.jpg)
Բանաստեղծը խորհում է առաջին մարդկանց անհնազանդության մասին:
Ադամը և Եվան պատճառ եղան մարդկային ցեղի մեղսավոր անկման, որովհետև դրժեցին Աստծո
պատվիրանը: Բուն մեղավորը սակայն Սատանան է, որ ներկայացավ նրանց օձի տեսքով:
Աշխարհի և մարդկանց արարումից դեռ շատ առաջ Սատանան ընդվզել
է Աստծո դեմ, իր շուրջ է համախմբել հրեշտակներից ոմանց և նետված էր նրանց հետ դժոխային
քաոսի գիրկը: Պարտված, սակայն անմահ, Սատանան չի համակերպվում պարտության հետ: Նախընտրում
է լինել Դժոխքի տերը, բայց ոչ երկնքի ծառան: Իր մոտ կանչելով Բեհեղզեբուղին՝ իր մշտական
կողմնակցին համոզում է շարունակել չարի պայքարը Արքայի դեմ: Սատանան պատմում է իր կողմնակիցներին,
որ շուտով Աստված կստեղծի նոր աշխարհ և կբնակեցնի այն էակներով, որոնց կսիրի հրեշտակներին
հավասար: Խորամանկորեն գործելու դեպքում կարելի է գրավել նրա այդ աշխարհը: Պանդեմոնիումում
հավաքվում են Սատանայի առաջնորդները:
Առաջնորդների կարծիքները բաժանվում են. կեսը պատերազմի կողմնակիցներ
են, մյուս կեսը՝ ոչ: Սատանայի առաջարկով որոշում են ստուգել հին պատումը, որում պատմվում
է Աստծո կողմից նոր աշխարհի և մարդու ստեղծման մասին: Համաձայն այդ պատումի ստեղծման
ժամանակը եկել է: Սատանան դիմում է ռիսկային ճանապարհորդության: Հաղթահարում է Դժոխքի
և Երկնքի միջև ընկած վիհը, իսկ Քաոսը ցույց է տալիս նրան դեպի նոր աշխարհ տանող ճանապարհը:
Իր գահին նստած Աստված տեսնում է Սատանայի մոտենալը: Դիմելով
իր Միածին Որդուն՝ Աստված կանխասում է մարդու անկումը, որն ունի կամքի և չարի ու բարու
միջև ընտրության ազատություն: Աստված պատրաստ է ներել մարդուն, սակայն նախ մարդը պիտի
պատիժ կրի Աստծո պատգամը խախտելու համար: Այսուհետ մարդը և նրա հետնորդները դատապարտված
են լինել մահկանացու: Նրանց կարող է փրկել լոկ նա, ով կզոհի իրեն հանուն նրանց փրկության:
Աշխարհը փրկելու համար Աստծո Որդին պատրաստ է զոհաբերել իրեն: Աստված ընդունում է այդ
զոհը: Հրամայում է որդուն մարմնավորվել: Հրեշտակները խոնարհվում են Որդու առաջ և փառաբանում
են նրան և Տիրոջը:
Այդ ընթացքում Սատանան հասնում է վերջին ոլորտի մակերեսին
և շրջում է այնտեղ, մթին անապատում: Նա անցնում է Լիմբոսը, Երկնային Դարբասը և իջնում
է արեգակի վրա: Քերովբեի կերպարանք առած՝ նա արեգակի կառավարչից՝ հրեշտակապետ Ուրիելից
իմանում է մարդու գտնվելու վայրը: Ուրիելը նշում է բազմաթիվ մոլորակներից մեկը և Սատանան
իջնում է Երկրի վրա: Ծովային ագռավի կերպարանքով նստում է Իմաստնության Ծառին: Տեսնում
է մարդկանց առաջին զույգին և խորհում է, թե ինչպես կործանել նրանց: Լսելով Ադամի և
Եվայի զրույցը՝ իմանում է, որ նրանց արգելված է ճաշակել Իմաստնության Ծառի պտուղներից:
Որոշում է գրգռել մարդու մեջ իմացության ծարավը, որպեսզի այդկերպ ստիպի նրան խախտել
Աստծո պատգամը:
Ուրիելը գալով Գաբրիելի մոտ ասում է, որ չար ոգին Քերովբեի
տեսքով այցելել է իրեն: Գաբրիելը գիշերով պահակազոր է կանգնեցնում Դրախտի շուրջ: Ադամը
և Եվան քնած են: Գաբրիելի ուղարկված հրեշտակները գտնում են Սատանային, որը դոդոշի կերպարանքով
քնած է Եվայի ականջի մոտ: Բերում են Սատանային Գաբրիելի մոտ: Չար ոգին պատրաստ է կռվի
բռնվել հրեշտակների հետ, սակայն Աստված զգուշացնող նշան է ուղարկում և Սատանան նահանջում
է:
Առավոտյան Եվան պատմում է Ադամին, որ երազ է տեսել: Երկնաբնակների
տեսքով մեկը գայթակղել է իրեն և մղել ճաշակել Իմաստության Ծառի պտուղներից: Նա թռչել
է՝ պոկվելով երկրից և զգացել աննկարագրելի երանություն:
Աստված Ադամի մոտ է ուղարկում հրեշտակապետ Ռաֆայելին, որպեսզի
