Ղազարոս Աղայան | Հնարագետ ջուլհակը | համառոտ


Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը: Հրապարակի մեջ մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքը նստում մեջը լուռ ու մունջ: Անցուդարձ անողները նայում են ու զարմանալով հարցնում, թե ով է նա և ինչու է եկել, արդյոք նրա արածը թալիսման է, և բարի, թե չար թալիսման է: Շահ-Աբասը իր գիտնականներին ուղարկում է իմանալու, թե ինչ է դերվիշի ուզածը, ինչու է նա ժողովրդին սարսափի մեջ գցել: Գիտնականները հերթով գնում են դերվիշի մոտ, բայց ոչ ոք չի կռահում նրա միտքը, քանի որ սա լուռ է մնում: Հակառակը, գիտնականները, կարծելով, որ դերվիշը ուզում է կապել երկինքը, որ ժողովուրդը սովից մեռնի, կամ ժանտախտ է բերելու իրենց գլխին, ժողովրդի կասկածը փարատելու փոխարեն, ավելի երկյուղի ու սնահավատության մեջ են գցնում նրան: Թագավորը կարծում է, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ է և ամոթ է համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող գեթ մի գիտնական չունի: Այսպես մի անգամ ծպտած շրջելիս Սպահանի Հայոց թաղում մի տանիք է նկատում, որի վրա ցորեն է փռած աղունի համար: Մի եղեգ կա ցցված, որն ինքն իրեն անդադար տարուբերվելով քշում է ճնճղուկներին: Թագավորը հասկանում է, որ այս հրաշքի գաղտնիքը տան ներսում է և տուն է մտնում: Այնտեղ մի ջուլհակ է տեսնում՝ կտավ գործելիս: Ջուլհակը հասկանում է, որ դա թագավորն է, բայց լռում է: Ողջունելուց հետո շարունակում է իր գործը: Նրա աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կա դրված, որի մեջ թոռներն են պառկած: Երբ գործում է, օրորոցներն օրորվում են տանիքի եղեգնի պես: Երեխաների մայրերը տան մի անկյունում նստած ճախարակով բամբակ են մանում կտավի համար: Հարսներին գործից չկտրելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել է կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանդրին, որ իր տարուբերվելով շարժում է եղեգը: Օրորոցներից նույնպես թելեր ունի կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին է փաթաթել և աջ ձեռքով մամուքը նետելիս աջ կողմի օրորոցն է օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը: Այսպես նա մեկ անգամից երեք գործ է կատարում: Թագավորը, նկատելով այս ամենը, իր մտքում գովում է ջուլհակի հնարագիտությունը և նրան ստուգելու համար մութ հարցեր է տալիս, որոնց նա մութ պատասխաններ է տալիս, օրինակ, թագավորն ասում է. «Չլինի~մ, չլինի~մ…», իսկ ջուլհակը պատասխանում է՝ «մի՞թե, մի՞թե…», այսինքն, եթե թագավորին ճանաչել է, չլինի թե այդ մասին բարձրաձայնի, իսկ ջուլհակն էլ պատասխանում է՝ միթե ինքը հիմար է և այդքանը չգիտի: Թագավորը հասկանում է, որ դերվիշի հանելուկը միայն նա կարող է լուծել և հարցնում է՝ արդյոք ջուլհակը կարող է սագ փետրել, եթե մի քանի հատ ուղարկի նրա մոտ: Ջուլհակն ասում է, որ կարող է: Հաջորդ օրը երեք գիտնական է գալիս նրա մոտ, և ջուլհակը նրանց «փետրում է»՝ պահանջելով յուրաքանչյուրից իր գլխարկի չափ ոսկի, որով նա պետք է ձեռք բերի մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ: Նա գիտնականներին ասել էր, որ դերվիշի հանելուկը լուծելու համար այդ երեք առարկաներն են պետք, իսկ գիտնականները պատասխանել էին, որ այդ իրերը չեն կարող ձեռք բերել, բայց ծախքը իրենք կվճարեն, ուստի ջուլհակն էլ պահանջել էր ոսկի: Այսպես ջուլհակը վերցնում է իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտքի մեկը կոտրած հավ, և գնում է սարսափ տարածող դերվիշի մոտ: Նա ոչինչ չի ասում, միայն իր գավազանով հատում է դերվիշի շրջանը, այնպես, որ այն երկու մասի բաժանվի ու լուռ նստում է նրա դիմացը: Դերվիշը երկար մտածելուց հետո մի սոխ է հանում և դնում նրա առջև: Ջուլհակը արագ հանում է հոտած սխտորն ու դնում դերվիշի առջև: Սա հանում է մի բուռ կորեկ ու շաղ տալիս շրջանի մեջ, իսկ ջուլհակը փեշի տակից հանում է իր հավը, որն իսկույն կտկտալով ուտում է ամբողջ կորեկը: Դերվիշն էլ մինչև վերջը չի սպասում, իսկույն վեր է կենում ու մռմռալով հեռանում: Թագավորը մոտենում է ջուլհակին ու խնդրում բացատրել հանելուկի նշանակությունը: Ջուլհակը բացատրում է, որ դերվիշը մի խելագար մարդ է, որն իր շրջանով երևակայել էր, թե կարող է տիրել ամբողջ աշխարհին: Քանի որ ինքը չցանկացավ հասկացնել նրան, որ դա խելագարություն է, կիսեց շրջանը՝ ակնարկելով, որ կեսն էլ իրենն է: Դերվիշը բարկացավ և իր սոխով պատերազմ հայտարարեց, իսկ ինքն իր սխտորով հասկացրեց, որ փախչողը չէ: Նա կորեկով սպառնաց, որ իր զորքերն անհամար են, իսկ ինքն էլ հավով ցույց տվեց, որ կջարդի նրա անհամար զորքը: Քաղաքացիները շատ ուրախ են, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից: Թագավորի այն հարցին, թե արդյոք փետրեց իր սագերին, ջուլհակը պատասխանում է, որ փետրեց և նրա առջև դնում է մի պարկ ոսկի: Թագավորը այդ ոսկին տալիս է ջուլհակին, դեռ մի պարկ էլ ավելացնում իր գանձարանից, որպեսզի հնարագետ ջուլհակը գործարան բաց անի և զարգացնի իր արհեստը: Այսուհետև իր պալատի դռները միշտ բաց են նրա համար, և թող իր հովանավորությունը տարածվի նրա իմաստուն ժառանգների և ազգի վրա:

Տես նաև Անահիտ, Քյորօղլի և Զանգի Զրանգի

Ղազարոս Աղայան | Հնարագետ ջուլհակը | համառոտ Ղազարոս Աղայան | Հնարագետ ջուլհակը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 31, 2016 Rating: 5
Технологии Blogger.