է տգեղ բառեր, որ առաջ չկային նրա բառարանում, ապա իսկույն զղջում ու կարմրում: Բերանից խմիչքի հոտ է գալիս, երբեմն էլ սաստիկ հարբած է լինում: Պատմողը սկսում է վախենալ, թե մոր ասածը կիրականանա ու նա կկործանվի: Պարզվում է, նրան ստիպում են խմել: Հարբեցողները չեն սիրում սթափ մարդկանց, կարծում են, թե իրենց ծաղրում են: Պատմողը խորհուրդ է տալիս հեռանալ այդ վայրից: Լևոնն ասում է, թե ամեն տեղ ստիպում են, բայց շուտով գնալու է, արդեն հավաքել է 150 ռուբլի: Սակայն մի օր նրա վրա հարձակվում են ինչ-որ քաղցած սրիկաներ ու գողանում կիթառը, բաճկոնն ու կոշիկները: Փողը նա պահում էր ձախ կոշիկի մեջ, փաթաթել էր թղթի մեջ, դրել կրունկի կողմում, վրան կաշի խփել: Տանը վախեցել էր պահել, մայրը կգտներ, չէր վերադարձնի: Այս մասին հայտնում է միայն հերոսին: Փորձում են գտնել կոշիկները: Իցկոյի հոր օգնությանն են դիմում, գնում բոլոր հնավաճառների մոտ, բայց ապարդյուն: Լևոնը հուսահատ է, դա նրա վեց-յոթ ամսվա աշխատանքի վարձն էր: Ամեն օր գալիս է պատմողի մոտ, հեծկլտում, որից նրա սիրտը կտրատվում է: Խորհուրդ է տալիս նորից գումար հավաքել: Տղան լսում է: Նրա բերանից դարձյալ սկսում է օղու հոտ գալ: «Խերսոնի» նավապետը նրան խոստացել է հասցնել Իտալիա: Ամեն օր հարցնում է Լուիզայից: Մի օր վիճում են : Հերոսն ասում է, թե Լուիզան կգոռոզանա, երբ հայտնի լինի, նա մոռացել է Լևոնին, չի գրում և չի սիրում նրան, ինքը պարզապես նրա ապագա երկրպագուն է: Փորձում է սթափեցնել տղային, բայց իզուր, Լևոնի համար Լուիզան հրեշտակ է: Սակայն շուտով սինյորա Ստեֆանիան հայտնում է հերոսին, թե Լուիզայից հեռագիր է ստացել: Նա հայտնում է, որ ամուսնացել է Կավալլարոյի հետ, գնում են Փարիզ մեկ տարի այնտեղ ապրելու: Լուրը անսպասելի չէ, քանզի մայրը գիտեր, որ նրանք դեռ այստեղ նշանվել էին, պարզապես չէր հայտնել այդ մասին` վախելանով, որ գործը գլուխ չի գա: Խնջույք է անելու ի պատիվ դստեր: Այդ մասին Լևոնին հայտնում է պատմողը: Նա փորձում է թաքցնել հուզմունը, ասում է, թե պետք է շնորհավորել Ստեֆանիային: Մանդոլինան մնում է սեղանին, կարծես վշտացած, որ դարձյալ  իրեն մոռացան: Առավոտ: Լևոնը չկա: Համբուրել է մորը, դուրս եկել: Տեսել է սինյորա Ստեֆանիային, անձամբ կարդացել հեռագիրը, խնդրել լավ նայել մորը ու հեռացել: Փնտրում են ողջ օրը, չեն գտնում: Պատմողը պառկում է, նյարդերը թմրում են, նիրհում է: Արթնանում է դղրդոցից: Լևոնի մանդոլինն ընկել է պատից հատակի վրա: Նույն րոպեին լսում է անսովոր աղմուկ: Ընկերները և երկու ոստիկան բերում են Լևոնին: Նայելով նրա թրջված հագուստին, կապտած դեմքին ամեն ինչ հասկանում է:  Լևոնին հանել էին ջրից նավաստիները «Խերսոն» շոգենավի տակից, որ երկու շաբաթից  հետո պիտի տաներ նրան Իտալիա…      
      
Ալեքսանդր Շիրվանզադե | Արտիստը | համառոտ Ալեքսանդր Շիրվանզադե | Արտիստը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.