Ղազարոս Աղայան | Անահիտ


Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա: Դա գտնվում է Թարթառ գետի վրա: Այստեղ է Վաչե թագավորի հոյակապ ապարանքը: Նրա միակ որդին՝ Վաչագանը, սիրահարվել է և մոր՝ Աշխեն թագուհու խոսքին, թե պետք է ամուսնանա թագավորի կամ որևէ մեծ իշխանի աղջկա հետ, պատասխանում է, որ կամուսնանա Անահիտի հետ, հակառակ դեպքում գնալու է վանք: Այս լուրը թագուհին հայտնում է թագավորին, որն այդ մասին արդեն գիտի Վաչագանի միակ մտերիմ ու քաջ ծառա Վաղինակից: Անահիտը Հացիկ գյուղի նախրչի Առանի դուստրն է: Մայրը մահացել է 5 տարի առաջ: Նա շատ գեղեցիկ է, քաջ, աշակերտներ ունի, որոնց սովորեցնում է կարդալ և գորգ գործել: Այդ օրերին ծերուկ Մեսրոպը դարձյալ եկել էր Հացիկ և սաստիկ պատվիրել, որ բոլորը կարդալ սովորեն, որ ամեն մարդ ինքը կարդա Ավետարանը ու հասկանա: Անահիտի մասին ասում են, որ անգամ գյուղի ծերերը նրանից են խորհուրդ հարցնում: Վաչագանն ու Վաղինակը Անահիտին առաջին անգամ հանդիպում են աղբյուրի մոտ, երբ որսի էին գնացել և ջուր են խնդրում: Աղջիկներից մեկը անմիջապես լցնում է փարչը, բայց Անահիտն այն դատարկում է և այդպես մի քանի անգամ լցնելուց դատարկելուց հետո նոր միայն տալիս Վաչագանին: Սա կարծում է, թե աղջիկն խաղ է անում իր հետ, բայց Անահիտը բացատրում է, որ նրանք քրտնած ու դադրած էին, ինքը այդպես արեց, որ մի փոքր հանգստանան և նոր խմեն սառը ջուրը, որպեսզի այն չվնասի նրանց: Հիացած աղջկա խելքով ու գեղեցկությամբ՝ Վաչագանը որոշում է ամուսնանալ նրա հետ: Թագավորն ու թագուհին ևս համաձայնում են և հարսնախոսության են ուղարկում Վաղինակին մի քանի իշխանների հետ: Սակայն Անահիտը, իմանալով, որ Վաչագանը ոչ մի արհեստ չգիտի, հրաժարվում է առաջարկից և ընծաներից և խնդրում նրան փոխանցել, որ թեև ինքը շատ հավանում է նրան, բայց կամուսնանա միայն այն բանից հետո, երբ նա որևէ արհեստ սովորի: Վաչագանի համար Պարսկաստանից մեկ հմուտ վարպետ են բերում և նա 1 տարում սովորում է դիպակ գործել: Նուրբ ոսկեթելից մի բաճկոնացու է գործում և Վաղինակի ձեռքով ուղարկում նրան ընծա: Անահիտը հավանում է այն և հայտնում իր համաձայնությունը՝ իր կողմից էլ ուղարկելով նոր գործած գորգը: Նրանց փառավոր հարսանիքին Վաղինակը ներկա չի լինում: Թագավորը նրան ուղարկել էր Պերոժ քաղաքը, և նա այլևս չէր եկել: Շատ են փնտրում Վաղինակին, բայց այդպես էլ չեն գտնում: Այդ լուրը շատ է տխրեցնում թագավորին: Կարծում են, թե ավազակ գերեվաճառներ կան, նրանք են գողանում և տանում Կովկասյան լեռներում բնակվող բարբարոս ազգերի մեջ վաճառում մարդկանց: Որոշ ժամանակ անց թագավորն ու թագուհին մահանում են և գահը անցնում է Վաչագանին: Նրա առաջին խորհրդակիցն Անահիտն է: Վաչագանը շատ ազնիվ և լավ թագավոր է և փորձում է լավ կառավարել իր թագավորությունը, բայց Անահիտը նկատում է, որ նրա խորհրդականներն ամեն ինչ չէ, որ հայտնում են իրենց թագավորին