Պերսի Բիշի Շելլի | Ազատագրված Պրոմեթևս | համառոտ



«Էսքիլոսի «Պրոմեթևսը»,-գրում է Բելինսկին,-գամված է ժայռին, արծվի կողմից ծվատվող ու հպարտ, արհամարհանքով լի պատասխանելով Զևսի կշտամբանքներին՝ զուտ հունական ձև է. բայց մարդկային կամքի ու եռանդի անսասանության գաղափարը, հպարտ նույնիսկ տառապանքների պահին, որն արտահայտված է այդ ձևի միջոցով, հասկանալի է և այժմ: Հանձին Պրոմեթևսի ես տեսնում եմ մարդու, արծվի՝ տառապանքը, Զևսին ուղղված պատասխաններում՝ ոգու հպարտությունը, կամքի ուժը, բնավորության հաստատակամությունը»:
Համաձայն իր հեղափոխական հայացքների, Շելլին վերաիմաստավորում է առասպելի սյուժեն: Երկի հիմնական պաթոսը (ի տարբերություն Էսքիլոսի և Գյոթեի ոտանավորի) պայքարի պաթոսն է, որն ավարտվում է չարիքի և բռնակալության աշխարհի հանդեպ լույսի և առաջադիմության ուժերի վիթխարի հաղթանակով: Շելլիի դրամայի հերոսը մենակ ու անվախ.

…Սկսեց պայքարը
Եվ կանգնեց դավադիր ուժի
Երկնային բարձրունքների տիրակալին դեմ առ դեմ,
Որ ծաղրանքով նայում էր երկրին,
Որտեղ տանջահար ստրուկների հառաչանքներով են
Լի անեզր անապատները:

Զևսը բռնությամբ տիրում է ծովի աստվածուհի Թետիսին, նա անտեղյակ է, որ ճակատագրի կամքով աշխարհ կգա մանուկ, ավելի հզոր, քան նրա հայրը: Նրա անունը Դեմոգորգոն է: Այս կերպարը Շելլիի երևակայության ծնունդ է: Նրա մեջ մարմնավորվել է Շելլիի փիլիսոփայական գաղափարն այն մասին, որ հասարակության ավելի բարձր ու կատարյալ դարը առաջանում և ամրանում է հին աշխարհի ընդերքում:
Տապալելով Զևսին, Դեմոգորգոնը ասում է նրան՝ «Երկնքում ժառանգորդ չես ունենա»: Զուր չէ, որ դրամայի նախաբանում Շելլին գրում է. «… Իր մտքերը հեղինակը կարող է արտահայտել մի նախադասության միջոցով՝ «պետք է վերափոխել ողջ աշխարհը»: Աշխարհի պայծառ ապագայի երազանքները իրենց մարմնավորումն են գտնում բանաստեղծական հիանալի կերպարներում երրորդ գործողության վերջում և չորրորդ գործողության մեջ: Անճանաչելի փոխվել են բնությունը և մարդիկ, անհետացել է շահագործողների զազրելի ցեղը: Ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը միավորել է ազգերը մեկ միասնական ընտանիքի մեջ: Գիտության և արվեստի աննախընթաց զարգացումը հնարավորություն է տալիս անապատները վերածել այգիների, բանականության ուժին հպատակեցնել գետերն ու ծովերը, զերծ պահել ժողովրդին հիվանդություններից: Աշխատանքը դարձել է ապագայի գեղեցիկ և իմաստուն մարդկանց պատվավոր և հաճելի պարտականությունը: Փոփոխությունների համապարփակ բնույթն ընդգծելու համար, Շելլին ստիպում է Երկնքին, Երկրին, Լուսնին Աստղերին, աստվածների և ոգիների երգչախմբին փառաբանել Պրոմեթևսի վեհությունը և ազատագրված մարդկության լուսափայլ ապագան:

Պերսի Բիշի Շելլի | Ազատագրված Պրոմեթևս | համառոտ Պերսի Բիշի Շելլի | Ազատագրված Պրոմեթևս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 14, 2016 Rating: 5
Технологии Blogger.