Ղազարոս Աղայան | Քյորօղլի | համառոտ


Քյորօղլին ջաղացպան
Մի անգամ Քյորօղլու ծառաներից մեկը՝ Քաչալ-Համզան, փախել է: Քյորօղլին հեծնում է իր հռչակավոր Ղռաթը և ընկնում Համզայի հետևից, որ բռնի ու պատժի: Համզան մի պահ կանգնում է, ետ նայում, տեսնում, որ հեռվից փոշի է բարձրանում, իսկույն գլխի ընկնում, որ դա Ղռաթի բարձրացրած փոշին է: Նրա բախտից նույն տեղը մի ջաղաց է լինում և սա մտնում է ջաղացը, երես-մերեսը, շորերը ալրաթաթախ անում, և կերպարանափոխված կանգնում ջաղացի դռանը: Քյորօղլին հասնում է, հարցնում, թե չի տեսել այս նշանով մարդ, իսկ Համզան պատասխանում է, թե տեսել է, նա մտել է իր ջաղացը: Քյորօղլին, իր ձին թողնելով նրա մոտ, մտնում է ջաղացը և Համզային այնտեղ չգտնելով, դուրս գալիս, որ բարկանա ջաղացպանի վրա, բայց տեսնում է, որ նա արդեն իր Ղռաթի վրա է: Համզան ասում է, թե այժմ Քյորօղլին ինքն է, իսկ նա թող գնա ջաղացպանություն անի և անհետանում է: Քյորօղլին նոր միայն հասկանում է, որ դա Համզան է, քահ-քահ ծիծաղում է իր միամտության վրա, գլուխը թափ տալիս ու մտնում ջաղացը: Նա հուսահատվելու սովորություն չունի և սկսում է երգելՔյորօղլու ձայնը շատ ահեղ է: Երգից հետո նա այնպես է որոտում, որ ձայնը սար ու ձոր դմբացնելով, հասնում է մինչև Չամլիբել, ուր գտնվում է նրա անմատչելի բերդը: Կինը՝ Նիգյար խանումը, որ շատ սուր լսողություն ունի, ամենից շուտ է իմանում, որ ամուսինը փորձանքի մեջ է, քաջերին է ասում և սրանք մի ակնթարթում հասնում են իրենց խմբապետին: Դրանց մեջ նշանավոր են Դամյուրջօղլին, Իսաբ-Ալին, Գզիր-օղլի Մուստաֆա-բեգը: Նրանք ևս ծիծաղում են և միասին երգում Քյորօղլու նոր պաշտոնի և առևտրի մասին, քանի որ Համզան Ղռաթը փախցնելով, Քյորօղլուն թողել էր իր ջորին: Հետո Քյորօղլին պատվիրում է բռնել նրան և եզան պես մորթել, միսը մաս-մաս անել ու ջարդել բերել: Քյորօղլու հրամանը շուտափույթ կատարվում է:

Քյորօղլու թուրը
Քյորօղլին 14 տարեկան է լինում, երբ մի օր փախուստ տվող հորթի հետևից քար է նետում, որ ետ բերի, քարը դիպչում է հորթին և գնդակի պես անցնում միջով: Հորթը սատկում է, տերը պահանջում է իր ապրանքի գինը: Քյորօղլու հայրը կուրացած, բայց շատ փորձառու մարդ է լինում և որդուն ասում է, որ բերի այդ հորթասպան քարը, որն ավելի արժե, քան հորթը: Հայրը, շոշափելով ծանր քարը, հասկանում է, որ դա կայծակ է: Գնում է թուր սարքող լավ վարպետների մոտ, որ նորագյուտ մետաղից մի թուր սարքել տա: Մինչ այդ նույն քարի կտորից մի բիզ է շինել տալիս և պահում մոտը: Վարպետները թուրը սարքելուց հետո փորձում են նրա հատկությունները: Այն անգամ երկաթն ու քարը կտրում է պանրի պես: Որոշում են խաբել կույր ծերունուն, ուրիշ թուր են տալիս, բայց նա բզով անմիջապես ծակում է կեղծ թուրը և պահանջում իսկականը: Վարպետները ստիպված զգուշավոր ծերունուն տալիս են իսկական թուրը, բայց մինչ այդ մի խորամանկություն էլ են բանեցրած լինում: Հենց որ ծերունին թուրը դնում է պատյանի մեջ, այն այնպես է ամրանում, որ այլևս հանել չի լինում: Ճանապարհին վարպետները անծանոթ ավազակների անվան տակ հարձակվում են ծերունու վրա: Սա տեսնում է, որ թուրը դուրս չի գալիս պատյանից, այդպես էլ հարվածում է և այն այնքան սուր է լինում, որ անմիջապես թռցնում է կեղծ ավազակների գլուխները: Երբ որդին՝ Ռուշանը, մեծանում է, հայտնի դառնում Քյորօղլի (կույրի որդի) անունով, տիրանում է հոր պատրաստած թրին: Նա ոչ միայն լավ է հասկանում դրա հարգը, այլ նաև այնպես սիրահարվում իր թրին, որ երգերով գովաբանում է այն, ինչպես նաև իր Ղռաթին:   