և խորհուրդ է տալիս ամուսնուն, որ նա անձամբ, ծպտված, շրջի երկրում և տեսնի, թե ինչ է կատարվում իրականում: Նրանք պայմանավորվում են, և Վաչագանը հասարակ շինականի հագուստով գնում է իր երկրի հեռավոր կողմերը: Նա Անահիտին ասում է, որ եթե 20 օրից չվերադառնա, ուրեմն մահացել է կամ փորձանքի մեջ ընկել: Այս ընթացքում Անահիտը երկիրը պետք է կառավարի այնպես, որ թագավորի բացակայությունը գաղտնի մնա: Վաչագանը շատ բան է տեսնում և լսում: Բայց Պերոժ քաղաքում նրա հետ տեղի է ունենում անսպասելին: Այստեղի բնակիչների մեծ մասը կռապաշտ պարսիկներ են: Վաչագանը, քաղաքի հրապարակում նստած, հանկարծ տեսնում է մի փառավոր և սպիտակ մորուքով ծերունու: Հարցնում և տեղեկանում է, որ դա քրմապետն է, սուրբ մարդ: Քրմապետը նայելով Վաչագանին՝ հասկանում է, որ սա օտարական է և ձեռքով հասկացնում է մոտենալ իրեն: Իմանալով, որ Վաչագանը եկել է քաղաք մշակության, առաջարկում է գնալ իր հետ, ինքը նրան գործ կտա և կվարձատրի: Թագավորը հետաքրքրասիրությունից գնում է: Նրա հետ կան նաև ուրիշ 6 մարդիկ: Քրմապետը շարունակում է ճանապարհը և նրանց հասցնում մի պարսպապատ շենքի՝ քաղաքից հեռու, որի ներսում կա մի գմբեթահարկ մեհյան, մանր խուցերով շրջապատված: Մեհյանի մի կողմում կա երկաթե դուռ: Քրմապետը նրանց կարգադրում է ներս մտնել և դուռը փակում է նրանց հետևից: Այստեղ նոր միայն հասկանում են, որ իրենց խաբել են և կալանավորել: Վաչագանը առաջարկում է առաջանալ ստորգետնյա ճանապարհով: Շուտով աղոտ լույս են տեսնում: Նրանց է մոտենում մի ծերունի: Վաչագանը ճանաչում է Վաղինակին, բայց չի հայտնում իր ով լինելը՝ լսելով ծերունու պատմությունը: Մարդիկ այդտեղ մեռնում են: Նրանք, ովքեր արհեստ գիտեն, աշխատում են մինչև մեռնելը, իսկ նրանք, ովքեր չգիտեն, տարվում են սպանդանոց: Նրանց մսով կերակրում են մյուսներին: Վաչագանը մարդկային մսով կաթսաներ է տեսնում: Վաղինակը ուզում է մեռնել, բայց երազ է տեսել, որ մի թագուհի հրեղեն ձիով գալիս է ընդառաջ: Հավատում է, որ փրկվելու է: Վաչագանը որոշում է իր անելիքը: Երբ գալիս է մի դաժանատեսիլ քուրմ, Վաչագանը ասում է, որ իրենք բոլորը արհեստ գիտեն, կարող են գործել այնպիսի դիպակ, որը շատ թանկարժեք է: Բայց մսակեր չեն, և եթե միս ուտեն, կմեռնեն և չեն կարող գործել, գործի համար էլ առատ լույս է պետք: Քուրմը համաձայնում է բոլոր պայմաններին, բայց եթե իրեն խաբեն, նա տանջանքների կենթարկի նրանց և նոր կսպանի: Նա պահում է իր խոստումը և նրանց համար ուղարկում է սպիտակ հաց, կաթ, մածուն, կանաչեղեն, պանիր, մրգեր: Սնունդը բաժանում են գունատ, մեռելի կերպարանով մարդկանց, որոնք որոշ չափով կազդուրվում են, կենդանի մարդու կերպարանք առնում: Վաչագանը գործում է դիպակը խմբի հետ և հիացած քուրմին ասում, որ դրա վրա հատուկ թալիսմաններ կան, որ հագնողին միշտ զվարթ և ուրախ կպահեն, բայց հասարակ մարդը դրա գինը չի կարող իմանալ, այլ միայն