սա բացատրի մարդուն, որ իր կամքն ազատ է և որ չար թշնամին մոտ է: Ռաֆայելը պատմում
է Ադամին առաջին երկնային ընդվզման մասին: Սատանան նախանձելով Աստծուն՝ իրեն հռչակել
է Տեր և հյուսիս է տարել հրեշտակների լեգիոններ, որտեղ համոզել է նրանց ըմբոստանալ
Աստծո դեմ: Միայն սերովբե Աբդիելն է լքել խռովարարներին: Աստված ուղարկում է Ռաֆայելին
և Գաբրիելին Սատանայի դեմ կռվելու: Սատանան հատուկ մեքենաների միջոցով ետ է մղում հրեշտակներին:
Այդժամ Տերն ուղարկում է իր Որդուն: Որդին ետ է շպրտում թշնամուն Երկնքի պատնեշից:
Ապստամբներն ընկնում են իրենց վիճակված անդնդի մեջ:
Ադամը խնդրում է Ռաֆայելին պատմել իրեն այս աշխարհի արաման
մասին: Հրեշտակապետը պատմում է, որ Աստված կամեցավ արարել այս աշխարհը այն բանից հետո,
երբ ուղարկեց Սատանային և նրա կողմնակիցներին անդունդը: Նա ուղարկեց իր Որդուն՝ ամենագո
Բանը, հրեշտակների ուղեկցությամբ կերտելու արարումը:
Պատասխանելով երկնային մարմինների շարժման մասին Ադամի հարցին՝
հրեշտակապետը խորհուրդ է տալիս նրան հետագայում զբաղվել իր բանականությանը հասու բաներով:
Ադամը պատմում է Ռաֆայելին այն ամենի մասին, որ հիշում է իր ստեղծման առաջին պահից:
Խոստովանում է, որ Եվան անբացատրելի իշխանություն ունի իր վրա: Ադամը հասկանում է,
որ գերազանցելով իրեն արտաքին գեղեցկությամբ՝ Եվան զիջում է իրեն հոգևոր խորությամբ:
Բայց նրա բանականությունը լռում է կնոջ հմայքի առաջ: Չպախարակելով ամուսնական կյանքի
քաղցրությունները՝ Ռաֆայելը զգուշացնում է Ադամին շատ չտրվել կույր կրքին: Երկնային
շնորհն ու երանությունը անհամեմատ բարձր են երկրային վայելքներից:
Սատանան նորից թափանցում է Դրախտ և մտնում է քնած օձի՝ ամենախորամանկ
էակի մեջ: Առավոտյան օձը գտնում է Եվային և սկսում համոզել համտեսել Իմաստնության Ծառի
պտուղից: Համոզում է Եվային, որ նա չի մեռնի և թե ինչպես է ինքը կերել պտուղները և
ձեռք բերել խոսելու ունակություն:
Եվան ենթարկվում է օձի համոզումներին՝ համտեսում է արգելված
պտուղը և գալիս է Ադամի մոտ: Ցնցված ամուսինը Եվայի հանդեպ սիրուց պատրաստ է մեռնել
նրա հետ և նույնպես ուտում է արգելված պտուղը: Արբեցում են զգում: Գիտակցությունը մթնում
է, իսկ դրա փոխարեն առաջ է գալիս անտանելի ցանկասիրություն, որը փոխվում է հիասթափության
և ամոթի: Ադամն ու Եվան հասկանում են, որ օձը խաբել է իրենց:
Աստված երկիր է ուղարկում իր Որդուն, որը պիտի դատի մեղսավոր
զույգին: Մեղքը և Մահը, որոնք նստած էին Դժողքի դռան մոտ, լքում են իրենց տեղը և փորձում
են իջնել երկիր: Գնալով Սատանայի հետքերով նրանք կամուրջ են գցում Քաոսի և նորաստեղծ
աշխարհի միջև:
Այդ ընթացքում Սատանան Պանդեմոնիումում հայտարարում է մարդու
հանդեպ իր հաղթանակի մասին: Սակայն Հայր Աստված ասում է, որ Որդին կհաղթի Մեղքը և Մահը
և կվերածնի իր արարածներին:
Եվան հուսալքության մեջ, իմանալով որ իրենց զավակների վրա
պառկելու է անեծքը, առաջարկում է Ադամին գտնել Մահին և դառնալ նրա առաջին և վերջին
զոհերը: Սակայն Ադամը հիշեցնում է նրան խոստումը, ըստ որի Կնոջ Սերմը կտրորի օձի գլուխը:
Ադամը հույս ունի աղոթքով և զղջմամբ արդարանալ Աստծո առաջ:
Աստծո Որդին տեսնելով մարդկանց զղջումը՝ բարեխոսում է նրանց
համար: Աստված ուղարկում է քերովբեներին, որոնց գլխավորում է հրեշտակապետ Միքայելը
և նրանք արտաքսում են Ադամին և Եվային Դրախտից:
Տես նաև Բայրոն Մանֆրեդ, Գյոթե Ֆաուստ և Դանտե Աստվածային կատակերգություն
Միլթոն | Դրախտ կորուսյալ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 24, 2015
Rating:
.jpg)