Ֆյոդոր Դոստոևսկի «Խաղամոլը» համառոտ

Ֆյոդոր Դոստոևսկի
Խաղամոլը
(համառոտ)

1866   


25-ամյա տնային ուսուցիչ Ալեքսեյ Իվանովիչը տարեց գեներալ Զագորյանսկու ընտանիքի՝ վերջինիս խորթ դստեր՝ Պոլինայի և երկու մանկահասակ որդիների հետ ապրում է գերմանական Ռուլետենբուրգ քաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում: Դեռևս Ռուսաստանում գեներալը գրավադրել է իր կալվածքը ոմն մարկիզ դը Գրիյոյի և կես տարի է, ինչ լուրեր է սպասում Մոսկվայից իր հիվանդ ազգականուհու Անտոնիդա Վասիլևնայի մահվան մասին: Այդ ժամանակ դը Գրիյոն կդառնա գեներալի ունեցվածքի սեփականատերը, իսկ վերջինս մեծ ժառանգություն կստանա և կամուսնանա գեղեցիկ ֆրանսուհու՝ մադումազել Բլանշի հետ:
Ալեքսեյ Իվանովիչի հետ բոլորը վարվում են ասես ծառայի հետ, ինչը ճնշում է նրան: Ընկերություն է անում անգլիացի Ասթլեյի հետ՝ հարուստ ազնվականի: Երկուսն էլ սիրահարված են Պոլինային: Երկու ամիս առաջ այդ հպարտ և գեղեցիկ կինը իրեն ընկեր է դարձրել Ալեքսեյ Իվանովիչին: Նրանց միջև հաստատվել են «տիրուհու» և «ծառայի» հարաբերություններ: Ալեքսեյ Իվանովիչը կրթություն ստացած ազնվական է, սակայն չունի նյութական միջոցներ: Կախյալ վիճակը նրա մեջ առաջացնում է ոչ միայն սեր, այլև ատելություն Պոլինայի նկատմամբ: Երիտասարդ ուսուցիչը համոզված է, որ միայն փողը կվերադարձնի նրան շրջապատի մարդկանց հարգանքը: Փող ձեռք բերելու միակ եղանակը խաղադրույքն է: Պոլինան ևս փողի կարիք ունի, սակայն Ալեքսեյ Իվանովիչը չգիտի, թե ինչ նպատակների համար: Պոլինան չի հավատում հերոսի սիրուն, որովհետև նկատում է նրա մեջ մեծ ինքնասիրություն: Այդուհանդերձ, Ալեքսեյ Իվանովիչը կատարում է իր տիրուհու անհեթեթ քմահաճույքը և վիրավորում է պրուսացի բարոնին և նրա տիկնոջը:
Երեկոյան տեղի է ունենում սկանդալ: Բարոնը պահանջում է գեներալից ազատել «ծառային»: Գեներալը բարկանում է Ալեքսեյ Իվանովիչի վրա, որն իր հերթին զայրանում է, որ գեներալը պատասխանատվություն է վերցնում իր արարքների համար այն դեպքում, երբ ինքը «իրավաբանորեն կոմպետենտ անձ է»: Նրան ազատում են: Սակայն գեներալը վախենում է նախկին ուսուցչի և բարոնի բացատրությունից: Ալեքսեյ Իվանովիչի մոտ է ուղարկում դը Գրիյոյին՝ խնդրելով թողնել դա: Ֆրանսիացին տալիս է Ալեքսեյ Իվանովիչին Պոլինայի նամակը, որում սա պահանջում է հանդարտվել… «Ծառան» հպատակվում է, սակայն զարմանում է Պոլինայի վրա դը Գրիյոյի ունեցած ազդեցությամբ: Ասթլեյը բացատրում է հանգամանքները: 2 տարի առաջ մադումազել Բլանշը եղել է Ռուլետենբուրգում: Սիրեկանի կողմից լքված և առանց գրոշի նա անհույս փորձել է բախտը պտտախաղի վրա: Հետո որոշել է գայթակղել պրուսացի բարոնին, իսկ բարոնի կինը պահանջել է արտաքսել նրան քաղաքից:  Հիմա ձգտելով ամուսնանալ գեներալի հետ՝ Բլանշը փորձում է խուսափել բարոնի և նրա կնոջ ուշադրությունից:
Վերադառնալով հոթել՝ Ալեքսեյ Իվանովիչը տեսնում է մուտքի մոտ տատիկին, որի մահվանը բոլորը սպասում են: Հաշմանդամների սայլակով այդ 75-ամյա կինը իսկույն մերժում է փող տալ գեներալին և դեռ կշտամբում է բարոնի հետ պատմության համար՝ համոզված լինելով, որ գեներալը պիտի պաշտպաներ հայրենակցին՝ Ալեքսեյ Իվանովիչին: Պահանջում է, որ Ալեքսեյ Իվանովիչը իրեն խաղատուն տանի, խաղադրույքներ է կատարում և նշանակալի գումար է շահում:
