
Մեծ շոգենավի վրա, որը Նյու Յորքից մեկնում է Բուենոս Այրես,
գտնվում է աշխարհի շախմատի չեմպիոն Միրկո Չենտովիչը: 12 տարեկանում նա որբ է մնացել:
Նրան մեծացրել է գյուղի քահանան: Պատահաբար ի հայտ են եկել նրա շախմատային ընդունակությունները,
թեպետ մնացյալ հարցերում նա ցուցաբերել է տկարամտություն: Վիենայում շախմատի դասեր
է առնում մասնագետի մոտ, սակայն չի սովորում խաղալ կույր եղանակով: Դա նրան չի խանգարում արդեն 17 տարեկանում դառնալ Հունգարիայի չեմպիոն: Միաժամանակ նա շարունակում է մնալ
սահմանափակ պատանի: Փորձում է օգտագործելով իր տաղանդը հնարավորինս շատ վաստակել: Ժլատ
է:
Շոգենավի վրա պատմողը հանդիպում է շոտլանդացի ինժեներ Մակ
Կոնորին: Սա պատկանում է այն մարդկանց թվին, որոնք ցանկացած անհաջողություն համարում
են անձնական պարտություն: Սա համոզում է չեմպիոնին լավ հոնորարի դիմաց միաժամանակյա խաղի սեանս անցկացնել նավի ուղևորների հետ: Միրկոն առաջարկում է, որ հակառակորդները
խաղան նրա դեմ միասին: Սիրողները բոլորը միասին պարտվում են: Մակ Կոնորը պահանջում
է ռեվանշ: Պատասխան խաղի 17-րդ քայլում բարենպաստ իրադրություն է ստեղծվում ուղևորների
համար: Մակ Կոնորը վերցնում է զինվորի ֆիգուրը, բայց նրան կանգնեցնում է խիստ դեմքով
մի տարեց մարդ և ներկայացնում է ուղևորների պարտության հեռանկարը: Բոլորը զարմացած
են, քանի որ 9 քայլ առաջ գուշակել մատը կարող է միայն բարձրագույն կարգի խաղացողը:
Անծանոթի օգնությամբ ուղևորները կարողանում են ոչ ոքի խաղալ: Չենտովիչը առաջարկում
է երրորդ պարտիան: Մակ Կոնորը պնդում է, որ Չենտովիչի դեմ խաղա միայն անծանոթը: Բայց
անծանոթը հրաժարվում է: Պատմողը գտնում է անծանոթին տախտակամածի վրա: Նա ներկայանում
է որպես դոկտոր Բ: Նա չգիտեր, որ խաղում է չեմպիոնի դեմ: Համաձայնում է նոր պարտիա
սկսել, բայց խնդրում է, որ իր վրա մեծ հույսեր չդնեն: Դոկտորը պատմողին է ներկայացնում
շախմատով իր տարվածության պատմությունը:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դոկտոր Բ-ն հոր հետ գլխավորում
էր Վիենայում մի իրավաբանական գրասենյակ: Գեստապոն հետևում էր Բ-ին: Վիենա Հիտլերի
մուտք գործելու նախօրեին Բ-ին ձերբակալում են: Նրան տեղավորում են «Մետրոպոլ» հյուրանոցում:
Նրան մեկուսացնում են և տեղավորում, այսպես ասած, դատարկության մեջ, հույս ունենալով,
որ կխոսի և կմատնի դրամի գտնվելու վայրը, քանի որ նրանց ուզածը հենց դրամն էր: Նրանից
խլում են ժամացույցը, որ նա մնա անժամանակ: Չորս ամիս անց քննիչի սենյակի մոտ սպասելիս
նա կախիչից կախված մի վերարկուի գրպանից գողանում է շախմատի ձեռնարկը: Բ-ն սավանից
շախմատի տախտակ է շինում, իսկ հացի փափուկ մասի խմորից՝ ֆիգուրներ և սկսում է խաղալ
գրքում նկարագրվող պարտիաները: 16 օր անց նա արդեն չուներ սավանի կարիքը: Սկսում է
էսթետիկական հաճույք ստանալ իր զբաղմունքից: Սակայն շուտով նա դարձյալ հայտնվում է
դատարկության մեջ, քանի որ բոլոր պարտիաները ուսումնասիրված են: Նրան մնում է խաղալ
իր իսկ հետ, բայց դա վիճակ է, որը մոտ է երկատմանը և շիզոֆրենիային: Նա սկսում է թունավորվել
շախմատով: Դա սկսում է քայքայել ոչ միայն Բ-ի հոգին, այլև մարմինը: Նրա հետ տեղի են
ունենում նյարդային բռնկումի նոպաներ, որոնցից մեկից հետո նա փորձում է ինքնասպան լինել,
բժիշկը նրա ապաքինվելուց հետո չի հայտնում ապաքինման մասին գեստապոյականներին և ազատ
է արձակում նրան: Մենամարտը Չենտովիչի հետ շատ լուրջ է նրա համար, քանի որ նա ուզում
է պարզել, կարող է արդյոք խաղալ կենդանի հակառակորդի հետ: Ընդ որում բժիշկն ասել է, որ
վերադառնալ շախմատին վտանգավոր է, հիվանդությունը կարող է վերսկսվել:
Հաջորդ օրը Բ-ն հաղթում է Չենտովիչին: Սերբը ռեվանշ է պահանջում:
Այդ ընթացքում պատմողը հոգեկան խանգարման նշաններ է նկատում Բ-ի մոտ: 19-րդ քայլի վրա
Բ-ն սկսում է կոպիտ սխալներ գործել: Պատմողը բռնում է նրա ձեռքը և ասում է՝ «Հիշեք»:
Բ-ն իսկույն վեր է թռչում, ճանաչում է իր պարտությունը, ներողություն է խնդրում ներկաներից
և երդվում է, որ այլևս երբեք չի դիպչի շախմատի ֆիգուրներին: Խոնարհվելով, նա հեռանում
է այն նույն խորհրդավոր ձևով, ինչպես որ հայտնվել էր:
Տես նաև Ֆյոդոր Դոստոևսկի Խաղամոլը, Հերման Հեսսե Ուլունքախաղ և Խուլիո Կորտասար Վիճակախաղ
Ստեֆան Ցվայգ | Շախմատային նովել | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 27, 2016
Rating:
