Ջոն Քիթս | Պոեզիայի ուրվագիծ | համառոտ


Ջոն Քիթսը ներկայացնում է անգլիական ռոմանտիզմի կրտսեր սերունդը: Ամենանշանավոր բանաստեղծություններն են՝ «Սոխակի ներբողը», «Հունական վազի ներբողը», «Մելամաղձոտության ներբողը», «Անգործության ներբողը» և «Աշնան ներբողը»:  
«Էնդիմիոն» պոեմում Քիթսը մշակում է հովվին սիրահարված լուսնի դիցուհու մասին միֆը: Ֆաբուլայի խճճվածությունը և դրվագների բարդ դասավորվածությունը դժվարեցնում են պոեմի ընթերցումը, սակայն առանձին քնարական հատվածները անգլիական պոեզիայի լավագույն էջերից են: Այդ իմաստով հրաշալի է Պան աստծուն նվիրված հիմնը (երգ երկրորդ), որը համակված է պանթեիզմով և հնդիկ աղջկա երգը (երգ չորրորդ), որը տխրության ներբողումից անցնում է Բաքոսի փառաբանմանը: Էնդիմիոնի տարվածությունը անհաս դիցուհու կերպարով, համայն երկրայինի օտարությունը, ժամանակավոր կապը երկրային գեղեցկուհու հետ և վերջնական միավորումը անմահ սիրելիի հետ, Քիթսի համար խորհրդանշում են մարդկային հոգու վայրիվերումները, նրա ձգտումը դեպի բացարձակ ու հավերժական գեղեցիկը:
«Հիպերիոնը» անավարտ պոեմ է, որը պատմում է տիտանների նկատմամբ հունական օլիմպիական աստվածների տարած հաղթանակի մասին: Այստեղ հիմնական գիծը ողբերգականությունն է: Պարտված տիտանների, հատկապես՝ աննկուն Թեայի կրակոտ աղերսները, որը մարմնավորում է մահացող տիտանների մեծությունը, հիշեցնում է Ջոն Միլթոնի «Դրախտ կորուսյալի» ամենաոգեշունչ դրվագները: «Հունական վազի ներբողում» Քիթսը երգում է գեղեցիկի հավերժությունը, ինչպես որ այն երևում է արվեստագետի աչքին: Բոլոր իր գործերում բանաստեղծը շեշտում է անտիկական արվեստի հարազատությունը իր տարերքին: «Գեղեցիկը ճշմարիտն է, ճշմարիտը գեղեցիկն է, -ահա այն ամենը, ինչ պիտի իմանա մարդը»: Քիթսի բոլոր ներբողներն ունեն սպիրիտուալիստական բնույթ: Դա հատկապես զգալի է «Սուրբ Ագնեսի նախօրյակը» և «Իզաբել» բալլադներում: Այստեղ նա զարգացնում է ժողովրդական հավատալիքների մոտիվները:
Հունական տարրի կողքին Քիթսի պոեզիայում կենդանի է նաև միստիկական տարրը: Բնության գեղեցիկի մեջ նա տեսնում է առավել բարձր իրականության գեղեցիկի նշանները:
Եթե Ջորջ Բայրոնը անգլիական պոեզիայում մարմնավորում է դեմոնիզմի գիծը, իսկ Շելլին՝ պանթեիզմը, ապա Քիթսը ստեղծում է այն ուղղությունը, որը նորովի է արժևորում մարդու ներաշխարհը:
Քիթսի մահից 30 տարի անց նրա հետևորդներն են դառնում նախառաֆայելականները՝ Դանտե Ռոսետտին, Մորիսը և ուրիշներ, որոնց գործունեությունը նպաստեց անգլիական պոեզիայի և արվեստի վերածննդին:   

Ջոն Քիթս | Պոեզիայի ուրվագիծ | համառոտ Ջոն Քիթս | Պոեզիայի ուրվագիծ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:57:00 Rating: 5
Технологии Blogger.