Անահիտ թագուհին, որ չորս անգամ ավել գին կտա դիպակի համար: Քուրմը տանում է դիպակը Անահիտի մոտ, որն արդեն չի իմանում ինչպես վարվել և ինչ անել՝ Վաչագանին գտնելու համար: Քուրմը, ներկայանալով որպես վաճառական, բացատրում է, որ թագուհին ուշադրություն դարձնի թալիսմաններին և Անահիտը նկատում է գրված ծաղկագրերը՝ տեղեկանալով Վաչագանին սպասվող վտանգի և տեղի մասին: Նա բռնել է տալիս քուրմին և հավաքում է ժողովրդին: Հայտնում է պատահածը և սպարապետի զգեստի մեջ, իր կրակոտ ձիու վրա նստած սլանում Պերոժ քաղաքը: Նրա հետևից գնում է զորքը: Քաղաքապետի հետ գնում են մեհյանի մոտ: Քրմապետը արգելում է դուռը կոտրել, դա սրբավայր է, անշեջ կրակարան: Հրամայում է, որ դուռը պահպանեն: Անահիտը, համբերությունը հատելով, թրով կոխկռտում է քավթառ քրմապետին և հարձակվում քուրմերի վրա, թռցնում երեքի գլուխը: Քրիստոնյաները հարձակվում են հետևից: Կռապաշտները կարծում են, թե կռիվը կրոնական է և անցնում են քուրմերի կողմը, բայց հասնում է զորքը և մի րոպե չանցած կենդանի մնացած քուրմերը փախչում են, ամբոխը ետ է քաշվում: Անահիտը հրամայում է, որ ամբոխը մոտենա և տեսնի, թե ինչ կա իրենց սուրբ քրմապետի սրբարանում: Զարհուրելի տեսարան է բացվում ժողովրդի առջև: Դուրս են գալիս մարդիկ, որոնք կարծես դիակներ լինեն: Կռապաշտները ամոթահար են, կալանավորներից շատերը իրենց՝ վաղուց կորած հարազատներն են: Նրանք ուզում են ջարդել կուռքերը, դառնալ քրիստոնյա: Քաղաքապետը հայտնում է, որ միայն իրենց քաղաքից ամեն տարի մոտ հարյուր մարդ է կորել: Որոշում են պատժել մեհյանում փակված քուրմերին, բայց երբ բացում են մեհյանի դուռը, տեսնում են, որ սրանք կախել են իրենց: Ժողովուրդը դատարկում է մեհյանում պահված անթիվ ոսկին ու արծաթը, դա բաժանում են դժոխքից ազատվածներին: Բոլորը հանգստանում են, ուրախանում և վերադառնում իրենց քաղաքը: Վաղինակը ցանկություն է հայտնում անձամբ զբաղվել փակված քուրմով: Նա շանը՝ Զանգիին, հրամայում է քրքրել նրան, բայց շունը բարի գտնվելով, անմիջապես պատռում է քուրմի կոկորդը: Վաչագանը ուրախ է դրա համար: Ասում է Վաղինակին, որ քրիստոնյային անվայել է վրեժխնդրությունը: Այսպես Անահիտի և Վաչագանի մասին խոսում են անգամ օտար երկրներում, նրանց գովասանքն են անում, երգեր երգում: Անահիտի մասին ասում են. «Նա մեր գետերը ծածկեց լաստերով ու կամուրջներով, մեր ծովերն ու լճերը՝ նավերով ու նավակներով. նա մեր դաշտերը ողողեց ջրանցքներով և առուներով, մեր քաղաքներն ու գյուղերը՝ սառն աղբյուրներով: Նա մեր սայլերին հարթ ճանապարհներ տվավ, մեր գութաններին՝ ընդարձակ երկիր: Նա կործանեց դժոխքը և մեր աշխարհը շինեց մի եդեմական դրախտ: Կեցցե~ Անահիտը, կեցցե հավիտյան»:  

Տես նաև Ղազարոս Աղայան Երկու քույր
Ղազարոս Աղայան | Անահիտ Ղազարոս Աղայան | Անահիտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 03, 2016 Rating: 5
Технологии Blogger.