Գեներալը և ֆրանսիացիները վախենում են, որ սա կպարտվի իրենց ապագա ժառանգությունը: Նույն երեկոյան, չնայած բոլոր համոզումներին, պառավը նորից խաղատանն է, որտեղ այս անգամ պարտվում է իր ողջ առձեռն գումարը և անգամ որոշ արժեթղթեր: Որոշում է մեկնել Ռուսաստան: Հետո մտափոխվում է և նորից վերադառնում է խաղատուն: Ալեքսեյ Իվանովիչը հրաժարվում է ուղեկցել նրան: Պառավը պարտվում է գրեթե ողջ իր ունեցվածքը: Դը Գրիյոն հեռանում է քաղաքից: Բլանշը թողնում է գեներալին: Պառավը մեկնում է Ռուսաստան Ասթլեյի պարտք տված գումարով: Մոսկվայում անշարժ գույք ունի: Իր մոտ է կանչում Պոլինային և երեխաներին:
Երեկոյան վերադառնալով իր խուցը՝ Ալեքսեյ Իվանովիչը գտնում է այնտեղ Պոլինային: Վերջինս ցույց է տալիս նրան դը Գրիյոյի նամակը: Առանց տատիկի ժառանգության մարկիզը հրաժարվում է ամուսնանալ Պոլինայի հետ:  Գրիյոն վերադարձրել է գեներալին գրավը՝ 50 000 ֆրանկ, «Պոլինայի սեփական փողը»: Հպարտ կինը երազում է նետել այդ գումարը ֆրանսիացու դեմքին: Գումարը պիտի հայթայթի Ալեքսեյ Իվանովիչը:
Հերոսը նետում է իրեն խաղատուն: Նրա բախտը բերում է և նա շահում է 250 000 ֆրանկ: Դա տալիս է նրան հաջողության, վայելքի, ուժի աննկարագրելի զգացում: Խաղը միջոցից վերածվում է ինքնանպատակի: Անգամ Պոլինայի ներկայությամբ հերոսը չի կարողանում կտրել հայացքը թղթադրամների փաթեթներից: Պոլինան վիրավորված է դրանից: Հրաժարվում է անվճար ընդունել 50 000 ֆրանկը: Գիշերն անցկացնում է Ալեքսեյ Իվանովիչի հետ, իսկ առավոտյան ատելությամբ նետում է 50 000 ֆրանկը նրա երեսին և փախչում է:
Ասթլեյը, հոգալով Պոլինայի մասին, մեղադրում է Ալեքսեյ Իվանովիչին այն բանի համար, որ սա ընդունակ չէ իսկական սիրո: Հերոսն ասում է, որ խաղասեղանի առաջ ունեցել է աննկարագրելի ապրումներ, որոնք երկրորդ պլան են մղել սերը:
Նույն օրը Բլանշը գայթակղում է հարստացած Ալեքսեյ Իվանովիչին և իր հետ տանում է Փարիզ: Տիրանալով նրա փողին՝ տիտղոսի համար ամուսնանում է Փարիզ եկած գեներալի հետ: 3 շաբաթ անց Ալեքսեյ Իվանովիչը առանց ափսոսանքի հեռանում է Բլանշից և մեկնում է Համբուրգ պտտախաղի:
Մեկ և կես տարի նա քարշ է գալիս Գերմանիայի «խաղային» քաղաքներով: Աշխատում է որպես ծառա: Չմարված պարտքերի համար հայտնվում է բանտում: Համբուրգում հանդիպում է Ասթլեյի հետ: Նրան ուղարկել է Պոլինան, որն ապրում է Շվեյցարիայում անգլիացու ազգականների հետ: Պոլինան իրականում սիրում է Ալեքսեյ Իվանովիչին: Ասթլեյը համարում է վաղեմի ընկերոջը կործանված մարդ: Իր ռուսական բնավորության պատճառով նա չի կարողանում դիմակայել ուժեղ կրքերին: «Պտտախաղը գերազանցապես ռուսական խաղ է»:
«Նա իրավացի չէ»,- մտածում է Ալեքսեյ Իվանովիչը: Պետք է վերածնվել և կամքի ուժ ցուցաբերել: Բայց կհաջողվի՞:         
   
 Տես նաև «Կարամազով եղբայրներ», «Ոճիր և պատիժ» և «Ապուշը»

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ    
Ֆյոդոր Դոստոևսկի «Խաղամոլը» համառոտ Ֆյոդոր Դոստոևսկի «Խաղամոլը» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:07:00 Rating: 5
Технологии Blogger.