Քյորօղլին կալանավոր
Քյորօղլին ինքնագլուխ իշխան է, իսկ այդ անկախությանը հասել է իր քաջագործություններով: Բայց նա գող ու ավազակ չէ, միայն հարկ ու մաքս է վերցնում, իսկ չտվողներին պատժում է՝ մտածելով, որ եթե դա մեղք է, ինչու՞ նրանք էլ են վերցնում: Սակայն Իրանի թագավորին բողոքում են, գանգատվում Քյորօղլուց և նրա մասին պատմում, որ գերի է տանում հարուստ վաճառականներին, փրկանք վերցնում, նոր բաց թողնում, գյուղացիներին խաների և բեգերի դեմ է տրամադրում, իր կողմն է գրավում երկրագործ ժողովրդին, հավաքած հարկերը բաժանում է չքավոր գյուղացիներին: Քրիստոնյաներին առանձին պաշտպանություն է ցույց տալիս: Նրա խմբում ամեն հավատի և ցեղի մարդ կա, բայց մի անգամ այդ խումբ մտնելով՝ ոչ մի հավատի չեն ծառայում, դառնում են անհավատ, ծաղրում ամեն հավատ: Իրանի ներկայիս թագավորը վեհանձն մարդ է, նույնիսկ մտածում է, որ եթե ինքը թագավոր չլիներ, կդառնար նրա քաջերից մեկը և ազատ կյանք կվարեր: Այդուհանդերձ, թագավորը իր զորապետ Բոլի-բեգին ահագին զորքով ուղարկում է Քյորօղլուն կալանավորելու, բայց կարգադրում է չսպանել նրան: Թագավորը չի ուզում զրկվել նրա պես անվանի հերոսից, այլ նրա օգնությամբ ուզում է հաղթել արտաքին թշնամիներին: Քյորօղլին այս ընթացքում գտնվում է Հայաստանում: Նախընտրում է Հայաստանի հովասուն լեռներում ազատ ավազակ համարվել, քան թե շահնշահի եռապարիսպ պալատում նույնիսկ շահ լինել: Քյորօղլին սովորություն ունի ծպտված ման գալու՝ աշըղի հագուստով, սազը մեջքից կախած, առանց որևէ զենքի և այդպես տեղեկություններ է հավաքում և անելիքն անում: Այսպես մի օր էլ լսում է, որ Բոլի-բեգը եկել է մեծ զորքով և բանակ դրել Թոնա գետի մոտ, բայց ներկայացել է, թե իբրև եկել է մի ցեղապետ իր ժողովրդով ամառանոց, ոչ թե պատերազմ: Քյորօղլին ջորիով ուղիղ գնում է և կանգնում զորապետի վրանի առջև: Ուրախ զորապետը կարգադրում է նրան, եթե գիտե, Քյորօղլու խաղերից ասել: Սա էլ առիթից օգտվելով այնպես է երգում, որ իր բարեկամ լրտեսներին հասկացնում է, թե պետք է շտապ կանչել իր քաջերին:
Բոլի-բեգը սկսում է կասկածել, որ դա ինքը Քյորօղլին է, սակայն նրա հարցերին Քյորօղլին այնպիսի երգերով է պատասխանում, որ նրան շփոթեցնում է ու կարծել տալիս, թե մի քուրդ է, որը քուրդի պես էլ խաբում է, թեև Քյորօղլին երգում ասում է, թե հայ է, հոր անունը՝ Խոր է, մոր անունը՝ Խորիշա: (Ավանդություն կա, որ Ռուշանի հայրը քյոր՝ կույր չի եղել, այլ խոր կամ խոռ, որ մի հայ է եղել Խորխոռունյաց ցեղից, բայց ավազակ դառնալով, խառնվել է Ջալալի ասված քրդական ցեղի հետ և համարվել թուրքմեն կամ քուրդ: Այդ ժամանակ էլ նրա անունը աղավաղվել և դարձել է քյոր, հետո էլ կարծվել է, թե կույր է եղել…) Քյորօղլին նկատում է իրեն հետևող գեղեցիկ աչքեր և երգը դարձնում դեպի այդ գեղեցկուհին: Զորապետը բարկանում է և հրամայում կապկպել նրան ու տանել գետում այնքան ընկղմել ու հանել, որ սա իր իսկությունը հայտնի: Սակայն քաջ Քյորօղլին վայրկենապես կտրում է թոկերը, հեծնում մի անսանձ ձի ու հեռանում՝ ապշած թողնելով բոլորին: Շուտով գալիս է քաջերի հետ ու ջարդում բոլորին: Զորքը և Բոլի-բեգը փախուստ են տալիս: Բեգին բռնում, կալանավորում է, ապա ազատում՝ վերցնելով միայն կանանց, որոնց բաժանում է իր քաջերին: Ինքը միայն Նիգյարին է սիրում և իր համար ուրիշ կին չի ուզում: Այս հաղթությունից հետո մի փառավոր խնջույք են կազմակերպում: Կանայք էլ ուրախ են, քանզի «գերվելով ազատվել են իսկական գերությունից, և փոխանակ ամենքը միասին մի վատույժ մարդ ունենալու, հիմա ամեն մեկը միայնակ կունենա մի հերոս»: Խնջույքն ավարտում են երգով:



Ղազարոս Աղայան | Քյորօղլի | համառոտ Ղազարոս Աղայան | Քյորօղլի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 12, 2016 Rating: 5
Технологии Blogger.